Մանկավարժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկավարժը և աշակերտները դասի ժամանակ

Մանկավարժությունը (Pedagogy, (pɛdəɡɒdʒi/pɛdəɡoʊdʒi/) հուն. paidagogos, pais (paidos) երեխա, տղա + ago տանում, դաստիարակում եմ) հումանիտար գիտություն է, որը վաղ ժամանակներից համարվել է փիլիսոփայության մի ճյուղը։ Դեռևս անտիկ շրջանում Դեմոկրիտի, Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայական աշխատություններում կարևոր տեղ է հատկացվել մտավոր, հոգեկան ու ֆիզիկական դաստիարակության հարցերին։

17-րդ դարում մանկավարժությունն անջատվում է փիլիսոփայությունից, սակայն վերջիններիս փոխկապակցվածությունը պահպանվում է։ Մանկավարժության զարգացումն անցել է երկարատև ճանապարհ։ Վերածնունդի ժամանակաշրջանի հումանիստների աշխատություններում արծարծվում են մարդու համակողմանի ու ներդաշնակ զարգացման խնդիրները։

Եվրոպական բուրժուական առաջին հեղափոխությունների ժամանակ գիտական մանկավարժության հիմքերը դրեց չեխ մեծ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին։ Նա առաջինն էր, որ հիմնավորեց մարդու՝ մինչև նրա կյանքի վերջը կրթելու և դաստիարակելու հարցը։

Այսպիսով, մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Մանկավարժությունը որպես գիտություն զբաղվում է սերունդների կրթության, դաստիարակության, զարգացման հիմնախնդիրներով[1]։

Ծագում, ուսումնասիրության առարկա, խնդիրներ[խմբագրել]

Մանկավարժությունը հումանիստական գիտություն է: Աշխարհի շատ լեզուներով այն կոչվում է «Պեդագոգիկա» (հին հունարեն՝ παιδαγωγική ` παῖς մանուկ, ἄγω տանել):

Վաղ ժամանակներից այն համարվել է փիլիսոփայության մի ճյուղը, իսկ 17-րդ դարից այն անջատվեց նրանից, սակայն փոխկապվածությունը պահպանվեց և կպահպանվի այնքան ժամանակ, որքան ժամանակ կպահպանվեն այդ գիտությունները: Ժամանակակից մանկավարժությունը մարդու մասին գիտությունների համակարգի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է մարդու զարգացումը, նրա գործունեության, հարաբերությունների, սոցիալական կապերի համակարգը, ներաշխարհը: Պատմականորեն մանկավարժությունը ծագել և զարգացել է որպես գիտություն դաստիարակության մասին: 20-րդ դարում մանկավարժության սահմաններն ընդլայնվել են, փոփոխվել է նաև մանկավարժության ուսումնասիրության առարկան: Շարունակական կրթության գաղափարով պայմանավորված` այսօր մանկավարժության ուսումնասիրության առարկան կրթությունն է։ Մարդը զարգանում և փոփոխվում է ողջ կյանքի ընթացքում, այսինքն նա շարունակական մանկավարժական օգնության կարիք է զգում ողջ կյանքի ընթացքում։ Մանկավարժությունը և′ տեսական, և′ գործնական գիտություն է։ Մանկավարժությունը չի առաջարկում դեղատոմսեր, միանշանակ պատասխաններ։ Սակայն առաջարկում է դրույթներ և ստեղծագործական որոնողական աշխատանքի սխեմաներ, որոնք թույլ են տալիս իրականացնել երեխայի դաստիարակությունը, ձևավորելով նրա անձնային որակները։ Մանկավարժությունը գիտություն է և արվեստի, գիտելիքի, վարպետության, մարդկանց ճանաչելու ձգտման և կարողության սինթեզ։ Կարելի է սահմանել նաև այսպես. մանկավարժությունը գիտություն է, որը հետազոտում է կրթության, դաստիարակության և զարգացման օրինաչափությունները։

Մանկավարժության հիմնական հասկացություններ[խմբագրել]

Յուրաքանչյուր գիտության առանձնացման և ֆունկցիոնալության պարտադիր պայման է նրանում կատեգորիաների համակարգի առկայությունը։

