Ընտրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բովանդակություն

Ընտրություններ և ընտրական համակարգեր [խմբագրել]

Քաղաքական կուսակցությունների գործունեությունը քաղաքական համակարգի շրջանակներում մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող ընտրական օրենսդրությամբ և ընտրական համակարգով: Ընտրությունները ժամանակակից հասարակության կյանքում ունեն մեծ դերակատարում, նրանք են այսօր հանդիսանում քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևոր ինստիտուցիոնալիզացման մեխանիզմը: Բացի այդ, ընտրություններն են միակ օրինական ճանապարհը ինչպես իշխանության ձևավորման, այնպես էլ նրանց փոփոխելիությունը ապահովելու համար: Ընտրությունները թույլ են տալիս պարբերաբար որոշել հասարակական տրամադրությունները և նախասիրությունները, որոշել հասարակության քաղաքական կամքը և ժողովրդին մասնակից դարձնել տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներին: Բացի այդ ընտրությունները այսօր հանդիսանում են ժողովրդավարական քաղաքական համակարգի գործառնության կարևոր ինդիկատորներից, չափումներից մեկը:

Ընտրական իրավունք [խմբագրել]

Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է դեմոկրատական բարեփոխումների ճանապարհին գտնվող պետությունների համար: Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում: Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր քաղաքական լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ծրագրեր և գաղափարներ:Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքական իրավունքներից մեկն է: Տարբերակվում են ընտրական իրավունքի 2 ձևեր՝

  • ակտիվ ընտրական իրավունք,
  • պասիվ ընտրական իրավունք:

Ակտիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրելու իրավունքն է: Ժամանակի ընթացքում գոյություն են ունեցել ակտիվ իրավունքի տարբեր սահմանափակումներ: Օրինակ՝ գոյություն են ունեցել գույքային, տարիքային, սեռային և կրոնական սահմանափակումներ: Մինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք: Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ: Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից: Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում: Շատ երկրներում գործում է նաև բարոյականության ցենզը. որոշ երկրներում թմրամոլները, մայրությունից զրկված կանայք կամ դատարանի կողմից ազատազրկման դատապարտված մարդիկ իրավունք չունեին մասնակցել ընտրական գործընթացներին: Ներկա պայմաններում ակտիվ ընտրական իրավունքի հիմնական սահմանափակումը տարիքային ցենզն է: Ակտիվ ընտրական իրավունքով մարդիկ օժտվում են 18 տարին լրանալուց հետո: Պասիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրվելու իրավունքն է: Սրա համար նույնպես գործում են որոշակի սահմանափակումներ: Որպես կանոն, այս դեպքում սահմանվում է ավելի բարձր տարիքային շեմ: ՀՀ-ում համայնքի ավագանու անդամ ընտրվելու համար քաղաքացին պետք է լինի 21 տարին լրացած, ԱԺ-ի պատգամավոր կամ համայնքի ղեկավար (բացի Երևանից) ընտրվելու համար՝ 25 տարին լրացած, Երևանի քաղաքապետ ընտրվելու համար` 30 տարին լրացած և ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ՝ 35 տարին լրացած: Այս դեպքում գործում է նաև մշտական բնակության ցենզը` ԱԺ-ի ընտրությունների համար՝ 5 տարվա, ՀՀ նախագահի ընտրությունների համար՝ 10 տարվա մշտական բնակության և ՀՀ քաղաքացիության ցենզը: ՏԻՄ ընտրությունների ժամանակ գործում է տվյալ համայնքում վեց ամիս հաշվառված լինելու ցենզը:

Ընտրական իրավունքի սկզբունքներ [խմբագրել]

Ընտրական իրավունքի տեսակներից բացի գործում են նաև ընտրական իրավունքի մի շարք սկզբունքներ, մասնավորապես առանձնացվում են՝

  • համընդհանրության սկզբունքը,
  • ուղղակիության սզբունքը,
  • գաղտնիության սկզբունքը,
  • հավասարության սկզբունքը:

