Բյուրոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Բրեյգել Կրտսեր, Մաքսատուրքի վճարում, յուղաներկ, 1620-1640. USC Ֆիշերի արվեստի թանգարան

Բյուրոկրատիա (ֆր.՝ bureau գրասեն­յակ և հունարեն՝ kratos իշխանություն, տիրա­պետություն), կառավարչական իրավա­սություններով օժտված, իշխանության բարձրագույն մարմինների որոշումների իրականացման գործում մասնագիտա­ցած մարդկանց խումբ։ Բյուրոկրատիայի գործունեութ­յունը հիմնվում է դերերի և գործառույթ­ների հստակ տարանջատման սկզբուն­քի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ «բյուրոկրատիա» տերմինը գործածության մեջ է մտել միայն 18-րդ դարի սկզբին, բյուրոկրատական կառավարման ձևը գոյություն է ունեցել դեռևս հնագույն ժամանակներից։ Բյուրոկրատիայի առաջացման ժամանակաշրջանը համարվում է ձեռագրի գյուտը, այսպիսով, բյուրոկրատներ են եղել դեռևս Հին Շումերում ու Հին Եգիպտոսում։ Հին Չինաստանում բարդ բյուկրատական համակարգ է ստեղծել Կոնֆուցիոսը։ Հռոմեական կայսրությունը ևս ունեցել է բյուրոկրատական համակարգ։ Կայսրության անկումից հետո ավելի բարդ բյուրոկրատական համակարգ կառուցեց Բյուզանդական կայսրությունը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրոկրատիա ֆրանսերեն բառ է, շրջանառության մեջ է մտել 1745 թվականին ֆրանսիացի տնտեսագետ Մարկիզ դե Գուրնեի (ֆր.՝ Vincent de Gournay) կողմից։ Նա բյուրո (bureau) գոյականին, որը նշանակում է և՛ հիմնարկ, և՛ գրասեղան, ավելացրել է հունարեն կրատոս (κράτος) բայը, որը նշանակում է ղեկավարել, իշխել։ Ստացվել է բյուրոկրատիա, որը նշանակում է պաշտոնյաների իշխանություն։ Սկզբում այն կրում էր երգիծական նվաստացուցիչ իմաստ[1]։

Մեկնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ժամանակակից կազմակերպություններն իրենց բնույթով բավականաչափ բյուրոկրատական են։ Սկզբնական շրջանում այս բառը կիրառվում էր միայն իշխանական հիմնարկների վերաբերյալ, բայց աստիճանաբար բառի նշանակությունը ընդլայնվեց և այժմ վերագրվում է բոլոր խոշոր կազմակերպություններին։

Դե Գուրնեն խոսում էր պաշտոնյաների աճող ուժի մասին, անվանելով «բյուրոկրատիա անվամբ հիվանդություն»[2][3]։

Անգլերենում բյուրոկրատիա բառը առաջին անգամ, դարձյալ բացասական երանգով, կիրառվել է 1815 թվականին Լոդոնի Թայմս օրաթերթում.

Հատկապես այս բյուրոկրատիայում, պարոնայք, դուք կգտնեք այն անտեսանելի և չար ուժերը, որոնք ամենաազնվական հայացքները խոչընդոտում են և կանխում կամ թուլացնում են Ֆրանսիայի բոլոր ողջունելի բարեփոխումների ազդեցությունը[4]։
- Լոնդոն, Թայմս, 1815 թվական

Իռլանդական վիպասան Լեդի Մորգանը 1818 թվականին բյուրոկրատիայի մասին գրել է. «Բյուրոկրատիա կամ բռնակալական հիմնարկ, որը երկար ժամանակ իշխում էր Իռլանդիայում»[5]։

Ֆրանսիական գրող Բալզակը բյուրոկրատիան անվանել է «պիգմեյների ղեկավարած հսկայական իշխանություն»։ Այս տեսակետը պահպանվում է նաև մեր օրերում։ Բյուրոկրատիան հաճախ ասոցացվում է քաշքշուկի, անարդյունավետության և շռայլության հետ։

19 - րդ դարի կեսերին օգտագործվել է չեզոք իմաստով նկատի ունենալով կառավարման համակարգի ոչ ընտրովի պաշտոնյաներին, որոնք միապետության կամակատարն էին միայն[6]։

