Մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մրցանակ՝ խրախուսման ձև աշխատանքում, գիտության բնագավառում, հանրօգուտ այլ գործունեության մեջ ձեռք բերած հաջողությունների համար։ ՍՍՀՄ-ում սահմանված են լենինյան մրցանակներ, պետական մրցանակներ, լենինյան կոմերիտմիության մրցանակներ։ Պետական մրցանակներ են սահմանված սոցիալիստական մյուս երկրներում (օրինակ, Դիմիտրովի անվան մրցանակ՝ Բուլղարիայում, Կոշուտի անվան մրցանակ՝ Հունգարիայում, Գոտվալդի անվան մրցանակ՝ Չեխոսլովակիայում, ազգային մրցանակ՝ ԳԴՀ-ում և այլն), ինչպես նաև բուրժուական որոշ երկրներում (օրինակ, Ֆրանսիայում,Իտալիայում և այլն)։ Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը շնորհում է խաղաղության համաշխարհային մրցանակներ։

ԳԱ սահմանել է Դ․ Մենդելեևի (1934-ից), Ի․ Պավլովի (1934-ից), Ա․ Կովալևսկու (1940-ից), Կ. Տիմիրյազևի (1941-ից), Վ․ Վերնադսկու (1943-ից), Մ․ Լոմոնոսովի (1956-ից), Ն․ Չեռնիշևսկու(1956-ից), Գ․ Պլեխանովի (1969-ից) և այլ գիտնականների անվան մրցանակներ։ Մրցանակներ են սահմանել նաև Լենինի անվան ՀամԳԳԱ, ԲԳԱ, գիտական ընկերություններ, համալսարաններ (օրինակ, Մոսկվայի պետական համալսարանը սահմանել է Մ․ Լոմոնոսովի անվան մրցանակ)։ Երկրաբանության բնագավառում սահմանվել է Սպենդիարովի անվան մրցանակ։ Ականավոր հասարակական գործիչների և գիտնականների անվան մրցանակներ են սահմանվել նաև սոցիալիստական մյուս երկրներում (օրինակ, ԳԴՀ-ում՝ Ֆ․ Էնգելսի անվան մրցանակ Լեհաստանում՝ Մ․ Կյուրի Ակլոդովսկայայի անվան մրցանակ, Օ․ Լանգեի անվան մրցանակ)։ Գիտական աշխատանքների համար միջազգային մրցանակների շարքում առաջատար տեղ են զբաղեցնում նորբելյան մրցանակները։ Սահմանվել են նաև միջազգային այլ մրցանակներ։ Օրինակ, Տիեզերագնացության միջազգային ակադեմիան սահմանել է Հուգենհայմների անվան մրցանակ (1961-ից), տիեզերագնացության բնագավառում միջազգային մրցանակ է սահմանել Ա․ Գալաբերը (1958-ից), Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի հատուկ կոմիտեն սահմանել է Ֆիլդսյան մրցանակ (երիտասարդ մաթեմատիկոսների համար)։ Իտալիայում սահմանվել է Ք․ Կոլումբոսի անվան մրցանակ (1954-ից, հաղորդակցության բնագավառում)։ 1956-ից մրցանակ է շնորհում «Ատոմը խաղաղության համար» ամերիկյան կոմիտեն։ Միջազգային մրցանակներ են սահմանվել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստող աշխատությունների համար (օրինակ, սովետական և հնդ գիտնականներին 1968-ից շնորհվում է Զ․ Ներուի անվան մրցանակ)։ Ֆրանսիայում առավել հեղինակավոր ազգային գիտական մրցանակները շնորհում է Ֆրանսիական ԳԱ [Ժ․ Կյուվիեի անվան մրցանակ (1839-ից), Ժ. Լալանդի անվան մրցանակ (1802-ից), Պ․ Չիխաչյովի անվան մրցանակ (1890-ից)]։ Իտալիայում բարձրագույն գիտական պարգև է համարվում հանրապետության պրեզիդենտի ազգային մրցանակը․։ ԱՄՆ-ում գիտական նշանավոր մրցանակներից է ազգային ԳԱ-ի մրցանակը։ Մի շարք մրցանակներ շնորհվում են նաև արտասահմանյան գիտնականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png