Տոսկանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տոսկանա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումԱրեցո, Ֆլորենցիա, Գրոսետո, Լիվորնո, Լուկա, Մասսա-Կարարա, Պիզա, Պիստոիա, Պրատո, Սիենա և Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք
Մակերես22 987,04 կմ²
ԲԾՄ279 մետր
Բնակչություն3 729 641 մարդ (2019)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքregione.toscana.it(իտալ.)
Տոսկանա (Իտալիա)##
Տոսկանա (Իտալիա)

Տոսկանա (իտալ.՝ Toscana), մարզ Կենտրոնական Իտալիայում՝ Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Ողողվում է Տիրենյան և Լիգուրական ծովերի ջրերով։ Տարածքը 23 000 կմ2 է, բնակչությունը՝ 3 578 000 մարդ (1976)։ Տոսկանայի մեջ են մտնում Մասսա-Կարարա, Լուկա, Պիստոյա, Ֆլորենցիա, Լիվոռնո, Պիզա, Արեցո, Սիենա, Գրոսետո գավառները։ Գլխավոր քաղաքը և տնտեսական կենտրոնը Ֆլորենցիան է։ Տոսկանան ներառում է Էլբան և այլ մանր կղզիներ։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները։ Ծովափնյա մասը հարթավայր է։ Տարածքի 38 %-ն անտառածածկ է։ Զարգացած տնտեսություններով մարզ է։ Արդյունահանում են կինովար, երկաթի հանքանյութ, գորշ ածուխ, պիրիտներ, մարմար։ Զարգացած է մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, թղթի արդյունաբերությունները։ Զբաղվում են հացահատիկի, տեխնիկական կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ։ Զարգացած է խոզաբուծությունն ու ոչխարաբուծությունը։ Տուրիզմի կենտրոն է։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Գրևե ին Կիանտիից

Հյուսիս-արևմուտքում Տոսկանան սահմանակցում է Լիգուրիային, հյուսիսում՝ Էմիլիա Ռոմանիային, արևելքում՝ Մարկեին և Ումբրիային, իսկ հարավում՝ Լացիոյին։ Արևմուտքում 320 կմ ափամերձ տարածքը ողողում է Տիրենյան ծովը։ Տարածքի երկու երրորդը բլրապատ է, իսկ քառորդը՝ լեռնային։ Տարածքի միայն 8,4 %-ն են զբաղեցնում հարթավայրերը (Առնո գետի հովիտը)։

Գլխավոր լեռնաշղթան Ապենիններն են, որը շրջապատում է Տոսկանան հյուսիսից և արևմուտքից։ Ռելիեֆի այլ կարևոր հատվածներն են՝ Ապուանյան Ալպերը Մասսա-Կարարա և Լուկա նահանգներում, որտեղ արդյունահանում են Կարարայի մարմար և ցիպոլին, Մետալլոնոսյան բլուրը մարզի կենտրոնում, Պիզայի լեռները Պիզայի և Լուկայի միջև, Ամիաթա լեռը, հին հանգած հրաբուխը և Պրատոմանիոն Ֆլորենցիա նահանգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենավաղ ապացույցները, որ մարդիկ ապրել են ներկայիս Տոսկանայի տարածքում, վերաբերում են ստորին պալեոլիթին։ Այստեղ ապրող ամենահին մարդը Հայդելբերգյան մարդն էր, որի քարե գործիքները հայտնաբերել են հնէաբանները հիմնականում Վալլե-դելլ Առնոյում և մոտակա Լիվորնո շրջանում[2]։ Նրա գոյության հետքերը գտնվել են նաև Գարֆանյանում, Վերսիլիում և Լունիջանում[2]։

Միջին պալեոլիթի ժամանակաշրջանում Տոսկանայի տարածքում բնակվել են Նեանդերթալյան մարդիկ։ Նրանց պատկանող քարե գործիքները հայտնաբերվել են Ապուանյան Ալպերում, Սիենա գավառի Մուջելոյի Մոնտե-Չետոնայում, Սերկո հովտում, Լիվորնոյում և Առնոյի ստորին հոսանքում։ 1993 թվականին Գվարատտի քարանձավում հայտնաբերվել է Նեանդերթալյան մարդու լավ պահպանված գանգ[3]։

