Դանթե Ալիգիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Դանթե Ալիգիերի
Dante Alighieri

Portrait de Dante.jpg

Ծնվել է 1265
Իտալիա, Ֆլորենցիա, Իտալիա
Մահացել է սեպտեմբերի 13/14, 1321
Իտալիա Ռավեննա, Իտալիա
Մասնագիտություն գրող, բանաստեղծ
Լեզու հին իտալերեն, լատիներեն
Ազգություն իտալացի
Քաղաքացիություն Իտալիա Իտալիա
Ստեղծագործական շրջան 1292—1321
Անդրեա դել Կաստանյո. Դանթե Ալիգիերի

Դանթե Ալիգիերի, կամ Դանթե, իտալ.՝ duˈraːnte ˈdɛʎʎi aliˈɡjeːri, (մոտավորապես մայիսից մինչև հունիս 1265 - սեպտեմբերի 13/14, 1321), իտալացի բանաստեղծ Ֆլորենցիայից։ Դանթեի մագնում օպուսը՝ Աստվածային կատակերգությունը (իտալերեն՝ Divina Commedia) համարվել է իտալերենով ամենալավ գրական գործը և համաշխարհային գրականությունում գլուխգործոց։

Կյանքը[խմբագրել]

Գուստավ Դորե. «Դանթե»

Ծնվել է գուելֆյան ընտանիքում։ Հայրը՝ Ալիգիերո Ալիգիերին իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում։ Դանթեն մանուկ հասակում կորցնում է մորը, պատանեկության տարիներին կորցրել է հորը։ Մանկուց նրա մեջ առաջացել է սերը գրականության հանդեպ։

Երիտասարդ տարիներից նա ներգրավվում էքաղաքական դեպքերի ոլորապտույտի մեջ։ Գուելֆյան կուսակցության կողմից 1289հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում է որպես հեծյալ զինվոր։ Հետո, երբ գուելֆների և գիբելինների փոխարեն հանդես են գալիս Սևերն ու Սպիտակները, անցնում է վերջինների կողմը։

Դանթեն հետագայում պետական բարձր պաշտոններ է վարել, կատարել դիվանագիտական պատասխանատու հանձնարարություններ։

Ֆրանսիական թագաժառանգ Կարլ Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։ Աղետը կանխելու համար հարկավոր էր շտապ դեսպանություն ուղարկել Հռոմի պապի մոտ։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Դանթեն։ Ջովանի Բոկաչոն՝ Դանթեի առաջին կենսագիրը, պատմում է, երբ Դանթեին հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ով կգնա։ Եթե ես գնամ, ով կմնա»։

Դիվանագիտական առաքելությունից Ֆլորենցիա վերադառնալով, նա հանդիպում է Սևերի հաշվեհարդարին։ Պատժի ենթակա Սպիտակների ցուցակում էր նաև Դանթեի անունը։ Դատավճիռը ձևակերպված էր այսպես. Սևերի դեմ պայքարելու համար 5000 լիր տուգանք, երկու տարվա աքսոր Տոսկանայի սահմաններից դուրս, գույքի բռնագրավում, տունուտեղի հիմնահատակ ավերում։ Հրամանի տակ ավելացված էր՝ երեք օրվա ընթացքում ներկայանալ քաղաքագլխին։

Դանթեն չի ներկայանում։ Քաղաքագլուխը նախկին հրամանին ավելացնում է. քանի որ դատապարտվածների չներկայանալը նշանակում է հանցանքը ընդունել, նրանց համար նոր դատավճիռ է նշանակում՝ «կրակի վրա այրել, մինչև մահանա»։ Այս հրապարակվել է 1302մարտի 10-ին։ Դանթեի տունը հիմնահատակ քադում է քաղաքագլխի զինված է ասպետների խումբը, 150 քարտաշների հետ միասին։

Դանթեն ընտանիքով բռնում է տարագրության տխուր ճանապարհը, այլևս Ֆլորենցիա չի վերադառնում։ Աքսորի չորրորդ տարում նամակով հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն է խնդրում, որը անհետևանք է մնում։ 1315-ի մի օրենքով նա կարող էր վերադառնալ Ֆլորենցիա։ Պայմանն այն էր, որ դատապարտյալը երաշխավորագիր ներկայացնի, բանտարկվի, որից հետո բանտարկյալի անարգանքի գլխարկը գլխին, վառած մոմը ձեռքին պիտի գնա Սան-Ջովանի եկեղեցին, խոնարհաբար ծնկի գա, ապաշխարհի, որպես «մեղքերը քավող հանցագործ»։ Դանթեն չէր կարող ընդունել նման ստորացուցիչ պայմանը։ 1315-ի հոկտեմբերի 15-ին մեկ անգամ ևս որոշում է կայացվել՝ մահվան նոր դատավճիռ այս անգամ բանաստեղծի երկու որդիների հետ միասին։ Դատավճիռը հանդիսավոր կերպով հաստատել է փոխարքան։