Մանկավարժական հասկացությունները ներկայացնում են մանկավարժական իրողությունները՝ նրանց միջև եղած ընդհանուր և տարբերակիչ գծերը, դրանով օգնում են ստեղծել մանկավարժական իրողությունների իրական պատկերը մեր գիտակցության մեջ։ Մանկավարժական հասկացությունների միջոցով մեր գիտակցության մեջ արտացոլվում են դաստիարակության հասարակական-պատմական ընդհանրացված փորձը, նրա տիպական առանձնահատկությունները և օրինաչափությունները, որոնց ճանաչման հիման վրա հնարավոր է արդեն ուղղություն տալ մեր հետագա մանկավարժական գործունեությանը։

Մանկավարժության կողմից կիրառվող գիտական հասկացությունները բազմազան են։ Մանկավարժությունը, գրում է Յու.Կ. Բաբանսկին, գործառնում է մի շարք ուրիշ հասկացություններ (օրինակ՝ գիտելիք, կարողություն, հմտություն, հնար, միջոց, մեթոդ), որոնք ունեն ինչպես ընդհանուր գիտական նշանակություն, այնպես էլ՝ նեղ մանկավարժական[2]։

Մանկավարժության հիմնական հասկացություններն են՝

  • անձի ձևավորումը՝ ինչպես նպատակաուղղված գործողությունների, այնպես էլ շրջապատի՝ հաճախ հակասական ազդեցության ներքո,
  • դաստիարակությունը՝ ընտանիքի, տարբեր կազմակերպությունների համատեղ ջանքերով աշխարհայացքի ձևավորումը, աշխատանքային, մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական դաստիարակությունը,
  • կրթությունը՝ գիտելիքների յուրացման ընթացքն ու արդյունքները, հմտությունների ու կարողությունների մշակումը,
  • ուսուցումը՝ մարդուն կրթելու անընդմեջ գործընթացը՝ գիտելիքների հաղորդումը և յուրացումը։

Դաստիարակություն[խմբագրել]

Դաստիարակություն բառը ծագում է հին պարսկերենից։ Հին պարսկաստանում դաստիարակ էին անվանում այն փոխարքային, որը ղեկավարում էր աճող սերնդի հոգևոր զարգացումը[1]։

Դաստիարակությունը կարելի է ըմբռնել տարբեր իմաստներով, նախ՝ որպես օբյեկտիվ հասարակական երևույթ՝ կյանքի դաստիարակություն (մարդը, ծնվելով հասարակության մեջ, յուրացնում է մարդկային խոսքը, կենցաղի, աշխատանքի և մշակույթի առավել մատչելի տարրերը)։

Դաստիարակությունը, որպես այդպիսին, սկզբնավորվել է մարդու ծագման հետ միասին, որպես աշխատանքային գործունեության արդյունք։ Կյանքի հետագա զարգացումն ու հարստացումը հասարակությանը կանգնեցրին իր անդամների զարգացումն ու ձևավորումը պլանավորելու, հատուկ կազմակերպելու անհրաժեշտության առաջ։

Դեռևս նախնադարյան հասարակության մեջ ցեղը, տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին իրենց առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ հետևողականորեն կազմակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի ձևավորումն ու զարգացումը։

Ծագեց դաստիարակության մի նոր տեսակ՝ որպես հատուկ կազմակերպված, հատուկ մարդու կողմից մեկ այլ մարդու դաստիարակելու գործընթաց։ Դաստիարակությունը դարձավ մասնագիտական գործունեության բնագավառ։ Աստիճանաբար կատարելագործվեցին մանկավարժական գործընթացի մասին գիտելիքներն ու փորձը։

Դաստիարակության՝ որպես մանկավարժական գործընթացի ամենաէական առանձնահատկությունը երկկողմանիությունն է, քանի որ նրան մասնակցում են երկու սուբյեկտներ՝ դաստիարակը և սանը, որոնք կարող են համագործակցել, պլանավորել դաստիարակելու ենթակա հատկանիշները և դրանք սանին փոխանցելու, նրան հաղորդելու ուղիները, եղանակները, պայմանները, կազմակերպական ձևերն ու մեթոդները։

