Գրականություն
Գրականություն — հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառ։ Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական-քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բնույթ ունեցող երկերը, նեղ առումով` արվեստի հիմնական տեսակներից մեկը` գեղարվեստական գրականություն։
Գրականությունը ծագել է գրի, այբուբենի առաջացումից հետո (շատ լեզուներում օգտագործվող «լիտերատուրա» եզրը հենց կապվում է լատիներեն լիտեր-տառ արմատի հետ)։
Գեղարվեստական գրականության առաջին նշանավոր երկերը բանահյուսական ստեղծագործությունների գրառման կամ մշակման արդյունք են։
Գեղարվեստական գրականությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, իրականության ճանաչման, արտացոլման ձևերից է, որ իրականացվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով։
Ըստ կառուցման արտաքին եղանակի` գրական երկերը բաժանվում են երկու մեծ խմբի` արձակ և չափածո։ Սկսած հնագույն ժամանակներից` ունի երեք մեծ բաժին, որոնք կոչվում են սեռեր` էպիկական, քնարական և դրամատիկական։[1]։
Գեղարվեստական գրականությունը հիմք է ծառայում արվեստի տարածական և համադրական տեսակների զարգացման համար[2]։