Բաքվի 26 կոմիսարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Շահումյան

Բաքվի 26 կոմիսարներ, Բաքվի կոմունայի անդամ «ձախ» էսէռականներ և բոլշևիկներ, որոնք կոմունայի անկումից հետո 1918 թվականի սեպտեմբերի 20-ին գնդակահարվեցին էսէռականների կողմից։

Բաքվում խորհրդային իշխանության անկումից հետո, 1918 թվականի օգոստոսի 10-ին բոլշևիկները որոշեցին փախչել Բաքվից և հիմնական ուժերով էվակուացվել դեպի խորհրդային Աստրախան։ Օգոստոսի 14-ին 16 նավերից բաղկացած քարավանը շարժվեց դեպի Աստրախան։ Փոթորկի պատճառով նավախումբը երկու օր կանգնեց բաց ծովում՝ Բաքվից 60 կմ հեռավորության վրա։ Օգոստոսի 16-ին նրան շրջապատեցին «Կենտրոնական կասպիական բռնապետության» ռազմանավերը և հրետանային կրակոցների սպառնալիքի տակ ստիպեցին վերադառնալ Բաքու, որտեղ 35 խորհրդային աշխատողների ձերբակալեցին և բանտ նետեցին։ Դրանց թվում էին կուսակցության Կենտկոմի անդամ, խորհրդային կառավարության Կովկասյան գործերի արտակարգ կոմիսար, Բաքվի ժողկոմխորի նախագահ Ստեփան Շահումյանը, կուսակցության Կենտկոմի անդամության թեկնածու, Բաքվի խորհրդի նախագահ, ներքին գործերի կոմիսար Պրոկոֆի Ջափարիձեն, Բաքվի ժողկոմխորի նահանգական կոմիսար Մեշադի Ազիզբեկովը, ժողովրդական տնտեսության գործերի կոմիսար Իվան Ֆիոլետովը, ռազմածովային գործերի ժողկոմ Գրիգոր Կորգանովը, աշխատանքի կոմիսար Յակով Զևինը, հողագործության ժողկոմ Միր-Հասան Վեզիրովը, կուսակցական, խորհրդային և ռազմական ուրիշ գործիչներ։ «Կենտրոնական կասպիական բռնապետության» կառավարության և անգլիական օկուպացիոն զորքերի հրամանատարության որոշմամբ Բաքվի կոմիսարները պետական դավաճանության մեղադրանքով պետք է հանձնվեին ռազմադաշտային դատարանին և նախօրոք ընդունված վճռով գնդակահարվեին։

Սակայն նրանք չկարողացան այդ որոշումը անմիջապես իրականացնել, որովհետև անգլիացիներն ու Կենտրոնական կասպիական բռնապետության կառավարողները թուրքական զորքերի հարձակման սպառնալիքի տակ սեպտեմբերի 14-ին խուճապահար հեռացան Բաքվից՝ բանտում թողնելով կոմիսարներին։ Ձերբակալությունից ազատ մնացած մի խումբ բոլշևիկների ջանքերով օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, քաղաքը թուրքական բանդաների կողմից գրավվելուց երեք ժամ առաջ, Բաքվի 26 կոմիսարները բանտից ազատվեցին։ Կոմիսարները պետք է նավահանգստում սպասող «Սևան» շոգենավով էվակուացվեին Աստրախան, սակայն նախատեսված պլանը ձախողվեց։ «Սևան» շոգենավը, թուրքական հրետանու կրակի մոտենալու պատճառով, հեռացել էր բաց ծով։ Նրանց հաջողվեց տեղավորվել «Թուրքմեն» շոգենավում, որը գտնվում էր խորհրդային պարտիզանական ջոկատի հրամանատար Թ․ Ամիրովի տրամադրության տակ և ուղևորվելու էր Աստրախան։ Բայց «Թուրքմենի» հակահեղափոխականորեն տրամադրված հրամանատարական կազմի մի մասի, անգլիացի սպաների պահանջով, նավն ուղեվորվեց Կրասնովոդսկ, ուր տնօրինում էին անգլիական օկուպացիոն զորքերը և տեղական էսեռական կառավարությունը։ Սեպտեմբերի 16-ին էսեռական իշխանությունները գնդապետ Բատինի և անգլիացի սպաների ներկայությամբ, մատնիչների օգնությամբ ձերբակալեցին կոմիսարներին։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ձերբակալվածներից առանձնացվեց 25 հոգի՝ այն ցուցակով, որ մնացել էր Գրիգոր Կորգանովի մոտ (Բաքվի բանտում, որպես ավագ, Կորգանովը ըստ այդ ցուցակի բաժանում էր դրսից ստացված պարենամթերքը)։ Կրասնովոդսկում այդ ցուցակը համալրեցին կոմունայի ղեկավար գործիչների ցուցակ, ավելացրեցին նաև «Թուրքմենի» նավապետ Թ․ Ամիրովին, և այսպիսով ստացվեց 26 հոգի, որոնք 1918 թվականի սեպտեմբերի 20-ի լուսաբացին գնդակահարվեցին։ Բաքվի 26 կոմիսարների գնդակահարության մասին որոշումը կայացվել է անգլիական ռազմական միսիայի (գեներալ Ու․ Մալեսոն, կապիտան Ռ․ Տիգ–Զոնս) և էսեռական կառավարության (Ֆ․ Ֆունտիկով, Կուրիլյով, Ս․ Դրուժկին, Լ․ Զիմին, Վ․ Կուն) կողմից։

Բաքվի 26 կոմիսարների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաակ Բրոդսկի: Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը:
  1. Բաղդասար Ավագյան՝ Բաքվի պարետ։
  2. Մեշադի Ազիզբեկով՝ Բաքվի նահանգային կոմիսար։
  3. Թադևոս Ամիրյան՝ «ՀՅԴ» անդամ, հեծյալ զորաջոկատի հրամանատար։
  4. Արսեն Ամիրյան՝ «Բաքվեցի բանվոր» թերթի խմբագիր։
  5. Մեեր Բասին՝ Կովկասի բանակի Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։
  6. Էյժեն Բերգ՝ նավաստի, Բաքվի խորհրդային զորքերի կապի հրամանատար։
  7. Անատոլի Բոգդանով՝ ծառայող։
  8. Սողոմոն Բոգդանով՝ Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։
  9. Արմենակ Բորյան՝ լրագրող։
  10. Միր-Հասան Վեզիրով՝ հողագործության ժողկոմ։
  11. Իվան Գաբիշև՝ բրիգադի կոմիսար։
  12. Պրոկոֆի Ջափարիձե՝ Բաքվի բանվորներական, գյուղացիական, զինվորական, նավաստիական դեպուտատների ներկայացուցիչ։
  13. Յակով Զևին՝ աշխատանքի ժողկոմ։
  14. Մարկ Կորգանով՝ Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։
  15. Գրիգոր Կորգանով՝ ռազմածովային գործերի ժողկոմ։
  16. Արամ Կոստանդյան՝ պարենամթերքի ժողկոմի տեղակալ
  17. Իվան Մալիգին՝ Կովկասի բանակի Ռազմահեղափոխական կոմիտեի ղեկավարի տեղակալ, ժողովրդական կոմիսարիատի ռազմածովային գործերի կոլեգիայի անդամ։
  18. Իրակլի Մետաքսա՝ Շահումյանի անձնական թիկնապահ։
  19. Իսայ Միշնե՝ գործավար։
  20. Իվան Նիկոլայշվիլի՝ Ջափարիձեի անձնական թիկնապահ
  21. Սուրեն Հովսեփյան՝ «Բաքվի խորհրդի տեղեկագիր» թերթի խմբագիր։
  22. Գրիգորի Պետրով՝ Բաքվի շրջանի ռազմական կոմիսար, կարմիրգվարդիական ջոկատի հրամանատար։
  23. Վլադիմիր Պոլուխին՝ ՌԽՖՍՀ ռազմածովային գործերի կոլեգիայի անդամ։
  24. Ֆյոդոր Սոլնցև՝ ռազմական աշխատող, ռազմախորհրդական դպրոցի կոմիսար։
  25. Իվան Ֆիոլետով՝ Ժողովրդական տնտեսության խորհրդի ղեկավար։
  26. Ստեփան Շահումյան՝ Կովկասի արտակարգ կոմիսար, Բաքվի ժողկոմխորի ղեկավար։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի սեպտեմբերի 8-ին, Ախչա–Կումայի ավազուտներից կոմիսարների աճյունները տեղափոխվեցին Բաքու և հանդիսավոր պայմաններում հողին հանձնվեցին, վայրը անվանվեց «26 կոմիսարների հրապարակ»։ 1958 թվականին հրապարակում դրվել է հուշարձան (քանդակագործ՝ Ս․ Մերկուրով)։ 1968 թվականին կառուցվել է պանթեոն։ 26 կոմիսարների հիշատակը հավերժացվել է․ «Բաքվի 26 կոմիսարների» անունն են կրում քաղաքային շրջաններ (Բաքվում, Երևանում) հրապարակներ, Փողոցներ (Բաքվում, Թբիլիսիում, Երևանում) և դպրոցներ Անդրկովկասի շատ քաղաքներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Токаржевский Е․ А․, Из истории иностранной интервенции и гражданской войны в Азербайджане, Баку, 1957;
  • Кадишев А․ Б․, Интервенция и гражданская война в Закавказье, М․, 1960․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի 26 կոմիսարներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 346