Լայն իմաստով դաստիարակությունը՝ որպես բնական, տարերային, օբյեկտիվ հասարակական գործընթաց, ուսումնասիրվում է էթիկայի, էսթետիկայի, փիլիսոփայության, իրավագիտության և այլ հասարակական գիտությունների կողմից։ Դաստիարակությունը ենթադրում է անձի կատարելագործման գործընթացն ու նրա արդյունքը, այն իր մեջ ներառում է անձի զարգացման բոլոր կողմերը, զարգացումն ու ձևավորումն ապահովող բոլոր գործոնները, այդ թվում՝ ուսուցումը և կրթությունը[3]։

Սակայն մանկավարժական գիտության մեջ դաստիարակությունը հասկացվում է նաև նեղ իմաստով՝ որպես անձի վարքագիծ՝ բնավորություն[4], հարաբերությունների մշակույթ, աշխատանքային մշակույթի յուրացում և այլն, այսինքն՝ որպես բարոյական, աշխատանքային, ֆիզիկական և գեղագիտական դաստիարակություն։

Հետևաբար, դաստիարակությունը՝ նեղ իմաստով, անձի զարգացման և ձևավորման կազմակերպումն է, որը չի ներառում նրա ուսուցումն ու կրթությունը։ Այսպիսով, դաստիարակությունը ավագ սերունդների կողմից նոր սերունդներին հասարակական-պատմական փորձի փոխանցման գործընթացն է՝ նրանց կյանքի և աշխատանքի նախապատրաստելու նպատակով, որն անհրաժեշտ է հասարակության հետագա զարգացումն ապահովելու համար։

Ուսուցում[խմբագրել]

Ուսուցումը նույնպես մանկավարժական գործընթաց է։ Այն ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղղված գործընթացն է, որի ընթացքում իրականացվում են մարդու կրթությունը, դաստիարակությունը և զարգացումը[5]։ Այն աշակերտի իմացության ոլորտի զարգացման, նրա ճանաչողական կարողությունների և հմտությունների ձևավորման և գիտելիքներ հաղորդելու գործընթաց է, որը կատարվում է մանկավարժի՝ ուսուցչի, դաստիարակի, դասախոսի կողմից։ Ուսուցումը` որպես մանկավարժական գործընթաց, նույնպես ունի երկու կողմ։ Մանկավարժի՝ սովորեցնողի, ուսուցչի գործունեություն, որը կոչվում է դասավանդում, և աշակերտի՝ սովորողի գործունեություն, որը կոչվում է ուսում։

Վերջին տարիների տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի բուռն զարգացումը և ներդրումը Հայաստանում լուրջ ազդեցություն են թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա: Անձի ձևավորումն ու զարգացումը արդեն իսկ հնարավոր չէ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Համակարգիչներն ու համակարգչային ՏՏ-ը ակտիվորեն ներխուժում են կյանք: Նոր տեղեկատվության հզոր ներհոսքը` գովազդները, համակարգչային տեխնոլոգիաների կիրառությունը հեռուստատեսության մեջ, խաղային համակարգիչների տարածումը, էլեկտրոնային խաղալիքներն ու համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և աշխարհաճանաչողության վրա: Զգալիորեն փոխվում են նաև նրա սիրելի զբաղմունքը` խաղերը, փոխվում են նաև նրա սիրելի հերոսներն ու, թերևս, սկզբունքները:

Համակարգիչն այսօր տեղեկության ստացման և մշակման հզոր գործիք է: Այդ պատճառով լիովին բնական է այդ միջոցների ներդրումը ժամանակակից ուսումնական գործընթացում: Սակայն կան ու կլինեն խնդիրեր` տեխնոլոգիաների թանկությունը, համակարգիչների ձեռք բերումը, դրանց թարմացումն ու ժամանակից պահանջներին հարմարեցումը, համակարգիչների և ցանցերի սպասարկումը, ծրագրերի ձեռք բերումը, ինտերնետը: Առայժմ չկա ուսումնադաստիարակչական գործընթաց ՏՏ-ի սահուն նորհոսքն ապահովող մեթոդաբանական համակարգ: Բացի դրանից` անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող դասախոսներ, նրանց անընդհատ վերապատրաստում և մասնագիտացում:

Իհարկե, ավելի հեշտ է խոսել հօգուտ ավելի էժան տեխնոլոգիաների, օրինակ` գրքերը, գրատախտակն ու կավիճը, և սովորեցնել նույն կերպ, ինչպես և անցյալում: Միանշանակ ինչ-որ կերպ, ինչ-որ բան կարելի է նման ձևով սովորեցնել, և նույնիսկ դաստիարակել: Սակայն ինչի՞ և ի՞նչ տեմպերով կարող ենք հասնել նման դաստիարակության արդյունքում` այսօրվա ժամանակակից տեխնոլոգիական հասարակության մեջ:

Կրթության որակի բարձրացումը որոշվում է ուսուցման ակտիվ գործիքների կիրառմամբ: Ակտիվ ուսուցումը ենթադրում է սովորողների ներգրավում ուսումնական գործընթաց: Այդ դեպքում սովորողը պարտադիր պետք է ակտիվ գործի և այդ գործունեության ընթացքում բացահայտի, մշակի և կիրառի ստացված գիտելիքները: Այդ պատճառով ուշադրության է արժանի ակտիվ ուսուցման ժամանակակից մեթոդի`համակարգչային ուսուցողական խաղի (ՀՈՒԽ) կիրառման հնարավորության ուսումնասիրումը:

Կրթություն[խմբագրել]

Կրթությունը աշակերտի մտավոր զարգացածության, հմտությունների և ճանաչողական ընդունակությունների յուրացման մակարդակն է։ Միաժամանակ կրթությունը ենթադրում է նաև լավ դաստիարակություն, վարքի կատարելություն և այլն, քանի որ կրթված մարդ ասելով հաճախ հասկանում ենք ոչ միայն այն, թե մարդն ինչ գիտի, այլև այն, թե ինչպես է իրեն դրսևորում միջավայրում[6]։

Թեև կրթությունը հիմնականում մտավոր զարգացման բնութագիր է, այն ակնարկում է նաև մարդու դաստիարակությունը։ Նշանակում է՝ կրթությունը ուսուցման և դաստիարակության արդյունք է, մարդու կայուն, կարելի է ասել՝ անդարձելի բնութագիր է, որակ, մակարդակ է։ Ձեռք բերել որոշակի կրթություն, նշանակում է բարձրանալ զարգացման մի նոր աստիճանի, պիտանի դառնալ ավելի բարդ գործունեության։

Կրթությունն ունի պատմական բնույթ. հասարակական կյանքի զարգացմանը համապատասխան այն բարդանում է։ Եթե տասնամյակներ և դարեր առաջ ընդամենը գրել-կարդալ իմացող մարդը կարող էր համարվել կրթված մարդ, ապա այսօր կրթվածությունը ենթադրում է գիտելիքների հիմունքների հիմնավոր տիրապետում, գիտական աշխարհայացքի ձևավորում, սովորելու առաջավոր ձևերի տիրապետում, ինքնուրույնաբար գիտելիքների ձեռքբերման կարողություններ և այլն[7]։

Կրթությունը ենթադրում է աստիճաններ. տարրական, միջնակարգ, բարձրագույն և հետբուհական կրթություն։ Ընդհանուր կրթությունն ապահովում է հասարակության բոլոր անդամներին անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում և զարգացման մակարդակ՝ անկախ մասնագիտությունից։

Մասնագիտական գործունեության որոշակի բնագավառներում արդյունավետ աշխատելու համար հատուկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների տիրապետլեու մակարդակ ապահովող կրթությունը մասնագիտական կրթությունն է։

Ուսուցում և կրթություն[խմբագրել]

Ուսուցման և կրթության միջև առկա է միջոցի և նպատակի հարաբերություն. ուսուցումը միջոց է, կրթությունը՝ ուսուցման նպատակ և արդյունք։ Մանկավարժության հիմնական հասկացություններից են նաև ինքնակրթությունը, ինքնադաստիարակությունը, վերադաստիարակությունը, գիտելիքը, կարողությունը, հմտությունը և ուսուցման մեթոդը։

Ինքնակրթություն[խմբագրել]

