Բառարան
Բառարան (Բառգիրք, Բառագիրք), որոշակի (հիմնականում այբբենական) կարգով դասավորված բառերի ամբողջություն, համակարգում` հանդերձ բացարություններով կամ թարգմանությամբ այլ լեզուների և կամ այլ տեղեկություններով` դրանց մասին։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածները, կայուն բառակապակցությունները, քերականական ձևերը, ձևույթները։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը (բառամթերքը), կառուցվածքը, նպատակադրումը։
[խմբագրել] Բառարանի տեսակները
- Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի` ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
- Ըստ գործնական կամ այլ նպակադրման` դպրոցական բառարան, նաև` առձեռն բառարան, տեղեկատու բառարան։
- Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ` ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը` նորմատիվ բառարան։
- Ըստ լեզուների ընդգրկման` միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև` համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։
- Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության` բառարանները բաժանվում են երկու խմբի` լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են` բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են` հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։
- Ըստ բառապաշարային ընդգրկման` գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։
- Ըստ լեզվական միավորների տիպի` արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։
- Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության` այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։
Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։
Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։
[խմբագրել] Բառարանների կառուցվածքը
Թեպետ բառարանի յուրաքանչյուր տեսակ ունի կառուցվածքային իր ուրույն հատկանիշները, այնուամենայնիվ կան նաև ընդհանրական գծեր։ Յորաքանչյուր բառարան ներկայանում է որոշակի բառացանկով, որի բառաշարքը տեղակայվում է հիմնականում այբբենական կարգով, մասամբ էլ այլ եղանակներով Բառացանկի յուրաքանչյուր բառի վերաբերյալ տրվում է այս կամ այն տեղեկությունը կապված բառարանի բնույթի, նրա նպատակադրման հետ։ Բառը իր այս ինֆորմացիոն տվյալներով կոչվում է բառահոդված։ բառահոդվածը սկսում է գլխաբառով, ապա տրվում են նրա բառարանագրական նմուշները, որոնք կարող են վերաբերել բառի հնչյունաբանական, ուղղագրական, ուղղախոսական, քերականական, բառակազմական, բառապաշարային, ոճական և այլ առանձնահատկություններին։ Բացատրական բառարաններում բառահոդվածը ներկայանում է մի քանի բաժիններով։ Բառարանագրական նշումներից հետո նրանում տրվում են բառիմաստի բացատրությունը` հեղինակային կամ տեքստային օրինակների ցուցադրումով, համապատասխան կայուն բառակապակցությունները, դարձվածքները։ Սովորաբար մեկնաբանվում են համեմատաբար կայունացած իմաստները. խոսքի մեջ բառը երբեմն ստանում է տվյալ իրադրությամբ պայմանավորված այլևայլ պատահական, դիպվածային, ոչ բնորոշ իմաստավորումներ։
[խմբագրել] Աղբյուրներ
- Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 123-125։
- Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 55։