Ֆրիդրիխ Նիցշե
| Ամբողջ անուն | Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե |
|---|---|
| Ծնունդ | 1844 թ.-ի հոկտեմբերի 15 Ռյոքենում, Պրուսիա |
| Մահ | 1900 թ-ի օգոստոսի 25 Վայմարում, Պրուսիա |
Ֆրիդրիխ Նիցշե (գերմ. Friedrich Wilhelm Nietzsche, հոկտեմբերի 15, 1844, Լյուտցենին մերձ Ռյոքեն բնակավայր - օգոստոսի 25, 1900, Վայմար) --- գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում: Ինը տարի անց ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան: Այդ ժամանակվանից նա, իբրև անհայրենիք և չճանաված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: 45 տարեկանից իրենց զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները: Մնացյալ կյանքը ապրում է իբրև անաշխատունակ և անմեղսունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, մինչև 55 տարեկանում կնքում է իր մահկանացուն: 1890 թվականից ամբողջ աշխարհով մեկ տարածվող իր փառքին նա անհաղորդ է մնում:
Ստեղծագործական առաջին տարիներից ըմբոստանում է փիլիսոփայության մեջ իր կուռքի` Շոպենհաուերի դեմ, որի փիլիսոփայությունը մշտապես մեկնաբանվում է իբրև հոռետեսություն, ինչի քննադատությունը նրա երկերի կենտրոնական թեմաներից է: Նրա փիլիսոփայությունը բարոյականության, կրոնի, փիլիսոփայության, գիտության և արվեստի սուր քննադատություն է: Ժամանակակից մշակույթի հիմնական բնույթը, ըստ նրա, անկումայնությունն է, հակառակ անտիկ Հունաստանի մշակույթի: Նիցշեն շարունակ անդրադառնում է քրիստոնեական բարոյականությանը և քրիստոնեական ու պլատոնական մետաֆիզիկային: Նա ճշմարտության արժեքը ընդհանրապես հարցականի տակ է դնում: Գերմարդու, առ իշխանություն կամքի և հավերժական վերադարձի կոնցեպտները այսօր էլ բուռն բանավեճերի և մեկնաբանությունների կենտրոնում են:
Նիցշեի միտքը փիլիսոփայության համար շրջադարձային նշանակություն ունի: Նրա գրությունները համակարգված շարադրանքից զերծ են: Նա փիլիսոփայության մեջ այն փոխարինեց ասույթով: Նրա ոճը, նրա գրությունների, բանաստեղծական ժառանգության և պաթեթիկ-քնարական շնչով գրված «Այսպես խոսեց Զրադաշտը» երկի հետ միասին, ապահովել են նաև նրա գրողական կշիռը։ Ամենևին չափազանցություն չէ, երբ Գոթֆրիդ Բեննը գում է. «Նա մեր ժամանակաշրջանի երկրաշարժն էր և Մարտին Լութերից հետո գերմանացի մեծագույն հանճարը»։
[խմբագրել] Կյանքը
[խմբագրել] Պատանեկությունը (1844–1869)
Ֆրիդրիխ Նիցշեն ծնվել է 1844 թ.-ի հոկտեմբերի 15-ին, Ռյոքենում, Լյուտցենին մերձ մի գյուղում, պրուսական Զախսեն գավառում (այսօր` Զախզեն-Անհալթ): Հայրը` լութերական քահանա Կարլ Լուդվիգ Նիցշե և մայրը` Ֆրանցիսկա Օյլեր: Ընտանիքի արմատները հասնում են մինչև 16-րդ դար, և Նիցշեի պնդումները, թե ինքը լեհական ծագում ունի, ավելի շատ համապատասխանում է նրա հակագերմանական տրամադրություններին, քան իրականությանը։ Քույրը՝ Էլիզաբեթը, որը հետագայում վճռական դեր կխաղա եղբոր ժառանգության հրատարակման, մեկնաբանման և խեղաթյուրման գործում, ծնվել է 1846 թ.-ին: 1849 թ-ին, հոր մահից հետո, ընտանիքը տեղափոխվում է Նաումբուրգ։
1850-1856 թթ. Նիցշեն մոր, քրոջ, տատի և երկու չամուսնացած հորաքույրերի և աղախնի հետ ապրում է Նաումբուրգում: 1856 թ.-ին մահացած տատի թողած ժառանգությամբ ընտանիքը հնարավորություն է ստանում բնակարան վարձել: Պատանի Նիցշեն սկզբում այցելում է արական ընդհանուր դպրոց, որտեղ իրեն մեկուսացված է զգում: Շուտով տեղափոխվում է մասնավոր դպրոց: Այնուհետև 1854 թ.-ից այցելում է Նաումբուրգի եկեղեցական գիմնազիա: Արդեն այստեղ ի հայտ են գալիս նրա երաժշտական և գրական հակումները: 1858 թ.-ի հոկտեմբերի 5-ից ընդունվում է Պֆորտայի տեղական դպրոց, որտեղ ուսումը շարունակում է մինչև 1864 թ.-ը: Այստեղ ծանոթանում է Պաուլ Դոյսենի և Կառլ ֆոն Գերսդորֆի հետ, որոնց ընկերությունը մշտական է: Առաջադիմությունը լավ է, ազատ ժամանակ բանաստեղծություններ և երաժշտություն է գրում: Շուլպֆորտայում ի հայտ է գալիս անտիկ մշակույթի հանդեպ նրա հակումը, որը ուղեկցվում է իր ընտանիքի մանր-բուրժուական կենցաղավարության և քրիստոնեական աշխարհի հետ դիստանցիայով:
1864/65-ի ձմեռային քննաշրջանում Նիցշեն սկսում է դասական բանասիրություն ուսանել Բոննի համալսարանում: Ուսումնասիրում է ավետարանական աստվածաբանություն: Պ. Դոյսենի հետ դառնում է բոննյան Ֆրանկաֆոնիա ուսանողական կորպորացիայի անդամ և մի տարի անց թողնում է այն: Խորանում է երիտասարդհեգելականների երկերի ուսումնասիրության մեջ, կարդում է Դավիդ Ֆրիդրիխ Շտրաուսի Հիսուսի կյանքը, Լուդվիգ Ֆոյերբախի Քրիստոնեության էությունը և Բռունո Բաուերի աշխատանքները: Այս ամենը արագացնում է աստվածաբանությունը ընդհատելու նրա որոշումը, ինչը խորունկ հիասթափության մեջ է գցում մորը: Որոշում է ամբողջովին կենտրոնանալ դասական բանասիրության ուսումնասիրության վրա, սակայն իր դրությունը Բոննում նրան չի գոհացնում: Իր ուսուցիչ Ֆրիդրիխ Ռիչլի միջնորդությամբ տեղափոխվում է Լայպցիգ: Հռչակավոր բանասերը Նիցշեի համար միառժամանակ հայրական կերպար է դառնում, մինչև նրա հանդիպումը Ռիխարդ Վագների հետ: 1865 թ.-ի հոկտեմբերին իր համար հայտնաբերում է Արթուր Շոպենհաուերին, որը նրա վրա ցնցող ազդեցություն է թողնում: Մյուս փիլիսոփան, որին այդ շրջանում մեծարում է, Ֆրիդրիխ Ալբերտ Լանգեն է, ում Մատերիալիզմի պատմությունը գիրքը նոր է լույս տեսել: Ծանոթանում է իր մտերիմ ընկերներից Էրվին Ռոդեի հետ: 1867 թ.-ին կամավոր մասնակցում է այսպես կոչված գերմանական պատերազմին, իբրև հրետանավոր: Մի տարի անց զորացրվում է` ձիուց ընկնելու պատճառով համարվելով ծառայության համար անպիտան: 1868 թ.-ին առաջին անգամ այցելում է Ռիխարդ Վագներին:
[խմբագրել] Պրոֆեսոր Բազելում (1869–1879)
Ֆրիդրիխ Ռիչլի հանձնարարականով Նիցշեն, առանց պաշտպանության և գիտական աստիճանի, հրավիրվում է Բազելի համալսարան, իբրև դասական բանասիրության արտակարգ պրոֆեսոր: Այդ շրջանի բանասիրական կարևորագույն հայտնագործությունը համարվում է այն, որ անտիկ տաղաչափությունը հիմնվում է միայն վանկերի երկարության վրա (քանակային սկզբունք), ի հակադրություն ժամանակակից շեշտային տաղաչափության:
Բազելում սեփական կամքով հրաժարվում է պրուսական հպատակությունից և մինչև կյանքի վերջը որևէ քաղաքացիություն չի ընդունում, թեև գերմանական կողմում իբրև սանիտար մասնակցում է գերմանա-ֆրանսիական պատերազմին: Գերմանական կայսրության հիմնումը և Օտտո ֆոն Բիսմարկի դարաշրջանը ընդունում է հիմնավոր թերահավատությամբ:
1870 թ.-ից Բազելում սկսվում է բարեկամությունը Ֆրանց Օվերբեքի հետ, որը տևում է մինչև նրա խելագարությունը: Նիցշեին գնահատում է նաև Յակոբ Բուրքհարդտը, որը, այնուամենայնիվ, իրեն նրանից որոշակի հեռավորության վրա է պահում:
Բազելյան շրջանում հաճախ հյուրընկալվում է Ռիխարդ Վագներին և նրա կնոջը` Կոզիմային, Տրիբշենի նրանց կալվածքում:
1872 թ.-ին Նիցշեն հրատարակում է Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց` իր առաջին մեծ գիրքը, որը ողբերգության ծագման իր ուսումնասիրությամբ զուտ բանասիրական մեթոդը փոխարինում է փիլիսոփայական հայեցողությամբ, ինչը բանասիրության նրա հին ընկերները, նաև Ռիչլը, չեն հասկանում, մերժում են և մահացու ծաղրի ենթարկում: Ոիլրիխ ֆոն Վիլամովից-Մոյլենդորֆը ոչնչացնող գրախոսություն է գրում: Նրան պաշտպանում են Էրվին Ռոդեն և Ռիխարդ Վագները:
Հուսացված արձագանքին չեն արժանանում նաև չորս Անժամանակյա դիտարկումներ -ը, որոնք հրապարակվում են 1873-1876 թթ.: Վագների շրջապատում ծանոթանում է Մալվիդա ֆոն Մայզենբուգի և Հանս ֆոն Բյուլովի, ինչպես նաև Պաուլ Ռեի հետ: Վագների տանը նա իրեն զգում է վերջինիս երաժշտության պրոպագանդիստի դերում, ինչը նրան հուսախաբ է անում, իսկ 1876 թ.-ի Բայրոյթյան փառատոնը, ներկայացումների բանալությամբ և հասարակության միջակությամբ, նրան ստիպում է հեռանալ Վագներից և վագներականներից: Հետագա հարաբերությունները պատերազմական են և աշխարհայացքով գրեթե թշնամական:
1878 թ.-ին հրատարակված Մարդկային, չափազանց մարդկային գիրքը ի հայտ է բերում ոչ միայն վագներյան գեղագիտությունից, այլ նաև շոպենհաուերյան փիլիսոփայության հոռետեսությունից վերջնական հեռացումը: Նկատելիորեն սառչում են հարաբերությունները նաև Դոյսենի և Ռոդեի հետ: Այս շրջանում ամուսնանալու մի քանի անհաջող փորձ է անում:
Մանկությունից գլուխ բարձրացրած հիվանդությունները (սաստիկ կարճատեսությունը, որը գրեթե կուրության է փոխվում, գլխացավերի նոպաները և անընդհատական որովայնային խանգարումները) նրան ստիպում են աշխատել երկարատև ընդմիջումներով և որոշակի կենսապայմաններում: 1879 թ-ին այդ ամենը նրան ստիպում է վաղաժամ թոշակավորվել:
[խմբագրել] Ազատ փիլիսոփան (1879–1889)
Մշտական հիվանդությունների պատճառով ստիպված լինելով ապրելու համար մշտապես բարենպաստ կլիմայական պայմաններ ապահովող վայրեր փնտրել` Նիցշեն շատ է ճանապարհորդում և մինչև 1889 թ.-ը բազմաթիվ բնակավայրեր է փոխում: Ազատ հեղինակի կյանքը նա ստիպված է ապահովել իրեն հատկացված թոշակով և ընկերների երբեմնակի օգնությամբ: Ամառը լինում է Սիլս-Մարիայում, ձմռանը` գերազանցապես Իտալիայում (Ջենովա, Ռապալլո, Տուրին), ինչպես նաև Նիցցայում: Երբեմն Նաումբուրգում այցելում է հարազատներին, մշտապես գժտվում և դարձյալ հաշտվում է քրոջ հետ: Նրա աշակերտ Պետեր Գաստը (բուն անվամբ` Հայնրիխ Կյոզելից) երբեմն մասնավոր քարտուղարություն է անում գրեթե կիսակույր փիլիսոփային: Պ. Գաստը և Ֆր. Օվերբեքը մինչև վերջ հավատարիմ են մնում նրան: Վագներյան շրջապատից իր գրեթե մայրական հովանավորությունը չի վերացնում բարոնուհի Մելվիդա ֆոն Մայզենբուգը: Որոշակի շփումները պահպանվում են նաև երիտասարդ քննադատ Կառլ Ֆուխսի հետ, որոշ ժամանակ` նաև Պաուլ Ռեի: 1880 թ.- սկզբներին լույս է տեսնում Արշալույս-ը, Զվարթ գիտությունը-ը` ի հայտ բերելով ասույթային ոճը, որով գրվում է նաև Մարդկային, չափազանց մարդկային-ի երկրորդ գիրքը` Թափառականը և նրա ստվերը:
1882 թ.-ին Մայզենբուգի և Պ. Ռեի միջնորդությամբ ծանոթանում է Լու ֆոն Անդրեա Սալոմեի հետ: Անմիջապես լծվում է Ռեի և Լուի հետ ՙեռամիասնություն՚ կազմելու ստեղծագործական հեռահար ծրագրերին: Վերջինիս հետ Տավտենբուրգում անցկացրած մի քանի շաբաթյա կանգառը մտերմության մթնոլորտ է ստեղծում: Նա նրա մեջ տեսնում է ոչ միայն օժտված գաղափարակցին և աշակերտուհուն, այլև սիրահարվում է նրան և ընկերոջ` Պ. Ռեի միջոցով խնդրում է նրա ձեռքը: Մերժում է ստանում: Քրոջ` իր անձնական կյանքին միջամտող բանսարկությունների պատաճառով կապերը խզում է թե Ռեի և թե Լուի հետ: Հայտնվելով կատարյալ մեկուսացման մեջ` մեկնում է Ռապպալո, որտեղ ութ օրվա ընթացքում թղթին է հանձնում Այսպես խոսեց Զրադաշտը-ի առաջին մասը: Ժամանակի կուռքերի` Շոպենհաուերի և Վագների վրա հարձակումների պատճառով նրան լքած ընկերների և դրան հետևած կատարյալ մենության պատճառով գիրքը և նրա նոր ոճը անհասկանալի են սակավաթիվ մերձավորների համար, որոնք բավարարվում են ամենաշատը հարգալից խուսափողականությամբ: Դրան ավելանում են կենցաղային հոգսերը: Նրա գրքերը գրեթե չեն վաճառվում: Զրադաշտի վերջին` չորրորդ մասը 1885 թ.-ին նա ստիպված հրատարակում է մասնավոր չնչին միջոցներով, 40 տպաքանակով, որից նվիրում է 7-ը:
1886 թ.-ին նա սեփական ծախսերով հրատարակում է Չարից և բարուց անդին երկը: Այս գրքով և 1886/87 թթ. վերահարատարակված Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց, Մարդկային, չափազանց մարդկային և Զվարթ գիտությունը (սրանց բոլորին նա նոր առաջաբաններ է կցում) գրքերից հետո նա հույս ունի, որ ընթերցողների ինչ-որ շրջանակ ձեռք կբերի:
Ծանոթանում է Մետա ֆոն Սալիսի և Կառլ Շպիտելերի հետ, հանդիպում է Գոթֆրիդ Կելլերին: 1886 թ.-ին քույրը ամուսնանում է հակասեմական Բերնհարդ Ֆյորստերի հետ և մեկնում է Պարագվայ` Նոր Գերմանիա անվամբ գաղութ ստեղծելու նպատակով,- ձեռնարկ, որը Նիցշեին ծիծաղելի և նողկալի է թվում:
Գերմարդկայնին պայքար շարունակ սաստկացող հիվանդությունների նոպաների դեմ, որոնք ստեղծագործական աշխատանքը դարձնում են գրեթե անհնարին: 1887 թ.-ին մի կարճ միջոցի գրում է Բարոյականության ծննդաբանության շուրջ բանավիճային երկը: Նամակներ է փոխանակում Հիպպոլիտ Տենի, քիչ անց` Գեորգ Բրանդեսի հետ: Վերջինս 1888 թ.-ին Կոպենհագենում դասախոսություն է կարդում Նիցշեի փիլիսոփայության մասին: Սկսվում է նրա համաեվրոպական ճանաչումը:
Նույն թվականին Նիցշեն հինգ գիրք է գրում, որոնք մասամբ` պլանավորված Կամք առ իշխանություն գրքի նշագրումներն են: Առողջությունը լավ է: Այն կարծես մի վերջին բռնկում է` արդեն 1888 թ.-ից նկատվող խելագարությունից առաջ: Վագներ դեպքը և նախկին երկերից բանաքաղություններով կազմված Նիցշե contra Վագներ գրքերով վերջնականապես փակում է իր հաշիվները նախկին կուռքի` Վագների հետ: Իր 44-ամյակին, Չաստվածների մթնշաղ-ից և ՀակաՔրիստոսը-ից (Dеr Antichrist) հետո ձեռնամուխ է լինում Ecce homo ինքնակենսագրական երկին: Դեկտեմբերին նամակագրություն է հաստատվում Նիցշեի և շվեդ մեծ գրող Ավգուստ Ստրինդբերգի միջև: Նիցշեն փորձում է նախկին հրատարակիչներից հետ գնել իր ստեղծագործությունները հրատարակելու իրավունքը: Նա պլանավորում է իր երկերի թարգմանությունները եվրոպական կարևորագույն լեզուներով: Գրում է Դիոնիսոսյան դիթիրամբներ-ը:
[խմբագրել] Հոգևոր մթագնման մեջ (1889-1900)
1889 թ.-ի հունվարի սկզբին Տուրինում վրա է հասնում խելագարությունը: Փոքրիկ բացիկները, որոնք նա ուղարկում է ընկերներին, նրանց հուշում է խելացնորության մասին: Խելագարության պատճառ է հայտարարվում առաջադիմող կաթվածը: Հետագայում փիլիսոփայի հիվանդությանը բազմաթիվ կեղծ մեկնաբանություններ են տրվում, որոնք ոչ մի փաստական հիմք չունեն:
Իրեն ուղարկված բացիկից գործի էությունը կռահած Բուրքհարդտը ահազանգում է Օվերբեքին, ով ընկերոջը տանում է բազելյան գժանոց: Այնտեղից նա մոր ուղեկցությամբ և արդեն լրիվ անմեղսունակ վիճակում տարվում է Յենայի համալսարանական կլինիկա և հանձնվում ժամանակի հռչակավոր հոգեբույժ Օտտո Բինզվանգերսի հոգածությանը: 1890 թ.-ին մայրը նրան տեղափոխում է Նաումբուրգ, իր խնամակալության ներքո: Այդ ժամանակամիջոցում թեև դեռևս ի վիճակի է կարճ զրույցներ վարել, հիշողության պատառիկներ արթնացնել և մոր գրած նամակների տակ ողջույնի կարճ արտահայտություններ դնել, սակայն, համենայն դեպս, շուտով սկսում է ընկնել կայծակնային և հանկարծական ապաթիայի մեջ և շուտով այլևս չի ճանաչում անգամ հին ընկերներին:
Պ. Գաստը և Ֆր. Օվերբեքը պլանավորում են իրենց ընկերոջ անտիպ երկերը հրատարակելու նախապատրաստական աշխատանքները: Պ. Գաստը սկսում է Երկերի առաջին ժողովածուի հրատարակությունը: Սկսվում է համաշխարհային փառքը, որին նա միանգամայն անհաղորդ է:
Էլիզաբեթ-Ֆյորստեր Նիցշեն ամուսնու ինքնասպանությունից հետո վերադառնում է Պարագվայից, Պ. Գաստի կողմից արդեն հրատարակված հատորները ոչնչացնել է տալիս, հիմնում է Նիցշե-Արխիվը և ծերացող մորից քայլ առ քայլ խլելով` իր ձեռքն է վերցնում ինչպես եղբոր խնամակալությունը, այդպես էլ նրա ժառանգության տնօրինումը: Օվերբեքին մեկուսացնում և հեռացնում է հրատարակչական գործից, իսկ Պ. Գաստը շարունակում է աշխատել:
Ինքը` Նիցշեն, միանգամայն անմասնակից է այդ ամենին: 1897 թ.ից, մոր մահվանից հետո, ապրում է Վայմարում, քրոջ խնամակալության տակ: Հազվագյուտ այցելուներից է Ռուդոլֆ Շտայները, որը կռահում է արխիվում տարվող աշխատանքների զեղծարարությունները և գրում է այդ մասին: Մի քանի կաթվածներից հետո Նիցշեն մասամբ անդամալուծվում է և այլևս ոչ կանգնում, ոչ խոսում: 1900 թ.-ի օգոստոսի 25-ին, 55 տարեկանում, մեռնում է թոքերի բորբոքումից: Թաղվում է Ռյոքենում, ընտանեկան գերեզմանոցում:
[խմբագրել] Մտածողությունը և գործը
Նիցշեն սկսում է իբրև բանասեր, սակայն հենց սկզբից ինքն իրեն ընկալում է իբրև փիլիսոփա կամ ազատ մտածող: Նա ասույթային կարճ ձևի և ընթերցողին իր մեջ ներքաշող արձակ ոճի վարպետ է: Համակարգված մտածողության բացակայությունը կարող է ցաքուցրիվ մտքերի տպավորություն թողնել: Սակայն դա այդպես չէ: Այդ ոճը նրա ստեղծագործությանը մեթոդի և դիտարկման ազատություն է հաղորդում: Այդ պատճառով նրա փիլիսոփայության վերջնական կարգաբերումը մի որոշակի փիլիսոփայական դիսցիպլինով` խնդրահարույց է: Փիլիսոփայության խնդիրների մեջ խորանալու նիցշեական մեթոդը երբեմն արվեստագիտական է, երբեմն գիտական, երբեմն գեղագիտական և այլն: Նրա երկերի շատ հատվածներ կարող են հոգեբանական գիտությանը վերաբերել: Շատ ուսումնասիրողներ անմիջական կապ են տեսնում նրա կյանքի և գործի միջև, այնպես որ նրա կյանքն ու անձը երբեմն ուսումնասիրվում են փիլիսոփայական կոնցեպտների պարզաբանման համար:
[խմբագրել] Փիլիսոփայության ընդհանուր ակնարկ
Հաճախ Նիցշեի միտքն ու գործը որոշակի շրջանների են բաժանում: Ընդունված է հետևյալ դասակարգումը.
- Վագներյան-շոպենհաուերյան շրջան (1872-1876):- Այն հատկանշվում է այս երկու անձանց ազդեցությամբ և ռոմանտիկական գունազարդմամբ: Այս ժամանակահատվածը ընդգրկում է հետևյալ երկերը.
1. Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց:
2. Անժամանակյա դիտարկումներ, որի մեջ մտնում են . Դավիդ Շտրաուս, ճանաչողը և գրողը . Կյանքի համար պատմության օգուտի և վնասի մասին . Շոպենհաուերը իբրև դաստիարակ . Ռիխարդ Վագները Բայրոյթում
- "Ազատ մտքի" շրջան (1876-1882): - Նիցշեն գնալով ազատվում է Վագների ազդեցությունից և շոպենհաուերյան փիլիսոփայության կաշկանդումներից: Այս շրջանում առաջին պլան է մղվում գիտական-էմպիրիկ ճանաչողությունը: Նաև սա է պատճառը, որ այս հատվածը նաև պոզիտիվիստական (դրապաշտական) է կոչվում: Նախկին համակարգված շարադրանքին հետզհետե փոխարինելու է գալիս ասույթային պասսաժը, որը ֆրանսիացի բարոյագետների նախընտրած ձևն էր և Նիցշեի գրչի տակ նոր կերպարանք է ստանում: Երկերն են.
1. Մարդկային,չափազանց մարդկային (երկու բաժիններով):
2. Արշալույս. Խոհեր բարոյական նախապաշարմունքների մասին:
3. Զվարթ գիտությունը - La gaya scienza:
4. Այսպես խոսեց Զրադաշտը (1883-1885), որը շատերը համարում են Նիցշեի կենտրոնական ստեղծագործությունը, որում նոր ուսմունքը ձևակերպվում է խորհրդանշական-բանաստեղծական լեզվով: Ոմանք Զրադաշտը դասում են ուշ շրջանի երկերի շարքին:
Այստեղ մինչայժմյան գաղափարները ընդլայնվում և ավելի սուր բանավեճի են վերածվում: Ասույթների և սենտենցների կողքին կրկին սկսում է ի հայտ գալ առաջին շրջանի համակարգված շարադրանքի ոճը: Այս շրջանի գործերի մեջ են մտնում.
1. Չարից և բարուց անդին. Նախերգ գալիքի փիլիսոփայության:
2. Բարոյականության ծննդաբանության շուրջ. Բանավիճային երկ:
3. Վագներ դեպքը և Նիցշեն contra Վագներ բանաքաղությունը:
4. Չաստվածների մթնշաղ կամ ինչպես փիլիսոփայել մուրճով:
5. ՀակաՔրիստոսը - Նզովք քրիստոնեությանը:
6. Ecce homo - Ինչպես դառնալ` ինչ կաս:
Այս սխեման, համենայն դեպս, հաստատուն չէ:
Իր փիլիսոփական երկերի կողքին Նիցշեն հրատարակել է նաև բանաստեղծություններ, որոնցում, համենայն դեպս, նրա փիլիսոփայական միտքն է թևածում: Դրանց մի մասը զետեղված է տարբեր գրքերում և ամփոփված է Հովվերգություններ Մեսսինայից (1882) ժողովածուում: Երաժշտության բնագավառում նրա ավանդը զգալի է հատկապես Lied-ի (երգ) ժանրում: Նրա երգերը կատարում է Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն: Երկար ժամանակ բանավեճերի առարկա էր Նիցշեի հետմահու ժառանգության հարցը: Նիցշե-Արխիվի հրատարակած Երկերի ժողովածուից հետո ծայր առած բանավեճերի հարցում զգալի պարզաբանում մտցրեց Կառլ Շլեխտայի` մեր դարի կեսերից հետո հրատարակած երկհատորյակը: Խոսքը հիմնականում վերաբերում է իրականում գոյություն չունեցող կամ սոսկ իբրև ստեղծագործական մտահղացում գոյություն ունեցող Կամք առ իշխանություն երկին և բազմաթիվ միջամտություններին և աղավաղումներին, որոնք արվել էին քրոջ ձեռքով:- Նիցշեի միտքը վերլուծվում և մեկնաբանվում է տարբեր դիրքերից: Կեղծարար է նա, ով Նիցշեին կմեկնաբանի` օգտագործելով նրանից արվող մեջբերումները: Այս մտածողի լեռնահանքերում յուրաքանչյուր մետաղ կարելի է գտնել: Նիցշեն ասել է ամեն ինչ և դրա հակառակը (Ջիորջիո Կոլլի): Այդ փիլիսոփայության որևէ կանոնիկ վերարտադրություն գրեթե անհնար է:
[խմբագրել] Բարոյականության քննադատությունը
ՙՄարդկային, չափազանց մարդկային երկով սկիզբ է առնում ընդհանրապես բարոյականության և մասնավորապս քրիստոնեական բարոյականության նիցշեական քննադատությունը: Այն ուղղված է ողջ փիլիսոփայության և գիտության դեմ, որոնք, ըստ Նիցշեի, բարոյականության ընդունված և տիրող պատկերացումներին անքննադատաբար են մոտենում: Իրո‘ք ազատ և հետախույզ միտքը պետք է դրանք քննարկի, ինչպես և հայտնի գրքի վերնագիրն է ասում, չարից և բարուց անդին: Հակառակն է արել եվրոպական միտքը` Պլատոնից մինչև Կանտ: Նիցշեն այստեղ խստորեն զատորոշում է մտքի, գաղափարի հետազոտությունը (սկսած նրա ծննդաբանությունից մինչև էթիկական կիրառումները) նախապաշարմունքից և կարծրատիպից: Նիցշեի համար արժեքի և նրա մասին դատողության վավերականությունը մտացածին, մետաֆիզիկական կամ ենթադրական չէ. գումարած, որ ծննդաբանորեն այն պետք է որ կապված լինի մտածողի կամ մարդկային որևէ խմբի կենսաբանական-հոգեբանական կարգի հետ: Այսպիսով, որևէ արժեքի խնդիրը ընդհանրապես որրևէ բարոյական համակարգի խնդիր է: Պատմագիտական, մշակութաբանական և լեզվաբանական մեթոդներով նման քննադատությունը ի հայտ են բերում բազմաթիվ գաղափարներ, որոնք նորովի են լուսաբանում ողջ բարոյագիտությունը:
[խմբագրել] Ահա բարոյագիտության քննադատության մի քանի կարևորագույն գաղափարներ
- Տերերի և ստրուկների բարոյականություն:- Առաջինը տիրողների մտածողական և, հետևաբար, հոգեբանական կեցվածքն է: Տիրողները նրանք են, ովքեր իրենք իրենց և իրենց կյանքին և արարքներին կարողանում են այո ասել, մինչդեռ այն ամենը, ինչ չի համապատասխանում դրանց, նրանք մտցնում են «վատ» կատեգորիայի մեջ: Ստրուկների բարոյականությունը, ընդհակառակը, «թշվառների», խեղճերի, անզորների, ստորինների, տառապողների, զրկվածների, հիվանդների, այլանդակների կեցվածքն է, որոնք նախ և առաջ իրենց հակոտնյաներին` երջանիկներին, տիրողներին, այո ասողներին իբրև «չար» են գնահատում, իսկ այնուհետև իրենց իբրև նրանց «բարի» հակադրություններն են սարքում:- Ասվածից պարզ երևում է, որ «տեր» և «ստրուկ» կատեգորիաները առաջին հերթին հոգեբանա-բարոյական են:
- Ռեսսենտիմենտ:- Սա ստրուկների բարոյականության հիմնական ռեֆլեքսիան է: Անհաջողությունից, նախանձից, տգիտությունից և թուլությունից «անհաջողակները» իրենց համար մի երևակայական աշխարհ են ստեղծում, որտեղ նրանք կարողանում են իրենք տիրողներ դառնալ, իրենց ատելությունը թափել և վրեժ լուծել «ազնիվից և ազնվականից»:
- Կարեկցություն և, եթե կարելի է այսպես ասել, ուրախակցություն:- Շոպենհաուերյան փիլիսոփայության մեջ կարեկցությունը, որը նրա կենտրոնական հասկացություններից է, կոչված է վնասելու կյանքին և, ի վերջո, ժխտելու այն: Նիցշեն ծառանում է դրա դեմ: Քանզի կյանքը պետք է հաստատվի, հետևաբար կարեկցությունը, իբրև ժխտման միջոց, մեծ վտանգ է: Կարեկցելով` ապաուժականացնում ես դիմացինիդ (մերձավորիդ) կյանքը: Այն աշխարհում բազմապատկում է տառապանքը և ուղղված է արարչագործ կամքի դեմ, որը ոչ թե ժխտում է կյանքը, այլ հաղթահարում է այն: Մարդը մարդուն սիրով կարեկցում է, բայց ահա նրա ուրախություններին չի կարողանում լիասիրտ միանալ: Ակտիվ ուրախակցությունն է, որը կյանքի հիմնավոր հաստատմանն է հասցնում (amor fati - այսպես ասած` սեր ճակատգրի հանդեպ) և կարևորագույն արժեք է:
Այս ելակետերով քննադատության է ենթարկվում նաև պատմական քրիստոնեությունը և քրիստոնեական բարոյականությունը, իսկ ուշ երկերում` գրեթե ողջ քաղքենիական բարոյականությունը, ինչպես նաև սոցիալիզմը և անարխիզմը. այս ամենը դիտարկվում է իբրև ժամանակակից անկումայնություն (de'cadence): Ահա թե ինչու Նիցշեն դնում է բոլոր արժեքների վերարժեքավորման հարցը: Եվ այս ամենը` համեմված միֆական բազմաթիվ ասպեկտներով, որոնց մեջ առաջնային են Դիոնիսոսյանը, Առ իշխանություն կամքը, Գերմարդը և Հավերժական վերադարձը:
[խմբագրել] Աստված մեռած է - Եվրոպական նիհիլիզմը
ՙԱստված մեռած է հանրահայտ արտահայտությամբ կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ Նիցշեն կամենում է Աստծո մահը: Այնինչ սա ընդամենը փաստի արձանագրություն է: Սխալ չի լինի, եթե ասենք, որ սա մի ողջ դարաշրջանի և մտածելակերպի (առավելապես` մետաֆիզիկական) ախտորոշումն է: Այն աղաղակում է անլուր մի վիճակ, որը իր մեջ է առնելու գալիք հարյուրամյակների պատմությունը: Այս թեմայի հռչակավոր մի արծարծում է Զվարթ գիտությունը երկի 125-րդ` Խենթը վերնագրյալ ասույթը: Այս հատվածը Աստծո մահը ազդարարում է իբրև սպառնալից իրադարձություն, որից հետ Իջնում է գիշեր և ավելի գիշեր: Քաղաքակրթությունը զրկվել է իր հոգևոր հիմքից,- թերևս այսպես կարելի լինի ամփոփել ասույթի գաղափարը: Ո՞ւր է Աստված,- գոչեց նա,- ես ձեզ կասե‘մ: Մենք նրան սպանե~լ ենք` դուք և ես: Մենք ամենքս նրան սպանողնե~րն ենք: Բայց ինչպե՞ս արեցինք մենք այդ: Ինչպե՞ս կարողացանք խմելով դատարկել ծովը: Ո՞վ մեզ սպունգը տվեց` ջնջելու ողջ հորիզոնը: Ի՞նչ արեցինք մենք, երբ այս երկիրը արձակեցինք իր արևին կապող շղթայից: Ո՞ւր է երկիրը հիմա գնում: Հեռու բոլոր արևների՞ց: Արդյոք մենք շարունակ ցած չե՞նք գահավիժում: Եվ հե‘տ, մի կո’ղմ, առա‘ջ, դեպի բոլոր կողմե‘րը: Կա՞ դեռևս վերև ու ներքև: Մի՞թե մենք մոլորված չենք խարխափում, ասես անվերջնական ոչնչում:…Աստված մեռա~ծ է: Աստված մեռած էլ կմնա‘: Եվ մենք ենք նրան սպանել: Ինչպե՞ս սփոփվենք մենք` բոլոր մարդասպաններից ամենամարդասպաններս (թարգմ. Հակոբ Մովսեսի): Թերևս այս գաղափարից է ավելի ուշ սկիզբ առնում Գերմարդու գաղափարը, որը մի ասույթում հետևյալ մեկնությունն է ստանում. Գերմարդու հայտնությունը գերքրիստոնեության հայտնություն է: Հետևաբար գերմարդու մի ասպեկտը քրիստոնեության վերակենդանացման մի ասպեկտ չէ՞: Մյուս կողմից ողջ բարոյականության քննադատությունը դառնում է ավելի առողջ մի բարոյականության կանխատեսում և կանչ: «Չաստվածների մթնշաղ » գրքում նա գրում է. «Մենք` ապաբարոյապաշտներս, առաքինությանը արդյո՞ք վ ն ա ս ենք հասցնում:- Նույնքան քիչ, որքան անարխիստները՝ թագավորներին: Միայն այն ժամանակվանից, երբ նրանց սկսեցին կրակել, նրանք դարձյալ ամուր նստած են իրենց գահերին: Առակս զինչ ցուցանէ` հարկավոր է կրակել բարոյականության վրա»: Ահա թե ինչու Նիցշեն իրեն կնքում է անբարոյականության սահմաններից այնքան հեռու ընկած մի եզրով - ապաբարոյապաշտ: Այս տեսակետից հատուկ ուշադրության է արժանի նաև Նիցշեի ոչնչապաշտության` նիհիլիզմի հարցը. նա ինքը իր մեջ տեսնում է ոչ թե դրա միջնորդին և հաստատողին, այլ ոչնչապաշտությունը օբյեկտիվորեն համարում է հետքրիստոնեական բարոյականության հնարավորությունը, թերևս նաև պատմական անհրաժեշտությունը: Նիցշեական այսպես ասած աթեիզմը ոչ թե անհավատության ակտ է, այլ համաշխարհային նորագույն պատմության մեջ Աստծո բացակայության հավաստում, որի հետևանքը նաև այդ ոչնչապաշտությունն է:
[խմբագրել] Արվեստ և գիտություն
ՙԱպոլլոնյան-դիոնիսոսյան զույգ հասկացությունները, որոնք Նիցշեն մտցնում է արվեստի փիլիսոփայության մեջ, թույլ են տալիս նոր գեղագիտական-մետաֆիզիկական կատեգորիաներ ներառել այնտեղ: Հունական երկու աստվածությունների` Դիոնիսոսի և Ապոլլոնի անուններով Նիցշեն իր երախայրիքի` Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց գրքում բնութագում է գեղագիտության երկու հակադիր սկզբունքներ: Ըստ այդմ ապոլլոնյանը երազն է, գեղեցիկ պատրանքը, պայծառը, լուսավորը, ցնծունը, տեսիլքը, վսեմությունը: Դիոնիսոսյան է արբեցումը, սարսափ առաջացնող մոլ(եգն)ությունը, խավարչտին մի նախազորության ժայթքումը: Աթթիկական ողբերգության մեջ, ըստ Նիցշեի, այս երկու ուժերը հաջողվել է միավորել: Ըստ այդմ Նախա-Մին (Ur-Eine) բանաստեղծին բացվում է դիոնիսոսյան երաժշտության ձևով և ապոլլոնյան երազի միջոցով պատկերի է վերածվում: Բեմի վրա ողբերգությունը ծնվում է երգչախմբի միջոցով, որը դիոնիսոսյանի տարածքն է ապահովում: Իբրև ապոլլոնյանի տարր` առաջին պլան է մղվում երկխոսությունը, ապա մեջտեղ է գալիս ողբերգական հերոսը:
Հունական ողբերգությունը Եվրիպիդեսով և Սոկրատեսի ազդեցությամբ կործանվում է: Սոկրատեսյան դիալեկտիկայով ոչ միայն հախուռն դիոնիսոսյանը, այլև ապոլլոնյանն է արվեստից դուրս մղվում, իսկ ողբերգությունն ինքը խորասուզվում է զուտ դրամատիկական էպոսի մեջ: Արվեստը ի սպաս է դրվում գիտելիքին և սոկրատեսյան խելամտությանը և վերածվում է զուտ նմանակման: Միայն վագներյան երաժշտական դրամայի մեջ է, որ վերոհիշյալ հակառակ սկզբունքները կրկին երևան են գալիս : Ուշ գրություններում Նիցշեն հետ է քաշվում վագներյան սկզբունքներից: Նրա ստեղծագործություններում նա տեսնում է անկման նշանը: Նաև նրա հիմնական գեղագիտական դիտարկումներն են փոփոխություններ կրում: Այսպես կոչված դրապաշտական` պոզիտիվիստական շրջանի երկերում արվեստը պարզորոշ տեղը զիջում է գիտությանը: Գիտական մարդը,- գրում է նա,- գեղագիտականի հետագա զարգացումն է, անգամ` Կյանքը ճանաչողության միջոց է: Սակայն Այսպես խոսեց Զրադաշտը-ում փիլիսոփան կրկին վերադառնում է իր վաղ գեղագիտական հայեցեղություններին: Արվեստը և ոչի’նչ, բացի արվեստից: Այն կյանքի մեծ հնարավորողն է, մեծ գայթակղությունը առ կյանք, կյանքի մեծ խթանիչը:
[խմբագրել] Կրոնի, մետաֆիզիկայի և ճանաչողության տեսության քննադատությունը
Բարոյականության քննադատության հետ կապված է մինչայժմյան ողջ փիլիսոփայության քննադատությունը: Մետաֆիզիկական և կրոնական կոնցեպտների հանդեպ Նիցշեն հիմնավորապես թերահավատ է: Մետաֆիզիկական աշխարհի հնարավորությունը թեև անկարելի է հերքել, սակայն այն մեզ համար նաև կարելի չէ: Հակառակ դրան` մետաֆիզիկական և կրոնական ողջ մտածողությունը հոգեբանորեն բացատրելի է: Դրանք նախ և առաջ ծառայում են որոշակի բարոյականությունների օրինականացմանը: Փիլիսոփաների փիլիսոփայությունը մտածողության մի տեսակ է, որի դեպքում պետք է նկատի ունենալ նաև նրանց հոգևոր և մարմնական կառուցվածքը, ինչպես նաև զուտ անձնական փորձը:
[խմբագրել] Հավերժական վերադարձ
Առաջին անգամ Զվարթ գիտությունը երկում և այնուհետև Զրադաշտում Նիցշեն մեջտեղ է հանում մի գաղափար, որը համարում է իր ամենախոր միտքը և իր փիլիսոփայության ծանրության կենտրոնը: Ըստ այդ մտքի` ամեն եղած բան արդեն անքանակ անգամներ եղել է և անսահմանորեն վերադառնալու է: Եվ պետք է այնպես ապրել, որ յուրաքանչյուր ակնթարթի մշտատև կրկնությունը ոչ միայն ապրվի, այլև ողջունվի: Հավերժական վերադարձի հետ սերտ կապի մեջ է amor fati-ն` սերը ճակատագրի հանդեպ: Սա փիլիսոփայի համար բարձրագույն վիճակի ձևակերպման բանաձևն է, որին որևէ փիլիսոփա կարող է հասնել, այն միգուցե կյանքի գերագույն հաստատման ձևն է: Amor fati-ն, Նիցշեի փիլիսոփայության կարևորագույն այս հասկացությունը, գոյության հետ համաձայնության խորագույն վերապրումն է, գոյությանը անհատական կամեցող գոյությամբ ասված այո-ն, անհատական գոյություն, որը մարդը հաստատում է իբրև իր կյանքը, աշխարհում գոյության պատմականության վերապրումը և այդ վերապրմամբ հաղորդակցությունը բուն գոյությանը: Amor fati-ի մեջ, ինչպես ցույց է տալիս Կարլ Յասպերսը, միանում են, իբրև անմիանալին, տակավին չեղածի իրագործման լարված ակտիվությունը և տեղի ունեցողի սիրալիր-հոժարակամ ընդունումը: Ուրեմն, amor fati-ին համաձայնությունն է անհրաժեշտության հետ, ըստ որում վերջինս մտածվում է ոչ իբրև ճանաչողության պատճառա-հետևանքային մեխանիզմը ընդգրկող կարգ, քանի որ անհրաժեշտությունը նիցշեական ընկալմամբ ներառում է դիպվածն ու օրենքը, քաոսն ու նպատակը. այդ մի անհրաժեշտություն է, որը ենթադրվում է Հավերժական Վերադարձով, իսկ մարդը այդ անհրաժեշտության մասն է: Նիցշեի համար բանը ոչ թե ճանաչված անհրաժեշտությանը կրավորապես ենթարկվելն է, այլ` ճանաչողության նախասկզբնական շրջվածությունը անիմանալուն,- շրջվածություն նրան, ինչը գործուն ճանաչողություն, արարում և ստեղծագործություն է հարուցում,- ուրեմն` բանը տիեզերական-կարգաբերված հորիզոնների և գոյության և կայացման միասնությամբ անհատականության հորիզոնների համատեղումն է:
[խմբագրել] Գերմարդը
Մարդու կամ ընդհանրապես աշխարհի պատմության առաջընթացին Նիցշեն չի հավատում: Հետևաբար նրա համար մարդկության նպատակը ոչ թե նրա լավագուն սոցիալական կամ կենսաբանական մակարդակներն են, այլ այդտեղ մշտապես հանդես եկող բարձրագույն անհատները, գերմարդիկ: Մարդկային ցեղը իբրև ամբողջություն Նիցշեն համարում է սոսկ փորձ, մի տեսակ հիմնազանգված, որի նպատակը արարողներ արարելն է, որոնք խիստ և անկարեկից են այլոց և առաջին հերթին իրենք իրենց հանդեպ` մարդկությունից և իրենք իրենցից արժեքավոր մի բան ստանալու համար: Իբրև Գերմարդու հակադրություն Զրադաշտում մեջտեղ է բերվում վերջին մարդու խղճուկ պատկերը. սրա նպատակը հավասարության քողի տակ հնարավորինս անվտանգ, երկար և երջանիկ, փափուկ և հարմարին կյանքի ստեղծումն է:Ովքե՞ր են ուզում երջանիկ լինել:- Անգլիացիները, կանայք և կովերը,- ոչ այն է` սրախոսում, ոչ այն է` զգուշացնում է փիլիսոփան: - Գերմարդը քաղաքական ոչ մի նշանակություն չունի: Այն հոգևոր սուբստանց է: Այդու առ իշխանություն կամքը, որը կոնկրետության է հասնում գերմարդու մեջ, ոչ թե այլոց վրա իշխելու կամքն է, այլ կարողանալու, ինքն իրեն հասնելու, ինքնահաղթահարման կամքը:
[խմբագրել] Կամք առ իշխանություն
Առ իշխանություն կամքը նախ և առաջ մի կոնցեպտ է, որը ի հայտ է գալիս Այսպես խոսեց Զրադաշտը գրքում և իր հետագա զարգացումն է ստանում գրեթե բոլոր հաջորդող երկերում: Այս կենտրոնական գաղափարով էլ հետագայում քույրը և Պետեր Գաստը վերնագրեցին և հրատարակեցին իրենց` բանաքաղություններով սարքված գիրքը, որը իրականում իբրև այդպիսին գոյություն չունի: Կամք առ իշխանություն կոնցեպտի քննարկումը ցօրս ամենավիճահարույցներից է: Մ. Հայդեգերը այն համարում է Նիցշեի պատասխանը ողջ գոյավորի հիմքի մետաֆիզիկական հարցին: Համենայն դեպս, առաջին հերթին պետք է նկատի ունենալ այդ կամքը իբրև արարչական սկիզբ: Այն կարգ է մտցնում համաշխարհային քաոսում: Այն առաջին հերթին ուղղում ես ինքդ քեզ վրա: Այն, հետևաբար, ինչ-որ բան անելու մարդու հիմնավոր հնարավորությունն է:
[խմբագրել] Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց
Լույս է տեսել 1872 թ.-ի սկզբներին: Այն 27-ամյա փիլիսոփայի առաջին նշանակալից երկն է, որը նոր կատեգորիաներ է ներմուծում գեղագիտության մեջ: Գիրքը ձոնված է Ռիխարդ Վագներին: Նիցշեն այն վերահրատարակում է 1886 թ.-ին Ողբերգության ծնունդը կամ Հունականություն և հոռետեսություն վերնագրով, որին կցում է Ինքնաքննադատության փորձ վերնագրյալ առաջաբանը:
[խմբագրել] Առաջացման պատմությունը
Գիրքը բազմաթիվ սևագրություների և գրությունների համադրություն է (Հունական երաժշտական դրաման, Սոկրատեսը և հունական ողբերգությունը, Դիոնիսոսյան աշխարհայեցողությունը, Ողբերգությունը և ազատամիտները, Ողբերգական մտքի ծնունդը), որոնց վրա Նիցշեն աշխատել է 1869 թ.-ից.: 1886 թ.-ի վերահրատարակության առաջաբանում Նիցշեն քննադատում է իր վաղ շրջանի ոճը, բայց ոչ մտահղացումը:
[խմբագրել] Բովանդակությունը
Երիտասարդ Նիցշեն այն ընդունված պատկերացումը, որը իշխում էր դասական հելլենագիտության մեջ և որի պաշտպաններն էին Գյոթեն, Շիլլերը, Վինկելմանը և այլոք, սրբագրման է ենթարկում: Ըստ ընդունված կարծիքի` հույները զվարթ, երջանիկ մի ժողովուրդ էին: Նա, ընդհակառակը, ընթերցողին բաց է անում հելլենների ողբերգական մի կենսազգացողություն. նրանք իրենց տեսնում էին եսասիրական նպատակների հասնելու համար իրար ոչնչացնող մշտատև պատերազմների աշխարհում և կարիք ունեին իրենց աստվածների պայծառ աշխարհին` ամենօրյա գոյության տառապանքները և մռայլությունը տանելու համար: Դրա արտահայտությունը նրանք գտան իրենց արվեստով և իրենց արվեստի մեջ, ըստ որում նրանց երկու օլիմպիական աստվածները նրանց դիքորոշումների համար բանալի կարող են ծառայել. Ապոլլոնը և Դիոնիսոսը:
Նիցշեն երկու կարևոր կարգ է տեսնում հունական կյանքում, որոնք նա կոչում է դիոնիսոսյան և ապոլլոնյան: Դիոնիսոսյանը, արբեցուցիչը, բնականը (էքսպրեսիոնիստականը), մինչ ի անզսպություն և շվայտություն դրսևորվող նախակամքն է, ինչպես որ այն արտահայտվում է երաժշտության մեջ: Ապոլլոնյանը գեղեցիկ արվեստների և ներդաշնության կերպավորող (դասական) ուժն է: Այս զույգ հակադրությունների համագործակցությունը Նիցշեն համարում է ինքնին մարդկային կյանքի իրավիճակը.
Արվեստի նրանց (հույների. Հ. Մ.) երկու աստվածություններին` Ապոլլոնին և Դիոնիսոսին է կապվում մեր ճանաչումը, որ հունական աշխարհում, ըստ ծագումի և նպատակների, ահռելի մի հակադրություն է առկա կերպարվեստի` ապոլլոնյան արվեստի և երաժշտության անկերպ-վերացական արվեստի միջև` իբրև Դիոնիսոսի արվեստի. այս զույգ` այնքան տարբեր մղումներն ընթանում են կողք-կողքի, առավելապես միմյանց հետ բացահայտ երկպառակությամբ և երկուստեք իրար նորանոր առավել զորեղ ծնունդների գրգռելով` դրանց մեջ հավերժացնելու համար պայքարը հիշյալ հակադրության, որը նրանց համար ընդհանուր ՙարվեստ՚ բառը սոսկ երևույթապես է կամրջում,- մինչև որ նրանք ի վերջո, հելլենական ՙկամքի՚ մետաֆիզիկական մի հրաշագործ արարով, երևան իրար հետ զուգավորված և այդ զուգավորմամբ վերջապես աթթիկյան ողբերգության որքան որ դիոնիսոսյան, նույնքան էլ ապոլլոնյան արվեստի գործը ծնեն (թարգմ. Հակոբ Մովսեսի)" Երիտասարդ բանասերը, ոչ առանց Շոպենհաուերի և Վագների ազդեցության, կյանքը նկարագրում է իբրև երազ, որից դիոնիսոսյան արթնացումից հետո մի նոր մարդ է դրսևորվում: Երգելով և պարելով մարդն իրեն ի հայտ է բերում հանց առավել բարձր մի հանրության անդամ. նա ետ է սովորել քայլելուն և արդ պատրաստ է պարելով վեր ամբարձվել և թևել օդերի մեջ: Նրա շարժումներից կախարդվածությունն է խոսում: Ինչպես որ այժմ կենդանիներն են բարբառում, և երկիրը կաթ ու մեղր է տալիս, այդպես նաև նրանից է գերբնական ինչ-որ բան հնչանում. հանց աստված է նա զգում իրեն, նա ինքն է այժմիկ շրջում այդպես զմայլված ու վերացյալ, ինչպիսին որ աստվածներին էր երազում տեսնել շրջելիս: Մարդն այլևս արվեստագետ չէ, նա ինքն է արվեստի գործ դարձել. ողջ բնության գեղարվեստական ուժը, Նախա-Միո գերագույն վայելքային գոհացումին ի խնդիր, այստեղ բացվում է արբեցումի սարսուռների ներքո. ամենաթանկ մարմարն է այստեղ հունցվում ու տաշվում` մարդը, և դինիսոսյան աշխարհների արվեստագետի հատիչի զարկերին առընթեր` հնչում է էլևսինյան միստերիաների կոչը. Դուք տապալվո՞ւմ եք, միլիոնավորներ: Դու նախազգո՞ւմ ես արարչին քո, աշխարհ (թարգմ. Հակոբ Մովսեսի):" Այդ դիոնիսոսյան երաժշտությունն է, տոնի ցնցող զորությունը, մեղեդու միասնական հոսքը և ներդաշնության անհամեմատելի աշխարհը, որի միջոցով մարդը իր կարողությունների գագաթնակետին է հասցվում, այնպես որ երբեք չզգացվածը մղվում է դրսևորման: Երգչախմբի ծիսական պարերից և պաշտամունքային երգերից ծագում են դիթիրամբը և ողբերգությունը, հետևաբար երաժշտության ծագումը նույնպես պետք է փնտրել հունական ողբերգության մեջ: Հենվելով Շոպենհաուերին` Նիցշեն երաժշտությունը բնորոշում է իբրև առ կյանք կամքին ուղղված մետաֆիզիկական արտահայտություն և այն պարարտ հողը, որի վրա ոչ միայն ողբերգությունը, այլև ողջ հունական մշակույթն է աճում:
Այդ նախասկզբնական մշակույթի անկման ակունքներին կանգնած են Սոկրատեսն ու Եվրիպիդեսը, ովքեր ողբերգության ինտելեկտուալ վերամշակմամբ սլաքն ուղղեցին լուսավորչական ռացիոնալ փիլիսոփայությանը և դրանով դարձան գիտական մարդու առաջնորդները և հին արվեստների գերեզմանափորները: Հերոսների (դիմակավոր) փոխարեն այժմ բեմ բարձրացավ ժովովուրդը, ծիսական տոնախմբություններին փոխարինելու եկավ նրա սիրածը` կատակերգությունը: Սկսվեց արվեստի և մշակույթի համատարած այլասերումը: Անգամ Վերածննդի` այն կրկին կենդանացնելու փորձերը հունական ողբերգության ՙօպերային իմիտացիաներից՚ այն կողմ չանցան,- արևմտյան արվեստը ընկավ աշխարհի դիտարկման դիալեկտիկական (ասել է թե` գիտական) տեսողության նեղլիկ սահմանների մեջ: Միայն երաժշտությունը և ողբերգական միֆը կարող են վերարթնացնել որևէ ժողովրդի մշակույթի դիոնիսոսյան ունակությունը:
[խմբագրել] Կենտրոնական թեմաները. գերմարդ, հավերժական վերադարձ, կամք առ իշխանություն
ՙ Մարդիկ հավասար են լոզունգը անկումայնության լոզունգ է, որը վերցնում են սոցիալիստներն ու դեմոկրատները: Դա ամբոխի երազանքն է: Մարդիկ հավասար չեն - ահա թե ինչ արդարությունն ասում: Հավասարների դեպքում բոլորը դառնում են իրար հավասար, դառնում են վերջին մարդիկ, անհավասարության դեպքում մարդը գերմարդ դառնալու շանս է ստանում: Մարդը դառնում է առ գերմարդ տանող կամուրջը: Մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի: Բարձրագույն մարդկանց հատկանիշը ինքնահաղթահարման նրանց կամքն է: Սա է արարման և արարող դառնալու նախապայմանը: Վերջին մարդկանցով կյանքը ժխտվում է, գերմարդով այն հաստատվում է:
Իբրև կյանքի հաստատում մեջտեղ է հանվում մտածողության մի այլ գեղագիտություն կամ մեթոդ. ծիծաղի և պարի թեթևությունը: Ողջ հրճվանքն ուզում է հավերժություն: Կյանքի արարման գերագույն ձևը իր կատարելությանն է հասնում Վերադարձի մատանի-ով: Անգամ եթե աշխարհը զուրկ է աստվածային վերջնանպատակից, միևնույնն է, գերմարդը ինքնահաստատման իր արարչական գործունեությամբ, ինքնակատարելության իր ձգտումով հաստատում է Նույնի հավերժական վերադարձը` ասելով. թող կյանքը լինի այն, ինչ կա, ես կամենում եմ այն, ես հաստատում եմ այն, որովհետև ես միայն նրանով կարող եմ իմ կատարելությանը հասնել: Գերմարդու նախասկզբնական ձգտումը մի անուն ունի` Բոլոր արժեքների վերարժեքավորում: Սա է, որ կարող է լինել նրա արարիչ լինելու կամքի նախապայմանը: Գերմարդը նա է, ով իր այդ արարչագործականությամբ անընդհատ զորանալու, իշխանություն ձեռք բերելու բնական ձգտումով է առաջնորդվում: Հրամայել - ահա գերմարդու կամեցումը, սակայն առաջին հերթին հրամայել ինքն իրեն: Գերմարդու նոր առաքինություններն են. 1. արարումը, գործը: 2. Ինքնասիրությունը (Նիցշեի ընթերցողները սա հաճախ խառնում են եսասիրության հետ), որը արգելակում է ճորտությունը: 3. Ճշմարտության երեսին շիփշիտակ նայելը: 4. Այո-ասելը, ճակատագրի հանդեպ սերը (amor fati): Նիցշեին և նրա Այսպես խոսեց Զրադաշտը գրքի բազմաթիվ մեկնություններին (բռի-բնութենականներից մինչև նացիոնալ-սոցիալիստականը, կրոնա-միստիկականներից մինչև աթեիստականները, նիցշեապաշտականներից մինչև նեցշեատյացները) ոչինչ այնպես խոսուն չի կարող պատասխանել, ինչպես Իսրայելի առաջին նախագահ Գ. Վայցմանի նամակը իր կնոջը. Ես քեզ ուղարկում եմ Նիցշեի գիրքը. սովորիր այն կ ա ր դ ա լ և հ ա ս կ ա ն ա լ: Դա այն լավագույնը և նրբենագույնն է, ինչ ես կարող եմ քեզ ուղարկել:
[խմբագրել] Այսպես խոսեց Զրադաշտը
Հիմնական հոդված՝ Այսպես խոսեց Զրադաշտը
[խմբագրել] Երկերը
- Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց (Die Geburt der Tragödie aus dem Geiste der Musik, 1872 KSA (Kritische Studienausgabe) 1.
- Անժամանակյա դիտարկումներ (Unzeitgemäße Betrachtungen, 1873–1876 KSA 1 und 2.)
- Դավիդ Շտրաուս, խոստովանողը և գրողը (David Strauß, der Bekenner und der Schriftsteller, 1873.)
- Կյանքի համար պատմության օգուտի և վնասի մասին՚ (Vom Nutzen und Nachteil der Historie für das Leben, 1874.)
- Շոպենհաուերը իբրև դաստիարակ (Schopenhauer als Erzieher, 1874.)
- Ռիխարդ Վագները Բայրոյթում (Richard Wagner in Bayreuth, 1876.)
- Մարդկային, չափազանց մարդկային - գիրք ազատ մտքերի համար (երկու շարունակություններով) (Menschliches, Allzumenschliches – Ein Buch für freie Geister (mit zwei Fortsetzungen), 1878–1880 KSA 2)
- Արշալույս. մտքեր բարոյական նախապաշարմունքների մասին (Morgenröte. Gedanken über die moralischen Vorurteile, 1881 KSA 3.)
- Հովվերգություններ Մեսսինայից (Idyllen aus Messina, 1882 KSA 3.)
- Զվարթ գիտությունը (Die fröhliche Wissenschaft („la gaya scienza“), 1882 KSA 3.), թարգմանվել է հայերեն Հակոբ Մովսեսի կողմից[1].
- Այսպես խոսեց Զրադաշտը - Գիրք ամենքի և ոչ ոքի համար (Also sprach Zarathustra – Ein Buch für Alle und Keinen, 1883–1885 KSA 4.): Թարգմանվել է հայերեն Հակոբ Մովսեսի կողմից [2]
- Չարից և բարուց անդին – նախերգ գալիքի փիլիսոփայության (Jenseits von Gut und Böse – Vorspiel einer Philosophie der Zukunft, 1886 KSA 5.): Թարգմանվել է հայերեն Հ. Մովսեսի կողմից [3]:
- Բարոյականության ծննդաբանության շուրջ - Բանավիճային երկ (Zur Genealogie der Moral – Eine Streitschrift, 1887 KSA 5.)
- Վագներ դեպքը - Երաժշտի պրոբլեմ (Der Fall Wagner – Ein Musikanten-Problem, 1888 KSA 6.)
- Դիոնիսոսյան դիթիրամբներ (Dionysos-Dithyramben, 1889 KSA 6.)
- Չաստվածների մթնշաղ կամ ինչպես փիլիսոփայել մուրճով՚ (Götzen-Dämmerung oder Wie man mit dem Hammer philosophiert, 1889 KSA 6.) Թարգմանվել է հայերն Հ. Մովսեսի կողմից [4]
- ՀակաՔրիստոսը - Նզովք քրիստոնեությանը (Der Antichrist – Fluch auf das Christentum, 1895 KSA 6.)
- Նիցշե contra Վագներ (Nietzsche contra Wagner, 1895 KSA 6.)
- Esse homo -Ինչպես դառնալ` ինչ կաս ( Ecce homo – Wie man wird, was man ist (1888) 1908 KSA 6.)
[խմբագրել] Հրատարակությունները
- Werke. Kritische Gesamtausgabe Sigle: KGW [auch: KGA (Verlag)], hrsg. von Giorgio Colli und Mazzino Montinari. Berlin und New York 1967ff.
- Briefe. Kritische Gesamtausgabe Sigle: KGB, hrsg. von Giorgio Colli und Mazzino Montinari. Berlin und New York 1975–2004
Studienausgaben – Taschenbuchausgaben:
- Sämtliche Werke, Kritische Studienausgabe in 15 Bänden Sigle: KSA, hrsg. von Giorgio Colli und Mazzino Montinari. München und New York 1980. ISBN 3-423-59065-3
- Sämtliche Briefe. Kritische Studienausgabe Sigle: KSB, hrsg. von Giorgio Colli und Mazzino Montinari. München und New York 1986. ISBN 3-423-59063-7
[խմբագրել] Գրականություն
- Paul Mitzschke: Friedrich Nietzsches Herkunft und Vorväter, in: Mitteilungen des Roland, 5. Jg., 1920, Nr. 6/7 u. Nr. 8/9
- Charles Andler: Nietzsche, sa vie et sa pensée. Brossard, Paris 1920–1931 (6 Bände), spätere Auflagen (3 Bände, jeweils zwei zusammengefasst) bei Gallimard, ISBN 2-07-020127-9, ISBN 2-07-020128-7, ISBN 2-07-020129-5. (Detaillierte Gesamtdarstellung, Rezeptionsgrundlage vieler französischer Autoren.)
- Ivo Frenzel: Friedrich Nietzsche in Selbstzeugnissen und Bilddokumenten. Rowohlt, Reinbek bei Hamburg, Neuausgabe 2000, ISBN 3-499-50634-3.
- Curt Paul Janz: Friedrich Nietzsche. Biographie. 3 Bände, Hanser Verlag, München 1978-1979, ISBN 3-423-04383-0 (Standardwerk zu Nietzsches Leben; Band 1 ist die überarbeitete Fassung der Nietzschebiograpie von Richard Blunck aus dem Jahr 1953; zahlreiche Neuauflagen und Übersetzungen.)
- Christian Niemeyer (Hrsg.): Nietzsche-Lexikon. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 2009, ISBN 3-534-20844-7.
- Henning Ottmann (Hrsg.): Nietzsche-Handbuch: Leben – Werk – Wirkung. Metzler, Stuttgart/Weimar 2000. ISBN 3-476-01330-8
- Werner Ross: Der ängstliche Adler. 1980, ISBN 3-423-30736-6 und
- Werner Ross: Der wilde Nietzsche oder Die Rückkehr des Dionysos. dva, Stuttgart 1994, ISBN 3-421-06668-X (Zwei antithetische Akzentuierungen von Nietzsches Charakter aus der Sicht eines Literaturwissenschaftlers)
- Hermann Josef Schmidt, Nietzsche absconditus oder Spurenlesen bei Nietzsche (4 Bände), Berlin/Aschaffenburg 1991–1994, ISBN 3-922601-23-5 (akribische psychologische Studie über Nietzsches Kindheit und Jugend)
- Stiftung Weimarer Klassik, Raymond J. Benders u.a. (Hrsg.): Friedrich Nietzsche: Chronik in Bildern und Texten. dtv, München 2000, ISBN 3-423-30771-4
- Pia Daniela Volz: Nietzsche im Labyrinth seiner Krankheit. Königshausen und Neumann, Würzburg 1990, ISBN 3-88479-402-7 (Standardwerk zu Nietzsches Krankengeschichte)
Փիլիսոփայության շուրջ
- Günter Abel: Nietzsche. Die Dynamik der Willen zur Macht und die ewige Wiederkehr. de Gruyter, Berlin und New York 1998 (2., erw. Auflage), ISBN 3-11-015191-X. (Versuch der Klärung des häufig missverstandenen Begriffes.)
- Keith Ansell Pearson (Hrsg.): A Companion to Nietzsche. Oxford / Malden: Blackwell 2006, ISBN 1-4051-1622-6.
- Maudemarie Clark: Nietzsche on Truth and Philosophy, Cambridge 1990, ISBN 0-521-34850-1.
- Gilles Deleuze: Nietzsche und die Philosophie. Europäische Verlagsanstalt/eva, Hamburg 1976, ISBN 3-434-46183-3. (Klassiker der französischen Nietzsche-Rezeption.)
- Jacques Derrida: Sporen. Die Stile Nietzsches Frankfurt 1969. (Versucht zu zeigen, dass Nietzsches Denken kein Zentrum hat.)
- Günter Figal: Nietzsche. Eine philosophische Einführung Reclam, Stuttgart 1999, ISBN 3-15-009752-5.
- Karl Jaspers: Nietzsche. Einführung in das Verständnis seines Philosophierens. de Gruyter, Berlin und New York 1981 (Erstauflage 1935), ISBN 3-11-008658-1. (Jaspers sucht als Philosoph und als Psychiater Zugang zu Nietzsches Denken.)
- Walter Arnold Kaufmann: Nietzsche: Philosoph – Psychologe – Antichrist. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1988, ISBN 3-534-80023-0. (Wichtiges Werk der angelsächsischen Nietzsche-Interpretation.)
- Domenico Losurdo: Nietzsche, der aristokratische Rebell – Intellektuelle Biographie und kritische Bilanz. Zwei Bände. Argument/Inkrit, Berlin 2009, ISBN 978-3-88619-338-7
- Mazzino Montinari: Friedrich Nietzsche: eine Einführung. de Gruyter, Berlin und New York 1991, ISBN 3-11-012213-8. (Von einem der Herausgeber der Kritischen Gesamtausgabe Nietzsches.)
- Wiebrecht Ries: Nietzsche zur Einführung. Junius, Hamburg 2004, ISBN 3-88506-393-X
- Stefan Lorenz Sorgner/H. James Birx/ Nikolaus Knoepffler (Hg.): Wagner und Nietzsche: Kultur-Werk-Wirkung: Ein Handbuch. Reinbek b. Hamburg, Rowohlt, 2008, ISBN 978-3-499-55691-3.
- Bernhard H. F. Taureck: Nietzsche-ABC. Reclam, Leipzig 1999, ISBN 3-379-01679-9
- Gianni Vattimo: Nietzsche: eine Einführung. Metzler, Stuttgart 1992, ISBN 3-476-10268-8
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Զվարթ գիտությունը / Ֆ. Նիցշե; Գերմ. թարգմ. և առաջաբ.՝ Հակոբ Մովսեսը; Խմբ.՝ Ա. Պողոսյան. - Երևան : Վան Արյան, 2005. - 516 էջ ; 20 սմ. Առաջաբանը, էջ՝ 5-22 Ծանոթագրություններ, էջ 471-514 ISBN 99941-38-00-6 Մովսես, Հակոբ, 1952- թարգմ.
- ↑ Այսպես խոսեց Զրադաշտը : Գիրք ամենքի և ոչ ոքի համար = Also sprach Zarathustra / Ֆ. Նիցշե; Գերմ. թարգմ.՝ Հակոբ Մովսես - Երևան : Վան Արյան, 2002. - 366 էջ ISBN 99930-76-20:
- ↑ Բարուց և չարից անդին : Չաստվածների մթնշաղ Փիլիսոփայական երկեր: [Փիլիսոփայական տրակտատ] / Ֆ. Նիցշե; Թարգմ. գերմ.՝ Հակոբ Մովսես; Խմբ.՝ Հր. Ստեփանյան; Ծանոթագր.՝ Կ. Սվասյան. - Չաստվածների մթնշաղ - Երևան : Ապոլոն, 1992. - 272 էջ ; 20 սմ. Ծանոթագր., էջ՝ 259-271 ISBN 5-8079-0434-6 Մովսես, Հակոբ, 1952- թարգմ. Ստեփանյան, Հ. խմբ. Սվասյան, Կարեն խմբ.
- ↑ Չաստվածների մթնշաղ կամ ինչպես փիլիսոփայել մուրճով [Փիլիսոփայական տրակտատ] / Ֆ. Նիցշե; Թարգմ. գերմ.՝ Հակոբ Մովսես; Խմբ.՝ Հր. Ստեփանյան; Ծանոթագր.՝ Կ. Սվասյան. - Չաստվածների մթնշաղ - Երևան : Ապոլոն, 1992. - 272 էջ:
[խմբագրել] Հղումներ
- Ֆր. Նիցշե. Ecce homo - Ինչպես դառնալ` ինչ կաս թրգմ. Հակոբ Մովսեսի
- Ժիլ Դելյոզ. «Նիցշե» թրգմ. Հակոբ Մովսեսի
- Քաղվածքներ Ֆրիդրիխ նիցշեի գործերից Հակոբ Մովսեսի թարգմանությամբ
- Կարեն Սվասյան. «ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՍՏՎԱԾ ԴԱՌՆՈՒՄ»
[խմբագրել] Արտաքին Հղումներ
- Հատվածներ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքից
- Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ. Ո՞վ է Նիցշեի Զրադաշտը /թրգմ. գերմ.` Հակոբ ՄՈՎՍԵՍԻ/
- Հակոբ ՄՈՎՍԵՍ. Զվարթնությունը` ճանաչողության մեթոդ