Կարլ Փոփեր
Սըր Կարլ Ռեյմունդ Փոփեր (գերմ. Karl Raimund Popper; 1902թ. հուլիսի 28, Վիեննա — 1994թ. սեպտեմբերի 17, Լոնդոն) — ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ: XX դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը: Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով: Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար:
1934-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի` վերջնական ճշմարտություններ չկան: Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները: «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն[1][2]), որը գրել է 1945-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը: