Թիֆլիսի Ներսիսյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ներսիսյան դպրոցից)
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցից դուրս են եկել մեծ թվով հայ գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլն։

Բովանդակություն

Պատմությունը [խմբագրել]

Դպրոցը հիմնվել է 1824-ին` Ներսես Աշտարակեցու եռանդուն ջանքերով և նրա նախագծած ծրագրով։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։

Անդրկովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում` 1824թ. Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով և հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց:

Ներսիսյան դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում: Դպրոցի առաջին տեսուչն է եղել հայ նոր գրականության ռահվիրաներից մեկը` բանաստեղծ Հարություն Ալամդարյանը: Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը` Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ:

Ներսիսյան դպրոցում են սովորել նշանավոր հայ գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ:

Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը հայ աշխարհաբար գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում: Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և այլոց տարածած սերմերը հայ աշխարհաբար գրական լեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել Ներսիսյան դպրոցի միջավայրում: Այդ դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբար նոր լեզուն:

Իր գոյության հարյուր տարվա (1824-1924) ընթացքում Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության ու կուլտուրայի շուրջ 2000 անխոնջ մշակներ, որոնք գերազանցապես գործել են հայկական անդաստանում:

Ներսիսյան դպրոցում են սովորել հերոս զորավար Գայը` Հայ Բժշկյանը, հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը և ուրիշներ:

Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում:

Գրականություն [խմբագրել]

Գրքեր [խմբագրել]

  • Ա. Երիցյան, «Պատմություն 75-ամյա գոյության Ներսիսյան հայոց հոգևոր դպրոցի, որ ի Թիֆլիս (1824-1899)», Թիֆլիս, 1898։
  • Ստ. Մալխասյան, «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դպրոցի», 1900, Թիֆլիս։
  • Մուշեղ Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19 դ. առաջին կեսին», Երևան, 1964։
  • Մուշեղ Սանթրոսյան, Ներսիսյան դպրոցի պատմություն, Երևան, 1981։

Մամուլ [խմբագրել]

  • «Արարատ», 1878, ԺԲ, 453։
  • «Արարատ», 1917, էջ 620։
  • «Կռունկ հայոց աշխարհի», 1861, Զ, էջ 482-487։
  • «Նոր դպրոց», 1908, թիվ 2, էջ 63։
  • «Նոր դպրոց», 1908, թիվ 3, էջ 86-89։
  • «Նոր դպրոց», 1908, թիվ 5, էջ 84։
  • «Փորձ», 1880, թիվ 2, էջ 128-143։
  • «Փորձ», 1880, թիվ 4, էջ 140-171։
  • «Փորձ», 1881, թիվ 2, էջ 119-127։
  • «Փորձ», 1880, թիվ 11, էջ 50-87։

Արտաքին հղումներ [խմբագրել]