Հին Հռոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական ֆորումը

Հին Հռոմ (լատիներեն՝ Roma antiqua), Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումն ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքն իր հերթին անունն ստացել է Հռոմուլոսից, ով իր եղբայր Հռեմոսի հետ հիմնադրել է Հռոմը։ Հին հռոմեական քաղաքակրթության վրա որոշակի ազդել են հին հույների և էտրուսկների մշակույթները։ Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է մ.թ.ա. 2-րդ դարում, երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտքն ընկաշ տարածքները։ Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի՝

Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել են հռոմեական ժողովուրդը, հռոմեական. պետական կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը։

Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժողովրդական ժողովը և Ծերակույտը։ Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։ Դասակարգերի և հասարակական տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքացիական պատերազմները քայքայել են հանրապետական կարգը։ Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմեական պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն։

Կայսերական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 30 կամ 27-ից) Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։

395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության (Հռոմ կենտրոնով) և Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիոն կենտրոնով), իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը։

Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն։ Միհրդատյան պատերազմների (մ.թ.ա. 89-մ.թ.ա. 63) ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։

Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդ Դեիոտարոսին, Կոմմագենեն՝ Անտիոքոս Սելևկյանին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին։ Այնուհետև հռոմեական գործիչները (Մարկոս Կրասոս, Մարկոս Անտոնիոս) ձգտել են Հայաստանն ու նրա զին. ուժերն օգտագործել Պարթևաստանի դեմ պայքարում, սակայն Արտավազդ Բ արքան կարողացել է պահպանել Մեծ Հայքի ինքնուրույնությունը։

Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել։ Հռոմ. առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել դրածո թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի (54-64) հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա (տես Հռանդեայի պայմանագիր, 64թ.)։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ։ Կայսր Ադրիանոսը (117-138), սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ (161- 180), հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի (211- 217) հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։ Պարսկաստանում Սասանյանների արքայատան հաստատումից (226) հետո, երբ սրվել են հայ-պարսկ. հարաբերությունները, Մեծ Հայքը գերազանցապես դաշնակցել է Հ-ին։ Կայսր Հովիանոսը (363_364), դավաճանելով հռոմա-հայկ. դաշնակցությանը, պարսիկներին է զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ Հայքի Աղձնիք, Մոկք, Կորդուք նահանգները ևն տարածքներ (տես Ամոթալի դաշնագիր 363)։ Հռոմա-պարսկական հակամարտությունները, ի վերջո, լուծվել են Մեծ Հայքը բաժանելու (387) միջոցով։ Հռոմեական մշակույթը, որն իր մեջ ներառել է նաև հունականի և հելլենիստականի տարրերը, մեծ ազդեցություն է թողել եվրոպ. մշակույթի վրա։ Մ.թ.ա. II դ. սկզբից մինչև մ.թ. 395-ը Հ-ի և Հայաստանի միջև զարգացել են նաև առևտրական, մշակութային կապեր, տեղի է ունեցել ռազմական արվեստների փոխազդեցություն։

Մ.թ.ա. 1-ին դար[խմբագրել]