Համընդհանրության սկզբունքը ենթադրում է, որ ընտրական իրավունքը տարածվում է ընտրական իրավունք ունեցող ողջ քաղաքացիների վրա և ընտրությունները անցնում են համընդհանուր սկզբունքներով երկրի ողջ տարածքում: Բացի համապետական ընտրություններից առանձին դեպքերում կարող են տեղի ունենալ նաև մասնակի ընտրություններ: Այս դեպքում ընտրությունները ընդգրկում են սահմանափակ տարածք և բնակչության միայն մի մասն է մասնակցում ընտրություններին: Ուղղակիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիները իրենց քաղաքական կամքը արտահայտում են ուղղակի կերպով՝ մասնակցելով ընտրական գործընթացին և ուղղակիորեն ընտրելով այս կամ այն թեկնածուին: Գաղտնիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին ընտրություն կատարելիս չպետք է կաշկանդված լինի որևէ հանգամանքով և նրա ընտրության համար պետք է ապահովված լինեն գաղտնիության բոլոր պայմանները: Հավասարության սկզբունքը ենթադրում է, որ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից՝ յուրաքանչյուր ընտրող օժտված է հավասար ընտրական ձայնի իրավունքով, որի դեպքում գործում է "1 ընտրող = 1 ձայն" բանաձևը:

Ընտրական գործընթաց [խմբագրել]

Յուրաքանչյուր երկրում ընտրական գործընթացները կազմակերպվում են որոշակի օրինաչափություններից ելնելով: Ընտրական գործընթացի կազմակերպումը հանդիսանում է շատ կարևոր և պատասխանատու գործընթաց և այդ կարևոր գործընթացի կազմակերպումից է կախված տվյալ երկրի ժողովրդավարության աստիճանը: Ընտրական գործընթացը կազմակերպվում է մի քանի փուլերով՝

  1. ընտրությունների նշանակում,
  2. ընտրատեղամասերի և ընտրական հանձնաժողովների ձևավորում: Նայած ընտրությունների տեսակից՝ ընտրատեղամասերը կարող են տարբեր լինել: Մեծամասնական ընտրությունների ժամանակ երկիրը բաժանվում է միամանդատ օկրուգների, որտեղից ընտրվում են պատգամավորներ: Միամանդատ օկրուգի դեպքում ընտրվում է միայն 1 պատգամավոր: Ընտրական հանձնաժողովների ձևավորումըհամարվում է առանցքային հիմնահարցերից մեկը: Գոյություն ունեն ընտրական հանձնաժողովների ձևավորման տարբեր կարգեր: Կարող են գործել պրոֆեսիոնալ ընտրական հանձնաժողովները, որի դեպքում ընտրական հանձնաժողովի անդամները չեն ներկայացնում որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն: Ընտրական հանձնաժողովների ձևավորման մյուս կարգը ենթադրում է կուսակցական սկզբունքի կիրառում, որի դեպքում ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրական հանձնաժողովներում ներկայացված են ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ դատական դեպարտամենտների ներկայացուցիչներ: Առաջարկվող նոր ընտրական օրենսգրքի տարբերակում նախատեսվում է փոփոխություն մտցնել ընտրական հանձնաժողովների ձևավորման մեջ՝ կիրառելով աստիճանաբար դեպի պրոֆեսիոնալ ընտրական հանձնաժողովների անցնելու սկզբունքը: Մասնավորապես տեղային ընտրական հանձնաժողովը կարող է ձևավորվել կուսակցական սկզբունքով, իսկ կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովները՝ պրոֆեսիոնալ սկզբունքով:
  3. ընտրացուցակների կազմում և ընտրողների գրանցում: Այս գործընթացը ՀՀ-ում հիմնականում իրականացնում են ոստիկանության անձնագրային բաժանմունքը:
  4. թեկնածուների առաջադրման փուլ: Թեկնածուները կարող են ինքնառաջադրվել, կարող են առաջադրվել քաղաքացիական նախաձեռնության կողմից, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և դաշինքների կողմից: Թեկնածուների առաջադրումից հետո սկսվում է նախընտրական քարոզչության փուլը:
  5. նախընտրական քարոզչություն: Նախընտրական քարոզչությունը շատ երկրներում ունի ժամկետային սահմանափակումներ: ՀՀ-ում գործում է ընտրություններին նախորդող մեկամսյա ժամանակահատվածը:
  6. քվեարկության կազմակերպում: Քվեարկությունները նույնպես ունեն ժամանակային սահմանափակում: Որոշ դեպքերում քվեարկություններ կարող են լինել նաև երկրի սահմաններից դուրս՝ օտարերկրյա պետություններում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններում, որը հնարավորություն է տալիս երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին ևս մասնակցել ընտրություններին:
  7. ձայների հաշվարկում և նախնական արդյունքների հրապարակում:
  8. ընտրական արդյունքների վերջնական հրապարակում և հետընտրական գործընթացների կազմակերպում:

