Ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։

Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։

Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը ընտանիքում։ Կապիտալիստական հասարակարգում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահովում էր իր տնտեսական ինքնուրույնությունը։ Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քաղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության)։ Կապիտալիզմի տնտեսական, քաղաքական և բարոյական հակասությունների հետևանքով ընտանիքը աստիճանաբար օտարվում է հասարակությունից։

Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։ Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։ Հնագույն ընտանեկան ձևերի վերապրուկները հայերի մեջ, սկսած XX դ. սկզբից, աստիճանաբար վերանում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png