Վերածնունդ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

"Աթենքի դպրոցը" Ռաֆայել
Վերածնունդ
Մշակույթը

Գիտություն
Գրականություն
Երաժշտություն
Իմաստասիրություն
Կերպարվեստ
Ճարտարապետություն
Պար

Երկրները

Անգլիա
Գերմանիա
Իսպանիա
Իտալիա
Լեհաստան
Նիդերլանդներ
Հայաստան
Հյուսիսային վերածնունդ
Ֆրանսիա


Վերածնունդը կամ Ռենեսանսը (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento) Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակույթային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Բովանդակություն

[խմբագրել] Մշակույթը

Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհահայացքը, անտիկ մշակույթային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքը առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջոշությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ՝ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեշ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ)։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։

[խմբագրել] Վերածննդի կերպարվեստը

«Վիտրուվիանյան մարդը» Լեոնարդո դա Վինչի
Հիմնական հոդված՝ Վերածննդի կերպարվեստը

Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։

[խմբագրել] Երաժշտություն

Հիմնական հոդված՝ Վերածննդի Երաժշտությունը
Համերգ Լորենցո Կոստա
Վերածննդի շրջանի նկար

Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել է հումանիստական աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել է առաջադիմական Art nova (Նոր արվեստ) ուղղության ներկայացուցիչների ստեղծագործությունների մեջ (14-րդ դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝ հարմոնիկ երաժշտության ձևավորումից հետո զարգացել են մենակատարային, վոկալ, վոկալ նվագակցությամբ և գործիքային պիեսները, օպերան, կոնտատը և օրատորիան։ Ի հայտ եկան աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից են՝ ֆրոտտոլան և վելլանելլան Իսպանիայում, բալլադը Անգլիայում, մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում կազնավորվել են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են լյուտնյայի, երգեհոնի, վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։ Զարգացել է կատարողական արվեստը, կատարելագործվել է ջութակը և նրա ընտանիքի գործիքները։ Ստեղծվել է երաժշտական հատուկ գրականություն։ Իտալիայում 15-րդ դարի վերջին հնարվել է նոտագրությունը։

[խմբագրել] Ճարտարապետությունը

Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա- հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին: Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները: Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։