Ֆրիդրիխ Էնգելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Էնգելս

Ֆրիդրիխ Էնգելս (գերմ.՝  Friedrich Engels; 1820թ. նոյեմբերի 28 , Վուպերտալ, Գերմանիա — 1895թ. օգոստոսի 5, Լոնդոն), գերմանացի փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը: Կառլ Մարքսի ընկերը, համագործակիցը և համահեղինակիցը:

Իրենց աշխատություներում նրանք փորձում էին ապացուցել, որ բանվորները հասարակության կարևորագույն հատվածն են: Ուստի պետք է հեղափոխության միջոցով ստեղծել բանվորական պետություն, վերացնել կապիտալիստական հասարակարգը և կառուցել նորը:

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել]

Ֆրիդրիխ Էնգելսը ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում: Ուսանել է Բարմենի քաղաքային դպրոցում, ապա՝ Էլբերֆելդի գիմնազիայում: Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվել են նրա գրական, երաժշտական լեզվական բացառիկ ունակությունները: Ազատ տիրապետել է մոտ 20 լեզվի: 1841 թ.-ից անցել է զինվորական ծառայության, միաժամանակ Բեռլինի համալսարանում սովորել է փիլիսոփայություն. հարել է երիտասարդ հեգելակաների ձախ թևին: 1844 թ.-ին Փարիզում հանդիպել է Կառլ Մաքսին, և սկսվել է նրանց համատեղ գործունեությունը: 1845 թ.-ին Բրյուսելում նրանք մշակել են գիտական կոմունիզմի տեսությունը և պայքարել պրոլետարիատի կուսակցություն ստեղծելու համար: Էնգելսը 1847 թ.-ին մասնակցել է «Կոմունիստների միություն» կազմակերպության հիմնադրմանն ու գործունեությանը, 1848 թ.-ին Կառլ Մարքսի հետ գրել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» աշխատությանը, որտեղ նրանք ապացուցել են կապիտալիզմի կործանման, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի քաղաքական իշխանության հաստատման անհրաժեշտությունն ու խնդիրները : 1848-49 թթ.-ին Քյոլնում հրատարակել են «Նոր Հռենոսյան լրագիրը»:

Էնգելսը և գերմանական հեղափոխական շարժումը[խմբագրել]

Էնգելսի տունը, Բարմեն, Գերմանիա (այժմ Վուպերտալ)

Էնգելսը գործուն մասնակցություն է ունեցել 1849 թ.-ի գերմանական ժողովրդի զինված ապստամբությանը Հարավարևմտյան Գերմանիայում: Հեղափոխության պարտությունից հետո՝ 1849 թ.-ին, մեկնել է Անգլիա, մինչև 1870 թ. ապրել է Մանչեստերում, նա մակագրություն հաստատել Լոնդոնում ապրող Մարքսի հետ և նյութապես օգնել նրան:

Էնգելսը Մարքսի հետ ղեկավարել է առաջին Ինտերնացիոնալը (1864-76 թթ.), իսկ Մարքսի մահվանից (1883 թ.) հետո եղել Եվրոպական սոցիալիստների ղեկավարն ու խորհրդակը: Գործերի մի մասը («Սուրբ ընտանիք», 1845 թ., «Գեմանական գաղաափարախուսության», 1845-46 թթ.) հրատարակել են համահեղինակությամբ:

Փարիզի կոմունա[խմբագրել]

Էնգելսը մասնակցել է աշխարհում առաջին պրոլետարական հեղափոխությանը՝ Փարիզի կոմունային (1871 թ.), իսկ Կոմունայի պարտությունից հետո քննադատել է նրա սխալներն ու գնահատել դասերը:

Էնգելսը էականորեն նպաստել է 1889 թ.-ին Փարիզում պրոլետարիատի միջազգային նոր միավորման ՝ երկրորդ Ինտերնացիոնալի ստեղծմանը, որը, շարունակելով առաջին ինտերնացիոնալի գործը, նպաստել է համաշխարհային բանվորական շարժման ընդլայնմանն ու համախմբմանը: Նա անձամբ է մասնակցել միջազգային պրոլետարիատի համաշխարհային օրվա՝ մայիսիմեկյան առաջին ցույցերին: Վճռականորեն դեմ է արտահայտվել կապիտալիստական պետությունների զավթողական պատերազմներին և կոչ է արել պաշտպանել ժողովուրդների միջև խաղաղությունը:

Դիալեկտիկական մատերիալիզմ[խմբագրել]

Էնգելսը ընդհանրացնել ժամանակի բնագիտական նվաճումները և դիալեկտիկական մատերիալիստական մեթոդը տարածել բնության ճանաչման վրա: Ըստ նրա՝ աշխարհի միասնակությունը նրա նյութականության մեջ է, իսկ շարժումը մատերիայի գոյության ձև է: Կտրականապես հերքել է աշխարհի անճանաչելիության մասին տեսությունը՝ ագնոստիցիզմը՝ իր բոլոր դրսևորումներով, ճանաչողության դիալեկտիկական մանտերիալիստական մեթոդաբանությունն առաջադրել որպես մինչ այդ ընդունված նման մոտեցումների այլընտրանք: Այս և փիլիսոփայության բազմաթիվ այլ հարցեր են քննարկվել նրա «Անտի-Դյուրինգ» (1878 թ.), «Լյուդվիգ ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը» (1886 թ.) և այլ երկերում:

Էնգելսը և Ռուսաստանը[խմբագրել]

Էնգելսը մեծ ուշադրությամբ է հետևել Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին՝ կանխատեսելով ռուսական վերահաս հեղափոխությունը և նրա անվերապահ ազդեցությունը մյուս երկրների հեղափոխական շարժումների վրա: Նա նամակագրական և անձնական կապեր է ունեցել ռուս քաղաքական գործիչներից շատերի հետ, խրախուսել է նրանց պայքարը:

Էնգելսը և Հայաստանը[խմբագրել]

Էնգելսը զբաղվել է նաև Հայաստանին առնչվող հարցերով: Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ՝ ընդդեմ թուրքական ու ցարական բռնապետությունների , բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ՝ հետաքրքրվել է Հայաստանի պատմական անցյալով, հանգել այն եզրակացության, որ «...Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»: Տասնիններորդ դարի վերջի հայ հասարակական-քաղաքական գործիչները ծանոթ են եղել մարքսիստական ուսմունքին, առանձին գործեր թարգմանել են հայերեն՝ հայ հասարակականության շրջանում մարքսիզմը տարածելու նպատակով:

Էնգելսի աշխատությունները հրատարակվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ հայ հեղափոխական գործիչներ Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյացի , Սուրեն Սպանդարյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի և ուրիշների ջանքերով:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Հայկական Դպրոցական Հանրագիտարան, Էնգելս Ֆրիդրիխ