Սոկրատես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Սոկրատես
Σωκράτης
Socrates.png
Փիլիսոփա
Անուն Սոկրատես
Ծնվել է մ.թ.ա. 470 թ.
Մահացել է մ.թ.ա. 399 թ.
Դպրոց/Ավանդ Դասական հունական դպրոց, սոկրատիկական դպրոց
Գլխավոր հետաքրքրություններ Էթիկա, էպիստեմալոգիա
Գրառելի գաղափարներ Սոկրատյան մեթոդ
Ազդվել է Անաքսագորաս, Պարմենիդես
Ազդել է Պլատոն, Արիստոտել

Սոկրատես (հունարեն՝ Σωκράτης, 470–399 մ.թ.ա.), հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն» (սոս՝ անխորտակ, կրատոս՝ ուժ, զորություն)։ Երբեմն հայերենում օգտագործվում է նաև Սոկրատ ձևը (որը, անշուշտ, ռուսերենի ազդեցությամբ է ձևափոխվել)։

Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։

Սոկրատեսի դատաքննությունը և մահապատիժը իր կարիերայի գագաթնակետը և Պլատոնի երկխոսությունների կենտրոնական իրադարձություններն էին։ Ըստ Պլատոնի, դրանք երկուսն էլ ավելորդ էին։ Սոկրատեսը դատարանում ընդունել է, որ ինքը կարող էր խուսափել մահապատիժից՝ թողնելով փիլիսոփայությունը և դադարելով ակտիվ հասարակական գործունեությունը։ Դատավարությունից հետո, ինքը կարող էր խուսափել մահապատժից՝ ընդունելով ընկերների փախուստի պլանը։ Թե ինչու էր Սոկրատը ընդունել նահանգի որոշումը, իր մեջ պարունակում է խորը փիլիսոփայություն, այն մանրակրկիտ ներկայացված է իր ընկեր Կրիտոյի հետ զրույցում։

Կյանքը[խմբագրել]

Սոկրատեսի կյանքի մանրամասները մեզ հասանելի են հիմնականում իրեն ժամանակակից երեք աղբյուրներից. Պլատոնի զրույցներից (դիալոգներից), Արիստոֆանեսի ներկայացումներից և Քսենոփանեսի զրույցներից (դիալոգներից)։ Սոկրատեսի մահվան ժամանակ Արիստոտելը դեռ պատանի էր։ Դեռ չի գտնվել որևէ վկայություն, որ հենց ինքը՝ Սոկրատեսը գրել է որևէ բան։

Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոն քննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսափելու համար փախչել բանտից։

Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ոչ միշտ համամիտ լինելով իշխողների և մեծամասնության տեսակետներին։ Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից, նա հատկապես քննադատում էր դեմոկրատական իշխանության թերությունները, ինչն էլ, ըստ էության, պատճառ հանդիսացավ նրա դեմ դատական գործի հարուցմանը։

Դատը և մահապատիժը[խմբագրել]

«Սոկրատեսի մահը», նկարիչ՝ Ժակ–Լուի Դավիդ (1787)։

Դա կատարվել է Հունաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Սպարտայի ու իր դաշնակիցների հետ պատերազմում Աթենացիները պարտություն էին կրել։ Աթենացիներից ոմանք կարծում էին, որ այդպիսի ծանր պայմաններում դեմոկրատական կառավարումը ամենաճիշտ եղանակը չէր։ Ըստ երևույթին, Սոկրատեսը քննադատոում էր դեմոկրատիան։ Ըստ որոշ գիտնականների, հենց այս հարցի շուրջ քաղաքական ինտրիգներն էին պատճառը, որ որոշում էր կայացվել Սոկրատեսին մահապատժի ենթարկել։

Ձևականորեն նրան մեղադրում էին այն բանում, որ նա չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին։ Մ.թ.ա. 399 թ. դատարանի վճռով նա թույն է խմում և մահանում։ Չնայած Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու, սակայն նա, որպես օրինապահ քաղաքացի, հրաժարվում է այդ անօրինական քայլից։

