Հին Եգիպտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Եգիպտոս (հին հուն.՝ Αἴγυπτος /«Այգյուպտոս»-ից և լատ.՝ Aegyptus/«Էգիպտուս»-ից), ինքնանվանումը Տա-կեմետ, Տա-մերի, Տա-ուի և այլն (tA-kmt, tA-mrj, tA-wy), Կեմի (ղպտիերեն Kὴμε), տարածաշրջանի և հին աշխարհի քաղաքակրթության անվանում, որ գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքներում։ Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչդինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները)։ Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV-րդ դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները (մինչև VII-րդ դարը

Պատմություն[խմբագրել]

Նախապատմություն[խմբագրել]

Ք.ա. IV հազարամյակի կեսերին Եգիպտոսի տարածքում ձևավորվեցին 40-ից ավելի քաղաք-պետություններ։ Ժամանակի ընթացքում քաղաք-պետությունները միավորվեցին կազմելով երկու թագավորություն՝ Հյուսիսային և Հարավային։ Միավորման համար պայքարն ավարտվեց միայն Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջին։ Մ.թ.ա. 3100 թ. հարավի տիրակալ Մենեսը գրավեց Հյուսիսային թագավորությունը՝ սկիզբ դնելով Եգիպտոսի միասնական թագավորությանը։ Հին եգիպտացիները իրենց երկրի տիրակալին անվանում էին “փարավոն”։ Փարավոնի անձը աստվածացվում էր, նրա խոսքը օրենք էր բոլոր հպատակների համար։

Հին թագավորություն[խմբագրել]

Եգիպտոսի միասնական պետության գոյության առաջին փուլը անվանում ենք Հին թագավորություն։ Երկրի միավորումը նպաստեց տնտեսության վերելքին։ Սկսեցին տարածվել բրոնզե գործիքները, որոնց կիրառության շնորհիվ հեշտանում էր հողի մշակումը և ավելի առատ բերք էր ստացվում։ Ոռոգման ջրանցքների շնորհիվ նախկինում անմշակ հողերը այժմ ոռոգվում էին Նեղոսի ջրերով։ Աճում էր բնակչության թվաքանակը, բարելավվում էր մարդկանց ապրուստը։ Եգիպտոսի բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով և հարկեր էր վճարում պետությանը։ Եգիպտոսում կար նաև ստրուկների խավ, որը բաղկացած էր ռազմագերիներից և դատապարտված հանցագործներից։ Եգիպտական բանակները պարբերական արշավանքներ էին կատարում դեպի հյուսիս և դեպի հարավ գտնվող հարևան երկրները՝ Եգիպտոս բերելով ռազմագերիներ, շինափայտ, պղինձ, անագ, ոսկի և այլ օգտակար հանածոներ։

Հիքսոսների իշխանության տակ[խմբագրել]

Ք.ա.18-րդ դարի վերջում՝ ժողովրդական ապստամբություններից թուլացած և ինքնուրույն մարզերի տրոհված Եգիպտոսը նվաճեցին հյուսիսից ներխուժած հիքսոսյան ցեղերը։ Հիքսոսների տիրապետությունը տևեց ավելի քան մեկ դար, բայց նրանց չհաջողվեց տիրանալ ամբողջ Եգիպտոսին։ Թեբե քաղաքի տիրակալի շուրջ համախմբվեցին Եգիպտոսի անկախ մնացած մարզերը։ Ք.ա. 16-րդ դարի կեսերին Յահմոս փարավոնի գլխավորությամբ եգիպտացիները կարողացան ջախջախել հիքսոսներին և ազատագրել Եգիպտոսը։

Նոր թագավորություն[խմբագրել]

Ք.ա. 16-11 դարերում Եգիպտոսը կրկին դարձավ միավորված հզոր տերություն։ Նոր մայրաքաղաք դարձավ հարավային Եգիպտոսում գտնվող Թեբե քաղաքը։ Հին Եգիպտոսի պատմության այս ժամանակաշրջանը ընդունված է անվանել Նոր թագավորություն։ Եգիպտական զորքերը, հիքսոսներին հետապնդելով, ներխուժեցին Պաղեստին և Սիրիա` նվաճելով հսկայական տարածքներ։ Խոշոր նվաճումներ կատարեց Թութմոս III-րդ (Ք.ա. 1468-1436 թթ.) փարավոնը։ Նրա արշավանքների արդյունքում Եգիպտոսը վերածվեց հսկայական կայսրության, որի սահմանները հյուսիսում հասնում էին մինչև Եփրատ գետը, իսկ հարավում` մինչև ներկայիս Եթովպիա։ Փարավոնին հարկ էին վճարում 50-ից ավելի տեղական իշխաններ և տիրակալներ։ Արշավանքներից Եգիպտոս բերվեցին 100-հազարներով ընտանի կենդանիներ, թանկարժեք իրեր, տասնյակ հազարավոր ստրուկներ։

