Շփում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շփումը երկու և ավելի մարդկանց համագործակցությունն է, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։ Շփման մասնակիցները շփման սուբյեկտներն են, որոնք կարող են լինել ինչպես կենդանիներ, կենդանի օրգանիզմներ, այնպես էլ մարդիկ։ Սակայն մարդկանց միջև իրականացվող շփումը տարբերվում է կենդանիների շփումից իր գիտակցվածության աստիճանով, կապակցվածությամբ, նաև այն փաստով, որ կարող է լինել ինչպես ոչ վերբալ, այնպես էլ վերբալ։

Տեսակները[խմբագրել]

Շփման տեսակները դասակարգում են ըստ այն նշանային համակարգերի, որոնք օգտագործվում են շփման ժամանակ։ Հիմնական խմբերը, որոնք առանձնացվում են վերբալ և ոչ վերբալ շփումն է։ Ոչ վերբալ շփումը իր մեջ ներառում է մի քանի տարատեսակ. կինեստետիկ, պարալինգվիստիկ և էքստրալինգվիստիկ, կոմունիկատիվ գործընթացի ժամանակա-տարածային կազմակերպում, վիզուալ կոնտակտ։ Վերբալ շփման ժամանակ որպես նշանային համակարգ և տեղեկատվության կոդավորման միջոց օգտագործվում է խոսքը։ Վերբալ շփումը հնարավոր է երկրորդ ազդարարային համակարգի շնորհիվ և բնորոշ է միայն մարդկանց։ Վերբալ շփման ժամանակ, անգամ եթե հաղորդակցվողների մոտ գոյություն ունի նշանային համակարգի միևնույն կոդավորման և ապակոդավորամն համակարգը, այնուամենայնիվ՝ հնարավոր է շփման գործընթացի խափանում կամ սխալ ընթացք՝ պայմանավորված խոսքի ընկալման յուրահատկություններով։ Այդ իսկ պատճառով վերբալ կոմունիկացիան մեծամասամբ ուղեկցվում է ոչ վերբալ հաղորդակցմցմբ։ Ոչ վերբալ հաղորդակցման ժամանակ շփման գործիք է դառնում մարդու մարմինը, որն ունի արտահայտչական մեծ պոտենցիալ և տեղեկատվության փոխանցման տարատեսակն միջոցներ, ինչով բացատրվում է այն փաստը, որ տեղեկատվության 60-70%-ը շփման ընթացքում մարդիկ փոխանցում են «մարմնի լեզվի» շնորհիվ։ Ոչ վերբալ շփումը կարող է տեղի ունենալ ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական մակարդակների վրա։ Մի դեպքում, կոմունիկատորը կարող է անգիտակցական ազդակներ հղել ռեցիպիենտին, վերջինս էլ անգիտակցականորեն ըմբռնել դրանք, մյուս դեպքում, ոչ վերբալ ինֆորմացիան կարող է գիտակցվել հաղորդակիցներից միայն մեկի կողմից, ինչպես նաև այն կարող է գիտակցվել շփման բոլոր մասնակիցների կողմից։ Ոչ վերբալ շփման միջոցներից են ժեստերը, դիմախաղը, պանտոմիմիկան, որոնք օգտագործվում են օպտիկո-կինետիկ նշանների համակարգի շնորհիվ։ Սրանց միջոցով արտահայտվում է խոսակցի վերաբերմունքը, հույզերն ու ապրումները, փոխանցվում են որոշակի մտքեր։ Օպտիկո-կինետիկ շփման միջոցները ունեն ինչպես պատմա-էվոլյուցիոն, այնպես էլ մշակութային ծագում։ Դա ապացուցվում է նրանով, որ գոյություն ունեն տարբեր ազգերի համար թե ընդհանուր, թե տարբեր, հաճախ անգամ հակադիր, իմաստներով շարժումներ և ժեստեր։ Նշանների պարալինգվիստիկ և էքստրալինգվիստիկ համակարգերը նույնպես լրացնում են խոսքային շփումը։ Պարալինգվիստիկ համակարգը վերաբերում է ձայնի որակին, դիապազոնին, տոնայնությանը, իսկ էքստրալինգվիստիկը՝ խոսքի մեջ ներառված դադարները, հազը, լացը, ծիծաղը, խոսքի տեմպը և այլն։ Այս լրացումները շեշտում են տեղեկատվության նշանակալիությունը, դրա իմաստը։ Շփման տարածության և տեղի կազմակերպումը նույնպես ազդում է կոմունիկատիվ գործընթացի վրա, կրում է իմաստ և համարվում է հաղորդակցման իրավիճակի բաղկացուցիչ մաս։ Դրա մեջ մտնում է, ինչպես վայրը, որտեղ տեղի է ունենում շփումը, այնպես էլ հաղորդակցվողների միջև եղած հեռավորությունը, նրանց տեսքը, նստելու կամ կանգնելու դիրքը։ «Աչքերի կոնտակտը» նույնպես հանդես է գալիս որպես նշանային համակարգի կրող։ Աչքերի արտահայտության միջոցով փոխանցված տեղեկատվությանը մեծ նշանակություն է տրվում շփման ընթացքում։ Նաև որոշ հետազոտողներ ոչ վերբալ հաղորդակցման մեթոդների շարքին են դասում տակտիլ և օլֆակտոր գործոնները, որոնք առկա են լինում շփման ժամանակ, այսինքն՝ հպումները և շրջակա միջավայրի հաճելի և տհաճ հոտերը։

