Իմացաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմացաբանություն (իմացության տեսություն, ճանաչողության տեսություն, ճանաչողության փիլիսոփայություն) (այլ լեզուներով՝ էպիստեմոլոգիա կամ գնեսեոլոգիա, հուն.՝ γνώσίς - իմացություն և λόγος - բանել (ուսումնասիրել) բառերից), փիլիսոփայության բաժին, որն ուսումնասիրում է իմացության, ճանաչողության (գիտելիքի) բնույթը և հնարավորությունները, գիտելիքի հարաբերությունը իրականությանը:

Տերմինի առաջացումը[խմբագրել]

«Իմացաբանություն» տերմինը ծագել է հունարեն "gnosis"` իմացություն և "logos"` հասկացություն, ուսմունք բառերից, և նշանակում է «հասկացություն իմացության մասին», «ուսմունք իմացության մասին»: Եվ չնայած «իմացաբանության տեսություն» տերմինը փիլիսոփայության մեջ է մտցվել 1854 թ. շոտլանդացի փիլիսոփա Ջ. Ֆերրերի կողմից, իմացաբանության մասին ուսմունքը մշակվել է Հերակլիտի, Պլատոնի, Արիստոտելի ժամանակներից:

ՈՒսումնասիրության առարկան[խմբագրել]

Իմացաբանությունը տեսություն է գիտելիքի և ճանաչողության մասին: Այն փորձում է սահմանել, թե ինչ է իմացությունը կամ գիտելիքը, և ինչպես կարելի է ձեռք բերել այն: ՈՒսումնասիրում է համընդհանուրը մարդու ճանաչողական գործընթացում անկախ այն բանից, թե ինչպիսին է այդ գործունեությունը. ամենօրյա կամ առանձնահատուկ, մասնագիտական, գիտական թե գեղարվեստական (այս առումով Իմացաբանությունը տարբերվում է էպիստեմոլոգիայից, որը միայն գիտական ճանաչողության տեսություն է):

Իմացաբանությունը հետազոտում է ճանաչողության ելակետային նախադրյալները (հիմնական և ընդհանուր պայմանները), որոնք ապահովում են օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը: Նրա իրավասության մեջ է մտնում փիլիսոփայության հիմնական հարցի երկրորդ կողմը, որն ավելի հաճախ արտահայտվում է «Արդյո՞ք ճանաչում եմ աշխարհը» հարցով:

Հիմնական ուսումնասիրության առարկան է. պարզել գիտելիքի բնույթը և նրա առնչությունը ճշմարտություն, հավատ և հիմնավորում հասկացությունների հետ:

Իմացաբանության մեջ կան շատ այլ հարցեր, որոնց բացահյտումը կապված է այլ կատեգորիաների և հասկացությունների հետ. «գիտակցություն», «փորձ» և «ճանաչողություն», «սուբյեկտ» և «օբյեկտ», «նյութական» և «իդեալական», «մարդ» և «համակարգիչ», «զգայական», «ռացիոնալ», «ինտուիցիա» և այլն: Այս հասկացություններից յուրաքանչյուրը, արտահայտելով հոգևոր կամ նյութական երևույթները, ինքնավար է և կապված է յուրահատուկ աշխարահայացքային պրոբլեմի հետ: Սակայն ճանաչողության տեսությունում նրանք բոլորն էլ կապված են միմյանց միջև «ճշմարտացիության» հասկացության միջոցով, որի հետ նրանք այսպես թե այնպես կառնչվեն:

Տեսության զարգացումը[խմբագրել]

Հին և միջին դարերում[խմբագրել]

Իմացաբանության խնդիրներն ու հարցերը փիլիսոփայության զարգացմանը զուգընթաց փոփոխվել են: Հին հունական փիլիսոփայության մեջ կենտրոնական հարցը եղել է գիտելիքի ու կարծիքի, ճշմարտության և մոլորության հարաբերությունը: Միջնադարում իմացաբանական խնդիրները զուգորդվում են աստվածաբանության հետ:

Նոր ժամանակներում[խմբագրել]

XVII դարից սկսած իմացաբանության մեջ կենտրոնական է դառնում գիտելիքի հիմնավորման և ձեռքբերման խնդիրը: Իմացաբանությունը դառնում է փիլիսոփայության ոչ միայն հատուկ, այլև կարևոր բաժիններից: Իմացաբանությունը կողմնորոշվում է դեպի գիտությունը: Գիտական ճանաչողության ուղիների փիլիսոփայական իմաստավորումը ընդունում է երկու ծայրահեղ ձև՝ ըստ հավաստի գիտելիքի ձեռքբերման տարբեր ըմբռնումների: Ձևավորվում է էմպիրիզմը (Ֆ. Բեկոն, Ջ. Լոկ, մասամբ՝ Թ. Հոբս):

