Սոլիպսիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սոլիպսիզմ բառը (լատիներեն՝ solus, միայն + ipse, անձ) օգտագործվում է երկու միմյանց հետ կապ ունեցող, սակայն տարբեր գաղափարների համար՝

  • Էպիստեմոլոգիական կարծիք, որ սեփական ընկալումները միակ հավաստի բաներն են։ Դրսի աշխարհի բնույթը, այսինքն սեփական ընկալումների աղբյուրը հետևաբար չի կարող վերջնապես հայտի լինել. այն կարող է նույնիսկ գոյություն չունենալ։ Այս մոտեցումը նաև կոչվում է արտաքին աշխարհի սկեպտիցիզմ։
  • Մետաֆիզիկական հավատ, որ տիեզերքն ամբողջությամբ հանդիսանում է սեփական մտքի ստեղծագործություն։ Հետևաբար, ինչ-որ իմաստով, հավատ, որ ոչինչ «գոյություն չունի» սեփական մտքից դուրս։

Սոլիպսիզմի սկիզբը[խմբագրել]

Սոլիպսիզմը առաջին անգամ գրանցվել է հույն փիլիսոփա Գորջիասի (Մ. Թ. Ա. 483-375 թթ.) կողմից, որի հետևյալ մտքերը մեջբերվել են հռոմեացի սկեպտիկ Սեքստուս Էմպիրիկուսի կողմից՝

  1. Ոչինչ գոյություն չունի
  2. Նույնիսկ եթե ինչ-որ բան գոյություն ունի, ոչինչ չի կարող հայտնի լինել դրա մասին, և
  3. Նույնիսկ եթե ինչ-որ բան կարող է հայտնի լինել դրա մասին, այդ գիտելիքը չի կարող փոխանցվել այլոց

Էպիստեմոլոգիական սոլիպսիզմը սովորաբար բնորոշվում է Գորջիասի 2-րդ և 3-րդ պնդումներով, մետաֆիզիկական սոլիպսիզմը ներառում է բոլոր երեքը։

Սոլիպսիզմի տեսակները[խմբագրել]

Մետաֆիզիկական սոլիպսիզմ[խմբագրել]

Մետաֆիզիկական սոլիպսիզմը իդեալիզմի տարատեսակ է, որը համարում է, որ սոլիպսիստ փիլիսոփայի անձը հանդիսանում է ամբողջ իրականությունը և որ դրսի աշխարհը և այլ անձինք, չունենալով անկախ գոյություն, այդ ինքնության արտապատկերումներն են։

Մեթոդոլոգիական սոլիպսիզմ[խմբագրել]

Մեթոդոլոգիական սոլիպսիզմը էպիստեմոլոգիական թեզիս է, ըստ որի անձի ինքնությունն ու դրա վիճակները միակ հնարավոր կամ ճիշտ փիլիսոփայական կառուցման սկզբնակետն են։ Այս տողերի թերահավատ հակադրություն է հանդիսանում կարտեզյան սկեպտիցիզմը։

Հարցեր սոլիպսիզմի վերաբերյալ[խմբագրել]

Սոլիպսիզմը մեկն է, թե՞ մի քանիսը[խմբագրել]

Անձի և սոլիպսիզմի հետևանքների մասին փիլիսոփայական վեճերը պտտվում են հետևյալ հարցերի շուրջ՝ (1) արդյոք գոյություն ունի սոլիպսիզմի հստակ սահմանման մոտեցում, (2) արդյոք հնարավոր է ընդգծել մի սահմանում որպես միակ ճշգրիտը, կամ (3) արդյոք գոյություն ունեն այնքան սոլիպսիզմի սահմանումներ, որքան սոլիպսիստներ։

Արդյո՞ք սոլիպսիզմը ժխտելի է[խմբագրել]

