Հնագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնագրություն, պալեոգրաֆիա պատմության օժանդակ դիսցիպլին, որն ուսումնասիրում է գրի զարգացման պատմությունը, գրատեսակների ու նրանց գրանշանների (տառերի) կրած փոփոխությունները, հնագույն գրավոր հուշարձանները և հարակից խնդիրներ (ըստ եղծման ժամանակը, տեղը, հեղինակի ինքնության հաստատումը, գրավոր տեքստի ճիշտ վերծանումը և այլն)։ Ձևավորվել է XVIII դ., մասնավորապես՝ ֆրանսիացի գիտնական Բ. Մոնֆոկոնի ջանքերով (որն առաջին անգամ գործածել է հնագրություն տերմինը)։ Ընդհանուր հնագրություն առայժմ չկա. այն ներկայանում է մասնավոր գիտաճյուղերով (հայկական հնագրություն, հունական հնագրություն, լատիներեն հնագրություն, սլավոնական հնագրություն և այլն)։ ժամանակակից հնագրությունը բավականաչափ ընդլայնել է իր պրոբլեմատիկան և հարցադրումները։ Այն ուսումնասիրում է նաև գրանշանների կառուցվածքը, դրանց ծագման ակունքները, այլ գրերի հետ ունեցած առնչակցությունները, գրանշանի ֆունկցիան, կիրառությունը՝ կապված ոչ միայն նրա հնչյունական կամ իմաստային առումների, այլև համառոտագրության, ծածկագրության, թվագրության, գրչության արվեստի, թվային արժեքի և այլնի հետ։ Հնագրության մի առանձին մասնաճյուղ ուսումնասիրում է գաղտնագրերը։ Հնագրությունը զբաղվում է նաև գրության նյութի ու միջոցների հարցերով։ Այն հենվում է հարակից գիտությունների (լեզվաբանություն, բնագրագիտություն, արվեստագիտություն, մասամբ և քիմիա, ֆիզիկա) տվյալների վրա, օգտվում է ուսումնասիրության նրանց եղանակներից։ Հայկական հնագրության առանձին հարցերի ուսումնասիրությամբ առաջինը զբաղվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հայ ժողովրդի պատմության ուսուցիչ Ի. Հարությունյանը, որը 1892-ին հրատարակել է «Հայոց գիրը» խորագրով աշխատությունը։ Սակայն հայկ. Հ-յան, որպես տեսական գիտաճյուղի, հիմքերը դրվեցին XIX վերջին, երբ Հ. Տաշյանը կազմեց Վիեննայի Մխիթարյան մատենադարանի հայերեն ձեռագրերի ցուցակը և հայկական հնագրության վերաբերյալ առաջին ձեռնարկը («Ակնարկ մը հայ հնագրության վրա», 1898թ.)։ Այն գրելու շարժառիթ է ծառայել արևելագետ Շուխարտի՝ Եգիպտոսում ձեռք բերած հուն, հայատառ պապիրուսը, որի վերծանության համար նա Հ. Տաշյանին խնդրում է պատասխանել հայկական հնագրության հետ առնչվող որոշ հարցերի, որոնց առիթով վերջինս ձեռնարկում է հայոց հնագրության ուսումնասիրությունը՝ լուսաբանելով V—XVIII դդ. հայկական գրատեսակների, նրանց անվանումների պատմության, թվագրման և գործածության ժամանակի, կրկնագրերի, կետադրության նշանների և հայկական հնագրությանն առնչվող այլ խնդիրներ։ Հայկական գրերի տեսակների վերաբերյալ Հ. Տաշյանի դասակարգումը ցարդ պահպանել է իր գիտական նշանակությունը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին տպագրվեցին հայկական ձեռագրացուցակներ։ Հայոց գրի և գրչության հարցերին անդրադարձել է Դ. Հովսեփյանը՝ «Դրչության արվեստը հին հայոց մեջ» (1913թ.) աշխատությունում։ Հրատարակել է նաև V—XVIII դդ. 143 ձեռագրերի ֆակսիմիլային ալբոմ։ Ամբողջությամբ հնագրությանն է նվիրված Հ. Աճաոյանի «Հայոց գրերը» (1928թ.) աշխատությունը, ուր ուսումնասիրված են մեսրոպյան գրերն ու նրանց զարգացումը, հայկական գաղափարագրերը, ծածկագրերը և այլն։ Կ. Ղաֆադարյանի «Հայկական գրի սկզբնական տեսակները» (1939թ.) աշխատությունում առանձնապես արժեքավոր է կապ գրերին վերաբերող ուսումնասիրությունը։ Հայ հնագրության հարցերին անդրադարձել են նաև Գ. Լևոնյանը, Լ. Խաչերյանը, է. Աղայանը։ Հայկական գրի ծագման, արամեերենի հետ նրա առնչությանն է նվիրված Ա. Փերիխանյանի մի աշխատությունը «Հայ գրի ծագման շուրջը» (Переднеазиатский сборник, 1966թ.)։ Հայկական հնագրության բազմաթիվ խնդիրներ ուսումնասիրել և հրատարակել է աղբյուրագետ Ա. Աբրահամյանը՝ իր աշխատություններում քննելով նախաքրիստոնեական շրջաևի հայ մատենագրության հնարավոր գոյությունը, պարզաբանելով հայոց գրերի ստեղծման, հայկական գրատեսակների և նրանց գործածության ժամանակի ու խմբավորման, թվանշանների գործածության, տոմարագիտության, թվականևերի վերծանության սկզբունքների, կետադրության, առոգանության նշանների, կապգրության, համառոտագրության, գաղափարագրության, ծածկագրության, գրանյութի ու գրենական պիտույքների և հնագրությաև հետ կապված այլ հարցեր։ Հայաստանում ձեռագրերի հնագրական ուսումնասիրությամբ զբաղվել են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png