Ստեփան Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Շահումյան
Stepan Shaumyan.jpg
քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան,
հասարակագետ, լրագրող, հրապարակախոս
ԱԱՀ՝ Ստեփան Գևորգի Շահումյան
Ծննդյան օր՝ 13 հոկտեմբեր, 1878
Ծննդավայր՝ Թիֆլիս
Վախճանի օր՝ 20 սեպտեմբեր, 1918
Վախճանի վայր՝ Անդրկասպյան ավազուտներ՝
Պերևալ և Ախչակույմա երկաթուղային
կայարանների միջև
Ազգություն Հայ
Կրոն աթեիզմ
Գրքեր՝ Երկ. Լիակտ. Ժող., հ. 1-5,
Ե., 1975-1978;
Избр. произв. т. 1-2,
2 изд., М., 1978;
Литературно-критические
статьи, 2 изд., М., 1955;
Письма, 1896-1918, Е., 1959.
Աշխատանք՝ Բաքվի Կոմունայի ղեկավար

Շահումյան Ստեփան Գևորգի (կուսակցական ծածկանունները՝ Սուրեն, Սուրենին, Այաքս և այլն) [1(13).10.1878, Թիֆլիս - 20.9.1918, Անդրկասպյան ավազուտներ՝ Պերևալ և Ախչակույմա երկաթուղային կայարանների միջև), կոմունիստական կուսակցության ԽՍՀՄ և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է աշխատավորի ընտանիքում։ 1889-1898-ին ուսանել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ Ընդգրկվել է աշակերտական ընդհատակյա խմբակների մեջ, ստեղծել ու ղեկավարել «Ծիածան» երիտասարդական բազմաճյուղ կազմակերպությունը, հաղորդակցվել ս-դ. շարժմանը և մտել ՌՍԴԲԿ-ի մեջ։ 1898-ի ամռանը մեկնել է Պետերբուրգ և հեղափոխական աշխատանք տարել այնտեղ, իսկ աշնանը ընդունվել Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական բաժինը, սովորել մինչև 1899-ի ապրիլը։ Նյութական ծանր դրության պատճառով թողել է ուսումը և վերադարձել Թիֆլիս, աշխատել «Նովոյե օբոզրենիյե» («Новое Обозрение») թերթում որպես սրբագրիչ։ 1899-ի ամռանը Ջալալօղլիում (Ստեփանավան) ստեղծել է առաջին մարքսիստական խմբակը Հայաստանում (տե´ս՝ Ջալալօղլու մարքսիստական խմբակ)։ 1900-ի օգոստոսին կրկին ընդունվել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը, ուր ուսմանը զուգընթաց ուսումնասիրել է անլեգալ մարքսիստական գրականություն, սերտ կապեր հաստատել տեղի սոցիալ-դեմոկրատների հետ, մասնակցել հեղափոխական ելույթներին։ 1901-ի սկզբներին Շ., իբրև լենինյան իսկրայական, հայ առաջադեմ ուսանողների հետ ստեղծել է «Թեորետիկ» մարքսիստական խմբակը և դարձել Ռիգայի ուսանողների հեղափոխական ելույթների կազմակերպիչներից, ակտիվորեն մասնակցել ուսանողների համառուսաստանյան համագումարին (1902-ի փետրվար), նրա փաստաթղթերի մշակմանը։ Հեղափոխական գործունեության համար 1902-ի մարտին Շ. հեռացվել է ինստիտուտից և արտաքսվել Անդրկովկաս։ Թիֆլիսում շարունակում է հեղափոխական գործունեությունը։ ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի կազմում մասնակցել է բանվորների մայիսմեկյան ցույցի կազմակերպմանը։ Մայիսի 19-ին Ղ. Աղայանի գրական ու մանկավարժական գործունեության 40-ամյակի առթիվ հրապարակորեն հանդես է եկել քաղաքական ծրագրային ելույթով, որտեղ տիրող կարգերի դեմ վճռական պայքարի կոչ է արել։ 1902-ի ամռանը Շ-ի ղեկավարությամբ ստեղծվել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը», որպես ՌՍԴԲԿ բաղկացուցիչ մաս, որը հոկտեմբերին հրատարակել է իր օրգան «Պրոլետարիատ»-ը՝ լենինյան իսկրայական ուղղության առաջին հայերեն թերթը։ Այն բացվում է Շ-ի գրած «Հայ սոցիալ-դեմոկրատների միության մանիֆեստ»-ով (տե´ս՝ «Մանիֆեստ հայ սոցիալ-դեմոկրատների միության»), որն արժանացել է Վ. Ի. Լենինի բարձր գնահատականին։ 1902-ի աշնանը մեկնել է արտասահման և նոյեմբերին ընդունվել Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պետական իրավունքի բաժինը։ Ուսմանը զուգընթաց Շ. Աշխատել է ՌՍԴԲԿ արտասահմանայն խմբակներում, մասնակցել Գերմանիայի ս-դ. կուսակցության ձախ թևի գործունեությանը, ծանոթացել Կ. Կաուցկու, Ա. Բեբելի, Ֆ. Մերինգի, Կ. Լիբկնեխտի, Ռ. Լյուքսեմբուրգի և ուրիշների հետ։ 1903-ի գարնանը Շվեյցարիայում առաջին անգամ հանդիպել է Վ. Ի. Լենինին, և նրանց միջև այնուհետ հաստատվել է անխզելի կապ։ Շ. դարձել է Լենինի զինակիցն ու բարեկամը, հանդես եկել որպես պրոֆեսիոնալ հեղափոխական և կարևոր դեր կատարել բոլշևիկյան կուսակցության կառուցման ու ամրապնդման գործում։ Լենինի հանձնարարությամբ 1904-ին Ժնևում գլխավորել է ՌՍԴԲԿ Կենտկոմի հրատարակությանը կից հայերեն ու վրացերեն մարքսիստական գրականություն հրատարակող հանձնաժողովի աշխատանքները, հայերեն թարգմանել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» և այլ երկեր։ Լայն աշխատանք է տարել Եվրոպայի հայ ուսանողության մեջ և ղեկավարել նրա հեղափոխական մասի գործունեությունը, մերկացրել նացիոնալիստներին։

