Ժողովրդավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինը քվեարկում է 2007թ.Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ժողովրդավարություն կամ դեմոկրատիա (demos - ժողովուրդ, kratos - իշխանություն, բառերից) քաղաքական համակարգի տեսակ, որտեղ ընտրող հասարակությունը մասնակցում է ընտրություններին և քաղաքական գործիչներ է ընտրում Օրենսդրական խորհուրդում իրենց ներկայացնելու համար։ Այնուհետև Խորհրդի անդամները որոշումներ են ընդունում ձայների մեծամասնությամբ։ Ուղիղ դեմոկրատիայի մաքուր ձև է, երբ ընտրող հասարակությունը ուղղակի որոշումներ է կայացնում կամ քաղաքական գործընթացներում ուղիղ մասնակցություն է ունենում։

Դեմոկրատիայի վերաբերյալ քաղաքական մտքի պատմության մեջ եղել են իրարամերժ կարծիքներ, դեռևս Պլատոնի և Արիստոտելի ժամանակներից, անտիկ Հունաստանում հայտնի էր դեմոկրատական քաղաքական համակարգը, որը սակայն և Պլատոնը, և Արիստոտելը համարում էին վատ կառավարման համակարգ։ Սակայն քաղաքականության տեսության մեջ տարածված է այն կարծիքը, որ "դեմոկրատիայից սարսափելի ուղեբեռ չկա աշխարհում, սակայն դրանից լավ մարդկությունը ոչինչ չի ստեղծել"։ Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ժողովրդավարության տարբեր կոնցեպցիաներ և ժողովրդավարական քաղաքական համակարգի տարբեր մոդելներ։ Հիմնականում առանձնացվում են դեմոկրատիայի 2 մոդելներ՝

  1. ուղղակի դեմոկրատիայի մոդել,
  2. ներկայացուցչական դեմոկրատիայի մոդել։

Ուղղակի դեմոկրատիայի պարագայում ժողովուրդը հանդիսանում է ոչ միայն իշխանության ձևավորման հիմնական աղբյուրը, այլև դրա անմիջական իրականացնողը։ Այսպիսի մոդելը հիմնականում գործել է անտիկ ժողովրդավարության պայմաններում, հին հունական պոլիսներում, երբ պոլիսի բոլոր քաղաքացիները ուղղակիորեն մասնակցել են քաղաքական որոշումների ընդունման գործընթացին։ Ներկայացուցչական դեմոկրատիայի պայմաններում ժաղովուրդը իր՝ քաղաքական որոշումները ընդունելու իրավունքը լիազորում է իր կողմից ընտրված ներկայացուցիչներին, որոնք էլ ժողովրդի անունից իրականացնում են իշխանությունը տվյալ երկրում։ Այսօր ավելի տարածված է ներկայացուցչական դեմոկրատիայի մոդելը։

Բացի վերոնշյալ մոդելներից, առանձնացվում են նաև մի շարք կոնցեպցիաներ, մասնավորապես լիբերալ-դեմոկրատիայի կոնցեպցիան, որի հիմքում ընկած է

  • մարդու անհատական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
  • իշխանությունների տարանջատման սկզբունքը,
  • շուկայական հարաբերությունների առկայությունը,
  • մասնավոր սեփականության գերակայությունը,
  • պետության նվազագույն գործառույթների իրականացումը,
  • հասարակության ընկալումը որպես անհատների պարզ համագումար։

Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն առաջնությունը տրվում է ոչ թե մարդու անհատական իրավունքներին, այլ հանրային շահերին, մարդկանց կոլեկտիվ իրավունքներին և ազատություններին։ Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն պետությունը հասարակության կյանքում ունի ավելի մեծ դերակատարում, մասնավոր սեփականությունից զատ ընդունվում են նաև տնտեսվարման խառը ձևերը, հասարակությունը ընկալվում է որպես օրգանական ամբողջություն, որը ավելին է, քան զուտ անհատների պարզ համագումար։

Քաղաքագիտության մեջ առանձնացվում են նաև

  1. ժողովրդական դեմոկրատիայի տեսությունը, որտեղ քաղաքական որոշումների ընդունման պրոցեսներում նախապատվությունը տրվում է ժողովրդական կամքին։
  2. պլեբիսցիտալ դեմոկրատիայի քաղաքական տեսությունը, որտեղ քաղաքական որոշումները ընդունվում են տարբեր հանրահավաքների և պլեբիսցիտների միջոցով։
  3. Դեմոկրատիայի տնտեսական կոնցեպցիան, որը հիմնավորում է այն գաղափարը, ըստ որի, ժողովրդավարական քաղաքական համակարգեր ավելի հեշտ է կառուցել տնտեսապես զարգացած երկրների պայմաններում, որտեղ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱն տատանվում է 10.000-12.000 $-ի շրջանակներում։ Այս դեպքում դեմոկրատիայի հաստատման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Հայաստանում այդ թիվը 4 անգամ պակաս է և հասնում է 1000-2000 $-ի։

Դեմոկրատական տեսության թվում առանձնացվում է դեմոկրատական ալիքների տեսությունը։ Այս կոնցեպցիայի համաձայն, վաղ թե ուշ աշխարհի բոլոր պետությունները պետք է գան դեմոկրատական կառավարման համակարգի, իսկ այդ գործընթացը տեղի է ունենում ժողովրդավարական ալիքների տեսքով, որտեղ նկատվում են մակընթացության և տեղատվության երևույթներ։ Դեմոկրատիայի առաջին ալիքը սկիզբ է առել 19-րդ դարի 20-ական թվականներից։ Այն իր մեջ ընդգրկել է շուրջ 30 երկիր և տևել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Այդ ընթացքում այդ պետությունների մոտ կեսը հետ նահանջեցին դեմոկրատական կառավարման սկզբունքներից՝ վերածվելով ավտորիտար քաղաքական համակարգով պետությունների։ Երկրորդ ալիքը ընդգրկում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը։ 2-րդ ալիքի մեջ ներառվեցին մոտ 60 պետություններ, որոնցից մոտ 20-ը 50-60-ականներին նորից հետ նահանջեցին։ Դեմոկրատիայի երրորդ ալիքը սկիզբ է առնում 20-րդ դարի 80-ական թվականներին և համապատասխանում է ԽՍՀՄ կազմալուծման հետ։ Այս ընթացքում աշխարհի շուրջ 165 պետություններ բռնեցին դեմոկրատիայի ուղին։

Այսօր աշխարհը գտնվում է դեմոկրատիայի 3-րդ ալիքի մեջ, նկատվում են տեղատվության երևույթներ. այս տրամաբանությամբ դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ ալիքները։ Այսպիսով ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝

  • Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ։
  • Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն։
  • Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում։
  • Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև։
  • Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում։
  • Իրավական և սոցիալական պետության կայացում։
  • Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն։
  • Մեծամասնության իշխանություն և փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն։

Ժողովրդավարական քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. "Թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով"։