Մագնում օպուս (ալքիմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնում օպուսի գույները, որոնք երևում են «Արևի շքեղությունը» (Splendor Solis) մագաղաթով ֆիգուրի կրծքազարդին

Մեծ գործ, ամենամեծ ստեղծագործություն[1] կամ մագնում օպուս (լատ.՝ Magnum opus - «մեծ» և «գործ, աշխատանք» բառերից), ալքիմիական տերմին, որը ցույց է տալիս փիլիսոփայական քարը ստեղծելու համար նախամատերիայի (Prima materia) հետ աշխատելու գործընթացը։ Այն օգտագործվել է հերմետիկ ավանդույթում անձնական և հոգևոր փոխակերպումները (հին հուն։՝ χρυσοποιία) նկարագրելու համար՝ կապվելով լաբորատոր պրոցեսների և գույների քիմիական փոփոխությունների հետ։ Օգտագործվում է որպես անհատականացման գործընթացի մոդել և որպես միջոց արվեստի և գրականության մեջ։ Magnum opus-ը առաջ է բերվել Նյու էյջ և նեոհերմետիկ շարժումներում, որոնք երբեմն նոր սիմվոլիզմ և նշանակություն են տալիս գործընթացներին։

Magnum opus-ը, որը մտել է անգլերեն 18-րդ դարում, պահպանում է բնօրինակ լատիներեն ուղղագրությունը և «մեծ աշխատանք» բառացի իմաստը։ Թեև տերմինն ամենից հաճախ վերաբերում է գրական, երաժշտական կամ գեղարվեստական ստեղծագործություններին, այն օգտագործվել է բազմաթիվ տեսակի մեծ գործեր նկարագրելու համար, ներառյալ խաղերը, շինարարական նախագծերը և նույնիսկ վիրաբուժական տեխնիկան[2]։

Չորս փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոցեսի փիլիսոփայությունն ի սկզբանե ունի չորս փուլ[3][4].

  • nigredo (նիգրեդո), սևացում կամ մելանոզիս
  • albedo (ալբեդո), սպիտակեցում կամ լեյկոզիս
  • citrinitas (ցիտրինիտաս), դեղնացում կամ քսանթոզիս
  • rubedo (ռուբեդո), կարմրացում, մանուշակագույնացում կամ իոզիս

Այս չորս փուլերի ծագումը սկիզբ է առնում առնվազն առաջին դարում։ Զոսիմոս Պանոպոլիսը գրել է, որ դա հայտնի է եղել Մարիամ հրեային[5]։ Սևի, սպիտակի, դեղինի և կարմիրի զարգացումը կարելի է գտնել նաև «Բնական և գաղտնի հարցեր» (հուն.՝Physika kai Mystika) կամ «Կեղծ Դեմոկրիտես» (Pseudo-Democritus) տրակտատում, որը հաճախ համարվում է ալքիմիայի մասին հնագույն գրքերից մեկը[6]։ 15-րդ դարից հետո շատ գրողներ հակված են եղել ցիտրինիտաս փուլը միավորել ռուբեդո փուլի հետ և դիտարկել միայն երեք փուլ[7]։ Երբեմն հիշատակվում են այլ գունային փուլեր, հատկապես՝ cauda pavonis (կաուդա պավոնիս - սիրամարգի պոչ), որում հայտնվում են բազմամզան գույներ։

Magnum opus-ն ունեցել է մի շարք ալքիմիական նշաններ։ Թռչունները, ինչպիսիք են ագռավը, կարապը և փյունիկը, կարող են օգտագործվել գույների միջոցով պրոգրեսիան ներկայացնելու համար։ Նմանատիպ գունային փոփոխություններ կարելի է տեսնել լաբորատորիայում, որտեղ, օրինակ, փտած, այրված կամ խմորվող նյութի սևությունը կապված է նիգրեդո փուլի հետ։

Չորս փուլերի ընդարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառակուսի շրջան. ալքիմիական խորհրդանիշ, որը ցույց է տալիս նյութի չորս տարրերի փոխազդեցությունը, որոնք խորհրդանշում են փիլիսոփայական քարը. «Ամենամեծ ստեղծագործության» արդյունքը

Ալքիմիկոս հեղինակները երբեմն մանրամասնում էին երեք կամ չորս գույների մոդելը՝ թվարկելով մի շարք քիմիական քայլեր, որոնք պետք է կատարվեն։ Թեև դրանք հաճախ դասավորված էին յոթ կամ տասներկու փուլերից բաղկացած խմբերով, այդ գործընթացների անվանումների, դրանց քանակի, կարգի կամ նկարագրության մեջ քիչ հետևողականություն կա[8]։

Այս փուլերը հիմնավորելու համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվել են տարբեր ալքիմիական փաստաթղթեր։ «Զմրուխտե քառասալիկ» (Tabula Smaragdina) տեքստը հերմետիզմի ամենահին փաստաթուղթն է[9], որն ասում է, որ «բաղադրատոմս» է պարունակում։ Մյուսները ներառում են «Համր գիրք» (Mutus Liber), «Բասիլիուս Վալենտինուս» (Basilius Valentinus) ալքիմիական գրավածքների տասներկու բանալիները, տիրոլյան տպագրիչ Ստեֆան Միխելսփեյչերի զինանշանները և ալքիմիկոս Ջորջ Ռիփլիի տասներկու դարպասները[10]։ Ռիփլիի քայլերը տրված են հետևյալ կերպ[11].