Թուլացում[խմբագրել]

Փարավոնները եգիպտական աստվածներին նվիրաբերում էին հսկայական կալվածքներ, հազարավոր ստրուկներ, կառուցում էին շքեղ տաճարներ։ Այս նվիրատվությունների հետևանքով եգիպտական տաճարները խիստ հարստացան, քրմությունը հզորացավ՝ սկսելով հակադրվել փարավոնի իշխանությանը։ Պայքարը փարավոնի և քրմության միջև հատկապես սրվեց Էխնաթոն փարավոնի օրոք (Ք.ա.1372-1354թթ)։ Փարավոնը բռնագրավեց տաճարների հարստությունները, պատժեց անհնազանդ քրմերին։ Էխնաթոնի մահից հետո նրա հաջորդները չկարողացան շարունակել նրա քաղաքականությունը և փարավոնների իշխանությունը էլ ավելի թուլացավ։ Ներքին այս պայքարի ընթացքում Եգիպտոսը կորցրեց երբեմնի իր նվաճված տարածքները։

Ժամանակավոր վերելք[խմբագրել]

Եգիպտական պետությունը կրկին ամրապնդվեց և հզորացավ Ք.ա. XIII դարում։ Ռամզես II փարավոնը (Ք.ա.1279-1213թթ) արշավանքներ կատարեց դեպի Սիրիա և Պաղեստին՝ դրանք կրկին Եգիպտոսին ենթարկելու համար։ Նա ստիպված էր երկարատև պատերազմ մղել Խեթական թագավորության դեմ, որը նույնպես ձգտում էր նվաճել Սիրիան և Պաղեստինը։ Տևական պատերազմներից հետո կողմերը հաշտության պայմանագիր կնքեցին և վիճելի տարածքները բաժանեցին իրար միջև։

Անկում[խմբագրել]

Սակայն Եգիպտոսի հզորությունը երկար չտևեց։ Դարձյալ սրվեց փարավոնների և քրմության պայքարը։ Եգիպտոսը աստիճանաբար թուլացավ, կորցրեց նվաճված տարածքների մեծ մասը։ Արդեն մ.թ.ա. 11-րդ դարի վերջին միասնական պետությունը Եգիպտոսում տրոհվեց։ Հարևան ժողովուրդները և պետությունները սկսեցին հաճախակի ասպատակել Եգիպտոսի տարածքը և անգամ կարճ ժամանակով գրավում էին այն։ Մ.թ.ա. 525 թ-ին Եգիպտոսը նվաճվեց Աքեմենյան Պարսկաստանի կողմից և կորցրեց իր անկախությունը։

Կրթություն[խմբագրել]

Հազարամյակների ընթացքում եգիպտացիները ստեղծեցին դաստիարակության ուսուցման և կրթության յուրահատուկ համակարգ։ Հին եգիպտացուն բնորոշ էր քչախոսությունը, աշխատասիրությունը, դիմացկունությունը։ Հետմահու կյանքի վերաբերյալ կրոնական պատկերացումները ստիպում էին հատուկ ուշադրություն հատկացնել երեխաների ուսուցմանն ու դաստիարակությանը։ Զավակները ճիշտ կատարելով իրենց ծնողների թաղման ծիսակատարությունները պետք է ծնողների համար հետմահու կյանք ապահովեին։ Զավակների բարոյական դաստիարակությունն իրականացվում էր բանավոր և գրավոր խրատական պատմությունների միջոցով։ Ընտանիքում կնոջ և տղամարդու միջև կար իրավահավասարություն, ահա ինչու տղաների և աղջիկների ուսուցմանն ու դաստիարակությանը հավասար ուշադրություն էր հատկացվում։