Հետընտրական գործընթացները որոշ դեպքերում կարող են երկար տևել: Ինստիտուցիոնալ առումով ընտրություններին մասնակցած կոմղերը կարող են բողոքարկել ընտրությունների վերջնական արդյունքները դատական տարբեր ատյաններում՝ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան: Հետընտրական գործընթացները, բացի իրավական ճանապարհից կարող են ընթանալ նաև այլ ուղղություններով՝ հանգեցնելով քաղաքացիական անհնազանդության և քաղաքական ճգնաժամերի:

Ընտրական համակարգերի հիմնական տեսակները [խմբագրել]

Առանձնացվում են ընտրական համակարգի մի քանի տեսակներ, որոնցից են՝

  1. համամասնական կամ պրոպորցիոնալ,
  2. մեծամասնական կամ մաժորիտար,
  3. խառը ընտրական համակարգեր:

Համամասնական ընտրական համակարգերի պայմաններում ընտրությունները անց են կազվում կուսակցական ցուցակներով: Այս դեպքում ընտրողները իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների և ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության կուսակցությունները տեղ են զբաղեցնում խորհրդարանում: Գործում է համամասնական ընտրական համակարգի 2 տարբերակ: Առաջինի դեպքում կուսակցություններն իրենք են ձևավորում իրենց ընտրացուցակները ըստ հերթականության: Երկրորդ դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը: Այս քվեարկությունը կոչվում է ռեյտինգային կամ վարկանշային քվեարկություն, որի օգնությամբ որոշվում է ցուցակի մեջ գտնվող մարդկանց հեղինակությունը: Հաջորդ ընտրական համակարգը մեծամասնական կամ մաժորիտար ընտրական համակրգն է: Այս համակարգը ունի 2 տեսակ՝

  • բացարձակ մեծամասնական,
  • հարաբերական մեծամասնական:

