Լեզվաբանություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լեզվաբանությունը գիտություն է, որի ուսումնասիրության առարկան մարդկային լեզուն է։ Այդ ուսումնասիրությունը հիմնված է, մի կողմից, առանձին լեզուների փաստական երևույթների քննության վրա, մյուս կողմից` լեզվի տեսական, ընդհանուր հարցերի լուսաբանման վրա։ Այս երկու կողմերը լեզվաբանության մեջ հանդես են գալիս միասնաբար։
[խմբագրել] Լեզվաբանությունը որպես հասարակական գիտություն
Լեզուն հասարակական երևույթ է, ուստի լեզվաբանությունը հասարակական գիտություն է։ Լեզվաբանությունը, ըստ այս տեսակետի դառնում է էմպիրիկ, փաստագրական գիտություն. նրա ուսումնասիրման առարկան այսպիսով դառնում է լեզուների ձևը, մինչդեռ այդ ձևերն առանց բովանդակության ոչինչ չեն ասում մեզ։ Միայն լեզվի ձևի ու բովանդակության միասնական ուսումնասիրությունը կարող է լինել իսկական գիտություն։ Սրան հետևում է, որ լեզվաբանությունը չի կարող առանց լեզվի փիլիսոփայության։ Լեզվի ուսումնասիրությունը պետք է կատարվի և՛ կոնկրետ նյութի քննությամբ ու հետազոտությամբ, և՛ դրա փիլիսոփայական մեկնաբանությամբ։
[խմբագրել] Լեզվաբանությունը որպես պատմական գիտություն
Եթե լեզվաբանությունը ուսումնասիրում է մարդկային լեզուն, ապա նշանակում է, թե նա միաժամանակ նաև պատմական գիտություն է։ Լեզուն քարացած երևույթ չէ. նա հարատև փոփոխվող ու զարգացող է։ Լեզվաբանությունն ուսումնասիրում է այդ պատմականորեն զարգացող երևույթն իր բոլոր մանրամասներով ու բազմազնությամբ, իր բոլոր վիճակներով ու դրսևորումներով, իր զարգացման ընթացքի մեջ, ինչը ցույց է տալիս լեզվաբանության պատմական բնույթը։