Օնորե դը Բալզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Honoré de Balzac (1842).jpg

Օնորե դը Բալզակ (ի ծնե տրված անունը՝ Օնորե Բալզակ, դը մասնիկը սկսել է օգտագործել 1830 թվականից, ֆր.՝ Honoré de Balzac, 1799թ. մայիսի 20, Տուր - 1850թ. օգոստոսի 18, Փարիզ), ֆրանսիացի գրող։

Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-13թթ. Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-19թթ.` Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողնում է զբաղմունքը` նվիրելով իրեն գրականությանը։

1823 թ-ից սկսում է հրապարակվել, 1825-28թթ. զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։

1829թ. լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830), «Երկարակեցության ըմպելիքը» (L'Élixir de longue vie, 1830–31); «Գոբսեկ» վիպակը (Gobseck, 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831թ. Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Եռեսնամյա կինը»(La femme de trente ans) վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832 - 1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832) և հատկապես «Սերաֆիտա» (Séraphîta, 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։

Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրը 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։

1834թ. Բալզակի մոտ միտք է առաջանում ամփոփել իր ստեղծած և ստեղծվելիք բոլոր երկերը, որտեղ ներկայացված է լինելու իր ժամանակի բարքիերի համայնապատկերը, մի բազմահատոր շարքի մեջ։ Այդ շարքը նա հետագայում վեռնագրեց «Մարդկային կատակերգություն»։

Այդ շարքի վրա Բալզակն աշխատեց մինչև իր կյանքի վերջը։ Նա բաժանել է այն երեք մասի՝ «Էթյուդներ բարքերի մասին», «Փիլիսոփայական էթյուդներ» և «Անալիտիկ էթյուդներ»։ Առաջին մասի մեջ ներառվեցին «Մասնավոր կյանքի դրվագները» («Հոբսեկ», «Եռեսնամյա կինը», «Գնդապետ Շաբեր» (Le colonel Chabert, 1844), «Հայր Գորիո» (Le Père Goriot, 1834-35)) և այլն.); «Գավառական կյանքի դրվագներ» ["Տուրի հոգևորականը" (Le curé de Tours, 1832), «Եվգենիա Գրանդե» (Eugénie Grandet, 1833), «Կորսված պատրանքները» (Les Illusions Perdues, 1837-43) և այլն); «Դրվագներ փարիզյան կյանքից» («Տասներեքի պատմությունը» եռագրությունը (L’Histoire des Treize, 1834), «Կեսար Բիրոտո» (César Birotteau, 1837), «Նուսինգենի դրամատունը» (La Maison Nucingen, 1838) և այլն); «Ռազմական կյանքի դրվագներ»; «Քաղաքական կյանքի դրվագներ»; «Գյուղական կյանքի դրվագներ»։ Հետագայում շարքը համալրվեց «Մոդեստա Մինյոն» (Modeste Mignon, 1844), «Զարմուհի Բեթը» (La Cousine Bette, 1846), «Զարմիկ Պոնսը» (Le Cousin Pons, 1847) վեպերով, ինչպես նաև շարքն ամփոփող «Ժամանակակից պատմության աստառը» (L’envers de l’histoire contemporaine, 1848) վեպով։

Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-60-ական թթ.[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մարդկային կատակերգություն : [Երկերի ժողովածու 10 հ.] / Օ. դը Բալզակ; Թարգմ.՝ Լ. Մարության; Առաջաբ.՝ Է. Պետրոսյան. - Երևան : Հայպետհրատ, 1956. - 10 հ. ; 22 սմ. Հ. 1 (1956, 771 էջ) Թարգմ.՝ Հ. Բարսեղյան; Ա. Տայան Շուշաններ; Շագրենի կաշին - Հ. 2 (1956, 726 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության, Լ. Փորթուգյան Տասներեքի պատմությունը; Էժենի Գրանդե; Լքված կինը - Հ. 3 (1956, 736 էջ) Թարգմ.՝ Ա. Տայան, Վիվան, Լ. Մարության Գյուղական բժիշկը; Հայր Գորիո; Երեսնամյա կինը - Հ. 4 (1957, 831 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության Խորտակված պատրանքներ - Հ. 5 (1957, 811 էջ) Թարգմ.՝ Վ. Միքայելյան, Տ. Կարա-Սարգսյան, Ե. Տոլբագյան, Զ. Աղասյան, Գ. Փանոսյան, Պ. Շահբազյան, Ժ. Թութունջյան Գնդապետ Շաբեր; Գնդակ խաղացող կատվի վաճառատունը; Գոբսեկ; Անաստված պատարագը; Իրավազրկում; Տիկին Ֆիրմիանի; Վենդետտա; Կնոջ կերպար; Անհայտ գլուխգործոց; Հաշտված Մելմոթը; Կարմիր պանդոկը; Մնաք բարով; Երկարակեցության կենսահյութը; El Verdugo; Նյուսինգենի բանկային տունը - Հ. 6 (1958, 676 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը - Հ. 7 (1959, 806 էջ) Թարգմ.՝ Հր. Բուջիկանյան, Վ. Սվաճյան, Թ. Հակոբյան Հովտաշուշանը; Ամուրիի կյանքը; Երկակի ընտանիք - Հ. 8 (1960, 719 էջ) Թարգմ.՝ Մ. Սարոյան, Հ. Մարգարյան Բեաթրիս; Մոդեստա Մինյոն - Հ. 9 (1960, 675 էջ) Թարգմ.՝ Հ. Գասպարյան, Վ. Միքայելյան Մութ գործ; Գյուղացիները - Հ. 10 (1961, 773 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության, Լ. Փոթուգյան Զարմուհի Բեթը; Բացարձակի որոն

Արտաքին հղումներ[խմբագրել]