1905-ի ապրիլին վերադարձել է Թիֆլիս։ Շ. ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի ղեկավարներից էր (տե´ս՝ Կովկասյան միութենական կոմիտե ՌՍԴԲԿ) և նրա օրգանի՝ «Պրոլետարիատի կռիվը» թերթի խմբագիրը։ Թիֆլիսում աշխատելով հանդերձ Շ. շրջագայել է Անդրկովկասի տարբեր վայրեր, եղել Հայաստանի քաղաքներում ու գյուղերում (Երևան, Ղարաքիլիսա, Ջալալօղլի, Ալավերդի, Հաղպատ ևն), ամեն կերպ ակտիվացրել է բոլշևիկների գործունեությունը։ 1905-ի հոկտեմբեր-նոյեմբերին ղեկավարել է Թիֆլիսի բանվորների հեղափոխական ցույցերը և Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։ Շ. ծավալել է ժուռնալիստական և հրապարակախոսական բեղմնավոր գործունեություն, աշխատակցել բոլշևիկների կենտրոնական օրգան «Վպերյոդ» («Вперёд») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերին։ 1905-ի նոյեմբերին հիմնադրել և խմբագրել է «Կավկազսկի ռաբոչի լիստոկ» («Кавказский рабочий листок») բոլշևիկյան առաջին լեգալ թերթը Անդրկովկասում, իսկ 1906-07-ին՝ «Կայծ», «Նոր խոսք» և «Օրեր» հայերեն թերթերը։ Բանավոր և գրավոր բազմաթիվ ելույթներում Շ. անց է կացրել լենինյան ստրատեգիական և տակտիկական գիծը, մերկացրել մենշևիկների օպորտունիզմը, անհաշտ պայքար մղել բուրժուական նացիոնալիստների և մասնավորապես դաշնակցության դեմ։ 1906-ին Երևանի կազմակերպությունից մասնակցել է ՌՍԴԲԿ IV («միավորիչ») համագումարին, իսկ 1907-ին Բորչալուի կազմակերպությունից՝ ՌՍԴԲԿ V պաշտպանել լենինյան բանաձևերը։