Ինքնակրթությունը ենթադրում է մարդու նպատակաուղղված ու նպատակասլաց աշխատանքը, որը կապված է իրեն որոշակի հետաքրքրող բնագավառում գիտելիքների որոնման և յուրացման հետ[8]։

Ինքնադաստիարակությունը մարդու՝ իր մեջ ցանկալի գծեր, որակներ ու վարքի ձևեր ձևավորելու գիտակցված և նպատակասլաց աշխատանքն է։ Վերադաստիարակությունը մանկավարժության խրթին հիմնահարցերից է։ Մարդը տարիներ շարունակ դաստիարակվում է, բայց դրական արդյունք չի ապահովում։ Այս դեպքում է, որ մանկավարժությունը դաստիարակից պահանջում է թափանցել դաստիարակվողի ներաշխարհը, իմանալ նրա էության բոլոր կողմերը, որոնել նոր մեթոդներ, հնարներ և միջոցներ՝ տվյալ մարդուն դաստիարակելու համար։

Կապն այլ գիտությունների հետ[խմբագրել]

Բոլոր գիտությունների նման մանկավարժությունը նույնպես կապված է մի շարք գիտությունների հետ։ Առանց այդ կապերի ընդհանրապես գիտությունները չեն կարող զարգանալ։ Այսօր բազմազան ու բազմաբնույթ խնդիրներ լուծելիս գիտությունները միավորվում են։ Ուրեմն, առանց միջառարկայական, միջգիտական կապերի ոչ մի գիտություն ինքնին չի կարող զարգանալ։ Մանկավարժությունը կապեր ունի հատկապես այն գիտությունների հետ, որոնք ուսումնասիրում են մարդուն, նաև առնչվում է այն գիտություններին, որոնք համատեղ կամ առանձին-առանձին հետազոտում են միևնույն խնդիրները։ Մանկավարժությունը կապված է փիլիսոփայության հետ. փիլիսոփայությունը մանկավարժության մեթոդաբանական հիմքն է։ Բացի դրանից մանկավարժությունն ու փիլիսոփայությունն ունեն ուսումնասիրության ընդհանուր հիմնախնդիրներ. մարդու դաստիարակությունը, աշխարհայացքի ձևավորումը, անձի համակողմանի ու ներդաշնակ զարգացումը, կոլոկտիվի և անձի փոխկապվածությունը, դրանց դիալեկտիկան և այլն, որոնց հետազոտությամբ զբաղվում են մանկավարժությունը և փիլիսոփայությունը։ Փիլիսոփայության ընդհանուր համակարգի մեջ են մտնում այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են օրինակ բարոյագիտությունը, գեղագիտությունը, որոնք օգնում են մանկավարժությանն իրագործելու սովորողների բարոյական, գեղագիտական դաստիարակությունը և այլն։

Բարոյագիտությունը փիլիսոփայության բնագավառներից է, որը զբաղվում է բարոյականության հարցերի մշակմամբ և անմիջապես կապված է բարոյական դաստիարակության հետ, ինչից օգտվում է մանկավարժությունը։ Իսկ բարոյական դաստիարակությունը հասարակական գիտակցության ձև է, դաստիարակության այսպես բնորոշել. դա հասարակական գիտակցության այն ոլորտն է, որը կյանքի բոլոր բնագավառներում մարդկանց վարքը կարգավորելու գործառնություն է կատարում։ Բարոյական զարգացումը կախում ունի բարոյական դաստիարակվածությունից, վերջինս էլ կախված է բարոյական զարգացումից, իսկ սրանք էլ կախված են տվյալ երկրի սոցիալական պայմաններից, անձից, հասարակությունից... Բարոյական դաստիարակության նպատակն է հասարակությանը այնպիսի մարդու հավելումը, որը շարունակի յուրացնել հասարակության կողմից ընդունված նորմերը, բարոյական որակները, մշտապես կատարի բարոյական գործողություններ ու արարքներ` հօգուտ հասարակության և մարդու, անի այն, ինչը համամարդկային է ու արժեքավոր։ Իսկ այս ամենն իրականացվում է մանկավարժության շնորհիվ. ահա նրանց սերտ աղերսների նկարագիրը։ Նույն կերպ կարող ենք տալ գեղագիտության և մանկավարժության փոխկապվածության բնութագիրը. գեղագիտությունն ուսումնասիրում է մարդու ` իրականության ու արվեստի նկատմամբ գեղագիտական հարաբերությունների զարգացման օրինաչափությունները և գեղագիտական իդեալների ձևավորումը, ծառայում է որպես հիմք գեղագիտական դաստիարակության համար: Այդ հիմունքները, որոնք որոշում են երիտասարդությանը գեղեցիկին հաղորդակցելու ուղիներն ու միջոցները, մշակվում են մանկավարժության կողմից: Մանկավարժությունը սերտորեն կապված է սոցիոլոգիայի հետ: Սոցիոլոգիան ուսումնասիրում է մարդու վրա սոցիալական միջավայրի, շրջապատող իրականության, հասարակարգի ներգործությունների հարցերը, որոնց տվյալներն ու արդյունքներն օգտագործում է մանկավարժությունը: Սոցիոլոգիան ուսումնասիրում է ընտանիքի, դպրոցի, հասարակության, երեխաների դաստիարակության և փոխգործունեության շատ խնդիրներ: Օգնում է մանկավարժությանը դպրոցական գործընթացի ու դաստիարակության շատ հարցերի լուծման գործում:

