Վերգիլիոս
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պուբլիուս Վերգիլիուս Մարո (լատիներեն` Publius Vergilius Maro; մ.թ.ա. 70 թ. 15 հոկտեմբերի, Անդես, Մանտովա — մ.թ. 21 թ. սեպտեմբերի 19, Բրինդիզի), Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը, հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական» պոեմի և այլ ստեղծագործությունների հեղինակ:
Կյանքը [խմբագրել]
Ծնվել է Հարավային Իտալիայում` Անդես գյուղում, որտեղ նրա հայրը փոքր հողատեր էր: Կրթություն է ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել է ճարտասանական արվեստում: Գերադասելով գյուղական կյանքը` 28 տարեկանում վերադարձել է իր ծննդավայրը: Մ.թ.ա. 41թ. նրա հայրական հողամասը բռնագրավվում է հօգուտ կայսերական բանակի զինվորների, սակայն շուտով մտավորականների հայտնի հովանավոր Մեկենասի միջնորդությամբ Վերգիլիուսը նոր հողակտոր է ստանում: Այնուհետև մինչև կյանքի վերջը վայելել է Օգոստոս կայսեր բարյացակամությունը: Մահացել է անժամանակ` մ.թ.ա. 19թ.` 49 տարեկան հասակում:
Ստեղծագործությունները [խմբագրել]
Վերգիլիուսը գրել է երեք մեծ պոետիկ ստեղծագործություն` բոլորը հեկզամետրիկ (վեցաչափյան) հանգով: Դրանք են` «Բուկոլիկներ» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ»), գրության թվականը` մ.թ.ա. 42–39 (կամ 37)թթ, «Գեորգիկներ» («Մշակականք», մ.թ.ա. 37-30թթ.) և «Էնեական» (մ.թ.ա. 29–19 թթ): Միջնադարում Վերգիլիուսին վերագրվում էին ևս մի քանի փոքր պոևմներ (Appendix Vergiliana):
«Բուկոլիկներ» հովվերգական պոեմում Վերգիլիուսը նկարագրում է գյուղական կենցաղը, գավառի գունավետ և ծաղկավետ աշխարհը, հովվական խաղաղ ապրելակերպը:
«Գեորգիկներ» պոեմը դիդակտիկ բնույթ ունի, նախորդի տրամաբանական շարունակությունն է, նվիրված է գավառի ստեղծարար կյանքին, գյուղատնտեսությանը: Պոեմը բաղկացած է չորս մասից, առաջինը նվիրված է հողագործությանը, երկրորդը` այգեգործությանը, երրորդը` անասնապահությանը և չորրորդը` մեղվաբուծությանը: Նկարագրում է գյուղատնտեսական աշխատանքները, տալիս բազմաթիվ օգտակար գործնական խորհուրդներ:
Վերգիլիուսի լավագույն երկը և հին հռոմեական գրականության գլուխգործոցը «Էնեական» էպիկական պոեմն է: Պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր` Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին: Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել: Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները` Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին: Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին:
Վերգիլիուսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»: