Ազգայնականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգայնականություն, նացիոնալիզմ (ֆր.՝ Nationalisme), պաշտպանական գաղափարախոսություն է: Որոշ հեղինակներ պնդում են, որ այն ամենատարածվածն է աշխարհում: Այն ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ: «Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից: Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի: Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը: Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է: Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն: Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում: Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում: Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները: Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը: Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար: Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է: Որոշհետազոտողներ[փա՞ստ] գտնում են, որ ազգայնականությունը այնպիսի գաղափարախոսություն է, որը մարդու ուղեղը և սիրտը լցնում է նոր մտքերով ու զգացումներով, դրդում նրան դրանք վերածել կազմակերպված գործողությունների:

Ազգայնականության տեսակները [խմբագրել]

Հիմնահարցի հետազոտողները առանձնացնում են ազգայնականության մի քանի տարատեսակներ, որոնցից ուշագրավ են՝

  • լիբերալ ազգայնականությունը, որը ազգը դիտում է որպես եղբայրական ընդհանրություն և նպատակ ունի իրականացնել ազգի յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու ազատությունները, դրանով ապահովել բոլորի երջանկությունը:
  • Յակոբինյան ազգայնականությունը ազգային հանրույթին հանձնարարում է այլ ժողովուրդների մեջ տարածել լիբերալ ազգայնականության գաղափարները:
  • ավանդական ազգայնականությունը ձգտում է համախմբել ազգին անցյալի փառահեղությունների ներքո՝ փառաբանելով անցյալի սովորույթները, արժեքները, համախմբվածությունը, ձեռքբերումները և այլն:
  • սինկրետիկ ազգայնականությունը ձգտում է ազգին պաշտպանել օտարածին գաղափարների ազդեցություններից:
  • ինտեգրալային ազգայնականությունը ձգտում է քաղաքացիների շահերը ենթարկել ազգի շահերին, որ դիտվում են որպես միաձույլ ամբողջականություն:

Մեսիանական ազգայնականություն [խմբագրել]

Ազգայնականության մեկ այլ դրսևորում է մեսիանական ազգայնականությունը: Այս գաղափարախոսությունը առաջացնում է այնպիսի զգացում, որով տվյալ ազգի անդամը հավատում է իր արարչային ծագմանը: Դա իր ամբողջական արտացոլումն է գտել ԱՄՆ-ում: Ամերիկացիները իրենց համարում են[փա՞ստ] տիտղոսակիր ազգ, Աստծո ընտրյալ: Նրանք հավատում են ամերիկյան ճշմարտությանը: Դեռևս 1982 թ Թոմաս Ջեֆերսոնը[փա՞ստ] ամերիկացիներին ներկայացրեց որպես ընտրյալ ժողովուրդ, որին գերադասություն է տվել Աստված՝ հանելով իրենց նախկին բնակավայրերից, ինչպես ժամանակին՝ իսրայելցիներին, և բնակեցնելով մի երկրում, որը լի է կյանքի համար բոլոր հարմարություններով: Այս գաղափարը հետագայում ավելի ամբողջացրեց Ջոն Քենեդին, հայտարարելով, թե ամերիկացիների վրա դրված է մարդկության ապագան և նրանք կոչված են պաշտպանելու ազատության սահմանները:

Գրականություն [խմբագրել]

(2006թ.) Քաղաքագիտություն: Ուսումնական ձեռնարկ բուհերի ուսանողների համար։