Բացարձակ մեծամասնական համակարգի դեպքում թեկնածուներին հարկավոր է հավաքել 50%+1 ձայն, իսկ հարաբերական մեծամասնականի դեպքում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով հավաքել է առավել թվով քվեներ: Այս համակարգը կոչվում է նաև պլյուրալիստական ընտրական համակարգ: Որպես կանոն, այս դեպքում ընտրությունները անց են կացվում 1 փուլով: բացարձակ մեծամասնականի դեպքում հնարավոր է նաև ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, որի դեպքում երկրորդ փուլ են անցնում առավել թվով քվե ստացած 2 թեկնածուները: Իսկ արդեն երկրորդ փուլում հաղթող է ճանաչվում ձայների առավել թիվ ստացած թեկնածուն: Մեծամասնական ընտրակարգը հիմնականում կիրառվում է նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ որոշ դեպքերում նաև Խորհրդարանական ընտրություններում: Խառը ընտրակարգերը նույնպես հաճախ են կիրառվում: Այս դեպքում ընտրությունները անց են կացվում ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական կարգով: ՀՀ-ում Խորհրդարանական ընտրություններում գործում է խառը ընտրական համակարգը, նախագահական ընտրությունների համար՝ բացարձակ մեծամասնական ընտրական համակարգը, իսկ ՏԻՄ ընտրությունների պարագայում՝ պլյուրալիստական համակարգը: Բացառություն են կազմում միայն Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ գործում է համամասնական ընտրակարգը և Երևանի ավագանին ձևավորվում է ընտրություններին մասնակցած և որոշակի արգելքներ հաղթահարած կուսակցություններից: Այս ընտրական համակարգերը ունեն ինչպես իրենց առավելությունները, այնպես էլ թերությունները: Համամասնական ընտրակարգի առավելություններից է այն, որ այս դեպքում հասարակության տարբեր շերտերը՝ էթնիկական, կրոնական կամ ազգային փոքրամասնությունները հնարավորություն են ստանում ներկայացված լինել պառլամենտում: Համամասնական կարգով ընտրությունները ավելի ռեալ են արտացոլում հասարակական տրամադրությունները և ընտրողների քաղաքական նախասիրությունները: Համամսանական ընտրակարգը թույլ է տալիս ձևավորել բազում անկախ կուսակցություններ, որոնք միմյանցից հարաբերականորեն անկախ են և ապահովում են իրական քաղաքական բազմակարծություն տվյալ երկրում: Միաժամանակ համամասնական ընտրական համակարգը ունի նաև որոշ թերություններ: Նախ այս դեպքում որոշակի պայմաններում էապես դժվարանում է կառավարության ձևավորման գործը, հատկապես այն դեպքում, երբ որևիցե կուսակցություն չի կարողանում մեծամասնություն ստանալ: Կառավարությունը ձևավորվում է կոալիցոն սկզբունքներով, և շատ հաճախ այդ երկրներում կառավարությունները անկայուն են և հաճախ են հրաժարական տալիս: Համամասնական ընտրական համակարգերում բավականաչափ թույլ է արտահայտված պատգամավոր-ընտրող կապը, քանի որ այս դեպքում ընտրողները ձայնը տալիս են կուսակցությանը, այլ ոչ թե կոնկրետ թեկնածուների, և պատգամավորները ստիպված չեն լինում մշտական կապ պահել ընտրողների հետ: Մեծամասնական ընտրակարգը լավ ե նրանով, որ հնարավորություն է տալիս ձևավորել որակյալ մեծամասնություն և գործադիր իշխանության ղեկին ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անձի: Հարաբերական մեծամասնական ընտրակարգի դեպքում կարող են ձևավորվել քաղաքական զարգացման ռեալ այլընտրանքներ և 2 կուսակցությունների միջև կարող է ընթանալ ռեալ պայքար իշխանությունների համար: Պլյուրալիստական ընտրահամակարգի գործունեության դեպքում ձևավորվում է երկկուսակցական համակարգ: Թերություններից կարելի է մատնանշել այն, որ հատկապես պառլամենտական ընտրությունների ժամանակ թեկնածուները կարող են ուշադրություն դարձնել ներքին հիմնախնդիրներին, ուշադրությունից դուրս թողնելով երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները: Բացի այդ հարաբերական մեծամասնական ընտրությունների դեպքում հասարակական կարծիքի փոփոխությունները ավելի դժվար են արտացոլվում: Խառը ընտրական համակարգը որպես առավելություն ունի հետևյալ գծերը.

  • հնարավորություն է ստեղծվում ընտրողներին իրենց վերաբերմունքը արտահայտել ինչպես կուսակցությունների, այնպես էլ առանձին թեկնածուների նկատմամբ:
  • որոշակի հավասարակշռվածություն է ստեղծվում համամասնական և մեծամասնական ընտրակարգերի միջև, որտեղ որպես թերություն հիմնականում նշվում է այն, որ այդ դեպքում պառլամենտում ձևավորվում է պատգամավորների 2 դաս. պատգամավորներ, որոնք ընտրված են մեծամասնական կարգով և ունեն ընտրողների լուրջ զանգված հետևում, և պատգամավորներ, որոնց հասարակության լայն շրջանակաները կարող են չճանաչել և որոնք հաշվետու են ոչ այնքան ընտողների, որքան իրենց կուսակցությունների առջև:

ՀՀ-ում պառլամենտի ընտրությունների ժամանակ այժմ գործում է խառը ընտրական համակարգ՝ 90/41 հարաբերակցությամբ:

Տես նաև [խմբագրել]