Տարագրության տարիներին Դանթեն վերստին քաղաքական իրադարձությունների կենտրոնում է։ Ֆլորենցիան Սևերի իշխանությունից ազատագրելու հույսը և մասնատված Իտալիայի միավորման հեռանկարը նա կապում էր գերմանական կայսր Հենրիխ 7-րդի հետ, որ այդ ժամանակ մեծ զորքով շարժվում էր Իտալիա։

Դանթեն չէր հասկանում, որ գերմանական կայսեր գալուստը ազգակործան չարիք է, սակայն գորել է հավատով ու համոզմունքով՝ ղեկավարվելով Ֆլորենցիայի բարօրության, Իտալիայի միավորման ակնկալիքով։ Հենրիխի մահից հետո իրական հեռանկարներ չտեսնելով, Ֆլորենցիա վերադառնալու հույսը կորցրած, քաղաքական ասպարեզը թողնում է։

Դանթեն վերջին տարիները անցկացրել է Վերոնայում, ապա Ռավեննայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն։[1]

Դանթեն և Վերածնունդը[խմբագրել]

«Նոր կյանք» ստեղծագործությունը[խմբագրել]

«Քաղցր նոր ոճ»-ի ամենախոշոր դեմքը Դանթեն է, իսկ պոետական այդ դպրոցի անմահ երկը՝ «Նոր կյանքը», որը Դանթեի առաջին ստեղծագործությունն է (1290)։ «Նոր կյանքը» պարունակում է 24 սոնետ, 5 կանցոն և մեկ բալլադ։ Ժողովածուի յուրաքանչյուր բանաստեղծությանը հետևում է վերլուծությունը՝ ինչ մասերից է բաղկացած, երբ է հղացել, ինչ ապրումներ է ունեցել գրելու պահին և այլն։ Բոլոր բանաստեղծությունները սիրային բովանդակություն ունեն և նվիրված են Բեատրիչեին։

«Նոր կյանքը» Դանթեն համարում է իր «հիշողությունների գիրքը», մի քաղցր պատմություն, որ նոր ճանապարհ է բացում։ «Սկսում է նոր կյանք»,- ասում է բանաստեղծը։

«Նոր կյանքի» պատմական իմաստը անհատի գիտակցության զարթոնքի բանաստեղծականացումն է, , եկեղեցու իշխանությունից, ընդհանրապես՝ միջնադարյան կապանքներից մարդու ազատագրման միտումի առաջին գեղարվեստական արտահայտությունը եվրոպական գրականության մեջ։ Սա է Դանթեի նորարարությունը։ Նա ճեղքում է միջնադարյան պատնեշները և ճանապարհ բացում դեպի Պետրարկան ու Բոկաչոն, դեպի Վերածնություն։[2]

Դանթեի փիլիսոփայական-բարոյագիտական հայացքները[խմբագրել]

«Նոր կյանքից» հետո Դանթեն զբաղվում է փիլիսոփայության, գիտության և պատմության ուսումնասիրությամբ, որոնք շարադրված են «Խնջույք» (1303-1306), «Ժողովրդական ճարտասանոթյուն» (1303-1306) աշխատություններում։

Այս երկերում ամփոփված են բանաստեղծի քաղաքական, գիտական, փիլիսոփայական և գեղագիտական հայացքները։ Այս երկերը կամուրջ են, որ տանելու էին «Աստվածային կատակերգություն»։

«Խնջույքը» կառուցվածքով հիշեցնում է «Նոր կյանքը», բաղկացած է ներածությունից և երեք մասից (տրակտատներից)։ Յուրաքանչյուրը սկսում է մի կանցոնով։

«Խնջույքի» բովանդակությունը կարելի է ձևակերպել այսպես. 1) փիլիսոփայական խնդիրներ, գիտական հարցեր, ֆիզիկա, աստղաբաշխություն, երկնային լուսատուներ, արևի շարժում և այլն։ 2)բարոյագիտական խորհրդածություն. ազնվություն, առաքինություն, հոգևոր և մարմնական սեր. 3) քաղաքական խնդիրներ՝ միապետության առավելությունը, միապետի պարտականությունները, ազատություն, միասնություն, ժամանակակից բարքերի քննադատություն, հասարակական, քաղաքական, բարոյական իդեալներ ու դրանց իրագործման ճանապարհները։[3]

