Գիտակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտակցությունը մարդկության ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում ձևավորված զգայական (սենսոր), ինտելեկտուալ, կամային և հուզական գործընթացների համակարգ է, որոնք ուղղված են մարդու կողմից շրջակա աշխարհի ճանաչմանը և վերափոխմանը իր պահանջներին համապատասխան։ Դա մրդու կողմից իրականության արտացոլման բարձրագույն ձևն է։ Գիտակցության բովանդակությունը հանդիսանում է զգայությունների, ըմբռնման, հիշողության, մտածողության, երևակայության միջոցով ձեռք բերված և խոսքի ու լեզվի միջոցով ամրապնդված գիտելիքների ամբողջությունը։ Գիտակցությունը մարդուն հնարավորություն է տալիս ճանաչել ոչ միայն շրջակա աշխարհը, այլ նաև ինքն իրեն, դառնալ գործունեության սուբյեկտ, անձնավորություն։ Գիտակցության միջոցով անհատը տարբերակում է «Ես»-ը «ոչ-Ես»-ից, իրեն շրջապատող աշխարհից, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել սեփական անձը, իր հոգեկան գործունեությունը ուղղել իր վրա։ Գիտակցության այն կողմը, որի միջոցով անհատը ճանաչում է ինքն իրեն, դառնում սեփական իմացության օբյեկտը, կոչվում է ինքնագիտակցություն։ Գիտակցության բարձրագույն մակարդակը հանդիսանում է բանականությունը։ Գիտակցությունը սերտորեն կապված է խոսքի հետ և բարձրագույն ձևերում առանց դրա գոյություն չունի։ Ի տարբերություն զգայությունների և ըմբռնման, պատկերացումների և հիշողության գիտակցական արտացոլումը իմաստավորված է, այսինքն՝ խոսք-հասկացությունների միջոցով ձեռք է բերում որոշակի իմաստ։ [1]

Բովանդակություն

[խմբագրել] Ֆիզիոլոգիան

Գիտակցությունը ռեալ իրականության սուբյեկտիվ արտացոլումն է և հանդիսանում է ուղեղի բարձրագույն ֆունկցիան: Գիտակցության գործընթացը ընկալման, վերամշակման և նոր տեղեկատվության ստեղծման բարդ բազմափուլ հոգեֆիզիոլոգիական բացառիկ երևույթ է:

Գիտակցության բաղադրամասերն են ` ճանաչումը, չափանմուշի ձևավորումը (ազդակի, կերպարի, չափանմուշային նյարդային մոդելի կառուցումը), ազդակի, կերպարի չափանմուշային նյարդային մոդելի հիշումը և ստեղծագործությունը ` նոր գիտելիքի ձևավորումը:

Մարդու գիտակցությունը հիմնվում է մարդկանց միջև հաղորդակցման վրա, զարգանում է անհատական կենսական փորձի ձեռքբերմանը զուգընթաց և կապված է խոսքի հետ: Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ: Ժառանգաբար հաղորդվում է միայն ուղեղի որոշակի գոյացությունների օգնությամբ գիտակցության առաջացման հնարավորությունը հասարակության մեջ: Հետևապես, գիտակցությունը ուղեղի և մարդու հասարակական կյանքի արգասիք է: Գտակցության առանձնահատկություններից մեկն այն է, որ արտացոլում է ոչ միայն իրականությունը, այլ հնարավորություն է տալիս ստեղծելու այնպիսի առարկաներ, որոնք կծառայեն իրենց կարիքների բավարարման ու կյանքի պայմանները փոխելու համար: Գիտակցաբար են ընդանում հոգեկան գործունեության բոլոր ձևերը ` զգայությունը, ընկալումը, պատկերացումը, ուշադրությունը, մտածողությունը, հույզերը և կամքը: Գիտակցությունը հենվում է կոնկրետ և վերացական մտածողության վրա:Կենսաբանական, սոցիալական և իդեալական պահանջմունքների հիմքի վրա ձևավորվում է ենթագիտակցությունը (ավտոմատացված, չգիտակցված հմտություններն ու վարքի ձևերը), գիտակցությունը (գիտելիքները, որոնք հաղորդակցվում են մյուց անհատների ), գերգիտակցությունը ( ստեղծագործական ակտիվությունը, ինտուիտիվ վարքը):

Գիտակցությունը գիտելիք է, որը խոսքերով, պատկերներով, գեղարվեստական ստեղծագործություններով կարելի է հաղորդել այլ անձանց: Գիտակցությունն իրականացնում են գլխուղեղը, մասնավորապես մեծ կիսագնդերի կեղևը, լիմբիական համակարգը, ուղեղաբնի ցանցանման գոյացությունը:Վերջինս իրականացնում է մեծ կիսագնդերի կեղևի գործունեության էներգիական կողմը:

Բարձրագույն հոգեկան ռեակցիանների իրականացման գործընթացում առաջնահերթ նշանակություն ունեն ճակատային բլթերը: Մարդու ճակատային բլթերի վնասման դեպքում դիտվում է ապաարգելակում, գրգռվածություն, հոգեկան անհավասարակշռություն, հիվանդագին բարձր տրամադրություն (էյֆորիա ): Ամերիկացի ֆիզիոլոգ Վ.Մաունտկասլին ( 1987 ) առաջարկել է մի տեսակետ, որի համաձայն ` մեծ կիսագնդերի կեղևային սյունային կառուցվածքը էական և որոշիչ դեր ունի գիտակցության ձևավորման մեխանիզմում:

Երևույթների ինքնուրույն խմբի մեջ են առանձնացվում չգիտակցված հոգեկան երևույթները: Ենթագիտակցաբար ընթացող ռեակցիաները կրում են ավտոմատացված բնույթ և իրականանում են ուղեղի ոչ մեծ բաժինների նեյրոնների մասնակցությամբ: Տեղեկատվության ենթագիտակցական մշակման կենսաբանական նշանակությունն այն է, որ ֆիլտրվում է մուտքային մեծաքանակ տեղեկետավությունը: Օրինակ ` ենթագիտակցաբար է իրականանում մարդու ներքին օրգանների գործունեության կարգավորումը:Դրա համար էլ մարդը «զգում » է «ընկալում » իր օրգանները միայն այն դեպքում, երբ նրանցում զարգացել է ախտաբանական վիճակ: Բնականոն պայմաններում ներքին օրգանների ֆիզիոլոգիական կարգավորման համար բավարարում է ավտոմատացված ենթագիտակցական ռեֆլեքսային ռեակցիաների մակարդակը:
Ուղեղում գոյություն ունի զգայական մեխանիզմ, որն արձագանքում է շատ թույլ, սակայն հոգեբանորեն տվյալ անձի համար էական նշանակություն ունեցող գրգռիչներին: Սյս մեխանիզմն ինքնստինքյան չի կարող ապահովել հուզային նշանակություն ունեցող գրգռիչի գիտակցումը, սակայն նրա ակիվացումը հանգեցնում է կենսաէլեկտրական, վեգետատիվ և հոգեկան տեղաշարժերի: Սյս մեխանիզմը ստացել է հոգեբանական պաշտպանություն անվանումը:

[խմբագրել] Հատկությունները

  • Հարաբերությունների կառուցում
  • Ճանաչում
  • Ապրում
  • Ռեակտիվություն (արտաքին և ներքին ազդակներին պատասխանելու կարողություն)
  • Զգայունակություն (զգալու և ապրումանկցելու կարողություն)
  • Ակտիվություն
  • Ընտրողականություն (գիտակցության մեջ արտացոլվում են առարկաների և երևույթների ոչ բոլոր և ոչ պատահական, այլ միայն հիմնական, կարևոր, բնութագրական առանձնահատկությունները, որոնց միջոցով դրանք տարբերվում են երևույթների և առարկաների այլ դասերից; հաճախ արտացոլվող առանձնահատկությունները կապված են լինում արդիական պահանջմունքների, հետաքրքրությունների և գործունեության հետ)
  • Անհատական բնույթ (ամեն մարդու գիտակցություն տարբերվում է այլ մարդկանց գիտակցություններից, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով՝ դաստիարակության պայմաններով, գենետիկական տարբերություններով, անձի դիրքորոշումներով և այլն)
  • Ամբողջականություն

[խմբագրել] Գործառույթները

  • Արտացոլման ֆունկցիա
  • Նպատակադրման ֆունկցիա
  • Ժամանակատարածային ֆունկցիա
  • Ստեղծագործական ֆունկցիա
  • Վարքի և գործունեության գնահատման և ղեկավարման ֆունկցիա
  • Աշխարհի, այլ մարդկանց, իր նկատմամբ վերաբերմունքի ձևավորման ֆունկցիա
  • Հոգևոր ֆունկցիա, որը պայամանավորում է անհատականության ձևավորումը և հոգևորության զարգացումը
  • Ռեֆլեկտոր ֆունկցիա

[խմբագրել] Գրականություն

  • П.А.Сорокун. Основы психологии: Псков, ПГПУ, 2005 (ռուս.)
  • Н. Ю. Дмитриева Общая психология; Москва; 2008 (ռուս.)
  • Ս.Մ.Մինասյան, Ծ.Ի.Ադամյան, Ն.Վ.Սարգսյան, Մարդու և կենդանիների Ֆիզիոլոգիա, Երևան,2006



Ծանոթագրություններ և նշումներ

  1. Р.С. Немов. Психология: Книга 1 Общие основы психологии, Москва 2003 (ռուս.)