Գործառույթները[խմբագրել]

Շփումը բազմաֆունկցիոնալ գործընթաց է։ Որպես հիմանական կարելի է նշել շփման կոմունիկատիվ-տեղեկատվական, կոմունիկատիվ-կարգավորիչ, կոմունիկատիվ-աֆեկտիվ գործառույթները։ Առաջինը, իր լայն իմաստով, կայանում է հաղորդակցվողների միջև տեղեկատվության փոխանակման մեջ, ինչը ենթադրում է սուբյեկտների փոխադարձ ազդեցությունը միմյանց մտքերի, զգացմունքների և վարքի վրա։ Կոմունիկատիվ-կարգավորիչ կամ ինտերակտիվ գործառույթը վերաբերում է շփման ընթացքում համատեղ գործունեության կարգավորմանը, ղեկավարմանը և կազմակերպմանը։ Աֆեկտիվ-կոմունիկատիվ ֆունկցիան կապված է մարդու հուզական ոլորտի հետ, քանի որ մարդկային շատ հույզեր և զգացմունքներ պայմանավորված են հաղորդակցմամբ, առաջանում և զարգանում են դրա ընթացքում։ Բացի այս հիմանականներից առանձնացնում են նաև երկրորդային գործառույթներ, որոնք են. ինքնաարտահայտման, սոցիալականացման, սոցիալական վերահսկաման, մարդկանց միավորման, դերային և միջանձնային հարաբերությունների կայացման և զարգացման, փոխադարձ ճանչման գործառույթները։

Կառուցվածքը[խմբագրել]

Շփման կառուցվածքի մեջ, դրա հիմական գործառույթներին համապատասխան, առանձնացնում են 3 հիմնական ոլորտ՝ կոմունիկատիվ, ինտերակտիվ և պերցեպտիվ։ Շփման կոմունիկատիվ կողմը կապված է անհատների միջև տեղեկատվության փոխանակման յուրահատկությունների բացահայտման հետ։ Մարդիկ գործունեության ընթացքում փոխանակում են մտքեր, կարծիքներ, զգացմունքներ, տրամադրություններ, մտավախություններ, հիշողություններ, որոնք կարելի է համարել տեղեկատվություն, իսկ դրա փոխանակումը՝ կոմունիկացիա կամ հաղորդակցություն։ Շփման ինտերակտիվ կողմը բնութագրում է հաղորդակցման այն բաղադրիչները, որոնք կապված են համատեղ գործունեության կառուցման և դրա շուրջ փոխհամագործակցման հետ։ Սոցիալական պերցեպցիան մարդկանց կողմից սոցիալական օբյեկտների՝ իրենց, այլ մարդկանց, սոցիալական խմբերի, ըմբռնում է։ Շփման պերցեպտիվ կողմը ներառում է այլ մարդու՝ ֆիզիկական հատկանիշների, վարքի ընկալման միջոցով և հիման վրա հոգեկան պատկերի ձևավորումը։