Համաձայն մի փաստարկի, չի կարող ստեղծվել այնպիսի մի արդյունք (տրված A սոլիպսիստի կողմից), որը ի վիճակի կլինի ժխտել սոլիպսիզմը (B սոլիպսիստին բավարարելով)։ Հետևաբար սոլիպսիզմը համարվում է անժխտելի, բառի այն իմաստով, որը կիրառվել է Կարլ Փոփերի կողմից։ Սակայն առանձին անձի սոլիպսիստական դիրքորոշումը անժխտելի է միայն այդ անձի համար։ Ցանկացած այլ B անձ ինքնազննման միջոցով կարող է եզրակացնել, որ ինքը (B-ն) իրականում գոյություն ունի, և հետևաբար որ A-ն սխալ է (չնայած B-ն կարող է նույնապես կասկածել A-ի գոյության փաստի մասին և հետևաբար ի վիճակի չլինել ժխտել սոլիպսիզմը ընդհանրապես, այլ միայն A-ի սոլիպսիզմը)։ Նույնիսկ չնայած այն փաստին, որ B-ն ապացուցեց A-ի սխալ լինելը, B-ի համար անհնար է A-ին համոզել հետ կանգնել սոլիպսիզմից, քանի որ A-ն հարցականի տակ է դնում B-ի գոյությունը, մի կողմ դրած B-ի զգացմունքներն ու մտքի արդյունքները։

Արդյո՞ք սոլիպսիզմն իրատեսական է[խմբագրել]

Գոյություն ունեն գոնե երկու առարկություններ սոլիպսիստական դիրքորոշմանը։ Դրանցից մեկը տեխնիկական է և ներառում է սկզբունքի վերլուծությունը։ Մյուսը տալիս է ողջամիտ հարցեր, որոնց պատասխանները սոլիպսիզմի ճիշտ լինելու դեպքում միանգամայն իրատեսական կլինեին։

  1. Տեխնիկական մոտեցումը՝ ընկալումը դա իրազեկվածության շնորհն է։ Շնորհը դա ունակություն է։ Ունակությունները գոյություն չունեն այդ ունակությունը ունեցող էակներից անջատ։ Հետևաբար ընկալումը պահանջում է այդ շնորհով գոյություն ունեցող էակ, հակասելով սոլիպսիստի այն պնդմանը, որ գոյություն ունի միայն ընկալումը։
  2. Ողջամտական մոտեցումը՝ սոլիպսիստի այն դիրքորոշումը, որ գոյություն ունի միայն սեփական ընկալում, փաստորեն ստիպում է որ մեկը պարունակի իր ընկալմանը հայտնի բոլոր ստեղծագործությունները։ Հետևաբար Շեքսպիրի ողբերգությունները, Բեթհովենի և Մոցարտի սիմֆոնիաները, Մաքսվելի հավասարումները և Հարաբերականության Տեսությունը, թվաբանության և բարձրագույն մաթեմատիկայի թեորեմները և այլն, բոլորը ստեղծվել են մեկի ընկալողական գործողություններով։

Երրորդ առարկումը կարող է որոշվել որպես վերը նշված երկուսի հանգում։ Այն հարց է տալիս մեկի սեփական ընկալողական գործողության մասին։ Սոլիպսիստը չի կարող ժխտել այն փաստը, որ ինքը մտածում է, անցնում է սեփական ընկալման իմաստավորման գործընթացով։ Նրա գիտակցությունը պարզապես ընկալումներ չէ՝ դա նաև այդ ընկալումների մասին մտքեր է։ Ինչպե՞ս կարող է դա հնարավոր լինել առանց որոշակի մտավոր մեխանիզմի, որն այդպես է գործում։ Սակայն եթե այդպիսի մտավոր մեխանիզմ իսկապես գոյություն ունի անկախ կերպով և ազատ է իր ընկալումներից, ապա դա նաև հակասում է «միայն ընկալումների» պնդմանը։

Մտավոր փորձեր[խմբագրել]

Ուղեղ անոթում[խմբագրել]