Ավելի ուշ, փորձի սահմանափակությունների և անհատի սուբյեկտիվ-հոգեբանական ճանաչողական հնարավորությունների բացահայտման հիման վրա, որպես ծայրահեղություններ, ծագում են սկեպտիցիզմը (Դ. Հյում) և սուբյեկտիվ իդեալիզմը (Ջ. Բերկլի): էմպիրիզմին հակադրվում է ռացիոնալիզմը (Ռ. Դեկարտ, Բ. Սպինոզա, Գ. Վ. Լայբնից): ճանաչողության սուբյեկտիվ-հոգեբանական հիմքերի արմատական քննադատությունն ամբողջական արտահայտություն է գտնում Ռ. Դեկարտի փիլիսոփայական ուսմունքում: Իմացաբանության առջև ծառանում է ճանաչողական գործունեության նախադրյալների հարցը: Նախորդ փիլիսոփայությանը բնորոշ մարդու և աշխարհի հակադրումը փոխարինվում է սուբյեկտի և օբյեկտի հակադրումով, որը և դառնում է հետագա ողջ փիլիսոփայության և իմացաբանության հիմնական խնդիրներից մեկը: Սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերության խնդրի նոր ուղղության սկզբնավորումը դրսևորվում է Լայբնիցի փիլիսոփայական համակարգում, ուր առաջին անգամ արտահայտվել են գիտելիքի զարգացման ժառանգորդության և սուբյեկտի ներքին ակտիվության գաղափարները:

Գերմանական դասական փիլիսոփայությունը, զարգացնելով սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերության խնդիրը, այն հարստացնում է նոր մոտեցումներով: Իմացաբանության խնդիրները աղերսվում են գործնական և ճանաչողական գործունեության ձևերի պատմական զարգացման ուսումնասիրմանը: Կանտը փորձել է կառուցել այնպիսի իմացաբանություն, որը անկախ լիներ ինչպես գոյաբանական, այնպես էլ հոգեբանական իրողությունից: Նա ենթադրում էր իրականության կախվածությունը ճանաչողությունից. օբյեկտը և սուբյեկտը գոյություն ունեն լոկ որպես ճանաչողական գործունեության ձևեր: Նա ձգտում էր ստեղծել «զուտ» իմացաբանություն, անկախ գոյաբանական նախադրյալներից («զուտ գնոսեոլոգիզմը» պատկանում է արդեն նեոկանտականությանը):

Կանտից հետո փիլիսոփայական մտքի զարգացումն ընթանում է իմացաբանության, տրամաբանության և գոյաբանության միացման ուղիով: Այսպիսի ըմբռնման որոշակի փորձ է Հեգելի իմացաբանությունը, որը ձգտում էր իդեալիստական դիրքերից հաղթահարել խզումը մտածողության ձևերի ու օրենքների և օբյեկտիվ աշխարհի օրենքների միջև: Նրա փիլիսոփայական համակարգում հիմնականը կեցության և մտածողության նույնության դրույթն է: Իդեալիստորեն մեկնաբանված այդ դրույթի հիման վրա նա միացրել է գոյաբանությունը, իմացաբանությունը և տրամաբանությունը՝ առաջին երկու բնագավառը տարրալուծելով տրամաբանության մեջ: Նրա համար բնության օրենքները տրամաբանության օրենքներն էին:

Իմացաբանության խնդիրների իրենց բացատրությունն են տվել նաև Կ. Մարքսն ու Ֆ. էնգելսը՝ դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա: Նրանք ցույց են տվել, որ փիլիսոփայական որևէ սկզբունքային խնդրի առաջադրում ելնում է փիլիսոփայության հիմնական հարցի լուծումից: Իմացաբանական տեսակետից այդ հարցը դիտարկում է իմացության արդյունքների հարաբերությունը իրականությանը, բնօրինակ-օբյեկտին: Փիլիսոփայության հիմնական հարցի մյուս կողմը աշխարհի ճանաչելիության մասին հարցն է: Դիալեկտիկական մատերիալիզմը, նշելով աշխարհի սկզբունքային ճանաչելիության հնարավորությունը, փորձլ է բացահայտել ագնոստիցիզմի իմացաբանական արմատները: Մարքսիստական փիլիսոփայությունը փորձում է հաղթահարել գոյաբանության ու իմացաբանության խզումը՝ մարդու պրակտիկ գործունեության պրոցեսում սուբյեկտի ու օբյեկտի դիալեկտիկայի ըմբռնման հիման վրա: Մարքսիստական իմացաբանությունը սուբյեկտը կապում է օբյեկտին, ելնելով այն իրական հիմքից, որով նրանք միացած են պատմության մեջ: Սուբյեկտը չի հանգում միայն գիտակցությանը, հետևաբար և նրա դիալեկտիկան չի սահմանափակվում մարդկային մտածողության գործունեությամբ: Մարդկանց պատմական պրակտիկայում կատարվում է սուբյեկտի և օբյեկտի առավել ամբողջական համընկնում: Մարքսիստական իմացաբանությունը փորձել է զարգացնել դիալեկտիկայի, տրամաբանության և իմացաբանության համընկնման մասին դրույթը:

Մարքսիզմի դասականները առաջադրել են պրակտիկայի գաղափարը և այն ներառել իմացաբանության մեջ՝ որպես իմացության հիմք ու նպատակ և ճշմարտության չափանիշ: Դիալեկտիկական մատերիալիզմի իմացաբանության հիմքում ընկած է արտացոլման տեսությունը: Արտացոլումը ըմբռնվում է որպես բարձր կազմակերպված մատերիայի (կենդանիների ու մարդու) և անօրգանական բնության ընդհանուր հատկություն: Արտացոլումը զգայական ու ռացիոնալ ճանաչողության դիալեկտիկական փոխազդեցությունն է, մտավոր և պրակտիկ գործունեությունը, որի ընթացքում մարդը ակտիվորեն հարմարվում է շրջապատոդ աշխարհին, ներգործում նրա վրա ու փոփոխում, հարմարեցնում այն իր նպատակներին: Իմացությունն ընթանում է ոչ թե մեզնից դուրս տրված որոշ օբյեկտների հայեցողությամբ, այլ իրերի էության մեջ խորանալու համար, որոշակի «իդեալական օբյեկտներ» ձևավորելու ուղիով: Արտացոլման ընթացքը, այսպիսով, ըմբռնվում է մատերիական և իդեալական ստեղծագործության ընթացքի հետ անխզելի կապով:

Գիտականությունը[խմբագրել]

Իմացաբանության պատմությունը ապացուցում է, որ փիլիսոփայության այս բնագավառը առավել կապված է գիտությանը, առանձին դեպքերում հանդես գալով որպես քննական վերլուծություն և մեկնաբանություն (ինչպես, օրինակ, Կանտի իմացաբանության դասական մեխանիկայի փիլիսոփայական իմաստավորման փորձ էր): Սակայն իմացաբանությունը գիտությունից վեր կանգնած մետագիտություն չէ. այն ձևավորվել է որպես փիլիսոփայական գիտելիքի բնագավառ: Գիտության իմացաբանական մեկնաբանությունը սկսվում է այն դեպքում, երբ տեսական կառուցվածքները մեկնաբանվում են իրականությանը համապատասխանելու (ճշմարտության) տեսանկյունից: Իմացաբանությունը եղել է փիլիսոփայության գիտելիքի հատուկ բնագավառ և համարվում է, որ չի կարելի այն զատել հիմնական աշխարհայացքային խնդիրների լուծումից: Իմացաբանությունը, միաժամանակ, կոնկրետ գիտությունների համար կատարում է մեթոդաբանական ֆունկցիա:

Հայ փիլիսոփայական մտքի մեջ[խմբագրել]

Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ իմացաբանության հարցերի մշակումը մի կողմից կրել է քրիսաոնեական-ասավածաբանական փիլիսոփայության ազդեցությունը, իսկ մյուս կողմից, սերտորեն շաղկապված է եղել տրամաբանության հարցերի մշակման հետ: Առաջին միտումը, որը սկզբնավորվում է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ով, հետագայում արտացոլվել է դավանաբանական վեճեր արծարծող գործերում (Հովհան Մանդակունի, Գրիգոր Մագիստրոս և ուրիշներ): Երկրորդ միտումը, որն իր ակունքներն ունի անտիկ փիլիսոփայության մեջ և ցայտունորեն դրսևորվել է հայ փիլիսոփայության մեջ, սկզբնավորել է Դավիթ Անհաղթը: Դրա ականավոր ներկայացուցիչներն են Հովհաննես Երզնկացին, Գրիգոր Տաթևացին, Հովհան Որոտնեցին, Վահրամ Րաբունին, Սիմեոն Ջուղայեցին և ուրիշներ:

Միջնադարյան հայ իմացաբանության զարգացման ընթացքում ձևավորվում է նոմինալիստական գիծը, որը դառնում է գերիշխող:

Նոր շրջանի հայ փիլիսոփայության մեջ (XVIII դ. վերջից սկսած) ներկայացված են Արևմուտքի իմացաբանական դասական դպրոցները: XIX դ. արդեն գոյություն ունեն ձևավորված ինդուկտիվիստական (Ա. Բագրատունի, Գ. Կոստանդյան) և դեդուկտիվիստական (Պ. էմմանուելյան, Ա. Գարագաշյան, Ա. Գուրգենյան, է. Սիրունյան) ուղղությունները, իրենց չափավոր և ծայրահեղ դրսևորումներով: Կազմավորվում է իմացաբանության մատերիալիստական ուղղությունը (Մ. Նալբանդյան, Հ. Սվաճյան): Հայ իրականության մեջ մարքսիզմի տարածման հետ է կապված իմացաբանության դիալեկտիկամատերիալիստական ըմբռնման ձևավորումը (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան): Բուն իմաստով իմացաբանական խնդիրները սկսում են մշակվել 50-ական թթ.: 60-ական թթ. իմացաբանության մշակումը սերտորեն առնչվել է տրամաբանական-մեթոդաբանական խնդիրների հետ:

Տես նաև[խմբագրել]

Ճանաչողություն

Իմացական գործընթացներ

Դիալեկտիկական տրամաբանություն

Կոգնիտիվ հոգեբանություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png