Մ.թ.ա. 1-ին դարի կեսերին Հռոմը խոշոր «գաղութատիրական» տերություն էր։ Այդ ժամանակ Հռոմի ներքին հողերը վեց անգամ գերազանցում էին ներկայիս Իտալիայի տարածքը։ Հռոմեական նահանգները և Հռոմից կախում ունեցող պետություններն ամբողջությամբ գոտևորում էին ամբողջ Միջերկրական ծովի ավազանը։ Հռոմեական գաղութատիրական կայսրությունը յուրահատուկ էր։ Ի տարբերություն Ալեքսանդրի արևելյան միապետության ու հելլենական պետությունների, որոնց կազմավորման հիմքն էր ծառայել հույների և մակեդոնացիների (պոլիսների, կլերուխիների, կատեկների և այլնի հիմնումը) ակտիվ գաղութատիրական գործունեությունը, Հռոմեկան կայսրությունում գաղութականացման պահն ավելի թույլ էր արտահայտված, ավելի ճիշտ՝ մղված էր հետին պլան՝ գավառներում արագ զարգացող ֆինանսական ու առևտրային շահագործման հետ համեմատած։ Այն ներկայանում էր ամենատարբեր ձևերով։ Հռոմեական տարածքներում և Հռոմից կախյալ թագավորություններում իշխում էին խոշոր հողային տարածքների վարձակալներ, պուբլիկան-կապառալուներ, խոշոր և մանր վաշխառուներ, հռոմեական ֆինանսական ու առևտրային ընկերությունների գործակալներ, բանակի համար ապրանքի մատակարարներ։ Իր ճառերից մեկում հայտնի քաղաքական գործիչ Ցիցերոնը շատ պարզ է նկարագրում հռոմեական գործիչների կազմը, որոնք հեղեղում էին Ասիա նահանգը. «Կապառալուները՝ աստիճանավոր ու հարգված մարդիկ, իրենց դրամական միջոցները և գործառնությունները տեղափոխում էին այդ մարզ, բացի դրանից մյուս դասերի ներկայացուցիչները ևս, որոնք գործարար և ձեռներեց մարդիկ էին, Ասիայում մասամբ զբաղվում էին դրամական շրջանառությամբ, մասամբ էլ այդ մարզում ներդրել էին շատ մեծ միջոցներ» ։ Մարզերից ստացվող օգուտի առյուծի բաժինը ընկնում էր առավելություն ունեցող շերտերին՝նոբիլիտետին ու հեծյալներին, բայց որոշ չափով դրանից օգտվում էին նաև նրանց լայնարձակ կլիենտելան՝ քաղաքային և գավառական պլեբսի որոշ շերտեր։Վերոհիշյալ ճառում Ցիցերոնը պարզորեն ընդգծում էր, որ Ասիայում կապառալուների սնանկացումն այսօր ցավալիորեն ազդում է քաղաքացիների շոշափելի զանգվածի նյութական բարեկեցության վրա. «Ամբողջ վարկը, այստեղ՝ ֆորումում իրականացվող բոլոր դրամական գործողությունները, սերտորեն կապված էին Ասիայում իրականացվող դրամական շրջանառությունների հետ, որոնց ձախողումը կխախտեր նաև տեղի վիճակը»։ Խոշոր միջոցները, որոնք ստացվում էին գավառներից, բերեցին նրան, որ Հռոմում կուտակվեցին խոշոր միջոցներ, հայտնվեցին հարուստներ, որոնք ներկայացնում էին և նոբիլիտետը, և հեծյալներին։ Այսպես, օրինակ, հետագայում հայտնի զորավոր Գնեոս Պոմպեոսը դարձավ խոշոր "կալվածատեր-մագնատ", որը «անընդհատ գնում էր իր կալվածքներին կից տարածքները» ։ Միայն իր վարձակալներից ու հաճախորդներից նա հավաքագրեց մի ամբողջ զորք։ Պոմպեոսի կողմնակիցը՝ ականավոր արիստոկրատ Դոմիցեոսը, իր ղեկավարությամբ հավաքագրեց 33 կոհորտներ (այսինքն 15.000 մարդ ) և խոստացավ յուրաքանչյուրին տալ 4 յուգեր հողատարածք սեփական կալվածքներից։ Հռոմի խոշոր հարուստներից Մարկոս Կրասոսը, որը 10 անգամ ավելացրեց իր հարստությունը, որը կուտակվել էր բռնագրավված հողերի առքի շնորհիվ սուլլանական անօրինականությունների ժամանակ, ինչպես նաև ամենատարբեր խարդախությունների շնորհիվ, ընդհուպ մինչև Հռոմում կայարան ունենալու խարդախությունը։ Կրասոսը գնում էր այրված և քանդված տներ և դրանց տեղում կառուցում էր բազմահարկ շենքեր, որոնք հետագայում վարձակալության էր հանձնում մանր վարձակալողներին։ Այդպիսի ճանապարհներով նա կուտակեց բազմամիլիոն կարողություն։ Ցիցերոնի ընկերը՝ Տիտոս Պոմպոնիոս Ատտիկոսը զբաղվում էր առևտրային գործունեությամբ. նա ուներ լայնարձակ արոտավայրեր և պլանտացիաներ նահանգներում, փող էր տալիս տոկոսով և այլն։ Վարձակալական ընկերություններից մեկի ղեկավարը՝ Գայոս Ռաբիրիոս Պոստումը, մեծ գումարներ էր պարտք տվել եգիպտական գահի թեկնածու Պտողեմեա Ավլետին։ Երբ վերջինս, կաշառելով տարբեր ազդեցիկ դեմքերի Հռոմում, կարողացավ ամրապնդվել եգիպտական գահի վրա, նրա պարտքը Ռաբիրիոսին գերազանցեց երկրի տարեկան բյուջեն։ Աոևտրային և վաշխառուական կապիտալի հետ համընթաց տեղի էր ունենում բնակչության զանգվածային սնանկացում։ Գավառներում և Հռոմից կախյալ թագավորություններում (օրինակ, Բյութանիայում) հռոմեական պուբլիկանների ու վաշխառուների գործունեությունը բերեց նրան, որ մարզերի ողջ բնակչությունը ընկավ պարտատիրական ստրկացման տակ։ Հենց Հռոմում աճում էին բնակչության յումպեն-պրոլետարիական շերտերը, մ.թ.ա. I դ. կեսերին նրանց թիվը հասավ կես միլիոնի։ Նմանատիպ, սակայն մասշտաբով մի քանի անգամ փոքր իրավիճակ էր նաև տիրում Հռոմեական կայսրության մյուս քաղաքային կենտրոններում։ Քաղաքային պլեբեյների գերակշռող մասը, ինչպես նշում են աղբյուրները, մտնում էր խոշոր մագնատների և հարուստների կլիենտելայի կազմի մեջ։ Մակաբուծական գոյությունից ու ողորմությունից հղփացած քաղաքային պլեբսի այդ հատվածը անամոթաբար վաճառում էր իր ձայնը ընտրություններում։ Ցիցերոնը, օրինակ, հարց բարձրացնելով, թե ինչպես հաճախորդները կարող են երախտագիտություն հայտնել իրենց պատրոնին, ուղղակի ասում էր.«Նրանք չունեն ոչինչ, բացի իրենց ձայներից»։ Նմանատիպ պրակտիկան ոչ հեռավոր ապագայում բերեց Հռոմում ստրկատիրական դեմոկրատիայի այլասերմանը և հռոմեական պլեբեյների՝ որպես քաղաքական առանձին ուժի վերջնական կորստին։

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի և Հռովմայ, Վնտ., 1912։
  • Մանանդյան Հ., Երկ., հ. 1, Երևան, 1977։
  • Մանասերյան Ռ., Տիգրան Բ Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Երևան, 1987։