Մետաֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՄԵՏԱՖԻԶԻԿԱ, 1․ փիլիսոփայության բնագավառ, որը հավակնում է մտահայեցողական եղանակով հետազոտելու ամբողջությամբ վերցրած աշխարհը, կեցության սկզբունքներն ու վերջնական պատճառները՝ ի տարբերություն մասնավոր գիտությունների, որոնք առանձնացնում են կեցության մի մասը և սահմանափակվում անմիջական փորձնական պատճառներով։ Արիստոտելի գործերը դասակարգելիս «Մետաֆիզիկա» անունը (հունարենից թարգ.— բնության մասին գիտությունից՝ ֆիզիկայից հետո) տրվել է նրա «առաջին փիլիսուիայությանը» վերաբերող գործերին՝ նկատի ունենալով, որ դրանցում հետազոտվում է այն, ինչ կարող է ճանաչվել բնությունից հետո, որովհետև ընկած է նրանից այն կողմ, նրա հետևում՝ կազմելով նրա հենքը։ Հայ միջնադարյան փիլիսոփաները Դավիթ Անհաղթի միջոցով ժառանգել են այս անտիկ ավանդույթը։ Միջնադարում, կորցնելով կապն աշխարհի գիտական հետազոտության հետ, մետաֆիզիկան աստիճանաբար մերվեց աստվածաբանությանը՝ որպես աշխարհի հոգևոր նախասկզբի, աստվածային էության բնական ըմբռնման եղանակ։ Նոր ժամանակում փորձնական բնագիտության և փիլիսոփայության դասականները մերժեցին միջնադարյան մետաֆիզիկան և առհասարակ արտափորձային վերացական «թաքնված էությունների» ու մտահասու «վերջնական պատճառների» գաղափարը՝ միաժամանակ ընդունելով «բնական փիլիսոփայության» կազմում, ֆիզիկայի հետ միասին, «առաջին փիլիսոփայության» անհրաժեշտությունը, որը հետազոտում է աշխարհի անվերջ բազմազանությունը միասնության հանգեցնող վերջավոր պարզագույն ձևերը (Ֆ․ Բեկոն), վերացական հասկացությունները (Թ․ Հոբս, Բ․ Սպինոզա) և այլն։ Մետաֆիզիկական համակարգեր կառուցեցին Ռ․ Դեկարտը և Դ․ Լայբնիցը։ Նույն ժամանակին են վերաբերում նաև Ստեփանոս Լեհացու կողմից Արիստոտելի «Մետաֆիզիկայի» հայերեն թարգմանությունը և մեկնաբանությունը, որոնք կրոնափիլիսոփայական գաղափարախոսության տիրապետության պայմաններում նպաստեցին աշխարհիկ փիլիսոփայության միտումների զարգացմանը։ Բնագիտության ինքնուրույն զարգացումը XVIII դարից սկսած առարկայազուրկ դարձրեց մետաֆիզիկայի գոյաբանական նկրտումները։ Սակայն մետաֆիզիկան գոյատևեց զանազան տարբերակներով (գերմ․ դասական փիլիսոփայության մետաֆիզիկա, է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիան, Ն․ Հարտմանի «նոր գոյաբանությունը», Մ․ Հայդեգերի «հիմնարար գոյաբանությունը» և այլն), որքանով որ մարդկային ճանաչողությունից սկզբունքորեն անբացառելի է մտահայեցողությունը, որպես գիտությունների աշխարհայացքային սինթեզի միջոց։ Այս իմաստով «մետաֆիզիկա» տերմինը երբեմն օգտագործվում է որպես «փիլիսոփայության» համանիշ։ XIX դ․ գերմ․ դասական իդեալիզմի ոգով մետաֆիզիկական համակարգեր են ստեղծել Պ․ էմմանուելյանը և Ա․ Գուրգենյանը (տես նաև Գոյաբանություն)։ 2․ Դիալեկտիկային հակադիր մեթոդ։ «Մետաֆիզիկա» տերմինը հակադիալեկտիկայի իմաստով գործածել է Գ․ Հեգելը՝ նկատի ունենալով XVIII դ․ մետաֆիզիկայի, հատկապես Ք․ Վոլֆի համակարգի առանձնահատկությունները։ Մարքսիզմի դասականները, մատերիալիստական դիալեկտիկան մշակելով պատմության մատերիալիստական ըմբռնման և բնագիտության արդյունքների ընդհանրացման հիման վրա, այն հակադրել են մետաֆիզիկային որպես մտածողության այնպիսի եղանակի, որը հավակնում է նախապես ընտրված սխեմայի միջոցով տալու աշխարհի մեկընդմիշտ ավարտուն պատկերը։ Մետաֆիզիկան բացառում է հակասությունները, աշխարհի որակական բազմազանությունը կա՛մ համարում է կողք-կողքի տրված, առանց անցումների [բույսերի և կենդանիների տեսակների անփոփոխականության, բնության և մարդկության պատմության «շրջապտույտի» և «հավերժական վերադարձի», կատակլիզմների (կատաստրոֆների) տեսություններ են], կա՝ մ էլ հանգեցնում է մեկ ընդհանուր հիմքի (մեխանիցիզմ, պրեֆորմիզմ, ֆիզիկալիզմ և այլն)։ Սրա վրա է հիմնված զարգացման մետաֆիզիկական ըմբռնումը որպես միայն քանակական փոփոխություններով կատարվող սահուն էվոլյուցիայի։ Իմացաբանության մեջ մետաֆիզիկան դրսևորվում է իբրև ճանաչողության որևէ կողմի (զգայությունների կամ վերացական մտածողության, փորձի կամ տեսության) բացարձակացում, նրա ընթացքի միակողմանի ըմբռնում, երբ նկատի չեն առնվում որակական անցումները գիտելիքի ստացման և պատմական զարգացման մեջ, ճանաչողությունը դիտվում է որպես վերջնական, ավարտուն ճշմարտությունների գումար (դոգմատիզմ) կամ, ընդհակառակը, բացարձակացվում է գիտելիքի հարաբերականությունը (ռելյատիվիզմ)։ Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Սուրբ ընտանիք․․․, Ե․, 1967թ։ Էնգելս Ֆ․, Անտի-Դյուրինգ, Ե․, 1967թ։ Նույնի, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969թ (ըստ առարկայացանկի)։ Լենին Վ․Ի․, ՓիլիսոՓայական տետրեր․ Երկ․, հ․ 38։ Շաքարյան Հ․, Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը, Ե․, 1967թ։ Аристотель, Метафизика, Соч․, т․ 1, кн․ 4, гл․ 1, 2, М․, 1976; Декарт Р․, Начала философии* Избр․ произведения, М-, 1950; Его же, Метафизические размышления, там же;Лейбниц Г․, Рассуждение о метафизике․ Избр․философские соч․, М-, 1890; Кант И-, Критика чистого разума, Соч․, т․ 3, М-, 1964, с․ 86-100* 680—692; Гегель Г․, Наука логики․ §§ 26 -36; Ն ու յ ն ի Энциклопедия философских наук, т- 1, М-, 1974;Wundt М-, Geschichte der Metaphysik, В-, 1931;Popper К-, The Logic of Scientific Discovery, N- У -, 1959, ch- 1, § 4; Նույնի, Conjectures and Refutations, L*, 1969, ch- 8; De George R․ T. Classical and Contemporary Metaphysics, N․ Y-, 1962

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png