Բառագիտություն
Բառագիտություն — լեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները` բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները։ Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են` բառի սահմանումը, բառատեսակների, բառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և` իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ` բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն։
Ըստ այդմ էլ բառագիտության մեջ մտնում են`
- ա) բառի տեսությունը,
- բ) բառակազմությունը,
- գ) իմաստաբանությունը,
- դ) ստուգաբանությունը,
- ե) բառապաշարի ուսմունքը,
- զ) տերմինագիտությունը,
- է) դարձվածաբանությունը,
- ը) բառարանագրությունը։
Բառագիտությունից դուրս սրանց մի մասը (օրինակ, իմաստաբանությունը, ստուգաբանությունը, դարձվածաբանությունը) հաճախ դիտվում է իբրև լեզվաբանական առանձին գիտաճյուղ կամ գիտակարգ, իսկ բառակազմության հարցերը երբեմն տեղափոխվում են ձևաբանության բնագավառը։
[խմբագրել] Աղբյուրներ
- Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտություն, «Հայաստան», 1987, էջ 107։