1883 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Սովորել է Այզենախի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Լայպցիգի ու Ենայի համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետներում։ 1888 թվականին վերադարձել է Թիֆլիս և դասավանդել Ներսիսյան, Հովնանյան և Գայանյան դպրոցներում։ Մասնակցել է Լայպցիգի հայ ակադեմիական, Կովկասիհայ գրողների, ուսուցիչների, ազգագրական, հրատարակչական, բարեգործական և այլ ընկերությունների և միությունների աշխատանքներին։ Հարությունյանի փիլիսոփայական հայացքները սկզբնական շրջանում ձևավորվել են Վիլհելմ Հումբոլդտի և Վիլհելմ Վունդտի ազդեցությամբ։ Ավելի ուշ իր քննարկած խնդիրները (հոգեկանի էության, հոգեկանի և նյութականի, փորձի և տեսության, զգայականի և բանականի փոխհարաբերություններ և այլն) մեկնաբանել է մատերիալիստորեն։ Հարությունյանը քննել է նաև բարոյադաստիարակչական, գեղագիտական և այլ հարցեր (հումանիզմ, անհատական, ազգագրական ու համամարդկային երջանկություն ևն), ուսումնասիրել նաև հայ և համաշխարհային գրականություն։ Հեղինակել է հայ և համաշխարհային գրականությանը (Գաբրիել Սունդուկյան, Ռեթեոս Պերպերյան, Վրթանես Փափազյան, Գյոթե, Ժան-Ժակ Ռուսո, Անոտոն Չեխով, Մաքսիմ Գորկի) նվիրված բազմաթիվ գրաքննադատական հոդվածներ։ Հայերեն է թարգմանել գեղարվեստական ու գիտական աշխատություններ[3]։ Եղել է հայ իրականության մեջ էքսպերիմենտալ մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից (բայց չի բացարձակացրել էքսպերիմենտի դերը)։ Հեղինակել է նաև մանկավարժական բնույթի հոդվածներ, դասավանդման ծրագրեր ու կանոններ, մեթոդական ձեռնարկներ[4][5]։
Աշխատությունները հրատարակվել են նաև «Լ.», «Լորդ», «Պանդուխտ ռուսահայ», «Ի.Հ.», «Բրիչ», «Գյուղասեր», «Մանկավարժ» ծածկանուններով։
↑Հարությունյան, Իսահակ Ղազարի (1901). Իմ օրագիրը. Թիֆլիս: տպ. Մ. Շարաձեի.
↑Շավարշյան, Արշավիր Մեսրոպի (1956). Մանկավարժ Իսահակ Հարությունյան. Նյութեր մանկավարժության պատմությունից. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Մանավարժական ամբիոն. Երևան: Ա.հ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 319)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։