Փիլիսոփայությունը[խմբագրել]

Սոկրատեսի դիմաքանդակ, հռոմեական մարմար, Լուվրի թանգարան։

Դժվար է ստույգ վերարտադրել Սոկրատեսի ուսմունքը, որովհետև, նախ, նա չի թողել գրավոր ժառանգություն, երկրորդ, նրա հայացքները ներկայացնողների՝ Պլատոնի, Քսենոփանեսի և Արիստոփանեսի երկերում «մտքի տիրակալը» ներկայանում է տարբեր կերպարներով։ Արիստոփանեսը Սոկրատեսին ներկայացնում է որպես սոփեստ, բնափիլիսոփա, Քսենոփանեսը՝ որպես ավանդապահ, օգտապաշտություն քարոզող փիլիսոփա, իսկ Պլատոնը՝ որպես «փիլիսոփայության մարմնացում», որպես ճշմարտություն որոնող մտածող, որը հմտորեն շարադրում է Պլատոնի ուսմունքը։ Սոկրատեսի կերպարի տարբեր մեկնաբանությունները պայմանավորված էին այն բանով, որ նա, լինելով բազմակողմանի ու հանրագիտակ մտածող և փիլիսոփայելու արվեստի մեծահմուտ վարպետ, տարբեր գաղափարներից կարողացել է ստեղծել օրգանական ու ամբողջական փիլիսոփայական ուսմունք։

Գիտելիք[խմբագրել]

Ըստ ավանդության Սոկրատեսը երիտասարդ տարիքում այցելել է Դելֆոս, որտեղ նրան հուզել է Դելֆյան տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ» մակագրությունը։ Սոկրատեսը դա ընդունել է որպես մարդու էության, բնության, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչողության կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ։

Փիլիսոփայության առարկան, ըստ նրա, պետք է լինի ոչ թե բնությունը, այլ մարդը։ Այս իմաստով նա շարունակում է սոփեստների գիծը, սակայն էական տարբերությամբ։ Եթե սոփեստները, մարդուն հռչակելով որպես բոլոր իրերի չափանիշ, ժխտում էին ընդհանուր գիտելիքի, օրենքների և բարոյական սկզբունքների գոյությունը, ապա Սոկրատեսը փիլիսոփայության խնդիրն էր համարում բացահայտել այդ ընդհանուրը, մարդկային կեցության և մտածողության բանական սկզբունքներն ու չափանիշները։ Ընդ որում, դրանք պետք է փնտրել մարդկային բանականության մեջ և ոչ թե բնության մեջ։ Սա չի նշանակում, թե Սոկրատեսը, մերժելով բնափիլիսոփայելու նշանակությունը, կարծում էր, որ բնությունը զուրկ է բանական հիմքերից։ Եթե բնության մեջ չլինի ընդհանուրը, միասնականը և բանականը, ապա դա նման կլիներ անաքսագորասյան խառնուրդին։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ բնության մեջ կա որոշակի կարգ, ներդաշնակություն և նպատակահարմարություն, որի հեղինակը ոչ թե ինքը՝ բնությունն է, այլ Միտքը կամ Աստված։ Այդ դեպքում ինչու՞ է Սոկրատեսը բնափիլիսոփայությամբ զբաղվելը դիտում որպես անպտուղ և անիմաստ գործ։ Սոկրատեսի համոզմամբ բնափիլիսոփայության մեջ առկա տարբեր, իրար հակադիր տեսությունների առաջացման պատճառն այն է, որ բնափիլիսոփաները պատկերացում չունեն մարդկային գիտության վերաբերյալ։ Բնության գաղտնիքները կարող է ճանաչել միայն կատարյալ իմաստությամբ օժտված էակը՝ Աստված, իսկ քանի որ մարդը չունի կատարյալ իմաստություն, ուստի նա չի կարող բնության մասին կատարյալ, բացարձակ գիտելիք ունենալ։ Մարդը կարող է ճանաչել իր բնության և մտածողության օրենքները։

