Ինքնագիտակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձի ինքնագիտակցությունը իր մասին ունեցած պատկերացումների և սեփական անձնային տրված գնահականների համակարգն է։ Ինքնագիտակցությունը հոգեբանական մի համակարգ է, որը սկսվում է ձևավորվել անհատի ծնվելուց անմիջապես հետո և հետագա տարիների ընթացքում։ Երեխայի մեջ ինքնագիտակցության առկայության համոզիչ նշաններից մեկն այն է, որ նա ընդունում է իր անունը, սկսում է օգտագործել «ես» դերանունը և իրեն, իր մարմինն ու այն, ինչ հասկանում է «ես» ասելով, քիչ թե շատ հստակորեն տարբերում է մյուս մարդկանցից։ «Ես»-ի և նրանից դուրս գտնվող աշխարհի հստակ տարբերակումը անձի զարգացման ընթացքում կարևորագույն փուլերից մեկն է։

Էթնիկական ինքնագիտակցության, իսկ ավելի ուշ նաև էթնոցենտրիզմի խնդիրների ըմբռմանը կօգնի մի ավելի ընդհանուր երևույթի՝ խմբակենտրոնության մասին պատկերացում ունենալը։

Երբ որևէ սոցիալական խումբ առանձնանում է մյուսներից, ապա նրանում կարճ ժամանակ անց ծագում է«մենք»-ի զարգացումը։ Խմբի յուրաքանչյուր անդամ սկսում է իր խմբի մյուս անդամներին՝«յուրայիններին», տարբերել օտարներից։ Երբ արդեն կա «մենք»-«նրանք» հարաբերության հատուկ գիտակցում, ապա դա նշանակում է, որ խմբերը հստակորեն ոչ միայն տարածականորեն, այլև հոգեբանորեն, տարբերակված են։ Տարբերակումը կատարվում է նույնիսկ ամենապարզ ու տարական հատկանիշների հիման վրա։ Երբ այն արդեն կատարվել է, խմբի յուրաքանչյուր անդամ սկսում է դրական գծեր վերագրել իր խմբին և հիմնականում բացասական՝ մյուս խմբին, առավել ևս, եթե այն ընկալվում է որպես հակառակորդ կամ մրցակից։ Ձևավորվում է դրական դիրքորոշում սեփական խմբի և բացասական՝ հակառակորդ խմբի նկատմամբ։ Ասիճանաբար ծագում են նաև խմբային սիմվոլներ և ատրիբուտներ։ Այսպիսով՝ եթե խմբերը սահմանազատվում են նույնիսկ լոկ արտաքին նշանների հիմման վրա, ապա միևնուն է, ծագում են սոցիալ-հոգեբանական նոր երևույթներ՝ «մենք» և «նրանք», և այդ հասկացություններն աստիճանաբար լցվում են նորանոր բովանդակություններով։ Մարդիկ հակված են բաժանվելու խմբերի և հակադրելու միմյանց իրենց խմբային շահերը։ Առաջ է գալիս հատուկ երևույթ՝ խմբակենտրոնություն, որի էությունն այն է, որ խմբերից յուրաքանչյուրի անդամները.

  • Հիմնականում համարում են իրենց շահերը
  • Դրական գծեր են վերագրում իրենց խմբին և բացասական՝ մյուսներին՝նրանց այս կամ այն չափով հակառակորդ կամ մրցակից համարելով
  • Աշխարհն ընկալում են իրենց խմբային պատկերացումների տեսանկյունից

Այս ամենի պատճառով խմբերի միջև ծագում են թյուր ըմբռնողությու և կոնֆլիկտներ։ Ինչպես տեսանք, երբ որևե խումբ է առաջանում, ապա ժամանակի ընթացքում նրա անդամները ձեռք են բերում խմբային ինքնագիտակցություն, «մենք»-ի՝ խմբին պատկանելու զգացում։ Նույնը կատարվում է նաև էթնիկական խմբերի կյանքում։ Էթնիկական «ես»-ի և «մենք»-ի երևույթը պետք է դիտել.

  • Անձի առանձին մակարդակում
  • Ամբողջ էթնոսի մակարդակում
  • Էթնոսի կազմում գտնվող տարբեր խմբերի, օրինակ՝ ընտանիքի մակարդակում։

