Էդգար Ալլան Պո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Ալլան Պո

Edgar Allan Poe 2.jpg

Ծնվել է Edgar Allan Poe
1809 թ., հունվարի 19 (1809-01-19)
Բոստոն, Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ
Մահացել է հոկտեմբերի 7, 1849 (40 տարեկան)
Բալթիմոր, Մերիլենդ նահանգ, ԱՄՆ
Մասնագիտություն արձակագիր, բանաստեղծ
Լեզու անգլերեն
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ ամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ստորագրություն Edgar Allan Poe Signature.svg
Վիքիպահեստ Էդգար Ալլան Պո
Վեբ-կայք http://poestories.com/

Էդգար Ալլան Պո (անգլերեն` Edgar Allan Poe, 1809, հունվարի 19 - 1849, հոկտեմբերի 7), ամերիկացի արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ, խմբագիր։

Ծնվել է Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալլանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։

1820-ին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826-ին` Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալլանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833-ի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։

1835-ի դեկտեմբերին Էդգար Պոն Southerm library messeger ամսագրի խմբագիրն էր։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը` Մարի Քլեմը, դստեր` Վիրջինիայի հետ, ում հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։ Շուտով նա հրաժարվում է աշխատանքից և նորաստեղծ ընտանիքի հետ մեկնում է Նյու Յորք ու հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնորարներն այնքան չնչին էին, որ գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838-ին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել Burton’s Gentleman’s Magazine ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։ 1839-ին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։

Պոն դետեկտիվ գրականության սկզբնավորողն է («Սպանություն Մորգի փողոցում», «Ոսկե բզեզ» և այլ պատմվածքներ)։ «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմով Պոն, ըստ էության, վերակենդանացրեց գիտագեղարվեստական ժանրը։ Նրա ստեղծագործության որոշ մասնավորեցումներ` իռացիոնալիզմը, միստիցիզմը, հակումը պաթոլոգիկ սևեռումների հանդեպ, հետագայում մեծապես սնեցին դեկադենսական գրականությունը։

1844-ին Պոն վերադառնում է Նյու Յորք և հրատարակում մի քանի նովել, որոնք, սակայն, հաջողություն չունեցան։ Փոխարենը` 1845-ին հրապարակված «Ագռավը» բանաստեղծությունն ու նույնանուն ժողովածուն Պոյի համար ապահովեցին աննախընթաց ժողովրդականություն։

Էդգար Ալեն Պոյի գերեզմանը Բալթիմորում:

Բայց շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնեց։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահացավ կինը` Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը սկսեց շատ խմել, օգտագործել թմրանյութեր։ Իր մենությունը փարատելու համար` ավելի ու ավելի հաճախ էր դիմում պոռնիկների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Նույն ժամանակահատվածում լույս տեսավ «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։

Հայտնի է, որ Էդգար Պոն փորձում էր գիտությունը և մասնավորապես մաթեմատիկան կիրառել գրականության մեջ։ Պոյի ՙտրամաբանական՚ նովելներից է ՙՈսկե բզեզը՚։ Այս նովելում տրամաբանության միջոցով ոչ թե սպանություն է բացահայտվում, այլ գանձեր են հայտնաբերվում։ Այս ՙհետաքրքրաշարժ, զարմանահրաշ, ճշգրիտ դատողություններով լի նովելը՚ (Ժյուլ Վեռն), մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային արկածային գրականության զարգացման վրա. ՙԱնթերի դեդուկցիայից բացի, որ դրսևորում է հերոսը, այս պատմվածքը հետաքրքրություն է առաջացնում մինչ այժմ գրականությանն անհայտ հնարքների կիրառմամբ։ Այս պատմվածքը բավական է ամերիկացի գրողի ողջ ստեղծագործության մասին պատկերացում կազմելու համար, - ժամանակին գրել է Ժյուլ Վեռնը Պոյին և նրա ստեղծա•ործությանը նվիրված ուսումնասիրության մեջ։ - Իմ կարծիքով այն արտասովոր բոլոր պատմություններից ամենահրաշալին է և հենց նրանում է լիարժեք կերպով արտահայտվել գրական այն ուղղությունը, որ այժմ ընդունված է անվանել Պոյի ժանր՚ ։

Պոյի ժանր՚ անվանումը հենց ՙտրամաբանական՚ նովելի տեսակն է։ Պոն մաթեմատիկան գրականության մեջ կիրառելու համար առաջին անգամ գրականության մեջ կիրառեց տրամաբանություն, իր հերոսին առաջադրելով մաթեմատիկական խնդիր, որն էլ նա փայլուն կերպով լուծում է։ Պոյի գեղագիտական նպատակադրումը հստակորեն սահմանված է նաև ՙՈսկե բզեզը՚ նովելի վերջամասում, երբ հեղինակը զարմանում է, թե ինչպես է գլխավոր հերոս Ուիլյամ Լըգրանին հաջողվել լուծել մաթեմատիկական բարդ խնդիրը կամ հավասարումըª տվյալ դեպքում գաղտնագիրը կամ կրիպտոգրաման։ Ամբողջ խնդիրն այն է, որ Լըգրանը կարողանում է վերացարկվել նովելի սիմվոլներից և դրանք որպես սիմվոլ էլ ընկալել։ Խոսքը ոսկե բզեզի և գանգի սիմվոլների մասին է։ Լըգրանին իրականությունը ներկայանում է որպես գաղտնագրություն։ Հանկարծ նա սկսում է կասկածել, որ ծովափին պատահաբար գտնված մագաղաթի վրաª ջերմության ազդեցությամբ երևացող գանգի պատկերը խորհրդանիշ էª ծովահենների խորհրդանիշը։ Եթե անդրադառնալու լինենք նովելի պատկերային համակարգին, ապա ուշագրավ մի փաստ է բացահայտվում. Լըգրանն այդ մագաղաթի մեջ փաթաթել է ոսկե բզեզին և ընկերոջը ցույց տալու համար, թե ինչպիսին է եղել բզեզը, մագաղաթի վրա նկարում է այն։ Գանգի պատկերը մագաղաթի հակառակ կողմի վրա հետո է երևումª բուխարու ջերմության տակ, բայց ընկերոջը, որ պատմող-հեղինակն էª թվում է, թե բզեզը գանգի տեսք ունի, և այդպես է մինչև առեղծվածի բացահայտումն ընկալում նաև ընթերցողը։ Այստեղ երկու սիմվոլներª բզեզի և գանգի պատկերները, որպես նույնական շերտեր, կարծես, դարսվում են իրար վրա և հղվում դեպի պատմվածքի կեղծ-բնաբան։ ՙՕհո, նայեցեք։ Նա խելագարի պես է պարում։ Մորմ է կծել նրան՚։ Բնաբանն իբրև թե Արթուր Մերֆիի ՙԲոլորը սխալվում են՚ պիեսից է, բայց հետազոտողները պարզել են, որ այդպիսի ստեղծագործություն բնավ գոյություն չունի։ Ինչևէ, այն, որ ոսկե բզեզը խայթել է Լըգրանին, նրա գանձերի տենդագին որոնումները կապում են բնաբանի հետ. ընթերցողը պատմողի հետ Լըգրանին ընդունում է որպես խելքը թռցրած ծերուկի։ Բայց դա բոլոր դետեկտիվներին հատուկ կեղծ հետքն է։ Պոյի այս հերոսը աչքի է ընկնում ինչպես խենթության նախանշաններով, այնպես էլ մտավոր արտակարգ ունակություններով, բայց պատմողը մեզ ուղղորդում է ուշադրություն դարձնել նրա խենթության նախանշաններին և ոչ թե մտավոր ունակություններին, ինչն էլ վերջում անակնկալի է բերում։ Պոն իր հերոսին բնութագրում է հետևյալ կերպ. ՙԱյդ մենակյացի բնավորության շատ գծեր հետաքրքրություն ու հարգանք էին ներշնչում։ Ես տեսա, որ նա գերազանց կրթություն ունի և օժտված է արտակարգ ընդունակություններով, բայց միաժամանակ վարակված է մարդատյացությամբ ու տառապում է մտքի հիվանդագին վիճակից, փոփոխակիորեն ընկնելով մերթ ցնծության, մերթ մռայլության մեջ՚ ։ Պոյի բոլոր հերոսներն են օժտված նման հատկանիշներովª մենակյացություն, մարդատյացություն, հոգեկան մտավոր խանգարման նախանշաններ, բայց այս նովելում դրանց գումարվել է նաև այնպիսի հատկանիշ, որն անհրաժեշտ է մաթեմատիկական անհայտը գտնելու, գաղտնագիրը լուծելու, տրամաբանության միջոցով ՙանցյալը ռեկոնստրուկցիայի՚ ենթարկելու համարª մտավոր արտակարգ ունակություններ. հատկանիշ, որով օժտված են ոչ միայն Պոյի, այլև բոլոր դետեկտիվների հերոսները։ Այդ արտակարգ ունակությունների առաջին դրսևորումը, ինչպես նկատեցինք նովելի հերոսիª ստեղծագործության սիմվոլը որպես սիմվոլ ընկալելն է, ինչի միջոցով էլ Պոն լուծել է իր առջև դրված խնդիրը։ Սիմվոլը որպես գեղարվեստական պատկերի տեսակ հենց այն է, որ այս նովելում և ընդհանրապես վերաբերում է գեղարվեստական երևակայությանը և ընդհանրապես սիմվոլը կարելի է համարել գեղարվեստական երևակայության վերացարկման բարձրագույն աստիճանը։ Ալեքսեյ Լոսևը սիմվոլը բնութագրում է որպես ՙբազմաթիվ նշանակություններով մաթեմատիկական բանաձև՚ ։ Դետեկտիվը համարում են բազմաթիվ անհայտներով հավասարում։ Պոյի հայտնագործությունն այն էր, որ նրա հերոսը կարողացավ ոչ միայն կռահել, որ գործ ունի սիմվոլի հետ, այլև գտնել բազմանշանակ սիմվոլի կոնկրետ նշանակությունը։ ՙՈսկե բզեզը՚ նովելի հերոսըª Լըգրանը, գանգի պատկերի միջոցով գտնում է գանձերի թաքստոցը. ՙԳանձը վերադարձնել ծովահենների չարագործ խորհրդանշանի միջոցով, այստեղ բանաստեղծական ինչ-որ հղացում է նկատվում՚, - զարմանում է պատմող-հեղինակը։ ՙԳուցե և այդպես է, չնայած կարծում եմ, որ գործնական նկատառումներն այստեղ պակաս նշանակություն չունեն, քան բանաստեղծական երևակայությունը՚ , - պատասխանում է Լըգրանը։ Պոն այստեղ հերոսների միջոցով խոսում է այն երկու միջոցների մասին, ինչով Լըգրանը հասել է արդյունքինª ճշգրիտ տրամաբանության և բանաստեղծական երևակայության։ Բանաստեղծական երևակայությունը վերաբերում է Լըգրանիª արտաքին աշխարհի պատկերները որպես սիմվոլներ ընկալելու, իսկ ճշգրիտ տրամաբանությունըª սիմվոլի բովանդակությունը ճշգրտորեն կռահելու (ինչպես նաև մա•աղաթի վրա ջերմության ազդեցությամբ հայտնվող գաղտնագիրը լուծելու կարողությանը)։