Ի տարբերություն մյուս առարկաների, որոնք ուսումնասիրում են մարդու զարգացման առանձին կողմերը, մանկավարժությունը զբաղվում է մարդով ամբողջության մեջ, այն ուղղված է ամբողջ մարդուն և որոնում է ամբողջական մարդկային անձնավորության ձևավորման առավել գործուն ուղիները:

Մանկավարժությունն ավելի սերտ աղերսներ ունի հոգեբանության և ֆիզիոլոգիայի հետ: Մանկավարժությունը հենվում է ֆիզիոլոգիայի նվաճումների` հատկապես բարձրագույն նյարդային համակարգի տիպաբանական առանձնահատկությունների, զգայարանների, հենաշարժական ապարատի, սրտանոթային և շնչառական համակարգի մասին տվյալների վրա։ Սովորողների կրթության և դաստիարակության իրականացման համար էական նշանակություն ունեն տարիքային ֆիզիոլոգիայի հետազոտությունների արդյունքները. օրինակ` ինչպես վարվել երեխաների, դեռահասների, պատանիների, աղջիկների հետ և այլն /սահմանափակ կարողություններով երեխաների ուսուցման գործում այս կապն հույժ նկատելի է և հարկավոր/։ Մանկավարժությունը սերտ կապ ունի նաև հոգեբանության հետ` հատկապես տարիքային և մանկավարժական հոգեբանության։

Տարիքային հոգեբանությունն ըստ տարիքային առանձնահատկությունների ուսումնասիրում է երեխաների հոգեկան գործընթացները` նպատակաուղղված ուսուցման և դաստիարակության պայմաններում։ Այնուհետև ըստ տարիքային փուլերի հետազոտում է երեխաների տարբեր հոգեկան գործընթացներ, վիճակներ և որակներ, օրինակ` մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը, կամքը, զգացմունքները և այլն, որոնց տվյալները մանկավարժությունն օգտագործում է ուսուցման և դաստիարակության գործընթացները ճիշտ կազմակերպելու և սովորողներին ավելի լավ ճանաչելու համար։ Շերտավորված հոգեբանությունն ուսումնասիրելով մարդկանց հոգեբանական առանձնահատկությունները, նրանց անհատական տարբերությունները, մանկավարժությանը տալիս է ուսուցման և դաստիարակության որոշ հիմնախնդիրներ լուծելու հնարավորություն։ Սոցիալական հոգեբանությունը հետազոտելով անձի ձևավորման առանձնահատկությունները մանկավարժությանն օգնում է դաստիարակության խնդիրները կոլեկտիվում ուսումնասիրելուն և դրա մեթոդիկան մշակելուն։ Այսօր զարգացում է ապրում ինժեներական հոգեբանությունը, որը հետազոտում է մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունները։ Դրանց տվյալները մանկավարժությունն օգտագործում է ուսուցման և դաստիարակության գործընթացներում կիրառվող մեքենաների ու սարքերի գործադրման մեթոդիկան գիտականորեն մշակելու համար։