Բանական մարդու գոյության մասին ավելի վաղ ապացույցներ կան, որոնք վերաբերում է վերին պալեոլիթին։ Դրանք հայտնաբերվել են Լատերինայի, Մոնտելուպայի մոտակայքում և Արեցցոյից ոչ հեռու՝ Մոնտե-Լոնգոյում։ Գրոտտա-Լա-Ֆաբիկայի (Արեցցո) կայանատեղիները, Սալվիանոն, Սան-Ռոմանոն (Պիզա) և Մարոկկոնեն (Լիվորնո) պատկանում են ուլյուցանյան մշակույթին[4]։ Վերին պալեոլիթի ժամանակաշրջանին են վերաբերում նաև Տոսկանիայի հարավային մասում գտնվող Գրոսսետո նահանգի Ռիպարիո-դի-Վադո-ալլ Արանչոյում հայտնաբերված 20 տարեկան տղամարդու և 2 տարեկան տղայի մասունքները[5]։

Մ․թ․ա․ 6-րդ հազարամյակում Տոսկանայում հայտնվել է, այսպես կոչված, կերամիկայի կարդիալային մշակույթը, որը նշանավորելէ Նոր քարի դարի սկիզբը։ Այդ ժամանակ տեղական համայնքները ակտիվ առևտրային համագործակցության մեջ էին Տիրենյան ծովի կղզիների համայնքների հետ (Տոսկանյան կղզեխումբ, Կորսիկա, Սարդինիա)։ Հետագայում Տոսկանայում մեծ տարածում գտավ գծային կերամիկայի մշակույթը[6]։

Էնեոլիթի ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 2-3-րդ հազարամյակներում, Տոսկանայում և Լացիոյի հյուսիսում հայտնվել է ռինալդոնյան մշակույթը, որը հետագայում իր մեջ ներառել է զանգակաձև գավաթների մշակույթի տարրեր։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում նաև կոթող-արձանները Լունիջանայից։

Ապենինյան և Վիլլանովյան մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի մինչէտրուսկյան պատմությունը զուգահեռ է նույն ժամանակաշրջանի Հունաստանի պատմությանը։ Տոսկանայի նահանգում մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին (մ․թ․ա․ 1350-1150) ապրում էր ապենինյան մշակույթի ժողովուրդը, որը առևտուր էր անում Էգեյան ծովի մինոսյան քաղաքակրթության հետ։ Դրանից հետո Վիլլանովյան մշակույթը տարածվել է (մ․թ․ա․ 1100-800 թվականներին), սակայն ավարտվել է Էտրուսկյան քաղաքակրթության ի հայտ գալուց հետո։

Էտրուսկյան քաղաքակրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկները հյուսիսային Իտալիայում եղել են առաջին խոշոր քաղաքակրթությունը։ Նրանք ստեղծել են տրանսպորտային ենթակառուցվածքներ, զարգացրել են հողագործությունը և հանքարդյունաբերությունը, ստեղծել արվեստի վառ նմուշներ։ Գիտնականները չգիտեն՝ արդյոք էտրուսկներն այդ տարածքում ապրել են նախապատմական ժամանակաշրջանից, թե եկել են այլ երկրից։ Մ․թ․ա 7-րդ դարում քաղաքակրթությունը ընդլայնվել է Առնո և Տիբեր գետերի միջև, եղել է ամենահզոր տերությունը մ․թ․ա․ 6-րդ դարում և հետագայում՝ 3-րդ դարում, իր հզոր տարածքը փոխանցել է հռոմեացիներին։ Հռոմեացիները չեն վերացրել էտրուսկների քաղաքակրթությունը, սակայն ենթարկել են ձուլման։

