Թիֆլիսի Ներսիսյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց
Ներսիսյան դպրոց.jpg
Հիմնադրված 1824
Փակված 1924
Հասցե Թբիլիսի

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցից դուրս են եկել մեծ թվով հայ գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլն։

Պատմությունը[խմբագրել]

Դպրոցը հիմնվել է 1824-ին՝ Ներսես Աշտարակեցու եռանդուն ջանքերով։ Շինության նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ Լիմկուրն է , իսկ կառուցման ծախսերը հոգացել է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցը ։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։

Անդրկովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում՝ 1824թ. Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով և հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց։

Ներսիսյան դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։ Դպրոցի առաջին տեսուչն է եղել հայ նոր գրականության ռահվիրաներից մեկը՝ բանաստեղծ Հարություն Ալամդարյանը։ Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։

Ներսիսյան դպրոցում են սովորել նշանավոր հայ գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ։

Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը հայ աշխարհաբար գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում։ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և այլոց տարածած սերմերը հայ աշխարհաբար գրական լեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել Ներսիսյան դպրոցի միջավայրում։ Այդ դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբար նոր լեզուն։

Իր գոյության հարյուր տարվա (1824-1924) ընթացքում Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության ու կուլտուրայի շուրջ 2000 անխոնջ մշակներ, որոնք գերազանցապես գործել են հայկական անդաստանում։

Ներսիսյան դպրոցում են սովորել հերոս զորավար Գայը՝ Հայ Բժշկյանը, հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը և ուրիշներ։

Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։

Գրականություն[խմբագրել]

Գրքեր[խմբագրել]

  • Ա. Երիցյան, «Պատմություն 75-ամյա գոյության Ներսիսյան հայոց հոգևոր դպրոցի, որ ի Թիֆլիս (1824-1899)», Թիֆլիս, 1898։
  • Ստ. Մալխասյան, «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դպրոցի», 1900, Թիֆլիս։
  • Մուշեղ Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19 դ. առաջին կեսին», Երևան, 1964։
  • Մուշեղ Սանթրոսյան, Ներսիսյան դպրոցի պատմություն, Երևան, 1981։

Մամուլ[խմբագրել]

  • «Արարատ», 1878, ԺԲ, 453։
  • «Արարատ», 1917, էջ 620։
  • «Կռունկ հայոց աշխարհի», 1861, Զ, էջ 482-487։
  • «Նոր դպրոց», 1908, թիվ 2, էջ 63։
  • «Նոր դպրոց», 1908, թիվ 3, էջ 86-89։
  • «Նոր դպրոց», 1908, թիվ 5, էջ 84։
  • «Փորձ», 1880, թիվ 2, էջ 128-143։
  • «Փորձ», 1880, թիվ 4, էջ 140-171։
  • «Փորձ», 1881, թիվ 2, էջ 119-127։
  • «Փորձ», 1880, թիվ 11, էջ 50-87։

Արտաքին հղումներ[խմբագրել]