1907-ի կեսերին տեղափոխվել է Բաքու և դարձել տեղի կուսակցական կազմակերպության «ղեկավարն» ու «գլուխը»[1], ձեռք բերել լայն ժողովրդականություն նավթաշխարհի բազմազգ պրոլետարիատի շրջանում։ Ստոլիպինյան ռեակցիայի դաժան պայմաններում Շ. հիմնադրել և խմբագրել է «Բակինսկի պրոլետարի» («Бакинский пролетарий»), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий»), «Գուդոկ» («Гудок») թերթերը, «Վոլնա» («Волна») ամսագիրը, հմտորեն զուգակցել անլեգալ ու լեգալ աշխատանքի տակտիկան, գլխավորել բանվորների հեղափոխական ելույթները, լայնորեն օգտագործել III Պետական դումայի ընտրությունները, Բաքվի բանվորների «Խորհրդակցական կամպանիան» ու ժողովրդական տները, համախմբել պրոլետարիատի ուժերը։ Նա անդուլ պայքար է մղել մենշևիկ-լիկվիդատորների, օտզովիստների, տրոցկիստների, գաղափարական տարընթացության, անկումայնության, մարքսիզմի ռևիզիայի, իդեալիզմի ու կրոնական միստիցիզմի դեմ։ Շ. իրեն դրսևորել է որպես «կարծրաքար» հեղափոխական-կուսակցական գործիչ։ «Աշխատանքի պայմանները,- հաղորդել է Շ. 1908-ի նոյեմբերին արտասահմանյան կուսակցական կենտրոնին,- սոսկալի դժվարացել են. մեզ տառացիորեն խաչում են, ամեն կողմից թքակոծում են, ստորացնում... Բայց մենք չենք վհատվում։ Հավատը դեպի ապագան և սերը դեպի մեր գործը անսպառ եռանդ են ներշնչում մեզ...»։[2]