Մանկավարժությունը սերտ կապ ունի նաև կիբերնետիկայի հետ։ Դա նորագույն գիտություններից է, որ շատ բարդ, դինամիկ համակարգերը կառավարում է օպտիմալ ձևով։ Ինչպես մանկավարժներն են ընդունում, այդ կառավարման հիմքում ընկած են բնության և հասարակության որոշ գործընթացների տրամաբանության ուսումնասիրությունը և ընդհանուրի առանձնացումը, որը որոշում է դրանց գործողությունների պայմանները։ Այդ ընդհանուրը կառավարման կենտրոնի առկայությունն է, կառավարման օբյեկտը, կառավարման իրագործումն ուղիղ և հետադարձ կապերի միջոցով։ Մանկավարժությունը կապ ունի նաև ազգագրության` էթնոգրաֆիայի և ժողովրդական բանահյուսության հետ։ Վերջին երկուսը ժողովրդական մանկավարժության հիմքերից են։ Այսպիսով, այս ամենը ցույց է տալիս, որ մանկավարժությունը ունենալով իր առարկան և հետազոտության բնագավառը, սերտորեն կապված է մի շարք ուրիշ գիտությունների հետ, որոնք ուսումնասիրում են մարդուն, նրա ֆիզիկական ու հոգեբանական զարգացման, վարքի ու հասարակության մեջ գործունեության օրինաչափությունները։ Այդ կապը իրագործվում է բազմազան ձևերով, սկսած ընդհանուր պրոբլեմների համատեղ հետազոտությունից կամ մանկավարժության կողմից ուրիշ գիտությունների տվյալների, փաստերի և մի շարք տերմինների ու դրույթների օգտագործումից, մինչև մանկավարժական հետազոտություններում այդ գիտությունների մեթոդների կիրառումը` օրինակ հոգեբանության, սոցիոլոգիայի մեթոդները և այլն։ Հենվելով հասարակական գիտությունների տվյալների վրա` մանկավարժությունն ուսումնասիրում է հասարակության օբյեկտիվ պահանջմունքները դաստիարակության մեջ և նրանց իրականացման պայմանները։ Մանկավարժների ուսուցման ու դաստիարակչական աշխատանքի օբյեկտը աճող ու զարգացող մարդն է ,և հենց դրա համար մանկավարժությունը սերտ կապերի մեջ է այն գիտությունների հետ ,որոնք ուսումնասիրում են մարդուն։ Մանկավարժությունը զբաղվում է մարդով ամբողջության մեջ, այն ուղղված է ամբողջ մարդուն և որոնում է ամբողջական մարդկային անձնավորության ձևավորման առավել գործուն ուղիները։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Գ.Ե.Ղույումչյան, <<Մանկավարժություն>>, գիրք 1-ին, էջ 14, Երևան, 2005թ
  2. Յու. Կ. Բաբանսկի, «Մանկավարժություն», 1-ին մաս, Երևան, 1986, էջ 7
  3. Подласый И.П., “Педагогика”, кн. 1, М., “ВЛАДОС”, 2002, с.9
  4. Գ.Ե.Ղույումչյան, «Մանկավարժություն», գիրք 1-ին, Երևան, 2005թ, էջ 16
  5. Յու.Ա. Ամիրջանյան, «Մանկավարժություն», Երևան, 2005թ, էջ 18
  6. Сластенин В.А., “Общая педагогика”, ч. 2, “ВЛАДОС”, М., 2002, с. 11
  7. Смирнов В.И., “Общая педагогика в тезисах, дефинициях, иллюстрациях”, Педагогическое общество России, М., 1999, с. 21
  8. Յու.Ա. Ամիրջանյան, «Մանկավարժություն», Երևան, 2005թ, էջ 18

Գրականություն[խմբագրել]

  1. Ամիրջանյան Յու., Սահակյան Տ., Մանկավարժություն, Երևան, 2001։
  2. Բաբանսկի Յու., Մանկավարժություն, 1-ին հատոր, 1996։
  3. Կոմենսկի Յա.Ա.,Մեծ դիդակտիկա,Երևան,1962։