Կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտով նշված երկրներում գործում է ընտրովի դեմոկրատիա ըստ Freedom House
Կարմիրով նշված երկրներում տիրում է միապետություն

Կառավարություն, պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմին։ Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը (կանցլերը, նախարարների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ ԱՄՆ ում ՝ պրեզիդենտը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, պետքարտուղարներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն։ Ֆեդերատիվ պետություններում կան կենտրոնական (ֆեդերալ) կառավարություն և ֆեդերացիայի կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ Կապիտալիստական երկրներում կառավարությունը կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը։ ԳՖՀ-ում, Իռլանդիայում, Ճապոնիայում պետության գլուխը պրեմիեր մինիստր (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կապիտալիստական երկրների մեծ մասում կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն, փաստորեն, լինելով մոնոպոլիաների քաղաքական զենքը, ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Սոցիալիստական երկրներում կառավարությունը կազմում է ժողովրդական ներկայացուցչության բարձրագույն մարմինը, որին ենթակա է և հաշվետու։ Կառավարության կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png