Պոն, որ փորձում էր ճշգրիտ տրամաբանություն կիրառել գրականության մեջ, գիտակցում էր, որ տրամաբանությանը պետք է գեղագիտություն հաղորդել։ Աբրահամ Վուլիսը դետեկտիվի պոետիկային նվիրված ծավալուն հոդվածում նկատում է. ՙԸստ Պոյի տրամաբանությունը պետք է ՙէսթետիզացվի՚։ Սա դետեկտիվին և գործնականում և ժամանակակից մեկնության մեջ ուղեկցող պարադոքսների ամենանուրբ բացատրությունն է։ Դետեկտիվը, Պոյի կարծիքով, իրենից պարադոքս է ներկայացնում, քանի որ գրականության մեջ պատկերով մարմնավորվող համադրական սկիզբն այստեղ բախվում է հակադիր ուժիª վերլուծականության հետ, որն իր հետ ձևական լուծումն է բերում և գեղագիտական նոր ֆենոմեն է առաջանումª պատկեր-խնդիր՚ ։ Տրամաբանության էսթետիզացման մեջ էլ, ձևական տրամաբանության և գեղարվեստական ՙճշգրիտ երևակայության՚ (եթե արտահայտվենք Գյոթեի եզրով) հենց կայանում է Պոյի հայտնագործած ՙտրամաբանական՚ նովելի էությունը։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Աշոտ Գաբրիելյան, Էդգար Պո. մղձավանջների հանճարեղ վկան, «Ազատամտություն» օրաթերթ, 2009, թիվ 10, էջ 7։