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոսկանան համարվում է իտալական Վերածննդի ծագման վայրը։ Նրա գեղարվեստական ժառանգությունը ներառում է ճարտարապետությունը, գեղանկարչությունը և քանդակագործությունը շատ ստեղծագործություններով, որոնք գտնվում են մարզի թանգարաններում։ Դրանցից ամենահայտնիներն են Ուֆֆիցի և Բարջելոյի թանգարանները Ֆլորենցիայում։ Տոսկանան եղել է Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի և Դանթե Ալիգիերիի հայրենիքը։ Հին տոսկանական պատրիցիական տոհմը աշխարհին տվել է 3 հայտնի գիտնական՝ Ջովաննի Ինգիրամի, Ֆրանչեսկո Ինգիրամի և Թոմազո Ինգիրամի։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոսկանայի մարզը բաժանվում է 10 գավառի․

Նահանգ Վարչական

կենտրոն

Տարածք

կմ²

Բնակչություն

մարդ

Խտություն

մ./կմ²

Համայնքների

թիվ

1 Արեցո Արեցո 3235 348 127 107,61 39
2 Գրոսետո Գրոսետո 4504 228 157 50,66 28
3 Լիվորնո Լիվորնո 1211 341 453 281,96 20
4 Լուկա Լուկա 1773 392 182 221,20 35
5 Մասսա-Կարարա Մասսա 1156 203 642 176,16 17
6 Պիզա Պիզա 2444 414 154 169,46 39
7 Պիստոյա Պիստոյա 965 292 108 302,70 22
8 Պրատո Պրատո 365 248 174 679,93 7
9 Սիենա Սիենա 3821 271 365 71,02 36
10 Ֆլորենցիա Ֆլորենցիա 3514 991 862 282,26 44

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստիլոնչելլո

Տոսկանան հայտնի է առաջին հերթին իր գինիներով, որոնցից ամենահայտնիներն են՝ Կյանտի, Բրունելլո դի Մոնտալչինո, գինի Նոբիլե դի Մոնտեպուլչանո և «սուպերտոսկանական» Տենուտա Սան Գուիդո, Տենուդա դելլ Օռնելլաիա, Մասսետո։ Բացի դրանից այստեղ կա բնության 120 արգելավայր։ Գյուղատնտեսության այլ ոլորտներից են անասնապահությունը (Կյանտի հովտում) և ձիթայուղի արտադրությունը (հիմնականում Լուկկայի բլուրներում)։

Արդյունաբերությունը ներառում է մոտոցիկլի, մոտոռոլերների և ինքնաթիռների արտադրությունը, տեքստիլային շրջան Պրատոն, նավթաքիմիական օբյեկտները Լիվորնոյում և երկաթի գործարանները Պյոմբինոյում։ Տուրիզմը շատ կարևոր է «Մշակույթի քաղաքների»՝ Ֆլորենցիայի, Պիզայի, Լուկայի, Սիենայի, Սան Ջիմինյանոյի և ափամերձ վայրերում ու կղզիներում տուրիստական գործունեություն ծավալելու համար։ Ապուանյան Ալպերից արդյունահանում են մարմար։

Տնտեսության գլխավոր ճյուղերից են գյուղատնտեսությունը (շագանակ, սունկ (գետնասունկ), գինի), անասնապահությունը (կովեր, ձիեր), մետաղաձուլությունը, սննդային, քիմիական, տեքստիլ, նավթաքիմիական արդյունաբերությունը։

Մորթու արտադրության գլխավոր վայրերը գտնվում են Տոսկանայում (Պրատո), Պյեմոնտեն (Բյելլա) և Վենեցիան (Սկիո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.
  2. 2,0 2,1 Palaeolithic man in north-west Tuscany.(չաշխատող հղում)
  3. Circeo.(չաշխատող հղում)
  4. Uluzziano.
  5. Il Paleolitico nella Toscana nord-occidentale.(չաշխատող հղում)
  6. Il neolitico in Italia centrale - facies tirrenica.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Тоскана». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Graeme Barker, Tom Rasmussen The Etruscans. — Malden, MA: Wiley-Blackwell, 2000. — 400 p. — ISBN 978-0631220381
  • Jones, Emma Adventure Guide Tuscany & Umbria. — Edison, NJ: Hunter, 2005. — ISBN 1-58843-399-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսկանա» հոդվածին։