Անհատական էթնիկական ես-ը պատկերացումների և գնահատականների մի համակարգ է սեփական անձի մասին և սերտորեն կապված է այն պատկերացման հետ, որ իր էթնոսի մասին ունի տվյալ անձը։ Եթե մենք այն մարդուն, որն ասել է, թե ինքը ֆրանսիացի է այժմ արեն հարցնենք, թե ինչ է նշանակում «ֆրանսիացի», ապա նա մեզ կարող է տալ էթնիկական հանրության նկարագրությունը, նրա մշակույթի և հոգեբանական կերտվածքի մասին իր պատկերացումները։ Նա կարող է նաև ցույց տալ իր տեղն այդ հանրույթում և նրա նկատմամբ իր վերաբերմունքը։ Անհատի էթնիկական ես-կոնցեպցիան թեև մեր կարծիքով հարաբերականորեն ինքնուրույն համակարգ է ու նրա տարրերը փոխկապակցված են, սակայն դրանք միաժամանակ մտնում են նաև անձի ընդհանուր ես-կոնցեպցիայի մյուս ենթահամակարգերի մեջ։ Պատկերավոր ասած՝ անձի էթնիկական ինքնագիտակցությունը սփռված է նրա անձի ողջ տարածքում և թափանցում է նրա բոլոր կազմավորումների մեջ։ Սա, իհարկե, խիստ դժվար է դարձնում նրա բացահայտումն ու ուսումնասիրությունը։ Անհատական էթնիկական ինքնագիտակցության մասին գիտության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, թե անձի սոցիալականացման ընթացքում ինչպե՞ս և ի՞նչ գործոնների ազդեցության տակ է այն ձևավորվում։ Այս խնդիրն արդեն սկսել է գրավել էթնիկական և սոցիալական հոգեբանների ուշադրությունը, բայց այստեղ մենք հավելյալ մանրամասնությունների հնարավորություն չունենք։ Էթնիկ թե ազգային ինքնագիտակցության մեջ ամեն մի ժամանակշրջան իր հետ բերում է նոր շերտեր, նացյալի վերաիմաստավորումներ, ներկայի նոր ընկալումներ։ Այդ օրինաչափությունը դրսևորվեց նաև 20-րդ դարի ընթացքում։ Այդ հարյուրամյակին հայ ժողովուրդն անցավ դաժան փորձությունների միջով. Ջարդերի ու ցեղասպանության զոհ դարձան շուրջ երկու միլիոն մարդ, հայության հայրենիքի մեծագույն մասը դատարկվեց բնիկ բնակչությունից, նոր պետականությունը ստեղծվեց պատմական տարածքների լոկ 10 տոկոսի վրա։ Հայ ժողովութդը ցրվեց աշխարհով մեկ, իսկ ապրած ողբերգությունը խոր հետք թողեց հայության հոգեբանական կերտվածքի վրա, բերեց կոլեկտիվ և պատմական հիշողության նոր, հզոր շերտի առաջացման, որն աչքի է ընկնում նոր զգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ։ Հայոց ինքնության համատեքստում կոլեկտիվ պատմական և պատմական հիշողության ու, մասնավորապես, հայերի ցեղասպանության և որպես այդպիսին հայերի կոտորածների և բռնագաղթերի հիշողության դերի համակողմանի քննարկումը բերեց այն համոզման, որ ինչպես աշխարհի շատ ժողովուրդների մեջ, նույնպես հայոց պարագայում, անցյալի վերհիշումը ակտիվ, կառուցողական գործընթաց է, այլ ոչ թե տեղեկատվության սովորական վերականգնում։ Հայաստանում մինչև 1988-1990թթ. Իրադարձությունները լայն զանգվածների մեջ ցեղասպանության հիշողությունը գերազանցապես դրսևորվում է անցյալի լոկ վերհիշման, վերապրելու, սգալու և նման բնույթի գործողություններում։ Սակայն շարժման ժամանակ տեղ գտած իրադարձությունները ցույց տվեցին այդ հիշողության ոչ պակաս ակտիվ ու էական լինելու հանգամանքը հայաստանյան հասարակության ինքնության համար։ Մեր օրերում, երբ հայաստանյան հասարակությունն այլևս ճգնաժամային իրավիճակում չէ։ Այդ հիշողությունը, մնալով ազգային ինքնության կարևորագույն դրսևորումը, սակայն նաև դառնալով պետության արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս՝ հիմնականում վեր է ածվել հարգանքի տուրքի, հիշելու ձևի և ժողովրդական զանգվածների մեջ ներկայումս չի խաղում այն նույն հեղափոխական, վերափոխիչ դերը, ինչ ուներ 1988-90 թվականներին։ Սակայն այդ հիշողության ներկա համեմատաբար «նիրհող» վիճակը արտաքին կամ ներքին ազդակների հետևանքով կարող է «արթնանալ», ձեռք բերել ակտիվ և կրկին որոշիչ գործոնի գործառույթ։

Գրականություն[խմբագրել]

  • Մարության Հ., Հայ ինքնության պատկերագրությունը, հատ. 1, Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, Երևան 2009
  • Նալչաջյան Ա., Էթնիկական հոգեբանություն, Երևան 2001
  • Садохин А. П., Этнологоия, М. 2005.։