Հեղափոխական նոր վերելքի տարիներին նոր թափ է ստացել Շ-ի գործունեությունը։ Նա գլխավորել է Բաքվի կուսակցական կազմակերպությունը և, որպես Ռուսաստանի կազմակերպական հանձնաժողովի անդամ, 1911-ին ակտիվորեն մասնակցել ՌՍԴԲԿ VI (Պրագայի) կոնֆերանսի նախապատրաստմանը։ Չնայած ձերբակալությանը (1911-ի սեպտեմբերին), որի հետևանքով Շ. չմասնակցեց կոնֆերանսին (1912-ի հունվար), հեռակա կարգով նա մտցվել է նորընտիր Կենտկոմի կազմի մեջ, որպես անդամության թեկնածու։ 1911-ի մարտին Բաքվում հիմնադրել և խմբագրել է «Սովրեմեննայա ժիզն» («Современная жизнь») ամսագիրը, որի №3-ում առաջին անգամ տպագրվել է Վ. Ի. Լենինի «Մարքսիզմը և «Наша заря»-ն» հոդվածը։ Նոյեմբերին Շ-ի նախաձեռնությամբ լույս է տեսել «Նոր խոսք» բոլշևիկյան ամսագիրը։ Նույն թվականին աշխատակցել է կուսակցության կենտրոնական օրգաններին «Սոցիալ-դեմոկրատ» («Социал-демократ») և «Ռաբոչայա գազետա» («Рабочая газета») թերթերին։ 1912-ի հունիսին աքսորվել է Աստրախան, որտեղ համախմբել է բոլշևիկներին և աշխուժացրել տեղի կուսակցական կազմակերպության աշխատանքը, ղեկավարել բանվորների գործադուլները, IV Պետական դումայի բոլշևիկյան ընտրական կամպանիան։ Այդտեղից նա նամակագրական կապ է հաստատել Վ. Ի. Լենինի հետ, աշխատակցել «Պրավդա» թերթին և մեկնել Պետերբուրգ՝ այն խմբագրելու համար։ Աշխատակցել է նաև Թիֆլիսում հրատարակվող «Մեր խոսքը» բոլշևիկյան թերթին։ 1914-ի մարտին Շ. վերադարձել է Անդրկովկաս և հաստատվել Բաքվում, ամրապնդել կուսակցական կազմակերպությունը, հրատարակել «Նաշա ժիզն» («Наша жизнь») թերթը, մայիս-օգոստոսին գլխավորել Բաքվի պրոլետարիատի համընդհանուր քաղ. գործադուլը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, անմիջականորեն ղեկավարելով Բաքվի կուսակցական կազմակերպության և ողջ Կովկասի բոլշևիկների գործունեությունը, Շ. պայքարել է լենինյան գծի համար։ 1915-ի հոկտեմբերի կեսերին նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել Կովկասի բոլշևիկների Բաքվի խորհրդակցությունը, որի բանաձևերը գրված են պատերազմի, հեղափոխության ու խաղաղության մասին լենինյան դրույթների ոգով և նպատակամղված իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու լոզունգի իրականացմանը։ Խորհրդակցությունն ընտրել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան բյուրո՝ Շ-ի գլխավորությամբ։ 1915-16 աշխատակցել է «Պայքար» թերթին, դատապարտել հայկական կոտորածների հանցավորներին։ 1916-ի մարտի 7-ին Շ. ձերբակալվել է Գրոզնիում ու բերվել Բաքու։ Նրա մասին Բաքվի նահանգական վարչության պետը մարտի 18-ին ոստիկանության դեպարտամենտին հաղորդել է. «Շահումյանը համարվում է Կովկասի ամենազարգացած ու փորձված կուսակցական աշխատողներից մեկը, որի հետ կապվում են բոլոր շրջանները և արտասահմանում ապրող կուսակցական անձնավորությունները։ Նա համոզված բոլշևիկ է և հայտնի Լենինի կողմնակիցը, որի հետ էլ վարում է գրագրություն... Նրա հեռացումը Կովկասից... հանգստություն կմտցնի ոչ միայն տեղական կյանքում, այլև ընդհանրապես Կովկասյան երկրամասում»։[3] Դեկտեմբերին 13-ին Շ. աքսորվել է Սարատով, որտեղից ազատվել է միայն Փետրվարյան հեղափոխությունից հետո։

1917-ի մարտի 8-ին վերադարձել է Բաքու, որի բանվորների դեպուտատների սովետի նախագահն էր ընտրվել հեռակա կարգով։ Համախմբել է բոլշևիկներին, ամրապնդել ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեն և, զինված Վ. Ի. Լենինի ապրիլյան թեզիսներով ու կուսակցության VII կոնֆերանսի որոշումներով, մոբիլիզացրել ուժերը սոցիալիստական հեղափոխության համար։ Շ-ի խմբագրությամբ վերսկսվել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий») թերթի հրատարակությունը։ Նա ղեկավարել է նաև «Սոցիալ-դեմոկրատ» հայերեն թերթի հրատարակությունը։ Բաքվի սովետում նրա ջանքերով անցկացվել են մի շարք դեմոկրատական միջոցառումներ։ հունիսին Պետրոգրադում Շ. հանդիպել է Լենինին։ Ինչպես վկայում է Ն. Կրուպսկայան, Իլյիչն ուրախ էր տեսնել Ստեփանին և մոտիկից խոսելու նրա հետ այն բոլոր հարցերի մասին, որոնք այն ժամանակ դրված էին բոլշևիկների առջև։[4] Մասնակցել է սովետների համառուսաստանյան I համագումարին, բոլշևիկների ֆրակցիայի անունից հռչակել է բանաձև արդարացի հաշտության մասին, ընտրվել Համառուսաստանյան ԿԳԿ-ի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարում իր բացակայությամբ ընտրվել է կուսակցության Կենտկոմի անդամ և ապա մտցվել նրա նեղ կազմի մեջ։ 1917-ի հոկտեմբերին Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների I համագումարը և ապա ղեկավարել այնտեղ ընտրված ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի գործունեությունը (տե´ս Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկների) կուսակցության կովկասյան երկրային կոմիտե)։ Ողջունելով հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը՝ Շ. գլխավորել է սովետական իշխանության համար մղվող պայքարը Կովկասում և մերկացրել բուրժ. նացիոնալիստների հակահեղափոխական բլոկը։ Հոկտեմբերի 31-ին Բաքվի սովետը, Շ-ի նախագահությամբ, անմիջական խնդիր է դրել իշխանությունը սովետին հանձնելու մասին, որը և գործնականում իրականացվել է նոյեմբերի 2-ին։ Դեկտեմբերի 16-ին Շ. նշանակվել է Կովկասի գործերի արտակարգ կոմիսար և գլխավորել երկրամասի աշխատավորների պայքարը սովետական իշխանության հաստատման համար։