Սոլիպսիզմի հետ կապված մտավոր փորձերից մեկը անոթում ուղեղի փորձն է։ Փորձը կատարող անձը հնարավոր է համարում, որ մարդիկ գտնվում են ինչ-որ ամբողջովին անգիտենալի իրականության մեջ՝ ծուղակում, նման այն իրավիճակին, որը ներկայացված էր Մատրիցա կինոֆիլմում։ Հնարավոր է, որ ինչ-որ խենթ գիտնական ուղարկում է անոթում գտնվող այդ ուղեղներին («իրական աշխարհում» գտնվող մարդկանց) այնպիսի ազդանշաններ, որոնք կարող են ստացվել դրանց կողմից, այդպիսով ստեղծելով այդ մարդկանց համար այնպիսի աշխարհ, որը խենթ գիտնականի ծրագրում է։ Սակայն անոթի մեջ գտնվող ուղեղի համար այդ «աշխարհը» բնականաբար չի կարող «իրական» լինել։ Այս փաստն առաջ է քաշում այն հնարավորությունը, որ յուրաքանչյուր մտածված կամ իմացված բան երևակայություն է։ Կամ լավագույն դեպքում, որ ոչ ոք չի կարող հավաստիորեն իմանալ, թե արդյոք իր ուղեղը «իրական աշխարհում» է, թե անոթում ստանում է այնպիսի ազդանշաններ, որոնք կստեղծեին համարժեք գիտակցություն - կամ նույնիսկ արդյոք գոյություն ունի իրական աշխարհ, խենթ գիտնական, ուղեղ կամ անոթ։ Սա նույնպես կարող է կապվել Դեկարտեսի «Մեդիտացիաներին»։ Այդ աշխատությունում Դեկարտեսը համարում է, որ ամբողջ իրականությունն ու իր զգացմունքները պարզապես ուղարկվում են Աստծո կողմից, սակայն չնայած նրան, որ այս օրինակը նույն բանն է այլ պարագայում, Դեկարտեսը օգտագործել է այս սոլիպսիզմի օրինակը միայն այն ժխտելու նպատակով։

Միակ կենդանի էակ[խմբագրել]

Արդյո՞ք միջուկային հոլոքոստից հետո կենդանի մնացած վերջին մարդը սոլիպսիստ կհանդիսանար։ Անպայման չէ, քանի որ սոլիպսիստների դեպքում նրանք չեն պարզապես հավատում որ իրենց մտքերը ու զգացմունքները փաստերի բերմամբ միակ մտքերն ու զգացմունքներն են, որ կարող են գոյություն ունենալ։ Դրա փոխարեն սոլիպսիստը կարող է ոչ մի իմաստ չկցել այն համարմանը, որ կարող են գոյություն ունենալ այլ՝ սեփականից տարբեր մտքեր և զգացմունքներ, որ կարող են կատարվել իրադարձություններ, կամ որ մարդիկ և առարկաները կարող են գոյություն ունենալ սոլիպսիստի սեփական զգացմունքներից անկախ կերպով։ Կարճ ասած, մետաֆիզիկական սոլիպսիստը հասկանում է «ցավ» բառը, օրինակ, «ինչ-որ մեկի սեփական ցավ» իմաստով, սակայն այս բառը չի կարող համապատասխանաբար մեկնել կոնկրետ այդ ինքնակենտրոն, ոչ-այլ-էությունից բացի որևէ մեկի համար։

Ընդունելով սոլիպսիզմի ճիշտ լինելը, մարդը պետք է գա այն եզրակացությանը, որ սոլիպսիզմը վերոհիշյալներ պայմաններով այնքան իմաստ ունի ցանկացած հոգեբանական պայման այլ մարդ արարածի վերագրելու համար, որքան սեղանի կամ քարի համար։ Հետևապես, ըստ այդ սկզբնապայմանների, որևէ իմաստ չունի այլ մարդ արարածի գիտակցություն վերագրել, և էական չէ նրա՝ վերջին Երկրի մարդը հանդիսանալու փաստը։ Ոչ-սոլիպսիստ «վերջին մարդը» չէր հավատա այդ սկզբունքին, եթե հանկարծ հանդիպեր մեկ այլ մարդ արարածի (կամ պարզապես վերհիշեր ինչ-որ մեկին)։ (Թորնտոն 2006)։

Հատտոնի պարադոքսը[խմբագրել]

