Բառափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառափոխություն, բառի քերականական ձևերի համակարգը կամ նրանց հարացուցային ամբողջությունը։ Հատուկ է բացառապես փոփոխություններ կրող բառերին և ընդգրկում է սովորաբար հոլովման, խոնարհման համակարգերը, ածականների, որոշ մակբայների համեմատության աստիճանները և այլն։ Ժամանակակից հայերենում, օրինակ, բառափոխության են ենթարկվում գոյականները [սիրտ(ը), սրտի(ն), սրտից, սրտով, սրտում, սրտեր(ը), սրտերի(ն), սրտերից, սրտերով, սրտերում], դերանունների մի մասը (դու, քո, քեզ․․․, սա, սրա, սրան և այլն), բայերը (խոսում եմ, խոսեցի, խոսեմ, խոսիր, խոսում ենք, խոսեցինք, խոսենք, խոսեցեք և այլն), որակական ածականներն ըստ համեմատության աստիճանների (մեծ, ավելի մեծ, մեծագույն || ամենամեծԳրաբարում փոփոխվել են նաև ածականները, թվականները, որոնք (ինչպես և ուրիշ բառեր) ժամանակակից հայերենում բառափոխության են ենթարկվում միայն փոխանվանաբար գործածվելիս։ Ռուսերենում նույնպես բառափոխությունը բնորոշ է գոյականներին, ածականներին, թվականներին, դերանուններին, բայերին, որոշ մակբայների։ Լեզուներում բառափոխությունը կարող է իրագործվել բառափոխական երկրորդական ձևույթների ավելացումով (գործ-գործի, մարդ-մարդու), արմատահնչյունների փոփոխությամբ (տուն-տան) ու մասնիկների ավելացումով, կրկնությամբ, սպասարկու բառերի հարադրումով և այլն։ Բառափոխության ենթարկված բառերն ունենում են համադրական և վերլուծական կազմություն։ Բառափոխությունը որպես քերականական ձևակազմություն տարբերվում է բառակազմությունից և ուսումնասիրվում է քերականության ձևաբանության բաժնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png