Ուսումնասիրելով մարդկային գիտելիքի բնույթը, Սոկրատեսը պարզեց, որ որևէ առարկայի մասին գիտելիք ունենալ, նշանակում է իմանալ տվյալ առարկայի սահմանումը կամ հասկացությունը։ Տեսական փիլիսոփայության և, առհասարակ, սոկրատեսյան փիլիսոփայության զրույցների խնդիրը դառնում է հասկացությունների ձևավորման ընթացքի պարզաբանումը։

Սոկրատյան զրույցներ[խմբագրել]

Հեգնանքը սոկրատեսյան բանավեճի և զրույցի վարման անկապտելի մասն է։ Նա հեգնական է թե՛ իր և թե՛ ուրիշների հանդեպ։ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» սկզբունքը, որով առաջնորդվում է նա, ուղղված է նրանց դեմ, ովքեր չգիտեն, որ չգիտեն, բայց վիճում են։ Նա զրույցը վարում է այնպես, որ զրուցակիցը շուտով հայտնվում է փակուղու մեջ և սկսում է ինքն իրեն հակասել։ Զրուցակցին թվում է, թե Սոկրատեսը նույնպես դիտմամբ խճճվում է, որպեսի խճճի իրեն։ Սակայն սոկրատեսյան զրույցի նպատակը զրուցակցի անգիտության, մոլորության կամ սխալի ցուցանումը չէ. զրույցի միջոցով պետք է երևան գա ճշմարտությունը։

Զրույցի ընթացքում պարզվում է, որ սահմանվող առարկան ունի բազմաթիվ կողմեր ու հատկություններ։ Դրանք ընդհանրացնելու համար Սոկրատեսը կիրառում է ինդուկցիայի մեթոդը, որի դեպքում մասնավորից ընթանում ենք դեպի ընդհանուրը։ Միտքն ամրագրում է ընդհանուրը՝ հենվելով իրերի նման հատկությունների վրա։ Դիալեկտիկական արվեստի խնդիրը, ըստ Սոկրատեսի, ուսումնասիրվող առարկայի սեռային և տեսակային հասկացությունների հայտնաբերումն է և դրանց հարաբերման եղանակի պարզաբանումը։

Առաքինություն[խմբագրել]

Սոկրատեսը գտնում էր, որ մարդկանց համար ամենաճիշտ ապրելակերպը շարունակական ինքնակատարելագործմամբ զբաղվելն է։ Սոկրատեսը միշտ մարդկանց կոչ էր անում ավելի շատ կենտրոնանալ ընկերության և ընդհանուր, իսկական համայնքի զգացողության զարգացման վրա, քան անձնական հարստություն կուտակելու։ Նա իր պահվածքով հենց դրա վառ օրինակ էր ծառայում։ Երբ Աթենքը որոշեց Սոկրատեսին մահապատժի ենթարկել, շատերը կարծում էին, որ նա ուղղակի կթողնի ու կհեռանա Աթենքից։ Բայց Սոկրատեսն ընդունեց իր մահապատժի որոշումը, քանի որ գտնում էր, որ չի կարող հեռանալ իր համանյքից, համայնքի որոշմանը դեմ լինել չի կարող։ Ըստ որոշման նա պետք է հատուկ պատրաստված թույն խմեր, որը և Սոկրատեսը հոժարակամ խմեց ու մահացավ։

Սոկրատեսը հայտնի էր նաև որպես քաջ զինվոր։

Բարոյագիտություն[խմբագրել]