Սոլիպսիզմի վերաբերյալ հետաքրքրաշարժ պարադոքս է նկարագրել բրիտանացի գրող Էրիկ Բոնդ Հատտոնը 1989 թվականին։ Մանուկ ժամանակ Հատտոնը հաճախ էր տեսնում իրական երազներ, որոնցում մարդիկ և առարկաները թվում էին այնքան իրական, որքան արթուն կյանքում։ Սա ստիպեց նրան մտածել, թե արդյոք կյանքն ինքը երազ է, նույնիսկ թե արդյոք ինքը միայն գոյություն ունի ինչ-որ մեկի երազում։ Երբեմն նա տեսնում էր նախաիրական երազ (որում անձը երազ է տեսնում)։ Հատտոնին այս ամենը միշտ անհանգստացնում էր, սակայն մի օր նա գտավ մի կախարդական բանաձև, որը կարող էր կիրառվել այդ երազներում։ «Եթե ես հարց եմ տալիս՝ «արդյո՞ք երազ եմ տեսնում», դա նշանակում է այո, քանի որ այս հարցը երբեք իմ մոտ չէր առաջանա արթուն կյանքում»։ Սակայն երազների բնույթի պատճառով նա երբեք չէր կարողանում դա հիշել, երբ անհրաժեշտ էր։ Շատ տարիներ անց, իր երազների մանկական տպավորվածության մասին գրելիս, նա հանկարծակիի եկավ իր իսկ վաղ բացատրության հակասությամբ։ Իսկապես, հարցնել ինքդ քեզ «արդյո՞ք երազ եմ տեսնում» երազում կարող է ապացուցել, որ իսկապես երազ ես տեսնում։ Սակայն դա հենց այն հարցն էր, որ ինքը հաճախ էր իրեն տալիս արթուն կյանքում։ Այստեղից առաջացավ պարադոքս։ Ի՞նչ հետևության պետք է նա հանգեր։ Որ այդ հարցը չի ապացուցո՞ւմ երազում լինելը։ Թե՞ որ կյանքն իրականում երազ է։

Նման, չնայած առանց պարադոքսի է Ժունանգցիի Երազը։ Ժուանգցին, անտիկ չին փիլիսոփան, մի անգամ տեսավ մի վառ երազ, որում ինքը երջանիկ այստեղ-այնտեղ թռվռացող թիթեռնիկ էր։ Հանկարծ նա արթնացավ, սակայն այլևս երբեք համոզված չեղավ՝ արդյոք ինքը մարդ է, որը երազում թիթեռնիկ է եղել, թե թիթեռնիկ է, որը երազում մարդ է։

Սոլիպսիզմը էպիստեմոլոգիայում[խմբագրել]

Սոլիպսիզմի հիմքը ընկած է այն տեսակետում, որ անձը հասկանում է բոլոր հոգեբանական գաղափարները (մտածելը, ցանկանալը, հավատալը, և այլն) իր սեփական մտավոր վիճակի հետ զուգահեռ, այսինքն՝ ներքին զգացմունքի վերացականացմամբ։ Եվ այս տեսակետը, կամ դրա տարատեսակը, առաջ է քաշվել շատ շատերի, եթե ոչ իհարկե փիլիսոփաների մեծամասնության կողմից, քանի որ Դեկարտեսը անժխտելի համոզվածության ինքնակենտրոն փնտրումը բարձրացրել է կրիտիկական էպիստեմոլոգիայի առաջնային նպատակի մակարդակի։ Այս իմաստով հետևաբար գոնե վիճելի է այն փաստը, որ էպիստեմոլոգիական սոլիպսիզմը ակներև է Դեկարտեսից հետո շատ գիտելիքի փիլիսոփայություններում և մտքերում, և որ ցանկացած փիլիսոփայություն, որը ընդունում է Կարտեզյան ինքնակենտրոն մոտեցումը որպես սեփական հիմնարար հենման կմախք ակնհայտորեն սոլիպսիստական է։

Սոլիպսիզմի հիմնախնդիրը երևում է նաև ուշադիր զննման դեպքում, քանի որ այն հիմնված է երեք լայնորեն ընդունված փիլիսոփայական նախապայմանների վրա, որոնք ինքնին հիմնարար են և լայն կարևորություն ունեն։ Դրանք են՝

  1. Իմ ամենահավաստի գիտելիքը իմ սեփական մտքի պարունակությունն է -- իմ մտքերը, զգացմունքները, և այլն
  2. Գոյություն չունի գաղափարապես կամ տրամաբանորեն անհրաժեշտ կապ մտավորի և ֆիզիկականի միջև - օրինակ, որոշակի գիտակից զգացմունքների կամ մտավոր վիճակների առաջացման և «մարմնի» վարքի կառավարման ու «սեփականության» միջև (տես վերը նշված մտավոր փորձը)
  3. Տվյալ անձի զգացմունքները անպայմանորեն խիստ անձնական են այդ անձի համար

Այս նախապայմանները անսխալորեն Կարտեզյան հիմք ունեն և չափազանց լայն ընդունում են վայելում թե՛ փիլիսոփաների, թե՛ ոչ-փիլիսոփաներիշրջաններում։