Դանթեի քաղաքական իդեալները[խմբագրել]

Դանթեի քաղաքական իդեալները շարադրված են և «Խնջույքում», և ավելի մանրամասն՝ «Միապետություն» աշխատությունում։

Դանթեի ժամանակ իշխանների ու հանրապետությունների մեծ մասը պապի կողմն էր։ Մյուսները Իտալիայի միավորման հույսը կապում էին գերմանական կայսեր հետ։ Այդպես էր մտածում նաև Դանթեն։

Պապի և թագավորի իշխանությունը Դանթեն իրարից որոշակիորեն սահմանազատում է։ Առաջինը սահմանափակվում է միայն հոգևոր բնագավառում, թույլատրելի չէ, որ պապը միջամտի աշխարհիկ գործերին։

Միապետության մասին աշխատությունում Դանթեն գրում է, որ «բազմիշխանությունը չարիք է»։ Միապետության հիմքը մարդկային իրավունքն է, միապետի գերագույն օրենքը՝ պարտականությունը ժողովրդի առաջ։

Աստված է միապետին ընտրել իր պաշտոնին, իսկ այդ պաշտոնն ստանալ նա չի կարող, եթե մեծագույն առաքինություններ չունի։

Բանաստեղծի մահից մի քանի տարի հետո, 1329 թվականին, կարդինալ Պոշետոյի վճռով «Միապետության» ձեռագիր օրինակները այրվում են։ 1554-ին, երբ սկսում է դեֆորմացիան, Դանթեի այս գործը շուրջ վեց հարյուր տարի, մինչև 1896-ը, կալանքի տակ էր։[4]

Դանթեն գրական իտալերենի հիմնադիր[խմբագրել]

Դանթեի ժամանակ Իտալիայում, ինչպես և եվրոպական երկրներում, գրքի լեզուն լատիներենն էր, որը ժողովրդին անհասկանալի էր։

«Քաղցր նոր ոճի» բանաստեղծները սկսեցին ժողովրդին հասկանալի լեզվով գրել, բակց ժամանակակից իտալերենը, որպես իշխող գրական լեզու, դեռևս չէր հաստատվել։ Լատիներենի կողմնակիցները այն համարում էին ոչ պոետական լեզու, գիտական, փիլիսոփայական բովանդակություն արտահայտելու համար ոչ պիտանի։

Դաթեն խիզախ քայլ արեց. պահանջեց մի կողմ թողնել լատիներենը, գրական լեզուն դարձնել ժողովրդի խոսակցական լեզուն։ Նա գտնում էր, որ գրականությունը գիտնականների փոքրիկ խմբի համար չէ։

Դասական լատիներենի ներկայացուցիչները արհամարհում էին ժամանակակից իտալերենը։ Գրական աշխարհում ևս թերահավատ կարծիք էր տիրում։ Սիցիլիական դպրոցի բանաստեղծները գրում էին ֆրանսերեն լեզվով։ Դանթեն անեծքի խոսքեր էր ասում նրանց մասին. «Հավիտենական ամոթ այս չարամիտ մարդկանց, որոնք գովաբանում են օտար ժողովրդական լեզուն և արհամարհում իրենց սեփականը»։

Խոսակցական լեզուն կամ որևէ բարբառ գրական լեզու դարձնելը դեռևս բոլորը չէ։ Անհրաժեշտ է հմտորեն օգտագործել նրա բոլոր հնարավորությունները։ Դանթեն այդ կատարեց։ Տոսկանայի խոսակցական լեզուն այնպիսի կատարելության հասցրեց, առանձնապես «Աստվածային կատակերգությունում», որ նրանից հետո լատիներենին դիմելը անօգուտ բան էր։

Նոր գրական լեզվի ստեղծման հարց հետագայում առաջացավ նաև եվրոպական մյուս երկրներում, բայց առաջին անգամ այդ տեղի ունեցավ Իտալիայում։[5]

«Աստվածային կատակերգություն»-ը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Աստվածային կատակերգություն


Դանթեի ստեղծագործությունների արձագանքը հայ իրականության մեջ[խմբագրել]

Դանթեի հայերեն տպագրությունների մատենագրություն[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրկանության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 19-22։ 
  2. Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրկանության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 23-31։ 
  3. Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրկանության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 32-33։ 
  4. Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրկանության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 33-36։ 
  5. Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրկանության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 36-39։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են