Էսքիլես
| Էսքիլես | |
|---|---|
(Հույն ողբերգակ) |
|
| ԱԱՀ՝ | Էսքիլոս |
| Ծննդյան օր՝ | մ.թ.ա.525, |
| Ծննդավայր՝ | Էլևսին (Աթենք) |
| Վախճանի օր՝ | մ.թ.ա.456, |
| Վախճանի վայր՝ | Գելե |
Էսքիլոս (մ.թ.ա. 525-456), հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, կանգնած է ողբերգության` որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։
Կենսագրությունը[խմբագրել]
Ծնվել է մ.թ.ա. 525թ. Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում: Նրա հայրն` Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլոսը ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլոսը թեև կողմակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Էսքիլոսի կյանքը զուգադիպել է հունա-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին, մասնակցել է Մարաթոնի ճակատամարտին (մ.թ.ա 490թ.), որի ընթացքում ծանր վիրավորվել է։ Մասնակցել է նաև Սալամիսի (մ.թ.ա. 480թ) և Պլատեայի (մ.թ.ա. 479 թ.) ճակատամարտներին։
Իր առաջին ողբերգությունը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Մոտ 472թ. Էսքիլոսը հեռացել է Աթենքից Սիկիլիա, որտեղ բեմադրել է իր ողբերգությունները։ Վերադարձել է Աթենք 468թ.։ Ողբերգակի մահից երկու տարի առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է նրա «Օրեստիա» տետրալոգիան, որից հետո Էսքիլոսն անհասկանալի պատճառով նորից մեկնել է Սիկիլիա։ Մ.թ.ա. 456թ. նա վախճանվել է և թաղվել է Գելե քաղաքում։
Նրա մահվան շուրջը հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլոսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան,` պատյանը ջախջախելու համար։ Կրիան ընկնում է Էսքիլոսի գլխին և սպանում նրան։
Ստեղծագործությունները[խմբագրել]
Էսքիլոսը գրել է մոտ 90 դրամատիկական գրվածքներ (հիմնականում ողբերգություններ), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն յոթը։ Դրանք են` Խնդրարկուներ, Պարսիկներ, Յոթն ընդդեմ Թեբեի, Պրոմեթևսը շղթայված, Ագամեմնոն, Քոեփորներ, Եվմենիդներ (վերջին երեքը մտնում են Օրեստիա եռագրության մեջ)
Աղբյուրներ[խմբագրել]
- Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990