1918-ի մարտին Շ. Բաքվում ղեկավարել է մուսավաթականների խռովության ճնշումը, որից հետո սովետը դարձել է քաղաքի լիիրավ իշխանությունը։ Ապրիլի 25-ին ինտերնացիոնալ սկզբունքով, կազմվել է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որի նախագահ և արտաքին գործերի կոմիսար է ընտրվել Շ.։ Նա իրեն դրսևորել է նաև որպես տաղանդավոր պետական գործիչ ու դիվանագետ։ Նրա ղեկավարությամբ անց են կացվել սոցիալիստական մի շարք միջոցառումներ (նավթային արդյունաբերության, ձկնորսության, կասպիական նավատորմի, բանկերի ու տպարանների ազգայնացում, կալվածատիրական հողերի բռնագրավում, դատական ու լուսավորական գործի դեմոկրատացում ևն), կազմակերպվել է Կովկասյան կարմիր բանակը, սովետական իշխանություն է հաստատել քաղաքի մերձակա շրջաններում։ Այդ ամենի մասին Շ. իրազեկ էր պահում Վ. Ի. Լենինին։ Հետևելով Բաքվի կոմունայի ամրապնդմանը՝ 1918-ի մայիսի 14-ին Վ. Ի. Լենինը գրել է. «Թանկագին ընկեր Շահումյան. Շատ շնորհակալություն նամակի համար։ Մենք հրճվանքի մեջ ենք ձեր հաստատակամ և վճռական քաղաքականությունից։ Կարողացեք դրան միացնել այն ամենազգույշ դիվանագիտությունը, որն անպայման թելադրվում է այժմյան դժվարագույն դրությամբ և մենք կհաղթենք...»։[5] Շ. հետևողականորեն իրականացրել է լենինյան ցուցումը, սակայն պայքարը խիստ անհավասար էր։ Գերմանա-թուրքական զավթիչները մոտենում էին Բաքվին, որը ձգտում էին գրավել անգլիացիները։ Քաղաքում սովետական իշխանության դրությունը խիստ ծանրանում էր, շատ քիչ էր պարենը, ռազմաճակատում չէին բավականացնւմ զենքն ու զորքը։ Սովետական Ռուսաստանը գտնվելով դժվարին վիճակում, ցույց էր տալիս հնարավոր օգնություն։ Այդպիսի պայմաններում Բաքվի սովետում հուլիսի 25-ին մենշևիկներ, էսէռների ու դաշնակցականների կոալիցիայով ձայների չնչին մեծամասնությամբ ընդունվում է որոշում՝ անգլիացիների հրավիրման մասին։ Շ. վճռականորեն դատապարտում է այդ ակտը և կոչ անում սեփական ուժերով շարունակել դիմադրությունը թշնամիներին՝ ապավինելով միայն Սովետական Ռուսաստանին։ Լենինի «Բաքվի մեր ընկերների» դիրքը բնութագրել է որպես «սոցիալիստների համար միակ արժանի քայլ»[6], հատկապես շեշտելով. «...Ես լիովին վստահում էմ Շահումյանին»[7]։

