Ողբերգություն (ժանր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dionysos mask Louvre Myr347.jpg

Ողբերգություն (հին հունարեն՝ τραγῳδία , tragōdía , բառացիորեն՝ «Նոխազերգություն», τράγος, tragos - «նոխազ» և ᾠδή, ōdè - «երգ» բառերից), թատերախաղի տեսակ, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, գլխավոր հերոսը կամ հերոսները կործանվում են։ Ողբերգությունը տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ։ Ողբերգության մեջ առավելապես լարված և հագեցված կերպով բացահայտվում են իրականության խորքային կոնֆլիկտները։ Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին, արտաքին աշխարհի որևէ երևույթ(ներ)ին։ Ողբերգության մեջ այդ պայքարն ունենում է կործանարար վախճան, հերոսը անհաջողության է մատնվում, կամ հասնում է հաջողության իր, և/կամ իր մտերիմների, բարեկամների, հարազատների կյանքի գնով, կորցնում է պատրանքները, ճանաչում է իր անցյալի հետ կապված ողբերգական հանգամանքները և այլն։

Ողբերգության ներգործությանը հանդիսատեսի վրա առաջին անգամ անդրադարձել է Արիստոտելը իր «Պոետիկա» երկում։ Ըստ հույն փիլիսոփայի, ողբերգությունը, վախի և կարեկցանքի զգացմունքների առաջացման միջոցով հասցնում է հանդիսատեսին կատարսիսի` այսինքն «մաքրմանը»[1]։

Ողբերգությունը սկզբնավորվել է Հին Հունաստանում՝ Աթենք քաղաքում։ Դրանք սկզբնապես կատարվել են յուրաքանչյուր տարի որոշակի ժամանակի ընթացքում՝ մարտ ամսին Դիոնիսոսին նվիրված տոնախմբության ընթացքում («նոխազերգություն» անունը ծագում է հենց Դիոնիսոսի շքախմբում ընդգրկված այծամարդկանց երևույթից)։ Մեզ են հասել հին հույն նշանավոր ողբերգակներ՝ Էսքիլեսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունները։

Հունաստանից ողբերգությունն անցել է Հին Հռոմ, որտեղ ողբերգություններ են գրել Լիվիուս Անդրոնիկուսը, Նևիուսը, Պակուվիուսը, Սենեկան (պահպանվել են միայն Սենեկայի ստեղծագործությունները, մնացած հեղինակներից մեզ են հասել միայն պատառիկներ)։

Նոր ժամանակներում ողբերգության ժանրի մեծագույն վարպետ է համարվում Վիլյամ Շեքսպիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Արիստոտել «Պոետիկա», գլուխ VI