Անգլիական երգիծաբան Սիրիլ Նորքոթ Պարկինսոնը կատարել է բյուրոկրատիայի փայլուն վերլուծություն, որը հիմնված է այն մտքի վրա, որ պաշտոնյաներն անսահմանորեն ընդլայնում են իրենց գործունեության սահմանները, որպեսզի զբաղեցնեն իրենց ունեցած ազատ ժամանակն ամբողջությամբ[7]։ Ըստ «Պարկինսոնի օրենքի» աշխատանքը ձգվում է այնպես, որպեսզի լրանա դրա իրականացման համար հատկացված ամբողջ ժամանակը: Բյուրոկրատիան աճում է ոչ այն պատճառով, որ պաշտոնատար անձինք իրենց վրա են վերցնում նոր պարտականություններ, որոնք նախկինում չունեին, այլ որովհետև նրանք միշտ զբաղված տեսք պետք է ունենան։ Նրանք խնդիրներ են տեսնում անգամ այնտեղ, որտեղ իրականում որևէ խնդիր չկա, իսկ հետո հսկում են իրենց ենթականերին, որոնք էլ իրենց հերթին հսկայական ժամանակ են վատնում հաշվետվություններ և զեկուցագրեր գրելու և իրենց վերադասին ներկայացնելու վրա։ Այս գործընթացը շարունակական բնույթ է կրում, ընդ որում ձևաթղթերի լրացնելը, հաշվետվություններ գրելը և անձնական գործերը վարելը բոլորովին էլ չեն լուծում բյուրոկրատիայի առջև դրված խնդիրները[1]։

Սակայն շատերը բյուրոկրատիան բոլորովին այլ լույսի ներքո են ներկայացնում՝ որպես մանրակրիտ, ճշգրիտ և արդյունավետ կառավարման մոդել։ Նրանք ասում են, բյուրոկրատիան իրականում մարդկության հորինած կառավարման ձևերից ամենաարդյունավետն է, քանի որ բոլոր խնդիրները կարգավորվում են խիստ կանոնակարգով։ 1920-ական թվականներին գերմանական սոցիոլոգ Մաքս Վեբերը տվել է բյուրոկրատիայի սահմանումը, որը համընդհանուր դարձած վերը նշված երկու ծայրահեղ գնահատականների միջև միջանկյալ դիրք է գրավում։ Ըստ Վեբերի, մեր հասարակության մեջ բյուրոկրատիայի ընդարձակումը անխուսափելի է։ Բյուրոկրատական իշխանության զարգացումը լայնածավալ սոցիալական համակարգի վարչական պահանջներն իրականացնելու միակ միջոցն է։ Սակայն Վեբերը համարում է, որ բյուրոկրատիային հատուկ են որոշ մեծ թերություններ, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել ներկայիս հասարակական կյանքի բնույթի վրա[1][6]։

Ավստրիացի տնտեսագետ Լյուդվիգ ֆոն Միզեսը 1944 թվականին նշել է, որ բյուրոկրատիա տերմինը միշտ վիրավորական իմաստով է գործածվել[8]։ 1957 թվականին ամերիկյան սոցիոլոգ Ռոբերտ Մերթոնը նշել է, որ «բյուրոկրատ» տերմինը դարձել է մակդիր[9]։

Բյուրոկրատիան ըստ Վեբերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քանակությամբ բյուրոկրատական կազմակերպություններ գոյություն են ունեցել նաև ավանդական դարձած հասարակարգերում։ Օրինակ, կայսերական Չինաստանում կային բյուրոկրատական պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն էին կրում իշխանության բոլոր գործողությունների համար։ Բյուրոկրատիայի հիմնական ձևերից մեկը բանակն է եղել։ Մեր ժամանակներում բյուրոկրատիան ամբողջությամբ ծավալվելով առկա է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Բյուրոկրատական կազմակերպությունների ծագումն ու աճման բնույթը պարզաբանելու համար Վեբերը ստեղծել է բյուրոկրատիայի իդեալական պատկեր[10]։ Վեբերը թվարկում է իդեալական բյուրոկրատիայի մի քանի բնութագրեր[1][11]։

Բյուրոկրատիայի հիմնական պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրոկրատներին ներկայացվող հիմնական պա­հանջները ձևակերպել է Մ. Վեբերը։ Դրանք են.

  1. անձնապես ազատ են և ենթարկվում են միայն ծառայողական պարտականություններին
  2. ունեն կա­յուն ծառայողական աստիճանակար­գություն
  3. ունեն լիազորությունների որոշակի շրջանակ
  4. աշխատում են ըստ մասնագիտական որակավորման
  5. աշխատում են պայմանագրային հիմունքներով
  6. ստանում են կայուն աշ­խատավարձ
  7. իրենց ծառայություննե­րը համարում են միակ կամ գլխավոր մասնագիտությունը
  8. օտարված են ար­տադրության միջոցներից և չեն կարող «յուրացնել» աշխատանքային տեղը
  9. ենթարկվում են խիստ ծառայողական կարգապահության և վերահսկողութ­յան
  10. ակնկալում են ծառայողական առաջընթաց։

Ավատատիրական և ամբողջատիրական համակարգերում բյուրոկրատիան վեր է ած­վում իր շահերը հետապնդող փակ կաս­տայի։ Ժողովրդավարական համակար­գերում հասարակական կյանքի բյուրոկրատացումը կանխում են ռոտացիայի սահմանված ժամկետներում կազմի համամասնական նորացման, համապատասխան մարմինների կողմից իրակա­նացվող վերահսկողության և այլ միջոցներով։

Արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վեբերի բյուրոկրատիան մեծաթիվ մարդկանց կազմակերպելու բարձր արդյունավետություն ունեցող միջոց է, քանի որ

