Օգյուստ Կոնտ
Օգյուստ Կոնտ (ֆրանսերեն` Isidore Marie Auguste François Xavier Comte, 1798, հունվարի 19 — 1857, սեպտեմբերի 5), նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Ծնվել է Մոնպելիե քաղաքում 1798թ. պաշտոնյայի ընտանիքում: Սովորել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում: Ազատամտության համար վտարվելով դպրոցից` դառնում է մաթեմատիկայի տնային ուսուցիչ: 1817-24թթ. աշխատել է քարտուղար Սեն-Սիմոնի մոտ` յուրացնելով սոցիալիստ մտածողի շատ գաղափարներ: Սեն-Սիմոնի հետ խզումից հետո նա այլևս երբեք հաստատուն վաստակով աշխատանք չի ունեցել: 1840-ական թթ. կարդացել է դասախոսություններ Պոլիտեխնիկական ընկերությունում բանվորների համար: 1848թ. ունկնդիրների խմբով և դրան հարող ուսանողներով կազմակերպել է պոզիտիվիստական ընկերություն, որի խնդիրն էր ժողովրդի դաստիարակումը և ուսուցումը պոզիտիվիստական աշխարհայացքի ոգով: Մահացել է 1857թ. միայնակ և խելագար համարված:
[խմբագրել] Հիմնական երկերը
1830-42թթ. միջև հրատարակել է «Պոզիտիվ փիլիսոփայության դասընթաց» իր գխլավոր գործը (6 հատոր), 1844թ.` «Փիլիսոփայական տրակտատ հանրամատչելի աստղաբաշխության մասին», «Դատողություն պոզիտիվ փիլիսոփայության ոգու մասին», 1848-51թթ.` «Դատողություն ամբողջության մեջ վերցված պոզիտիվիզմի մասին»,1851թ.` «Պոզիտիվիստական կատեխիզիս», 1851-54թթ.` «Պոզիտիվ քաղաքականության համակարգ կամ մարդկության կրոնը սահմանող տրակտատ» (4 հատոր), 1855թ.` «Կոչ պահպանողականներին», 1856թ.` «Սուբյեկտիվ սինթեզ»:
[խմբագրել] Ուսմունքը
Կոնտի պոզիտիվ մեթոդի հիմնական գաղափարը գիտության անջատումն է մետաֆիզիկայից և աստվածաբանությունից: Ճշմարիտ գիտությունը բնութագրվում է այն բանով, որ հրաժարվում է «անլուծելի» հարցերից, որոնք չի կարելի ոչ հաստատել, ոչ հերքել փորձի ու դիտարկման միջոցով: Ոչ գիտական հարցեր են, ըստ Կոնտի, իրերի էության և պատճառների մասին հարցերը: Գիտության խնդիրը երևույթների միջև կայուն, կրկնվող կապերի բացահայտումն է:
Մշակել է գիտությունների դասակարգում` հենվելով դրանց օբյեկտիվ հատկանիշների վրա` վերացական և կոնկրետ: Վերացական գիտությունները ուսումնասիրում են երևույթների որոշակի կատեգորիաների օրենքները, կոնկրետ գիտությունները` այդ օրենքների կիրառումը մասնավոր բնագավառներում: Վերացական գիտություններ է համարել աստղաբաշխությունը, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և սոցիոլոգիան (նա է համարվում «սոցիոլոգիա» եզրույթի ստեղծողը): Սոցիոլական երևույթները, ըստ Կոնտի, աչքի են ընկնում առավել բարդությամբ և մյուս բոլոր երևույթներից իրենց կախվածությամբ:
Ժխտելով առանձին, միմյանցից մեկուսացված փաստերի ճանաչման հնարավորությունը` Կոնտը պահանջում էր հետազոտել դրանց փոխադարձ կապերը, զննել դրանց ֆունկցիոնալ գործունեությունն այն ընդհանրությունների շրջանակում, որոնց մեջ դրանք մտնում են: Գտնում էր, որ ամբողջականը ավելի մեծ չափով է մատչելի հետազոտության, քան նրանում գործող երևույթները[1]:
[խմբագրել] Հղումներ
- ↑ XIX-XX դարասկզբի բուրժուական սոցիոլոգիայի պատմություն, Երևան, 1986, էջ 30