Արտաքին և ներքին հակառակորդների գերակշռող ուժերի ճնշման տակ սովետական իշխանությունը պարտություն կրեց Բաքվում։ Շ. ու նրա մարտական ընկերները (տե´ս Բաքվի 26 կոմիսարներ) ձերբակալվեցին և գազանաբար հոշոտվեցին Անդրկասպյան ավազուտներում անգլիացի ինտերվենտների ու էսէռների կողմից։ Նրանք մինչև վերջ մնացին անընկճելի ու գոչեցին. «Կեցցե՜ կոմունիզմը», «Մենք մեռնում ենք հանուն կոմունիզմի»։ Լ. Ի. Բրեժնևի արտահայտությամբ, Բաքվի կոմունան «հերոսության և անձնվիրության փառավոր էպոպեա էր»[8]։ Նրա գլուխ էր կանգնած Ստեփան Շահումյանը՝ «Կովկասի Լենինը», «Կովկասյան բոլշևիզմի արժանավոր պարագլուխը»[9]։

Շ. թողել է գիտական մեծ ժառանգություն։ Ցայժմ նրա երկերը հրատարակվել են հինգ հատորով, բայց դեռ լրիվ հայտնաբերված չեն։ Շ. հանրագիտակ էր, և նրա բազմաքանակ աշխատությունները վերաբերում են հասարակագիտության տարբեր բնագավառներին։ Նա խոշոր տեսաբան էր, սոցիոլոգ ու փիլիսոփա։ «Դասակարգերը ժամանակակից եվրոպայի հասարակության մեջ», «Էվոլյուցիոնիզմն ու ռևոլյուցիոնիզմը հասարակական գիտության մեջ» և այլ երկերում հետազոտել է մարդկային հասարակության զարգացման օրենքները, բացահայտել արտադրության եղանակի, պետության և դասակարգերի էությունը, դասակարգային պայքարի նշանակությունը, ժողովրդական մասսաների՝ որպես պատմության կերտողների դերը։ Շ. մարքսիզմ-լենինիզմը դիտում է որպես հասարակական մտքի բարձրագույն նվաճում, բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների ազատագրման դրոշ։ Նա լուսաբանել է այդ գիտության այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են կապիտալիզմի կործանման և կոմունիզմի հաղթանակի անխուսափելիությունը, սոցիալիստական հեղափոխությունը, պրոլետարիատի դիկտատուրան և սոցիալիզմի կառուցումը, կոմունիստական կուսակցության ղեկավար դերը, նրա տեսական-գաղափարական, կազմակերպչական ու տակտիկական հիմունքները։ Շ. խորապես տիրապետել է մարքս-լենինյան փիլիսոփայությանը՝ դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմին և հմտությամբ կիրառել «... սոցիալ-դեմոկրատիայի ուժն ու հպարտությունը կազմող դիալեկտիկական մեթոդը»[10]։ Մեծ է Շ-ի գիտական ավանդը և իրավմամբ նրան անվանում էին «տեսական մարքսիզմի ծանր հրետանի»[11]։

Շ-ի ծառայություններն ակնառու են հատկապես ազգային հարցի բնագավառում՝ նրա տեսության ու բոլշևիկյան ծրագրի մշակման գործում։ Հեղափոխական վերելքի տարիներին, երբ սրվել էր այդ խնդիրը, «Իլյիչը աշխուժացրեց նամակագրությունը Շահումյանի հետ ազգային հարցի առթիվ»[12]։ Վ. Ի. Լենինը 1913-ի դեկտեմբերի 6-ին արտասահմանից Շ-ին գրել է. «Դուք պիտի իմանաք, որ իմ վիճակում մարդ անչափ գնահատում է Ռուսաստանի ընկերների, մանավանդ խորհուն և տվյալ հարցով զբաղվող ընկերների կարծիքները։ Ձեր արագ արձագանքելը այս պատճառով ինձ համար առանձնապես հաճելի էր»[13]։

«Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան», «Ռեֆերատ ազգային հարցի մասին», «Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի հարցը», «Ինտելիգենցիան և նացիոնալիզմը», «Նացիոնալիզմը Կովկասում և ռազմաճակատի մերկացումը» և այլ երկերում Շ. բացահայտել է ազգային հարցի տեղը հասարակական կյանքում, բնութագրել ազգը, ազգային-ազատագրական շարժումները, տվել ազգային հարցի լուծման բոլշևիկյան ծրագրի հիմնավորումը, մերկացրել կուլտուր-ազգային ավտոնոմիայի հետադիմական էությունը, լուսաբանել պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքները և խարազանել բուրժուական նացիոնալիզմը։ Նա մշակել է նաև ազգային-պետական շինարարության հարցեր։

Շ. ուներ լայն ընդգրկումներ և իր երկերում քննարկել է միջազգային բանվորական շարժման կարևոր պրոբլեմներ։ Հատկապես անդրադարձել է II Ինտերնացիոնալի ու նրա ամենախոշոր կուսակցության՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատիայի պատմությանը, վճռական պայքար մղել ռևիզիոնիզմի ու օպորտունիզմի դեմ, նպաստել բոլշևիզմի փորձի ստեղծագործական կիրառմանն այլ երկրներում։ Իր ընդհանուր վաստակով Շ. ներկայանում է որպես միջազգային բանվորական ու կոմունիստական շարժման անվանի գործիչ։

Շ-ի երկերը համակված են պատմականությամբ։ Նա ժամանակի կենսական հարցերի լուծման համար հաճախ է դիմել Ռուսաստանի և համաշխարհային պատմության փաստերին։ Առանձին ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի պատմությանը («Վ. Փափազյանը պատմագետի դերում», «Տիեզերական թութակը» ևն) և իդեալիստական կղերաֆեոդալական ու բուրժուանացիոնալիական մտածելակերպին հակադրել մատերիալիստական, գիտական աշխարհաըմբռնումը։ Նրա անմիջական ղեկավարությամբ է ձևավորվել հայ հասարակարգի մտքի մարքս-լենինյան ուղղությունը, և նա է դրա հիմնադիրը հայ պատմագիտության, փիլիսոփայության, քաղաքատնտեսության, իրավագիտության և գրաքննադատության բնագավառներում։ Շ-ի վիթխարի տաղանդը փայլեց նաև գրաքննադատության և գեղագիտության ոլորտներում։ Դրանց վերաբերող նրա ելույթներն ունեցել են համառուսաստանյան և համակուսակցական նշանակություն։ Խորապես ըմբռնելով գեղարվեստական խոսքի ազդեցության ուժը, նա հետևողականորեն անց է կացրել դասակարգային-կուսակցական սկզբունքը և պրոպագանդել արվեստի ու գրականության ժողովրդայնության գաղափարը։ Լենինյան ոգով են գրված նրա՝ Լ. Տոլստոյին ու Մ. Գորկուն նվիրված հոդվածները («Ընթերցողի տարակուսանքը», «Մի քանի խոսք Լ. Ն. Տոլստոյի կրոնի մասին», «Գորկու մասին» ևն)) Բարձր է գնահատել հեղափոխական-դեմոկրատներ Ա. Գերցենին, Վ. Բելինսկուն, Ն. Չեռնիշևսկուն, Ն. Դոբրոլյուբովին և նրանց զինակից Մ. Նալբանդյանին, ռուս և արտասահմանայն գրականության դասականներին, հայ գրողներ Խ. Աբովյանին, Հ. Թումանյանին, Ա. Իսահակայանին և այլոց։ Հատկապես խրախուսել է հայ պրոլետարական գրականության ձևավորումը և նպաստել նրա հիմնադիր, բոլշևիկ բանաստեղծ Հ. Հակոբյանի ստեղծագործական աճին։ Վերջինիս դիպուկ արտահայտությամբ, ամենագետ Շ-ի «հազարաչյա, նրբանկատ, լուսավոր ճաճանչները հասնում էին ամենուրեք և ամեն անկյուն»[14]։

