Աստրախան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Астрахань
Աստրախան
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Астрахань. Бывший дом купца Курдова С.М..jpg
46°20′00″ հս. լ. 48°02′00″ ավ. ե. / 46.333333° հս. լ. 48.033333° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանում 4 շրջան
Քաղաքապետ Իրինա Եգորովա
Հիմնադրված է 1558
Առաջին հիշատակում 1334
Այլ անվանումներ Խաջի-թարխան, Աշտարխան
Տվյալ կարգավիճակում 1717-ից
Մակերես 208,69 կմ²
Բարձր. ծովի մակ-ից -25 մ
Խոսվող լեզուներ ռուսերեն
Բնակչություն 527 345 մարդ (2013)
Խտություն 2527 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +7 8512 (851)
Փոստային ինդեքս 414ХХХ
Ավտոմոբիլային կոդ 30
Պաշտոնական կայք www.astrgorod.ru
##Աստրախան (Ռուսաստան)
Red pog.png

Աստրախան (ռուս.՝ Астрахань), քաղաք, Ռուսաստանում, Աստրախանի մարզի վարչական կենտրոնը, գետային և ծովային նավահանգիստ, երկաթուղային հանգույց։ Գտնվում է Վոլգայի դելտայի վերին մասում։ 527 345 հազար բնակիչ (2013թ.)[1]։

Աստրախանը Վոլգա-Կասպիական ավազանի ձկնորսության խոշորագույն բազան և ձկնավերամշակման արդյունաբերության կենտրոնն է։ Աստրախանում կան մսի կոմբինատ, կաթնամթերքների և կաշվի գործարաններ, հրուշակեղենի, մորթու-մուշտակեղենի ֆաբրիկաներ, ձկնարդյունաբերությանն ու գետային տրանսպորտին սպասարկող նավաշինարան, նավանորոգման, մեխանիկական ձեռնարկություններ, ջերմաքարշերի նորոգման գործարան, ցանցագործական ֆաբրիկա, փայտամշակման ու քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։

Աստրախանը ծովային և գետային նավերի փոխաբեռնման կայան է (նավթ, ձկնեղեն, անտառանյութ, կերակրի աղ, հացահատիկ)։ Աստրախանի մեքենաշինությունն իր արտադրանքով գլխավորապես սպասարկում է ձկնարդյունաբերության ձեռնարկություններին և տրանսպորտին։

Աստրախանի պատմությունը[խմբագրել]

Աստրախանը (որպես Հաջի Թարխան) հիշատակվում է XIII դարից, իբրև թաթարական քաղաք Ոսկե Հորդայի պետությունում։ Գտնվել է Վոլգայի աջ ափին, ցամաքային և ջրային առևտրական ուղիների խաչմերուկում, այժմյան Աստրախանից (հիմնված 1558-ին) մոտ 12 կմ է հեռու, խազարական Իթիլ քաղաքի տեղում։ 1459–1556-ին Աստրախանի թաթարական խանության կենտրոնն էր։ Աստրախանում ապրում էին թաթարներ, պարսիկներ, հայեր, հրեաներ և այլն։ 1556-ին Իվան IV գրավել է Աստրախանը և դարձրել ռուսական պետության սահմանային բերդ։ XVI - XIX դդ. Ռուսաստանի և Արևելքի երկրների միջև կատարվող առևտրի հիմնական կենտրոնն էր։

Աստրախանի հայ գաղթօջախի պատմությունը[խմբագրել]

Աստրախանի հայ գաղութը ձևավորվել է XVII դ. սկզբին։ Ռուսաստան եկած հայ գաղթականները 1625-ին հանգրվանել են Աստրախանում հիմնած հայկական իջևանատանը։ Պետրոս I և նրա հաջորդները, առևտրին և արհեստներին զարկ տալու նպատակով, հայերին արտոնագրերով հրավիրել են Աստրախան։ Հայ վաճառականությունը խոշոր դեր է ունեցել ռուս-իրանական և, հատկապես, Ռուսաստանի վրայով կատարվող տարանցիկ առևտրում, որի մեջ նրա առևտրական գործարքների տեսակարար կշիռը կազմել է 50%-ից ավելին։

XVIII դ. Աստրախանը մետաքսի և բամբակի արդյունաբերության համառուսական նշանակություն ունեցող կենտրոն էր։ Ջուլհակային ձեռնարկությունների 90% պատկանում էր հայ ձեռնարկատերերին։ XVII դ. սկզբին հայերի թիվը այնտեղ եղել է մոտ 200, XVIII դ. սկզբին՝ մոտ 5000, XIX դ. վերջին՝ մոտ 7500, 1911-ին՝ մոտ 10000 մարդ։ Նրանց ճնշող մեծամասնությունը բանվորներ ու արհեստավորներ էին։ Հայերը պաշտոնապես ազատվել են հարկերից, օգտվել առևտրա-արդյունաբերական գործունեության, դավանանքի ազատության և ներքին կյանքի տնօրինման արտոնություններից։ 1746-ին նրանք կարողացել են նույնիսկ ստեղծել հայկական դատարան (Ռատհաուզ) և ղեկավարվել սեփական օրենսգրքով։ XIX ղ. սկզբից, երբ Աստրախանը կորցրեց իր նախկին տնտեսական կարևոր դերը, ռուսական պետությունը հայերի արտոնությունները հետզհետե սահմանափակեց, այնուհետև վերացրեց։

Աստրախանը եղել է Ռուսաստանի հայկական թեմական կենտրոններից՝ իր թեմակալ եպիսկոպոսով կամ արքեպիսկոպոսով։ Հայերն ունեցել են չորս եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Կատարինե, Ա. Գրիգոր Լուսավորիչ)։ 1795-ին արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը Աստրախանում հիմնել է հայկական տպարան։ XIX դ. սկզբին հիմնադրված հայկական դպրոցները, մասնավոր անձանց ու եկեղեցու միջոցներով, գոյատևել են մինչև XX դ. 20-ական թթ.։ Դրանցից նշանավոր են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817, ուսուցչություն են արել Գ. Պատկանյանը և Գ. Խուբյանը), Հայոց թեմական (1838), Հայկական ծխական (1851), Հայոց իգական (1870) և այլ դպրոցները։ Աստրախանում են հրատարակվել «Արևելյան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-09), «Մեր կյանքը» (1910-12), «Կարմիր բանվոր» (1919) հայկական լրագրերը։

1918–20-ին Հայկական գործերի կոմիսարիատի Աստրախանի բաժանմունքի մշակույթի բաժնին կից (վարիչ՝ Հ. Գյուլիքեխյան) գործել է գեղարվեստա-թատերական ստուդիա (ղեկ. Վ. Վարդանյան), 1925-ին՝ Հայկական թատրոն։ Աստրախանի հետ են կապված XVIII - XIX դդ. հայ հասարակական, քաղաքական և մշակութային մի շարք գործիչների կյանքն ու գործունեությունը (Հովսեփ Արղության, Եփրեմ Ա Ձորագեղցի, Գաբրիել Պատկանյան, Հարություն Ալամդարյան, Մարգար Խոջենցի, Նադեժդա Պապայան

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png