Դեռահասների շփման առանձնահատկությունները[խմբագրել]

Դեռահասություն տարիքի հետ կապված թեմաները հուզում են գրեթե բոլոր ծնողներին, քանի որ հենց այդ տարիքում են առաջանում կոնֆլիկտային իրավիճակներ դեռահասի և ընտանիքի ավագ անդամների միջև: Դեռահասության տարիքը մարդու կյանքում ամենաբարդ տարիքն է: Այդ ժամանակ մարդը անցնում է դեպի իրքնուրույն կյանքի, նրա առջև կանգնում են մի շարք խնդիրներ՝

  • որտեղ շարունակել ուսումը
  • ինչ մասնագիտություն ընտրել
  • ինչպես գտնել իր տեղը կյանքում

Երեխան սկսում է իրեն որպես մեծահասակ զգալ, «կոտրվում» են նրա մանկական հայացքները: Դեռահասության տարիքում կոմունիկացիա ուսումնասիրությունների արդիականությունը բացատրվում է նրանով , որ այդ ժամանակահատվածում ակտիվորեն ընթանում է անձի կայացումը, ի հայտ են գալիս նոր ապրումներ:

Դեռահասները սկսում են քննադատորեն գնահատել իրենք իրենց, սեփական խոսքը, ինտելեկտը, արտաքինը, արարքները: Շատ քննադատորեն են մոտենում նաև այլ մարդկանց արարքներին: Կյանքը դեռահասներին ներկայացնում է նոր պահանջներ՝ դնելով նրանց սթրեսային իրավիճակների մեջ՝ քննություններ հանձնել, դժբախտ սիրահարություն, ընտանեկան խնդիրներ, ծնողների քննադատություն և այլն: Այս պատճառները ազդում են դեռահասի հոգեկան վիճակի վրա՝ դնելով անձի սեփական կնիքը՝ ինչ-որ տեղ բարենպաստ, իսկ ինչ-որ տեղ ոչ: Դեռահասի ֆիզիկական և հոգևոր կյանքի կենտրոնը տեղափոխվում է դեպի արտաքին աշխարհ: Հարաբերությունները հասակակիցների հետ կառուցվում են ավելի լուրջ ձևով:

Դեռահասների մոտ գլխավոր միտումներից է այն, որ նրանք ավելի շատ սկսում են շփվել հասակակիցների, այլ ոչ թե ծնողների հետ: Դա բացատրվում մի շարք պատճառներով՝

  • շփումը հասակակիցների հետ ինֆորմացիայի փոխանակման յուրօրինակ ուղի է, այսինքն դեռահասները քննարկում են այն, ինչը չեն կարող քննարկել ծնողների հետ
  • այն միջանձնային հարաբերությունների սպեցիֆիկ տեսակ է: Խմբային խաղերը և համատեղ գործունեությունը առաջացնում են սոցիալական փոխազդման հմտություններ, օգնում են համապատասխանեցնել անձնական հետաքրքրությունները հասարակական հետաքրքրությունների հետ:
  • այն հուզական կոնտակտի յուրահատուկ ձև է, դեռահասը գիտակցելով, որ պատկանում է որոշակի խմբի, հեշտությամբ է շփվում[1]:

Շփման հոգեբանությունը դեռահասության տարիքում կառուցվում է երկու պահանջմունքների հիման վրա՝

