Բնափիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնափիլիսոփայություն, բնության երևույթները և օրինաչափությունները մտահայեցողաբար մեկնաբանող ուսմունք, որը հենվելով բնագիտության նվաճումների և հասկացությունների վրա, ձգտում էր տալ բնության ընդհանուր բնական պատկերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն այն փիլիսոփայության հնագույն ձևն է։ Անտիկ և միջնադարյան փիլիսոփայության մեջ նույնանում էր ֆիզիկայի և առհասարակ բնագիտության հետ։ Բնափիլիսոփայությունը առաջադրել է մի շարք արժեքավոր գաղափարներ և գիտական կռահումներ։ Առավել կարևոր էին Անաքսագորասի, էմպեդոկլեսի, Դեմոկրիտի և էպիկուրի բնափիլիսոփայական ուսմունքները։ Միջնադարյան սխոլաստիկայի և կրոնական գաղափարների տիրապետության պայմաններում բնափիլիսոփայությունը գրեթե վերացավ փիլիսոփայության բնագավառից։ Այն նոր զարգացում ապրեց Վերածնության շրջանում՝ առաջադրելով մի շարք առաջադիմական ուսմունքներ (հիլոզոիզմ, բնապաշտական պանթեիզմնXVIIXVIII դարերում, կապված բնագիտության զարգացման հետ, բնափիլիսոփայությունը իր նշանակությունը կորցրեց։ Այն նոր վերելք ապրեց գերմանիայի դասական փիլիսոփայության և հատկապես Շելինգի ուսմունքի մեջ։ Վերջինս իդեալիստական հիմքերի վրա ձևակերպեց բնության միասնության գաղափարը՝ ձգտելով բնագիտության նվաճումների իմաստավորման միջոցով կառուցել բնության համապարփակ համակարգ։ Չնայած բնափիլիսոփայությունը միշտ հենվել է բնագիտության նվաճումների վրա, այն անկարող է եղել տալ բնության բուն բացատրությունը, մնացել է հայեցողական, որքանով «... երևույթների դեռ իրեն անհայտ իրական կապերը փոխարինում էր իդեալական, ֆանտաստիկ կապերով, և պակասող փաստերը փոխարինում էր հնարքներով, լրացնելով իրական բացերը միայն երևակայությամբ։ Այս դեպքում նա արտահայտեց շատ հանճարեղ մտքեր և կռահեց հետագա շատ հայտնագործություններ, սակայն քիչ անհեթեթություններ էլ չասվեցին։ Այն ժամանակ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ այժմ, երբ մեզ համար բավական է բնության ուսումնասիրության արդյունքների վրա նայել դիալեկտիկորեն, այսինքն՝ նրանց սեփական կապակցության տեսակետից, որպեսզի կազմենք մեր ժամանակի համար բավարար «բնության սիստեմ»... այժմ հասել է բնափիլիսոփայության վերջը։ Նրան հարություն տալու ամեն մի փորձ ոչ միայն ավելորդ կլիներ, այլ կլիներ մի քայլ դեպի ետ» (Էնգելս Ֆրիդրիխը, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը 1972 )։ Հայ փիլիսոփայության պատմության մեջ իր բնափիլիսոփայության ուսմունքով և առանձին ուշագրավ գաղափարներով աչքի է ընկել Անանիա Շիրակացին, որը լինելով բնագիտական ուղղության հիմնադիրը հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ, վերակենդանացրել է անտիկ գիտության առաջավոր ավանդույթները։ Ուշագրավ էին նաև Հովհաննես Սարկավագի (Իմաս տասեր) և Հովհաննես Երզնկացու բնափիլիսոփայության հայացքները։ Մի շարք առաջավոր գաղափարներով, հատկապես տարրաբանության և մարդակազմության հարցերում, հանդես եկան Տաթևի փիլիսոփայության դպրոցի ներկայացուցիչները (Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի, Մաթեոս Զուղայեցի

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնափիլիսոփայություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 496