Թե բարձր և թե ցածր խավերի համար բնորոշ էր մասնագիտության փոխանցումը հորից որդուն։ Դա կատարվում էր երկարատև ուսուցման միջոցով, որի ժամանակ կիրառվում էին նաև ֆիզիկական պատժամիջոցներ։ Քանի որ ուսուցման նպատակը երեխային տվյալ ընտանիքի ավանդական մասնագիտությանը պատրատելն էր, կրթության առաջին օղակը հանդիսանում էր ընտանեկան դպրոցը։ Հայրը որդուն սովորեցնում էր իր մասնագիտության հիմունքները։ Հետագայում նման ընտանեկան դպրոցներում վճարովի հիմունքներով տվյալ մասնագիտությունը սովորում էին նաև այլ ծնողների երեխաներ։ Գրավոր լեզվի տարածումը և պետության կարիքների համար գրագետ մարդկանց աճող պահանջարկը առաջ բերեց նաև գրագիտության դպրոցների առաջացման պահանջ։ Պաշտոնյաներին և աստիճանավորների մոտ ծառայության մեջ էին մեծ թվով գրագիրներ։ Նրանց պարտականությունների շրջանակը լայն և բազմազան էր։ Գրագիրը պետք է կարողանար գրագետ և արագ գրել, կարդալ արագագիր գրառումները և դասական հիերոգլիֆներով գրված տեքստերը, կազմել տեղանքի քարտեզ, կատարել մաթեմատիկական հաշվարկներ հարկերի հավաքման, ծախսերի և եկամուտների վերաբերյալ, կազմել պաշտոնական գրություններ, հրովարտակներ, տարեգրություններ։

Գրագիր դառնալու արվեստին տիրապետում էին տարիների տքնաջան աշխատանքով։ Գրել սովորում էին պապիրուսի վրա, եղեգնյա գրչով, մոխրից պատրաստված սև թանաքով։ Դպրոցական պապիրուսները լվացվում և բազմիցս անգամ օգտագործվում էին։ Պահպանվել են նման գրառումներ՝ ուսուցչի կատարած ուղղումներով։

Հին Եգիպտոսում կարևոր տնտեսական և գիտա-կրթական դեր էին խաղում տաճարները։ Արքաները տաճարներին խոշոր կալվածքներ և հազարավոր ստրուկներ էին նվիրում։ Տաճարներում կուտակված մթերքի պաշարներն օգտագործվում էին պետության կարիքների համար հասարակական աշխատանքներ կատարելիս գյուղացիներին մթերապահիկ հատկացնելու, ինչպես նաև տարերային աղետների դեպքում բնակչությանը օգնություն տրամադրելու համար Արքայական և տաճարական խոշոր տնտեսություններում օգտագործում էին համայնական գյուղացիների աշխատանքը որպես պարհակ։ Նման աշխատանքները ղեկավարելու համար անհրաժեշտ էին գրագետ, կրթված մարդիկ, որոնք կարողանային հաշվարկել օրվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալը, ծախսված մթերքների չափը և այլն։ Նման գիտելիքներ կարելի էր ստանալ հատուկ պետական-տաճարական դպրոցներում, որտեղ սովորում էին քրմերի և աստիճանավորների երեխաները։ Այսպիսով, Եգիպտոսում կրթությունը պետական մենաշնորհ էր և հասանելի էր միայն հասարակության վերնախավին։

Բարձր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ էր սովորել տաճարային դպրոցում։ Նման դպրոցները խիստ մասնագիտացված էին։ Կային դպրոցներ որտեղ սովորեցնում էին կառավարելու արվեստը, ճարտարախոսություն, պատմություն։ Որոշ տաճարների դպրոցներում առավելապես սովորեցնում էին ճշգրիտ գիտություններ՝ մաթեմատիկա, երկրաչափություն, աշխարհագրություն, աստղագիտություն։ Առանձին դպրոցներում սովորեցնում էին օտար լեզուներ՝ նվաճված երկրներում աստիճանավոր աշխատելու կամ հարևան երկրների հետ գրագրություն վարելու համար։ Կային նաև առանձին դպրոցներ, որտեղ սովորեցնում էին բշկական գիտելիքներ, քիմիա, ֆիզիկա, դեղագործություն, անասնաբուժություն։ Եգիպտացիները շատ հմուտ էին բժշկության մեջ և կարողանում էին բուժել տարբեր ներքին հիվանդություններ, կատարել բարդ վիրահատություններ։ Ուսյալ և կրթված մարդիկ հասարակության մեջ ավելի բարձր դիրք էին զբաղեցնում և ավելի հարուստ էին լինում։