  • մեկուսացում
  • ինչ-որ խմբի մեջ ընդգրկվելու պահանջմունք

Դեռահասների մոտ մեծանում է անկախ լինելու պահանջմունքը: Դեռահասների խմբերին բնորշ գիծ է չափից բարձր կոնֆորմիզմ ը: Դեռահասների շփման մեջ դիտվում են մի շարք առանձնահատկություններ՝ «դեռահասները անընդհատ մտահոգված լինելով իրենք իրենցով և ենթադրելով ,որ ուրիշները կիսում են իրենց մտահոգությունը սովորաբար ցանկանում են ազդել ենթադրվող կամ իրական հանդիսատեսի ռուս.՝ аудитория վրա» [2]:

Հարաբերությունների ևս մեկ կարևոր ոլորտ է դեռահասների հարաբերությունը մեծահասակների՝ մասնավորապես ծնողների հետ: Ծնողական ազդեցությունը այս ժամանակահատվածում սահմանափակ է, սակայն ընտանիքը մնում է որպես ռեֆերենտ (դոմինատող) խումբ:

Անցումային տարիքը ժամանակահատված է ծնողներից էմանսիպացիա (ազատագրվելու) համար, այսինքն ընտանիքից բաժանման, ինքնավարության գործընթաց: Էմանսիպացիան կարող է ցույց տալ դեռահասի հուզական շփումը ծնողի հետ ի համեմատ այլ մարդկանց: Այն վարքային դրսևորում է՝ ինչպես են ծնողները կարգավորում իրենց որդու կամ դստեր վարքը, կամ արդյոք համապատասխանում են ծնողի և երեխայի արժեհամակարգն ու նորմերը [3]:

Շփման առանձնահատկությունները մեծահասակների հետ

Դեռահասների շփումը մեծահասակների հետ ստեղծվում է մեծահասակ լինելու զգացողության առաջացման ազդեցության տակ: Դեռահասները սկսում են դիմադրություն գործադրել մեծերի կողմից տրված նախկին պահանջմունքների հանդեպ: Նրանք ավելի ակտիվորեն են պաշտպանում սեփական իրավունքները՝ հիվանդագին ընդունելով դրանց ոտնահարում: Դեռահասների մոտ պահանջ կա կիսվելու սեփական ապրումների մասին, սակայն մտերմիկ մթնոլորտ ստեղծելը նրանց համար ամենաբարդն է [4] :

Դեռահասների շփումը հիմնականում պայմանավորված է տրամադրության փոփոխությամբ: Կարճ ժամանակահատվածում այն կարող է փոփոխվել ճիշտ հակառակ ձևով: Տրամադրության փոփոխությունները տանում են դեռահասների ոչ ադեկվատ ռեակցիաների:

Այսպես, ապրումակցման ռեակցիաները, որոնք դրսևորվում են մեծահասակների հսկողությունից դուրս գալու ձգտման մեջ, կարող են պահի ազդեցության տակ ընդունել դրսևորման այնպիսի ձև, ինչպիսինն է՝ փախուստ տնից [5] :

Դեռահասների անկայունությունը, մեծերի կողմից ճնշմանը դիմադրել չկարողանալն է, որ բերում է դեռահասի՝ իրավիճակից փախչելուն: Դեռահասի վարքը որոշակիորեն բնութագրվում է մանկական ռեակցիաներով:

Հասակակիցների հետ շփման առանձնահատկություններ

Շփվելով միմյանց հետ դեռահասները սովորում են ռեֆլեքսիա (մարդու գիտակցական հոգեկան գործունեության ձևերից մեկն է, որի ընթացքում նա իրեն հաշիվ է տալիս իր կատարած գործողությունների մասին, վերլուծում է դրանց իրագործման կանոնները, մեխանիզմներն ու հետևանքները, սոցիալական նորմերին համապատասխան կամ անհամապատասխան լինելը և այլն:

Փոխադարձ հետաքրքրությունը և շրջապատող աշխարհի համատեղ ընկալումը դառնում է արժեքավոր: Շփումը այնքան ձգող է դառնում, որ դեռահասները մոռանում են դասերի և տնային պարապմունքների մասին: Դեռահասը իր գաղտնիքների, գործերի, պլանների մասին արդեն վստահում է ոչ թե ծնողների այլ ընկերին: Հասակակիցների մոտ իր հաջողությունները ավելի բարձր են գնահատում, այդ շրջապատում ձևավորվում եմ սեփական օրենքները: Այստեղ բարձր են գնահատում հավատարմությունը, պատժվում են դավաճանությունը, ժլատությունը, խոստում չկատարելը:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը

Դեռահասության շրջանում մեծ լինելու զգացումը դեռահասներին դրդում է հարաբերությունների նոր տեսակի յուրացմանը: Բնականաբար դրան նպաստում են բուռն մարմնական զարգացումը և նույնականացումը մեծահասակի հետ: Նշված գործոնները զգալիորեն ազդում են աղջիկների և տղաների միջև հարաբերությունների փոփոխման վրա: Նրանք սկսում են մեկը մյուսի հանդեպ հետքրքրություն ցուցաբերել, այդ իսկ պատճառով դեռահասի համար շատ կարևոր է դառնում մեծահասակի՝ իրեն ուղղված վերաբերմունքը: Սկզբում դեռահասների մոտ ստեղծվող հետաքրքրությունները դեպի հակառակ սեռի ներկայացուցիչներին դրսևորվում է ոչ ադեկվատ ձևով, օրինակ՝ տղաները ծաղրում են աղջիկներն: Հետագայում դեռահասների շփումը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դառնում է ավելի բաց[5]: Կապվածությանն այլ սեռի հասակակիցի հետ մեծ նշանակություն է տրվում, փոխադարձության բացակայությունը երբեմն դառնում է ուժեղ բացասական հույզերի պատճառ:

Այսպիսով շփումը բարդ և յուրօրինակ գործընթաց է, որի ընթացքում մարդիկ ձեռք են բերում գիտելիք, փորձ, հուզական կապ: Շփումն ունի կարևոր նշանակություն անձի ձևավորման և զարգացման համար: Դեռահասության տարիքում շփումն ունի իր առանձնահատկությունները: Դեռահասը այս փուլում ավելի շատ նախընտրում է վստահել ընկերներին, հասակակիցներին, քան ծնողներին: Այս ամենը կապաված է այն բանի հետ, որ դեռահասը իր հասակակիցների և ընկերների շրջանում իրեն համարաում է որոշակի խմբի անդամ, այդ խմբի ներսում համագործակցում նրանց հետ, տալիս և ստանում ավելի շատ ինֆորմացիա:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. . Коломинский Я.Л., Реан А.А. Социальная педагогическая психология. – СПб.: ЗАО «Издательство «Питер», 2000. – 416 с.
  2. Шумакова Е.В. Воспитательное пространство социальных сетей интернета // Профессиональное образование. Столица. — 2011. — № 6
  3. Парыгин Б.Д. Социальная психология как наука. – Л., 1965. – 346 с.
  4. . Шуман С.Г. Школьный конфликт глазами психолога. // Педагогика, 2001. №9. – с. 46–51
  5. 5,0 5,1 Мухина В.С. Возрастная психология: феноменология развития, детство, отрочество: Учебник для вузов. – М.: Академия, 2003. – 456 с.

Գրականություն[խմբագրել]

  • Андреева Г.М. Социальная психология. М.։ Аспект Пресс, 1997. (ռուսերեն)
  • Мокшанцев Р., Мокшанцева А. Социальная психология. Инфра-М, 2001 (ռուսերեն)
  • Социальная психология. Учебное пособие. Ред. А. Л Журавлев. М.։ ПЕР СЭ, 2002. (ռուսերեն)
  • Коломинский Я.Л., Реан А.А. Социальная педагогическая психология–СПб.: ЗАО «Издательство «Питер», 2000
  • Шумакова Е.В. Воспитательное пространство социальных сетей интернета // Профессиональное образование. Столица. — 2011. — № 6
  • Мухина В.С. Возрастная психология: феноменология развития, детство, отрочество: Учебник для вузов. – М.: Академия, 2003
  • Парыгин Б.Д. Социальная психология как наука. – Л., 1965
  • Шуман С.Г. Школьный конфликт глазами психолога. // Педагогика, 2001. №9