Ի հավերժումն Շ-ի վիթխարի ծառայությունների, նրա անունով են կոչվում բազմաթիվ շրջաններ, քաղաքներ, ավաններ ու գյուղեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում, հրապարակներ, փողոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ, կոլտնտեսություններ, մշակութային հաստատություններ, դպրոցներ՝ Սովետական միության ամենատարբեր վայրերում։ Շ-ի տուն թանգարաններ կան Բաքվում և Ստեփանավանում (Համալիր)։

Ստեփան Շահումյանին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ЦГИА, Груз. ССР, ф. 4, д. 40, л. 245
  2. Երկ. լիակտ. Ժող., հ. 2, էջ 108
  3. ЦГИА, Груз. ССР, ф. 13, оп 27, д. 4484, л. 145
  4. Կրուպսկայա Ն.Կ., Հիշողություններ Լենինի մասին, 1977, էջ 384
  5. Полн. Собр. Соч., 5 изд., т. 50, с. 73-74
  6. Երկ., հ. 28, էջ 9
  7. Երկ., հ. 35, էջ 380
  8. Լենինյան կուրսով, հ. 3, 1972, էջ 170
  9. Մյասնիկյան Ա. Ֆ., Ընտիր երկ., 1957, էջ 357
  10. Երկ. Լիակտ. Ժող., հ. 1, էջ 262
  11. Орджоникидзе Г. К., Статьи и речи, т. 1, 1956, с. 242
  12. Կրուպսկայա Ն. Կ., Հիշողություններ Լենինի մասին, 1977, էջ 383
  13. Երկ., հ. 19, էջ 623
  14. «Մարտակոչ», 20.9.1925

Հղումներ[խմբագրել]

Հայկական Սովետական հանրագիտարան, հ. 8, էջ 431-434, Մ. Արզումանյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Գրականություն[խմբագրել]

  • Լենին Վ. Ի., Երկ. Լիակտ. Ժող., հ. 19, 35։
  • Ленин В. И., Полн. собр. соч. 5 изд. (см. Справочный том, ч. 2);
  • Брежнев Л. И., Пятдесят лет Советского Азербайджана, ленинским курсом, т. 3, М., 1972; Նույնի, Пятдесят лет Советского Армении, նույն տեղում։
    • Նույնի Սովետական Ադրբեջանի հիսուն տարին, տես նրա լենինյան կուրսով, հ. 3. Ե., 1972։
    • Նույնի Սովետական Հայաստանի հիսուն տարին, նույն տեղում։
  • Կարինյան Ա. Բ., Ստեփան Շահումյան (1878-1918), Մ., 1925։
  • Ավետիսյան Վ. Ա. Ստեփան Շահումյան, կենսագրական ակնարկ Ե., 1953։
  • Ոսկերչյան Ա.Կ., Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրները, Ե., 1962։ Բարսեղյան Խ.Հ., Ս. Շահումյան. Կյանքի ու գործունեության վավերագրական տարեգրություն. 1878-1918, Ե., 1968։
  • Դուբինսկի-Մուխադձե Ի. Մ. Շահումյան (կյանքը և գործունեությունը), Ե., 1974։ Արզումանյան Մ. Վ., Ստեփան Շահումյան, Ե., 1978։
  • Բախշյան Թ. Ս., Հովհաննիսյան Ջ. Ա. Ստեփան Շահումյան (1878-1978), կենսամատենագիտական ցանկ, Ե., 1979։
  • Гарибджанян Г. Б. Революционная деятелность С. Г. Шаумяна за границей (1902-1907), Е. 1971;
  • Акопян Г. С., Степан Шаумяан. Жизнь деятелность, 1878-1918, М., 1973;
  • Азизбекова П. А. Казиев М. А., Степан Шаумян (бографический очерк), Баку, 1978;
  • Калтахчян С. Т., Калтахчян А. С. Шаумян, М., 1981.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են