Աղոթք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nicolaas Meas - Biddende oude vrouw.jpg

Աղոթք, աղաչանք առ Աստված կամ այլ գերբնական ուժ, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո կամ այլ գերբնական ուժի հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց։ Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաμանում μառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը «աղ»-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ։ Իսկ «ոթք»-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա)։

Աղոթքը քրիստոնեության մեջ[խմբագրել]

Քրիստոնեական հավատի համաձայն, աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականն է Սուրբ Հոգին «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26)։ Նոր Կտակարանում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ աղոթքները և Գեթսեմանիում նրա Ա-ի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը։ Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26)։ Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17)։ Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող աղոթքները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7)։ Ըստ եկեղեցու հայրերի ուսուցումների, աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային μազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի, IV–V դդ.)։ Առանց հավատի աղոթքն անուժ է, և միայն հավատից բխող աղոթքն է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն։

Գրիգոր Տաթևացին տվել է աղոթքի տասը հիմն. խորհուրդներ՝ վերցված Աստվածաշնչից և եկեղեցու հայրերից, որտեղ նա աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս. Հոգով, և կարևորել աղոթքի՝ որպես կատարելության հասնելու միջոց։ Ըստ Գրիգոր Տաթևացու, աղոթքի «սրբությունները» երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը դրանց միջոցով է կատարվում։ Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր μարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից։ Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից։ Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է։ Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ. մարդաμանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ)։

Կան անհատական և հրապարակային կամ հասարակական աղոթքներ։ Անհատի աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու։ Իսկ «հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաμան աղոթում ենք¦ (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.): Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանաբանական, բարեխոսական ևն: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խընդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»։

Աղոթքը մեծ տեղ և խորհրդապաշտական նշանակություն ունի ճգնակեցական կյանքում։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքն իր հոգևոր և կրոն. հասկացությամμ խորհրդապաշտ. բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (μացի μողոքական եկե-ղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը։

Որպես ամենատարածված աղոթք քրիստոնյաների համար կարելի է համարել «Հայր Մեր»ը

Աղբյուր[խմբագրել]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։