Պետրոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս I
Peter der-Grosse 1838.jpg
Պետրոս I
Իշխանություն Ապրիլի 27, 1682 - Հունվարի 28, 1725
Թագադրում Հունիսի 25, 1682
Ռուսերեն Петр I
Ծնվել է՝ Մայիսի 30, 1672
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Մոսկվա
Մահացել է՝ Հունվարի 28, 1725
Վախճանի վայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Սանկտ Պետերբուրգ
Թաղվել է՝ Պետրոպավլովսկի տաճար, Սանկտ Պետերբուրգ
Ազգություն Ռուս
Հաջորդող Եկատերինա I
Ուղեկից 1) Եվդոկիա Լոպուխինա
2) Եկատերինա Ալեկսեյեվնա
Տոհմ Ռոմանովներ
Հայր Ալեկսեյ Միխայլովիչ
Մայր Նատալյա Կիրիլովնա


Պետրոս I (հայտնի է նաև որպես Պյոտր Ալեքսեևիչ; ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I, կամ Пётр Вели́кий, 1672թ. հունիսի 9 (հին տոմարով՝ մայիսի 30) , 1725թ. փետրվարի 8 (հին տոմարով՝ հունվարի 28), Մոսկովյան պետության արքա Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից) Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։

Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682 թ.` 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից։ Մինչև 1696 թ. Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը։ Եղբոր մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով։ 1698 թ. վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման միջոցով` Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի միջոցով։ Դա թույլ տվեց նրան 1721 թ. հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը: Վերջինիս պատմությունը սկսում է 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը: Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թ., սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ամբողջ ընթացքում։

Պետրոսի վաղ տարիները. 1672-1689 թթ.[խմբագրել]

Պետրոս I-ի ծնունդը

Պետրոս I-ը ծնվել է մայիսի 31-ի գիշերը, 1672 թ.-ին։ Պետրոսի ստույգ ծննդավայրը անհայտ է. որոշ պատմաբաններ ասում էին, որ դա Կրեմլի Տերեմային պալատն էր,[1] իսկ բնակչության խոսքով Պետրոսը ծնվել է Կոլոմենսկոյե գյուղում, նշվում էր նաև Իզմայլովո գյուղը։ [2]

Պետրոս Առաջինը

Հայրը՝ Ալեքսեյ Միխայլովիչն ուներ բազմազավակ ընտանիք՝ Պետրոսը 14-րդն էր, բայց առաջինը երկրորդ կնոջից՝ Նատալյա Նարիշկինայից։ Մի տարի մոր հետ անցկացնելուց հետո նրան կրթություն ստանալու համար տվեցին դայակներին։ Երբ Պետրոսը 4 տարեկան էր, մահացավ նրա հայրը։ Պետրոսին խնամակալ նշանակվեց իր խորթ եղբայր, կնքահայր և նոր արքա Ֆեոդոր Ալեքսեևիչը։ Պետրոսը ստացավ վատ կրթություն և մինչ կյանքի վերջ գրում էր սխալներով՝ օգտագործելով փոքր բառապաշար։ [3] Դա կապված էր նրա հետ, որ այդ ժամանակների Մոսկվայի պատրիարք Իոակիմը` լատինիզացման և արտաքին ազդեցություններից խուսափելու համար թագավորական պալատից հեռացրեց Սիմեոն Պոլոցկու աշակերտներին, ովքեր ուսուցանում էին Պետրոսի ավագ եղբայրներին, և պնդեց, որ նրա կրթությամբ պետք է զբաղվեն ավելի վատ կրթված Ն.Մ. Զոտովն ու Ա. Նեստերովը: Բացի դրանից, Պետրոսը չուներ հնարավորություն կրթություն ստանալ համալսարանի շրջանավարտի կամ միջնակարգ դպրոցի ուսուցչի մոտ, քանի որ այն ժամանակ դեռ չկային ո՛չ համալսարաններ, ո՛չ էլ միջնակարգ դպրոցներ, իսկ հասարակության մեջ առկա էին միայն որոշ թագավորական աշխատակիցներ և բարձր հոգևորականությունը, ովքեր գիտեին միայն ուղղագրություն: Հենց նրանց մոտ էլ Պետրոսը սովորում է ուղղագրություն` 1676-1680 թվականները։

1682 թ.-ի Ստրելեցների ապստամբությունը և Սոֆյա Ալեքսեևնայի իշխանության գալը[խմբագրել]

Ստրելեցները պալատից դուրս են հանում Իվան Նարիշկինին: Սոֆյա Ալեքսեևնան հետևում է ամենին, մինչև Պետրոս I-ը հանգստացնում է մորը:

1682 թ.-ի ապրիլի 27-ին, 6-ամյա գահակալությունից հետո, մահացավ արքա Ֆեոդոր Ալեքսեևիչը։ Հարց ծագեց, թե ով պետք է ժառանգի գահը՝ Իվան V-ը, թե փոքր Պետրոսը։ Պատրիարք Իոակիմի օգնությամբ՝ 1682 թ.-ի ապրիլի 27-ին Նարիշկինները և իրենց կողմնակիցները գահ բարձրացրեցին Պետրոսին։ Ըստ էության՝ իշխանության եկան Նարիշկինները և աքսորից վերադարձած Արտամոն Մատվեևը, ով հռչակվեց «Մեծ Խնամակալ»։ Իվան V-ի կողմնակիցներին շատ դժվար էր իրեն աջակցել, քանի որ նա չէր կարող գահակալել՝ վատ առողջության պատճառով։ Նարիշկինները հայտարարեցին, որ Ֆեոդորը ինքն էր մահից առաջ գահը փոխանցել Պետրոսին, սակայն դրա ոչ մի ապացույց չկա։

Միլոսլավսկիները, Իվան V-ի և արքայադուստր Սոֆյայի բարեկամները դրանում նկատեցին իրենց շահերի խախտում։ Ստրելեցները, որոնցից Մոսկվայում կար ավելի քան 20 000, արդեն որոշ դժգոհություն էին արտահայտում և, Միլոսլավսկիների դրդումով, 1682 թ.-ի մայիսի 15-ին շարժվեցին դեպի Կրեմլ՝ գոչելով, որ Նարիշկինները խեղդել են Իվանին։ Նատալյա Կիրիլովնան, հույս ունենալով, որ կհանգստացնի ապստամբած ամբոխին, Կարմիր պատշգամբ դուրս բերեց Պետրոսին՝ իր եղբոր հետ, սակայն ապստամբությունը չվերջացավ։ Առաջին մի քանի ժամում սպանվեցին Արտամոն Մատվեևը և Նատալյայի բազմաթիվ այլ կողմնակիցներ, այդ թվում նաև նրա երկու եղբայրները։

Մայիսի 26-ին ստրելեցներից ընտրված մի քանի հոգի եկան պալատ և պահանջեցին, որ ավագ եղբայր Իվանը հաստատվի առաջին արքա, իսկ կրտսեր Պետրոսը՝ երկրորդ։ Ապագա ջարդերից խուսափելու համար Նարիշկինները համաձայնվեցին և պատրիարք Իոակիմը միանգամից Ուսպենսկի տաճարում հռչակեց երկու եղբայրներին արքաներ։ Մայիսի 29-ին ստրելեցները պահանջեցին, որ Սոֆյա Ալեքսեևնան իր վրա վերցնի պետության կառավարումը, քանի որ իր եղբայրները շատ փոքր էին։ Նատալյա Կիրիլովնան՝ փոքր Պետրոսի հետ պետք է առանձնանար Մոսկվայի մոտ գտնվող Պրեոբրաժենսկոյե գյուղի պալատում։

Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի պոտեշնի զորքեր[խմբագրել]

Ամբողջ ազատ ժամանակը Պետրոսն անց էր կացնում պալատից դուրս՝ Վորոբյովո և Պրիոբրաժեսնսկոյե գյուղերում։ Ամեն տարի իր մոտ ավելանում էր ռազմական գործի հանդեպ հետաքրքրությունը։ Պետրոսը կազմել էր իր պոտեշնի զորքը, որը կազմված էր իր տարեկիցներից։ 1685 թ.-ին իր զորքը անցավ Պրեոբրաժենսկոյեից՝ Վորոբյովո։ Պետրոսը ծառայում էր որպես թմբկահար։

1686 թ.-ին 14 տարեկան Պետրոսը իր զորքին միացրեց հրետանի։ Հրազենի վարպետ Ֆեոդոր Զոմմերը ցույց էր տալիս նրան հրազենի և նռնակային գործ։ Այդ ժամանակ բերվեցին 16 թնդանոթներ։ Դրանցով կառավարելու համար արքան վերցրեց մեծահասակ աշխատակիցների, ում հագցրեց օտարերկրյա համազգեստ։ Առաջինը հագավ Սերգեյ Բուխվոստովը։ Դրանից հետո Պետրսոը պատվիրեց, ինչպես նա էր անվանում էր, «առաջին ռուս զինվորի» կիսանդրին։ Պոտեշնի զորքը սկսեց անվանվել Պրեոբրաժենսկի զորք։

Պետրոսի նամակը մորը

Պրեոբրաժենսկում՝ պալատի դիմաց, կառուցվեց զվարճական քաղաք։ Ամրոցի կառուցմանը Պետրոսն ինքն էր շատ օգնում՝ փայտ էր կտրում, տեղադրում էր թնդանոթներ։ Այստեղ կար նաև եկեղեցի՝ ռուս ուղղափառ եկեղեցու որոշ պարոդիա։ Ամրոցն անվանվեց «Պրեշբուրգ»։ Հնարավոր է, որ դա կապված էր այն ժամանակ շատ հայտնի ավստրիական Պրեսբուրգ ամրոցի հետ, որի մասին նա լսել էր կապիտան Զոմմերից։ Նույն ժամանակ՝ 1686 թ.-ին այնտեղ հայտնվեցին նաև մի քանի նավեր։ Այդ տարիներին Պետրոսը հետաքրքրվում էր բոլոր գիտություններով, որոնք կապված էին ռազմական գործի հետ։ Հոլանդացի մասնագետ Տիմմերմանի ղեկավարությամբ նա ուսանում էր հանրահաշիվ, երկրաչափություն, ռազմական գիտություններ։

1688 թ.-ին զորքը կազմված էր արդեն երկու գնդից։ Նրանց էր միացել Սեմյոնովսկոյե գյուղի զորքը։ Պրեշբուրգն արդեն իսկապես նմանվում էր իրական ամրոցի։ Գնդերի կառավարման և ռազմական գիտության ուսումնասիրության համար պահանջվում էին փորձառու մարդիկ, սակայն ռուսների մոտ այդպիսիք չկային։ Այդպես Պետրոսը հայտնվեց գերմանական սլոբոդայում։

Պետրոս I-ի առաջին ամուսնությունը[խմբագրել]

Գերմանական սլոբոդան մոտ էր գտնվում Պրեոբրաժենսկոյե գյուղին, և Պետրոսը որոշ չափով ուշադրություն էր դարձնում այնտեղի կյանքին։ Պետրոսի հետ էին աշխատում ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ։ Օրինակ՝ Ֆրանց Տիմմերմանը և Կարշտեն Բրանդտը գերմանական սլոբոդայից էին։ Այս ամենը բերեց նրան, որ արքան այդ սլոբոդայի հաճախակի հյուրն էր, որտեղ շուտով դարձավ օտարերկրյա կյանքի երկրպագու։ Պետրոսն սկսեց գերմանական ծխամորճ ծխել, հաճախել գերմանական խնջույքներ՝ պարերով և խմիչքով, ծանոթացավ Պատրիկ Գորդոնի, Ֆրանց Լեֆորտի հետ, սկսեց սիրաբանել Աննա Մոնսին։ Դրան խիստ դեմ էր նրա մայրը։ Որպեսզի խելքի բերի 17 տարեկան զավակին, Նատալյա Կիրիլովնան որոշեց ամուսնացնել նրան Եվդոկիա Լոպուխինայի հետ։

Պետրոս Առաջինն ու Եվդոկիա Լոպուխինան

Պետրոսը չէր հակառակվում մորը և 1689 թ.-ի հունվարի 27-ին կայացավ կրտսեր արքայի ամուսնությունը։ Չնայած դրան՝ մի ամիս հետո Պետրոսը լքեց կնոջը և գնաց մի քանի օրով Պլեշեևո լիճ։ Այս ամուսնությունից Պետրոսն ունեցավ երկու զավակ։ Ավագը, Ալեքսեյը, մինչև 1718 թ. մնաց թագաժառանգ, իսկ կրտսերը՝ Ալեքսանդրը, մահացավ մանկության տարիներին։

Պետրոս I-ի գահ բարձրանալը[խմբագրել]

Պետրոսի ակտիվությունը շատ էր անհանգստացնում Սոֆյա Ալեքսեևնային, ով հասկանում էր, որ երբ ազատ եղբայրը դառնա չափահաս, նրան պետք կլինի հրաժարվել իշխանությունից։ Մի ժամանակ նրա կողմնակիցները Սոֆյային գահ բարձրացնելու նախագիծ էին մշակել, սակայն պատրիարք Իոակիմը կտրականապես դեմ էր դրան։

1687 և 1689 թթ.-ին Ղրիմի թաթարների հետ պատերազմները Սոֆյայի ֆավորիտ Վ. Վ. Գոլիցինի կողմից քիչ հաջողակ էին, սակայն ներկայացվում էին որպես մեծ հաղթանակներ և առատորեն վարձատրվում էին, ինչը շատերի դժգոհությունների պատճառ էր դառնում։ 1689 թ.-ի հուլիսի 8-ին տեղի ունեցավ առաջին հրապարակային ընդհարումը՝ Պետրոսի և Սոֆյայի միջև։ 1689 թ.-ի օգոստոսի 7-ին հանկարծակի տեղի ունեցավ որոշիչ իրադարձությունը։ Այդ օրը Սոֆյա Ալեքսեևնան հրամայել էր ստրելեցների ղեկավարին՝ Ֆեոդոր Շակլովիտին ավելի շատ մարդ բերել Կրեմլ, իբրև թե Դոնի վանք ուխտագնացության համար։ Նույն ժամանակ լուրեր տարածվեցին նամակի մասին, որում նշված էր, թե արքա Պետրոսը գիշերը որոշել է իր պոտեշնի զորքի հետ գրավել Կրեմլը, սպանել Սոֆյային, ավագ եղբայր Իվանին և վերցնել իշխանությունը։

Սոֆյա Ալեքսեևնան

Ստրելեցների մեջ Պետրոսի կողմնակիցները երկու համախոհների ուղարկեցին Պրեոբրաժենսկոյե։ Դա իմանալուց հետո Պետրոսը փոքր շքախմբի հետ սլացավ Տրոիցե-Սերգիյան մայրավանք։ Ստրելեցների ցույցերից ապրած սարսափի հետևանքը եղավ Պետրոսի հիվանդությունը. ուժեղ անհանգստության դեպքում նրա դեմքին սկսվում էին ջղաձգային շարժումներ։ Օգոստոսի 8-ին վանք եկան երկու թագուհիներ՝ Նատալյան և Եվդոկիան, նրանցից հետո էլ՝ պոտեշնի գնդերը։ Օգոստոսի 16-ին Պետրոսը հրամայեց, որ բոլոր գնդերից այդ վանք ուղարկվեն ղեկավարները և 10 հոգի շարքային զինվորներ։ Սոֆյա Ալեքսեևնան կտրականապես արգելեց այդ հրամանն իրականացնել, իսկ Պետրոսին տեղեկացրեցին, որ նրա խնդրանքը չի կատարվել։

Օգոստոսի 27-ին եկավ Պետրոսի նոր հրամանը, ըստ որի բոլոր գնդերը պետք է գային վանք։ Զորքից մեծամասնությունը ենթարկվեց իրական արքային, և Սոֆյան ընդունեց պարտությունը։ Նա ինքը փորձեց գալ այդտեղ, սակայն Վոզդվիժենսկոյե գյուղում նրան հանդիպեցին Պետրոսի մարդիկ և հրամայեցին ետ վերադառնալ Մոսկվա։ Շուտով Սոֆյային փակեցին Նովոդևիչի վանքում։

Հոկտեմբերի 7-ին բռնեցին, իսկ այնուհետև` մահապատժի ենթարկեցին Ֆեոդոր Շակլովիտին։ Ավագ եղբայր Իվանը դիմավորեց Պետրոսին Ուսպեսնկի տաճարում և, ըստ էության, տվեց նրան ամբողջ իշխանությունը։ 1689 թ.-ից նա չէր մասնակցում ղեկավարման գործին, չնայած մինչև մահ՝ 1696 թ.-ի փետրվարի 8-ը, հանդիսանում էր առաջին արքա։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ․ Բոգոսլովսկի «Պետրոս Մեծ․ կենսագրական նյութեր», Խմբ․՝ Ս․ Շմիդտ, Մոսկվա, էջ 11
  2. Որտե՞ղ է ծնվել Կայսեր Պետրոս I-ը// Русский зритель, հատոր 1, 1828
  3. Ն․ Արիստով «Պետրոս Մեծի նախնական կրթությունը», 1875, էջ 470-488