1. Կալցինացում 7. Ցիբացիա / սնուցում
2. Լուծում 8. Սուբլիմացիա
3. Զատում կամ անջատում 9. Խմորում
4. Կապակցում 10. Էկզալտացիա
5. Ամոնիֆիկացում 11. Բազմապատկում
6. Թանձրացում կամ սառեցում 12. Պրոյեկցիա

Տասնվեցերորդ դարի մեկ այլ օրինակում Սամուել Նորտոնը տալիս է հետևյալ տասնչորս փուլերը[12].

1. Մաքրում 8. Զուգակցում
2. Սուբլիմացում 9. Նեխում ծծմբի մեջ
3. Կալցինացում 10. Ծծմբի ֆիզիկական լուծույթ
4. Էքսուբերացում 11. Սպիտակ լույսից ծծմբի լուծույթ
5. Ֆիքսում/թանձրացում 12. Խմորում էլիքսերում
6. Լուծում 13. Հատկության բազմապատկում
7. Զատում 14. Քանակական բազմապատկում

Որոշ ալքիմիկոսներ նաև շրջանառության մեջ են դրել գործնական դեղամիջոցներ և նյութեր ստեղծելու քայլեր, որոնք քիչ առնչություն ունեն մագնում օպուսի հետ։ Երկուսն էլ նկարագրելու համար օգտագործվող գաղտնի և հաճախ խորհրդանշական լեզուն ավելացնում էր շփոթությունը, բայց պարզ է, որ փիլիսոփայական քարի ստեղծման ստանդարտ՝ քայլ առ քայլ սահմանված մեկ բաղադրատոմս գոյություն չունի[13]։

Գրականության և զվարճանքի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն արվեստագետի մագնում օպուսը մոդելավորվում է ալքիմիական մագնում օպուսի շուրջ։ Այնպիսի պատմություններում, որտեղ ընդամենը ալքիմիայի մասին հիշատակում է արվում, ինչպիսիններից է Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի հոգեհացը» (Finnegans Wake) ներքին մենախոսությամբ կառուցված վեպը[14] հետևում են փոխակերպման գործընթացին՝ հյուսելով իրենց ամբողջ պատմությունը ալքիմիական սիմվոլիզմով[15]։ «Cauda Pavonis» գիտական ամսագիրը, որը 1980 թվականից սկսած հրատարակվել է տարբեր համալսարանների կողմից, ուսումնասիրել է արվեստի և գրականության այս կապերը։ Վերջերս Ջոն Գրեյնջերն օգտագործել է գրական ալքիմիա արտահայտությունը հանրաճանաչ գեղարվեստական գրականության այս միտումները նկարագրելու համար, ինչպիսին է Հարրի Փոթերի շարքը[16]։

Magnum Opus-ը աչքի է ընկնում Լոջ 49 հեռուստասերիալում[17] և Լյուիսի համանուն դրվագում (թիվ 32)։

Opus Magnum տեսախաղը պտտվում է ալքիմիական տարրերի մանիպուլյացիայի շուրջ՝ հանելուկներ լուծելու համար[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անգլերեն-հայերեն բառարան, Նելլի Ռուբենի Բարաթյան - opus». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «magnum opus». Merriam-Webster.
  3. The-Four-Stages-of-Alchemical-Work
  4. Joseph Needham. Science & Civilisation in China: Chemistry and chemical technology. Spagyrical discovery and invention: magisteries of gold and immortality. Cambridge. 1974. p. 23
  5. Henrik Bogdan. Western esotericism and rituals of initiation. Albany, New York: State University of New York Press. p. 197
  6. Cavendish, Richard (1967). The Black Arts. Putnam. էջ 150. ISBN 9780399500350.
  7. «Meyrink und das theomorphische Menschenbild». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. Stanton J. Linden. The alchemy reader: from Hermes Trismegistus to Isaac Newton. p. 17
  9. it is unclear if the text originates in the Middle Ages or in Late Antiquity, but it is generally assumed to predate 1150, when Gerard of Cremona translated it from the Arabic (Mircea Eliade, History of Religious Ideas, vol. 3/1)
  10. From George Ripley's Compound of Alchymy. (1471)
  11. Stanton J. Linden. The alchemy reader: from Hermes Trismegistus to Isaac Newton. p.17
  12. Mark Haeffner. Dictionary of Alchemy: From Maria Prophetessa to Isaac Newton. p.238
  13. Mark Haeffner. Dictionary of Alchemy: From Maria Prophetessa to Isaac Newton. p.237
  14. Barbara DiBernard. Alchemy and Finnegans Wake. SUNY Press, 1980.
  15. For details from English literature, see Stanton J. Linden. Darke Hieroglyphicks: Alchemy in English Literature from Chaucer to the Restoration; University of Kentucky Press. 1998.
  16. John Granger. The Alchemist's Tale Harry Potter & the Alchemical Tradition in English Literature
  17. Lodge 49, American Movie Classics (AMC), Touchy Feely Films, Byrnesy, 2018 թ․ օգոստոսի 6, Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին
  18. «Zachtronics | Opus Magnum». www.zachtronics.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]