  1. բյուրոկրատական գործընթացները կարող են ինչ-որ կերպ սահամանափակել անհատին, բայց միաժամանակ ապահովում են որոշումներ կայացնել ընդհանուր չափանիշներով, այլ ոչ թե անձնական կամայականություններից կամ քմահաճույքից ելնելով
  2. պատրաստում է պաշտոնյաներ, որպեսզի նրանք մասնագիտանան այն ոլորտում, որը ներառում է իրենց պաշտոնական պարտականությունները, կրճատելով «սիրողական տաղանդների» հնարավորությունները, ապահովում է բանիմացության ընդհանուր պատշաճ մակարդակ
  3. այն փաստը, որ ի պաշտոնե պահանջվում է լրիվ դրույքով աշխատանքային օրվա զբաղվածություն և միանվագ աշխատավարձ է հատկացվում, նվազեցնում է, չնայած լիովին չի վերացնում կոռուպցիայի հնարավորությունը։ Իշխանության ավանդական համակարգերը էականորեն հիմնվում էին այն բանի վրա, որը մենք այսօր անվանում ենք «կորուպցիոն գործարք»։ Պաշտոնյաները օգտվում էին իրենց պաշտոնական դիրքից, օրինակ, իրենց ենթականերից տուրք գանձելով և դրա մեծ մասը յուրացնելով։
  4. աշխատանքը ստուգումների կամ այլ միջոցներով գնահատելը նվազեցնում է, թեև ամբողջությամբ չի վերացնում անձնական և ազգակցական կապերի միջոցով պաշտոններ ստանալու հավանականությունը։

Վեբերը կարծում էր, որ որքան հիմնարկը մոտ է իդեալական բյուրոկրատիայի տեսակին, այնքան առավել արդյունավետ է լուծում իր վրա դրված խնդիրները։ Նա հաճախ բյուրոկրատիան համեմատում էր բարդ մեխանիզմի հետ։ Այնուամենայնիվ նա ընդունում էր, որ բյուրոկրատիան գրասենյակայնության խնդիր է առաջացնում, որ բազմաթիվ բյուրոկրատական գործընթացները ձանձրալի են և ստեղծագործական ընդունակությունները դրսևորելու համար նպաստավոր չեն[1]։

Բյուրոկրատիա և օլիգարխիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբերի ստեղծած բյուրոկրատիայի մոդելից հետևում է, որ իշխանությունը որպես կանոն վերևում է կենտրոնանում։ Մեծ հիմնարկը բուրգի նման է, որի հիմքում աննշան իշխանություն ունեցող մեծամասնությունն է։ Վեբերի աշակերտ և գործընկեր Ռոբերտ Միխելսը այդ դիտարկումը կիրառելով սահմանել է «օլիգարխիայի ոսկե օրենքը»[12]։ Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն և որքան բարձր է բյուրոկրատացման աստիճանը, այնքան ավելի է այն կենտրոնանցած բարձր պաշտոններ զբաղեցնող քիչ թվով մարդկանց ձեռքերում։ Միխելը իր թեզիսը կազմել էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության զարգացման վերլուծության հիման վրա, որը կողմնորոշվում էր քաղաքական որոշումների կայացման գործընթացում զանգվածների լայն մասնակցության վրա։ 20-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում կուսակցությունը գերմանական քաղաքականության հիմնական շարժիչ ուժ հանդիսացավ։ Կուսակցության շարքերի աճին զուգընթաց նրա հաջողությունները հանգեցրին նրա ներքին բյուրոկրատիայի աճին[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էնթոնի Գիդենս Социология. ЧАСТЬ III. СТРУКТУРЫ ВЛАСТИ. ГЛАВА 9. ГРУППЫ И ОРГАНИЗАЦИИ. Бюрократия. էջ 269 (ռուս.)
  2. Alhrow M. Bureaucracy. London, 1970.
  3. J.C.N. Raadschelders (1998).Handbook of Administrative History. Transaction Publishers. p. 142. (անգլ.)
  4. The Roots of bureaucracy. Merriam-Webster Dictionary (definition) (անգլ.)
  5. Լեդի Մորգան, Sydney (1818).Florence Macarthy. էջ 35. (անգլ.)
  6. 6,0 6,1 David Beetham. Bureaucracy. University of Minnesota Press, 1996 - Business & Economics - 120 pages (անգլ.)
  7. Parkinson С. N. Parkinson Law. Boston, 1957.
  8. Ludwig von Mises (1944). Bureaucracy. MISES INSTITUTE. (անգլ.)
  9. Robert K. Merton (1957). Social Theory and Social Structure. Bureaucratic Structure and Personality. Արխիվացված 2012-12-27 Wayback Machine Glencoe, IL: Free Press, 1957, pp. 195-206. (անգլ.)
  10. իդեալական ոչ թե ցանկալի իմաստով, այլ աբստրակտ, որտեղ որոշ բնութագրերը ընդգծվում են առավել էական բնութագրերը առանձնացնելու համար
  11. Weber M. Economy and Society: An Outline of Interpretive Sociology (2 vols). Berkeley, 1978.
  12. Michels R. Political Panics. New York, 1967.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրոկրատիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 485