Անտիսթենես
Անտիսթենես (հին հունարեն՝ Άντισθένης; մ.թ.ա. 444/435 թթ., Անենք — մ.թ.ա. 370/360 թթ., Աթենք), հին հույն փիլիսոփա, կինիկների (գրաբարում` շնականներ[1]) սոկրատական փիլիսոփայական դպրոցի հիմնադիր և գլխավոր տեսաբան:
Ուսուցանում էր, որ պետք է ձգտել նվազագույնի հասցնել մարդու նյութական պահանջմունքները` օրինակ վերցնելով ամեն մի կենդանի էակից, ասենք թե շնից, որը ավելի ճիշտ է ապրում, քան մարդը: Տեսնելով, թե ինչպես նյութական բարիքներին ձգտելը ստիպում է մարդկանց դիմել խարդախության, կեղծիքի և այլ անբարոյականությունների, առաջարկում է հրաժարվել այդ բարիքներից հոգու մաքրությունը, անկախությունը իշխանություններից և արժանապատվությունը պահպանելու համար: Բարոյագիտության մեջ Անտիսթենեսը հետևել է Սոկրատեսին՝ ընդօրինակելով նրա հաստատակամությունը, տոկունությունը, զսպվածությունը զգայական հաճույքների նկատմամբ, նմանվելով նրան սառնասրտությամբ: Գտնում էր, որ նյութական բարիքները, հարստությունը անբարոյականության աղբյուր են, իսկ մարմնական հաճույքների նկատմամբ պետք է զսպվածություն ցուցաբերել, զգայական հաճույքներին հակադրում է հոգևոր արժեքները, որոնց հանդեպ ձգտումը հայտարարում է մարդկային գոյության իմաստ: Երջանկության ու ազատության միակ ճանապարհը սեփական պահանջմունքները նվազագույնի հասցնելն է, որը մարդուն մոտեցնում է կենդանուն: Այդ ուղին ընտրելու համար պետք է լինել առաքինի, դրսևորել կամք: Ըստ նրա` առաքինությունը միակն է բոլորի համար, այն չի կարող ոչ ոք խլել, և բոլոր մարդիկ, որոնք ձգտում են առաքինության, իրար նկատմամբ բնական ընկերներ են: Եթե երջանկությունը կյանքի նպատակն է, ապա առաքինությունը նրան հասնելու միջոցն է:
Գիտելիքը այն է, ինչը կարող է արտահայտվել հասկացության միջոցով: Տալիս է հասկացության սահմանումը. հասկացությունն այն է, ինչը ի հայտ է բերում, թե ինչ է կամ ինչ է լինում այս կամ այն առարկան: Նկատելով, որ ամեն սահմանում օժտված է միակողմանիությամբ և չի կարող արտահայտել առարկայի ողջ էությունը, նա պնդում էր, որ լիարժեք, համակողմանի սահմանումը հնարավոր չէ: Անդրադառնալով ընդհանուրի և եզակիի փոխհարաբերության խնդրին՝ գտնում էր, որ գոյություն ունեն միայն եզակի զգայական իրեր, իսկ ընդհանուրը միայն անվանում է: Մենք կարող ենք տեսնել կոնկրետ, զգայական, կենդանի ձիուն, բայց ոչ ձիությունը:
Անտիսթենեսը կողմնակից էր ոչ թե քաղաքական, դասակարգային ազնվականության, այլ` հոգևոր, որից բխում էր արհամարհանքը ամբոխի, մեծամասնության հանդեպ: Ըստ նրա` առաքինության չափանիշ կարող է լինել միայն կինիկյան ուսմունքին հետևորդ իմաստունը:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 316