Իլիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իլիական (հին հունարեն՝ Ἰλιάς), Հոմերոսին վերագրվող վիպերգ (էպիկական պոեմ), հին հունական գրականության հնագույն հուշարջձաններից մեկը։ «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի։

Աշխարհաբար հայերենի թարգմանվել է երեք անգամ՝ (գրաբարից) Մկրտիչ Խերանյանի և (հունարենից) Հ. Արսեն Ղազիկեանի և Համազասպ Համբարձումյանի կողմից [1][2][3]։

Իլիականի սկիզբը[խմբագրել]

Իլիականի առաջին տողերը՝ հունարեն
Թարգմանությունը՝ Մ. Խերանյանի Թարգմանությունը՝ Հ. Համբարձումյանի
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելևսածին Աքիլլեսի,
Քենը դժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյութազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շների։
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
Զայրույթն երգիր, աստվածուհի, Պելևսածին Աքիլլեսի,
Զայրույթն ահեղ, որ աքայանց մատնեց անթիվ աղետների
Եվ փառապանծ շատ քաջերի հոգիները դժոխք նետեց։
Զևսի կամքով դա կատարվեց, սկսվելով այն օրվանից,
Երբ չարաղետ պառակտվեցին զարհուրելի
Ագամեմնոն արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։

«Իլիականի» և «Ոդիսականի» հիմքում ընկած հունական առասպելի համառոտ սյուժեն[խմբագրել]

Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը փախցնում է հույների Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին։ Հեղինեն Զևսի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն։ Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է տրոյական պատերազմի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը)։ Հույների (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է։ Նրանց կողմից են հերոսներ Աքիլեսը, Պատրոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ։ Պատերազմը ձգձգվում է, և տաս տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին։ Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»։ Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները։ Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերևարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավիրվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով։

Հեղինեն և Պարիսը

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Իլիական / Հոմերոս, գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան, Երևան, ԵՊՀ, 1987, 500 էջ։
  2. Հոմերի Իլիական, բնագրէն թարգմանեց Հ. Արսէն Ղազարոս Ղազիկեան, Վենետիկ-Ս. Ղազար, Մխիթարեան տպագրութիւն, 1911, 835 էջ։
  3. Իլիական [Վիպերգ] / Հոմերոս, հին հուն. բնագր. թարգմ.՝ Հ. Համբարձումյան, խմբ.՝ Ս. Վահունի, Երևան, Հայպետհրատ, 1955, 512 էջ :