Սոնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոնետ (իտալերեն՝ sonetto, sonare - հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ

Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Ահա Վահան Տերյանի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. abba abba ccdeed.

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-
Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...

Սոնետի մեծ վարպետ Շեքսպիրը

Սոնետների ձևն սկիզբ է առել Վերածնության դարաշրջանի իտալական գրականության մեջ, ուր հայտնի են Դանթեի և Պետրարկայի սոնետները։ Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ)։ Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։

Որոշ տարածում է ունեցել նաև այսպես կոչված «սոնետների պսակը», որը բաղկացած է 15 սոնետից և ունի այսպիսի կառուցվածք. յուրաքանչյուր բանաստեղծության վերջին տողը նույնությամբ կրկնվում են իբրև հաջորդի առաջին տող, իսկ վերջին սոնետը գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։ Հայ գրականության մեջ ամենահայտնի սոնետների պսակի հեղինակը Հենրիկ Էդոյանն է։

Ընդհանրապես հայ գրականության մեջ սոնետի բանաստեղծական կուլտուրան արմատավորվեց շնորհիվ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի և այլոց։ Սոնետը սիրված ձև է եղել հատկապես արևմտահայ պոեզիայում, ուր նրա անունը բառացի թարգմանել և անվանել են «Հնչյակ»։[1]

Արտաքին հղում[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 261-263։