Հերքելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերքելիություն կամ ֆալսիֆիկացման սկզբունք (լատ.՝ fallere - խաբել, falsification - այստեղ՝ կեղծության հաստատում), հերքման սկզբունք, գիտության մեթոդաբանության մեջ՝ գիտական տեսությունների արժեքը որոշելու համար Կառլ Պոպպերի առաջադրած չափանիշը, ըստ որի տեսությունը (տեսական դրույթը) իրական, փաստական բովանդակություն ունի, եթե հնարավոր է գտնել այն հերքող փորձնական փաստեր։ Այլ կերպ՝ իսկապես գիտական, այսինքն՝ փորձնական տեսությունը հերքելի (ֆալսիֆիկացնելի) Է։

Ցուրաքանչյուր հերքում ստիպում է վերաձևակերպել տվյալ տեսությունը (տեսական դրույթը), նորանոր սահմանափակումներ դնել, աոաջադրել նոր հիպոթեզներ։ Ֆալսիֆիկացման սկզբունքի տեսակետից գիտական հայտնագործության ընթացքը և առհասարակ գիտության զարգացումը ներկայանում են ոչ թե որպես փորձնական տվյալների ընդհանրացում (ինդուկտիվ ընթացք), այլ տեսական մտածողության կողմից առաջադրվող և «Փորձի քննադատությանը» ներկայացվող համարձակ հիպոթեզների հաջորդափոխություն։ Տեսության փորձնական հիմնավորման հարցում ֆալսիֆիկացման սկզբունքը հակադրվում է վերիֆիկացման սկզբունքին, ըստ ֆալսիֆիկացման սկզբունքի, հաստատող օրինակները պետք է հաշվի առնվեն միայն այն դեպքում, եթե դրանց հակառակ փաստերը միանշանակ կերպով կհերքեին տվյալ տեսությունը։ Ուստի ֆալսիֆիկացման սկզբունքը մերժում է «միշտ ճշմարիտ» տեսությունները, որոնք չեն կարող անել եզակի դեպքերի միանշանակ կանխատեսություններ, բայց post factum հաստատվում են որևէ փաստի թե՝ առկայությամբ և թե՝ բացակայությամբ (օրինակ, Ֆրոյդի տեսությունը չի կարող կանխատեսել մարդու որևէ կոնկրետ արարք, բայց պատրաստ է հետին թվով բացատրելու տվյալ արարքը կատարելը կամ չկատարելը)։

Վերիֆիկացման սկզբունքի նման, ֆալսիֆիկացման սկզբունքը քննությունից հանում է փիլիսոփայության («մետաֆիզիկայի») և նույնիսկ տեսական բնագիտության ընդհանրական դրույթները։ Ֆալսիֆիկացումը կարող է լինել փորձնական բնագիտության միայն մի մասնավոր եղանակ, բայց ոչ ընդհանուր մեթոդաբանական սկզբունք։

Գրականություն[խմբագրել]

  • Поппер К․, Логика и рост научного знания, пер․ с англ․, М․, 1983․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png