Հասարակական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմյանց հետ շփվելու առաջարկ։ Ցուցանակի վրա գրված է․ «Մենք Wi-Fi չունենք․ ԶՐՈՒՑԵՔ իրար հետ»

Հասարակական հարաբերություններ, բազմապիսի կապեր, որոնք առաջանում են սոցիալական խմբերի, դասակարգերի, ազգերի միջև ու դրանց ներսում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի և գործունեության պրոցեսում։ Բաժանվում են առաջնային (նյութական) և երկրորդային (գաղափարական) հարաբերությունների։ Նյութական (տնտեսական, արտադրական) հասարակական հարաբերությունները մարդկանց կամքից և գիտակցությունից անկախ, օբյեկտիվ անհրաժեշտությամբ գոյացող, նյութական բարիքների արտադրությանն ուղղված գործունեության հետևանք են։ Գաղափարական (քաղաքական, իրավական, բարոյական և այլն) հասարակական հարաբերություններն առաջանում են նյութական հասարակական հարաբերությունների բազայի վրա և վերջինի վերնաշենքն են։ Անհատները հասարակական հարաբերություններում հանդես են գալիս որպես սոցիալական որևէ հանրության, խմբի անդամ, ներկայացուցիչ։ Հասարակական հարաբերությունները դիալեկտիկական փոխազդեցության մեջ են մարդկանց անձնական հարաբերությունների հետ և որոշում են այդ հարաբերությունների էական կողմերը։ Սոցիալական տարբեր խմբերի, հանրությունների, կազմակերպությունների հասարակական հարաբերությունները որոշվում են արտադրական հարաբերությունների պատմականորեն որոշակի համակարգում ունեցած նրանց տեղով, սոցիալական այլ խմբերի հետ ունեցած փոխհարաբերություններով։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայի համար հասարակական հարաբերությունները պատմականորեն կոնկրետ և յուրահատուկ են։ Սեփականության տվյալ ձևի արմատական առանձնահատկություններն արտահայտող հարաբերությունները կայուն են, համեմատաբար տևական, իսկ հասարակության ներսում, դասակարգային փոխհարաբերություններում կատարվող փոփոխություններն արտացոլող հասարակական հարաբերություններ՝ դինամիկ։ Քանի դեռ հասարակական հարաբերությունների փոփոխությունը չի շոշափում տվյալ հասարակական, ֆորմացիայի հիմքերը՝ սեփականության տիրապետող ձևերը, այն կրում է էվոլյուցիոն բնույթ, հակառակ դեպքում ստանում է հեղափոխական բնույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 250