Սոկրատեսի տեսական փիլիսոփայությունը հիմք և միջոց է գործնական փիլիսոփայության՝ բարոյագիտության ստեղծման համար։ Սոկրատեսը ռացիոնալիստական (բանապաշտական) բարոյագիտության հիմնադիրն է։ Նա բարոյականությունը կապում է բանականության հետ, իսկ առաքինությունը նույնացնում գիտելիքի հետ։ Գիտելիք ունենալ, նշանակում է առաքինի լինել։ Ճշմարիտ բարոյականությունը գիտելիքն է այն մասին, թե ի՞նչ է բարիքը և օգտակարը մարդու համար, ի՞նչն է օգնում նրան հասնելու երջանկության և երանության։ Գիտելիքը նույնացնելով առաքինության հետ, Սոկրատեսը կարծում էր, որ միայն գիտակցված, իմացության վրա խարսխված արարքը կարող է կոչվել բարոյական։ Մի բան է, երբ մարդը բարիք է գործում անգիտակցաբար, և մի այլ բան, երբ դա անում է գիտակցաբար։ Մի՞թե մենք գրագետ ենք անվանում նրան, ով, չիմանալով ուղղագրության կանոնները, երջանիկ պատահականությամբ ճիշտ է գրում մի քանի բառ։ Իհարկե, ոչ։ Նմանապես, մենք բարոյական կարող ենք անվանել միայն այն մարդուն, որը ոչ թե պատահաբար, հանգամանքների բերումով է բարիք գործում, այլ իմանալով, բարիքի մասին գիտելիք ունենալով։ Նույնիսկ եթե իմացողն անբարո արարք է կատարում, այնուհանդերձ, նա բարոյական մարդ է, որովհետև գիտի, թե ինչ է անում։ Սոկրատեսի «գիտելիքը առաքինություն է» դրույթն առաջին հայացքից չի դիմանում քննադատության. մարդը կարող է իմանալ, թե ինչ է քաջությունը, սակայն քաջ չլինել։ Սոկրատեսը չի բացառում նման դեպքերը, սակայն կարծում է, որ միայն առաքինությանը հետևելը կարող է մարդուն հասցնել երջանկության։ Եթե մարդը շեղվում է առաքինությունից, ապա նրան թվում է, թե դա օգտակար է իրեն։ Սակայն դա միայն թվացողություն է, որովհետև կարճատև հաճույքը չի կարող վերջնական երջանկության երաշխիք լինել։ Ամեն մի բանական էակ ձգտում է բարիքին, բայց այդ բարիքը պետք է լինի ընդհանուր, միասնական և ոչ թե անհատական։ Սոկրատեսը ձգտում է բացարձակ, անպայմանական բարիքին, ուստի քննադատում է նրանց, ովքեր սահմանափակվում են մասնավոր բարիքի ձեռք բերմամբ։ Նա առաքինությունը չի հիմնում հաճույքի վրա, սակայն հաճույքն էլ չի հակադրում առաքինությանը։

Սոկրատյան դպրոցներ[խմբագրել]

Սոկրատեսի ողբերգական մահվանից հետո նրա աշակերտները հիմնադրեցին դպրոցներ, որոնցից առավել նշանավորներն էին կիրենյան, կինիկյան և մեգարյան դպրոցները։ Միակողմանիորեն զարգացնելով Սոկրատեսի ուսմունքի կողմերից մեկը՝ այդ դպրոցները ոչ միշտ հարազատ մնացին սոկրատեսյան փիլիսոփայության ոգուն։ Բացի դրանից, դրանք տարբեր կերպ էին պատասխանում Սոկրատեսի կողմից դիտարկված հարցերին՝ ի՞նչ է փիլիսոփայությունը և ո՞րն է նրա գերագույն նպատակը, հնարավո՞ր է արդյոք տեսական փիլիսոփայություն, թե՞ կարող է լինել միայն գործնական փիլիսոփայություն։ Ի՞նչ է բարիքը. մտահասանելի իրողությո՞ւն, թե՞ հոգու առանձնահատուկ վիճակ, ինչպիսի՞ն պետք է լինի բարիքը՝ ընդհանուր, թե մասնավոր։ Ի՞նչ հարաբերություն գոյություն ունի ընդհանուրի և մասնավորի միջև, ի՞նչ են համապատասխանում իրականության մեջ ընդհանուր հասկացություններին, ո՞րն է անձնական բարիքը. կատարյալ ազատագրումը բոլոր պահանջմունքների՞ց, թե՞ լիակատար զգայական բավարարվածությունը և հաճույքը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են